Հիմա, 601-րդ անընդհատ, որպես շարքային, իմ գիրը պատմելիս տեսարանները եկան շարվեցին կտոր-կտոր, ըստ օրվա-ապրածի ժամանակագրության… Տեսեք-լսեք։

Ժամը 9:00, Մանկավարժական լաբորատորիա։ Մեր առավոտվա ժամերգություն-ընդհանուր պարապմունքն իմ նախաձեռնությամբ կայացավ նշանավոր Բզեզ-Անահիտ Հարությունյանի՝ հեղինակային մեր մանկավարժության իսկական բզեզի (մեղու) շուրջ, օր օրի ճանաչում ստացող նրա բլոգի օրակարգով

Մանկավարժության մեր անսասաններով՝ տիկին Աիդա, Մարիետ, Յուրա, Սուսան ու Գևորգ (առցանց) ուշադիր լսում ենք պլանշետներով զինված վեց տարեկանների ուսումնական արկածների մասին, տանը թե դպրոցում… Բոլորիս, այդ թվում մեդիագրադարանի ղեկավար Զառային, ՏՏ սպասարկման համար պատասխանատու Տիգրանին, գնահատման ծառայության ղեկավար Լուսինե Ալեքսանյանին Անահիտը ցածր ձայնով կոնկրետ ավելի ու ավելի վստահությամբ ասելիք ունի… Սերնդափոխություն ժառանգորդությամբ ու կրթահամալիրով մե՞կ. իհարկե: Ի՜նչ լավ է, որ ես իմ օրն սկսում եմ ամենակարևորով՝ ամենակրտսեր առաջին դասարանցիների նախագծային ուսուցման մանկավարժությամբ:

Աբստրակտ ժանրի կոլաժային դիմանկարներ: Գեղարվեստի կրտսեր դպրոց, տեխնոլոգիայի արվեստանոց։
Լուսանկարները՝ Արեն Շահնազարյանի, Արմինե Բաղդասարյանի։

Ժամը 11:00, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցարան։ Մարթա Ասատրյանի պատրաստած հերթական հանդիպումն է, այս անգամ տասնմեկերորդ դասարանցի վեց սովորողների, նրանց ծնողների հետ՝ ուսումնառության պայմանագրի կատարման, սովորողի գործունեության արդյունքներն են ներկայացվում: Կոնկրետ, շիտակ, փոխադարձ հարգանքով ու… բարեխիղճ հետևողականությամբ այս հետապնդումից է առաջանում ազատ մարդու կարգապահ ուսումնական գործունեությունը՝ մեր հեղինակային մանկավարժությունը, նրանց համար, ովքեր կմնան արդար քրտինքով իրենց ամենօրյա վաստակին… Այսպես գնացողն էլ կշահի, մնացողն էլ: Իմ օրակարգում իններորդ դասարանցիների հետ խմբային-անհատական հանդիպումներն են: Մեր՝ յուրաքանչյուրիս, ավագ դպրոց ստեղծող ամեն մի ուսուցչի, սովորողի, նրա ընտանիքի ներքին գնահատմամբ մենք չենք կարող չունենալ աշխարհի ամենա… դպրոցը: Հո աշխատանքն իրար վրա գցելով չէ՞. ամեն մեկը՝ իր գործին:

«Մոծակն ու մրջյունը» ներկայացնում է Նոր դպրոցի 4-րդ դասարանը։
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի։

Ժամը 12:00. տեսարան երրորդ. հայացք մարզադաշտին։ Ես հիանում եմ նորացված-ընդարձակված սուսերամարտի դահլիճով. խոցելս գալիս է: Այսպես լինում է, երբ գործի գլուխ կանգնում են ստեղծելու ծրագիր ունեցող, գաղափարով համակիրներ՝ Խորենը, Միքայելը… Եվ իմ հայացքն ուղղված է մեր մոլորված ընկերոջը՝ Սամսոն Բուլղադարյանին… Ի՜նչ տեսարան է. այսպիսի նկարը պիտի պայթեցներ մեդիան… Մարզահրապարակում անհատական հեծանվով շարված են մարզումի համար, մարզչի ցուցումներն են ստանում մարզական արդուզարդով իրենց հմայքը բազմապատկած երկարօրյա ուսուցման կազմակերպիչները՝ երիտասարդ աղջիկներ ու կանայք.. Ամենադժվար օղակներից մեկը՝ երկարօրյա ուսուցումը, այսպես սկսում է մարդկայնանալ… Հեծանիվ, լող, ռազմամարզական խաղեր, պարեր, ուսումնական ստուգատեսների պատրաստություն, ուսումնական ճամփորդություններ… էլ ի՜նչ, որ մինչև երեկոյան ժամը 5-ը կրթահամալիրում (դպրոցում) մնացող մեր հարյուրավոր 1-7-րդ դասարանցիները ժամին չնայեն:

