Էլ ի՞նչ արարողապետ՝ էն էլ հեծանվի վրա, տարածաշրջանում հայտնի կամրջաշինարար, որ օրվա երկրորդ կեսում չստուգեր հարսանիքին մասնակից բոլոր երաժշտական խմբերի պատրաստությունը, մայր դպրոց-մեդիակենտրոն ճանապարհին չայցելեր գեղարվեստի կացարանի դաստիարակ կենվորներին՝ բոլորը Շիրակի մարզից, մեդիակենտրոնում թափ չտար այսօրվա հարսանյաց արարողության ծրագիրը՝ բոլոր հանգույցներով, տան ճանապարհին չայցելեր մեր վրաց հարսանքավորներին կրթահամալիրի Արևմտյան կացարանում, չստուգեր Ագարակի՝ որպես հարսանյաց դաշտ, լուսավորության վիճակը… Այսպիսով տան հեծանվաճանապարհը՝ հայտնի դադարներով, իր գործն արած-ավարտածի հանգիստ խղճով եղավ, որպես վարձք իմ  օրվա ջանքի… Իսկ ողջ ճանապարհին ինձ ուղեկցող անձրևը ծիսական պատրանք էր ստեղծում, մի հարթակում հանկարծ ցնցուղից ոնց որ թափվում-հայտնվում, մյուսում՝ անհետանում-չորանում…

Ծիսական արդուզարդ։ Լուսանկարները՝ Անի Հովհաննիսյանի։

Վա՛յ, Անուշիկ Նիկողոսյան ջան, որքան պարզ ու կարևոր բաներ ես պատմում դու քո վրաց նոր ընկերների մասին, նրանց Վրաստանի երկրամաս՝ խաղողի-գինու աշխարհ Կախեթի, վարդերի թաղամաս Վարդիսուբանի շրջանի, նրանց գյուղ Լագոդեխիի մասին… Ի՞նչ ավելացնեմ երեկվա վրացական հուզիչ-անկեղծ համերգ-վրացական հարսանիք ներկայացումից հետո, այնքան հուզիչ, որ կրկնում ենք մեր «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով հարսանքավորների համար կրտսեր… Եվ քանի որ ունեք ձեր վրաց ընկերների կրկնակի հրավերը, պատրաստվեք Կախեթի ուսումնական ճամփորդության-նախագծի, բայց մինչև այդ վրացերենի ապրիլյան ավանդական ստուգատես-պետական տոնն է կրթահամալիրում… Հիմա, երբ ջանքեր ենք գործադրում վրացերենի ակումբ-դասընթացը Գյումրիից հետո ձևավորել Նոյեմբերյան քաղաքում, կարևոր է, որ վրացերենի ուսուցման միջազգայնորեն ճանաչված կենտրոն լինենք…

2018-ի մեր նպատակները, Աստծու որոշած ժամանակի՝ ցերեկվա մեջ, որպես հանապազօրյա հաց՝ ջանքով մեր ձեռքբերովի, սահմանված են, գրավոր թե բանավոր… Արմինեն երեկ առավոտյան սուրճի սեղանից վեր կացավ, չեմ կարծում, թե ընտանեկան-անձնային կյանքի գաղտնիք եմ հրապարակում, հանկարծ հատու  հայտարարելով տարվա իր նպատակները.
— 2018-ին լավ կիթառ նվագեմ-համերգ տամ ու աղջիկ ունենամ…
Եթե սակարկող լինի, կարծում եմ համերգից կհրաժարվի Արմինեն, ու երեխայի սեռն էլ կփոխվի… Դավիթ ու Դավիթ հաստակող.
— Երեխա ունես, ինչի՞ ես ուզում… Ես ուզում եմ դաշնամուրով համերգ տամ…
Դե, Սվետան ու Լիլիթը Առաքելյան՝ Դավթի ուսուցիչները երաժշտության, համերգի, համերգով երաժշտության ուսուցման ու հետն էլ, գլխավորը՝ հանդիսատեսի կրթման հայտնի վարպետ են. Դավիթն իր համերգը տվեց… Տեսեք, երեկ, չնայած Արամ Խաչատրյան ընկերոջից կերած ծեծին, դասարանով չմուշկի վրա են անցկացրել Տաթև Համբարյան-Միքայել Ղազարյան զույգի ընկերակցությամբ, Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սառույցի վրա, հասցրել է նաև մայրիկի հետ մասնակցել մեր երաժշտության կենտրոնում սոլֆեջոյի պարապմունքի… Արմինեն էր զվարթ պատմում իր  աշակերտների՝ արդեն 6-րդ դասարանցի դարձած Սաթինեի ու 5-րդ դասարանցի Սիլիվիի նոտագրագիտության առաջին պարապմունքի մասին…