Ժամը 12:30. Մայր դպրոց, թատերական դահլիճ։ Ես նստում եմ արհեստագործական դպրոցի սովորողների պատրաստած բարձերին, հարմար տեղավորվում մի քանի տասնյակ 5-12-րդ դասարանցիների հետ, որ իրենց ընտրությամբ հարմարավետ այս միջավայրում ունկնդրում-խոսում են Ալբերտ Ղուլինյանի՝ նշանավոր մեր «Գիքորի» հետ. տասնմեկ տարեկանում Հայաստանի ամենահայտնի երեխան՝ Սոս Սարգսյանի, Արմեն Ջիգարխանյանի ու Հենրիկ Մալյանի, Սերգեյ Իսրայելյանի հետ ութ ամիս նկարահանման հրապարակում անցկացրած մարդը, Դսեղում ֆերմեր է, երեք երեխաների հայր ու ի՜նչ խաղաղ անհավակնոտ-կարևոր ասելիքով…

«Խոհանոցային թատրոն» Գեղարվեստի կրտսերների հետ:
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի։

Հանդիպման նախաձեռնողն էլ մեր Նոր դպրոցի սովորողի ծնողն է՝ Հռիփսիմե Քոչարյանը՝ Մամիկոնի, Անրիի խորոտիկ մայրիկը… Եվ Ալբերտ Ղուլինյանի հրավերով տարատարիք սեբաստացիների ուխտը դեպի Դսեղ կկայանա, կընդգրկի բոլոր ուսումնատենչ, «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագծերի մասնակիցներին: Չկասկածեք. էս ծայրում ես եմ պատասխանատու, էն ծայրում՝ բնիկ դսեղցի, գյուղի օրինական տեր-ֆերմերը…

Նախորդ օրն էլ Հիմնական դպրոցում, հետևենք առցանց, շախմատի մրցաշար էր՝ բացումը 2016-ի խաղաշրջանի, հերթականը… Սրանով մենք փակում ենք ցուցամոլության-ձևականության մի ճանապարհ ևս, ու շախմատը դարձնում տարատարիք սովորողի և յուրաքանչյուր ուսուցչի կենսաստեղծ գործունեություն, շախմատի ակումբի նրա ղեկավարի մասնագիտական, մանկավարժական լաբորատորիայի մանկավարժորեն առաջնորդությամբ…
Իմացա՞ք. մի հարվածով, մեր բոլոր կրտսեր դպրոցներում սկսեցին գործել շախմատի կահավորված ակումբներ, 1-3-րդ դասարաններից յուրաքանչյուրում էլ շախմատը դարձավ առօրյա, մատչելի, ինչպես էլեկտրոնային գրատախտակն ու նոթբուքը… Բարի ընթացք, սեբաստացիներ:

Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան:
Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի։

Որքա՜ն կարևոր կադրեր դուրս են մնում իմ օրվա պատումից տեղի-ժամանակի սղության պատճառով… Այ, էստեղ՝ կյանքի մեջ փնտրեք իմ օրագրի անընդհատությունը, որևէ ձևաչափով… Ձևը խաղ է անցավոր…

Տեսարան վերջին։ Քսանհինգ երթուղով դարձի-վերադարձի եռուզեռի մեջ… Իսկ օրվա վերջում, աննկատ (չնկատեցի՞ք) ես անցա Մայր դպրոցի ու Բաբաջանյան պողոտայի երկայնքով… Ժամը հինգին մոտ` որպես Հարուն ալ Ռաշիդ կերպափոխված թագավոր, անցա սովորողներով ու ավտոբուսներով լեցուն երկրորդական փողոցով, որ ամեն օր ժամը իննին և հինգին մոտ դառնում է ամենակարևորն ու աշխույժը…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Բաղդասարյան
#601

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…

Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ

Նոր ստուգաբանություն «լուսնոտ»-ի

— Պապ, ուզում եմ աշխարհի ամեն ինչը ունենամ… — Էդ ո՞նց, Դավիթ,- հարցնում եմ… — Նամակ կգրեմ Ձմեռ պապին, աշխարհի ամեն ինչը կդարձնի խաղալիք, կնվիրի ինձ, կունենամ… — Էդքա՜ն հեշտ,

Իսկ հանդիպո՞ւմ են այգն ու գիշերը… 

Գուցե գիտես դո՞ւ… (Պ. Սևակ) Չգիտեմ՝ իրական կյանքում, նաև մեր օրերում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հանդիպո՞ւմ են «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյան տնտեսության գիտակ լրագրողը և տնտեսագետ, հայտնի Հրանտ Բագրատյանը, բայց… իմ ֆեյսբուքում