Հարսանեկան խոհանոց․ գաթայի պատրաստում․ Հյուսիսային դպրոց 2-3-րդ դասարաններ։ Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի, Կարինե Մամիկոնյանի։

Իմամ Սաջջադի հերթական՝ 6-րդ աղոթքից, որ կոչվում է Աղոթք առավոտյան և երեկոյան, մի քանի անգամ աղոթքի՝ գրքի մի քանի էջը շուռումուռ տալուց հետո այսօրվա ընթերցանության համար, որպես իմ գրից անբաժանելի, ընտրեցի այս տողերը.

Փառք Աստծուն, որ գիշերն ու ցերեկը իր զորությամբ ստեղծեց և իր զորությամբ բաժանեց իրարից: Եվ յուրաքանչյուրի համար սահմանեց որոշակի ժամանակ… Նա ստեղծեց գիշերը, որպեսզի նրանք տառապանքից, շարժումից, աշխատանքից ու հոգնությունից հանգստանան, և այն ծածկոց դարձրեց, որպեսզի հանգստանան, և այն ծածկոց դարձրեց, որպեսզի հանգստանան ու քնեն: Եվ նրանց մեջ առաջանա նոր ուժ ու հանգստություն, և արժանանան հաճույքին, սրտի ցանկության:

Գիշերը ծածկոց՝ հանգստի ու քնի, նոր ուժի առաջացման… ոչ թե թաքստոց գիշերային ապրումի, տառապանքի, մտածումի, մեկուսի աշխատանքի, ինչպես ես եմ անում ու հաճախ այստեղից թռցնում Թումանյանի տողը՝

Նայում եմ, նայո՛ւմ, դեռ չի լուսանում.
Ա՛խ, այս գիշերներն ինչքա՛ն են երկար:

 Հարցնում են՝ պատասխանում եմ:
Երեկվա իմ գրում, հարցնում են, ո՛վ է առաջին նկարի իմ գրկի տղան։ Արևիկ Ներսիսյանի երրորդն է՝ Հայկը Սարգսյան,  արդեն վեց ամսական… Հանկարծ հանդիպեցինք, իմ սենյակում, այսքան ուրախ-զուրախ-ուտելու… Լուսինեն լավ չի նկարել Հայկին: Այս լուսանկարներն էլ մի բան չեն, բայց իմն են:

Ինչո՞ւ հանկարծ հիշեցի-կանչեցի-հայտնվեց Շամխալ բեկ հայրս, նորից հարցնում են, պատմում-պատասխանում եմ: Ով հետևել է իմ գրավորին, արձանագրած կլինի, որ ինձ համար դժվար շրջաններում, երբ մենակ ուժս չի պատի-չեմ զորի, ես դիմում եմ հոգիների՝ հոգևոր հայրերին իմ… իմ կյանքի-ժամանակի հերոսներին… Իմ հայր Շամխալը, առանց չափազանցության, այդպիսին է, ու դժվար շրջանում իմ կողքին չլինի՞:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1281

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեսուն տարի անց. քաղաքացիական անհնազանդության կախարդանքը…

Կիրակի է։ Արմինեի բկաբորբը՝ անգինան, կտրուկ փոխվեց ուժեղ գրիպի, անկողնային ռեժիմով, ես ու Դավիթն էլ՝ խնամակալ անշնորհք․․․ Ինտերնետի, նրա TV-սոցցանցի եթերում Սիրիան է՝ Ամերիկայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի մութի մեջ հրթիռա-ռմբահարումների լուսահետքերով-հռնդյուններով,

Ոգեղենությունը, մեր ստեղծական ուժը մաշող փակուղի է անհեռանկարայնությունը…

Դավիթ Բլեյանին ամեն ինչ հետաքրքիր է. լողարանային մեր զրույցներից առաջ,  հետո ու ընթացքում, առավոտյան ճոճվելիս հարցեր ու հարցեր… — Ինչի՞ համար են ականջները… — Ինչո՞ւ մարդը երկու ականջ ունի… —

Գիր շաբաթ օրվա, որ պատմելդ գալիս է․․․

Աշխատանքային հագեցած օր Հերմինեի քաղաքում, Սմբատի Տավուշի մարզում։ Ո՞վ կմտածեր, որ օրվա եղանակի մասին չեն հոգացել իմ աշխատանքային ընկերները, հրավիրող կողմը, ու օրը միգամած-անձրևոտ կլինի․․․ Անձրև ես սիրում եմ, ու