Կիրակին ես անցկացրի ընտանիքում Դավթի՝ հիմա էլ հովազ-առյուծ դարձածի սևեռուն ուշադրության ներքո, արտաքին աշխարհով խորասույզ: Կիրակնօրյա իմ գիրը՝ սեբաստացի աշխատողի լիարժեք ինքնադրսևորման մասին իր հակիրճ հատվածով, որ այսպիսի հպարտության զգացում է առաջ բերում, կարող է բերել, պիտի շարունակություն ունենար… Արձագանքները չուշացան. անկախ նրանից` դրանք ուղիղ իմ գրից են գալիս, թե հենց մեր կյանքից-վիճակից:
Իրանում երկու ընտրությունների ընթացքին ես հետևում եմ և՛ «Եվրանյուզ»-ով, և՛ ինտերնետով. հասկանալի է, որ ուրախ եմ բարեփոխիչների սպասվող հաղթանակով: Սիրիայում պայմանավորված հրադադարի երկրորդ օրվա պահպանումը ևս ինձ բավարարում է պարգևում… Դավիթը շարունակ անջատում է հեռուստացույցը, ինտերնետը, հենց որևէ ձևով բռնության-արյան տեսարան է հայտնվում… Ես նույնպես՝ ֆիլմ կլինի, թե լուրեր… Հայր ու որդի Բլեյաններ հագեցել ենք. կիրակին չենք զիջի, դուրս էլ չենք գա, այսպես ներփակ, պաշտպանված…
Ուսումնական գարունը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները`Կարինե Խառատյանի:
Mskh.am-ը և իմ էլեկտրոնային փոստն օգնում են ինձ որոշել-հստակեցնել երկուշաբթիի, առաջիկա շաբաթվա իմ գործողությունները:
Արևիկ Ներսիսյանն իր՝ երեքշաբթի-հինգշաբթիի՝ երգչախմբի պարապմունքի սպասման «ո՜ւխ»-ով, Նելի Արղությանն իր …. «կներեք»-ով, Տաթև Ստեփանյանն իր մասնագիտական խոսքով, իրենց գործունեության և ոչ միայն երգչախմբային ինքնագնահատականի դռներն են շարունակ բաց պահում: «Հպարտ եմ, որ «Սեբաստացիներ» երգչախմբի անդամներից մեկն եմ, շնորհակալ եմ մաեստրոյին նման ուսուցում-վայելք պարգևելու համար»,- Տաթև Աղաջանյանի՝ կրթահամալիրի երաժշտության դպրոցի կիթառի ուսուցչի այս ինքնազգացողությունն է երգչախմբի բլոգում… Բլոգ, որ շնորհիվ Արմինե Թոփչյանի գործի գլուխ կանգնելու, հաստատակամությամբ-հպարտությամբ դառնում է սեբաստացիական ինքնուրույն-ամբողջական աշխարհ ու աշխարհի մաս… Գարուն է մեր աշխարհում, գարուն դարձնենք և մեր կյանքը, Զատիկի-Հարության տոնը, կրթահամալիրի օրացույց-տոնացույցը՝ մարտ-ապրիլ-մայիսի խելահեղ ընթացքի, որ անձնային-աշխատանքային կյանքի զարթոնքն է պատշաճ…
Մայր դպրոցի աշխատողների մասին ֆոտոպատումը՝ Մարինա Մկրտչյանի:
Մարթա Ասատրյանի կոչ-առաջարկը 2016-ի շրջանավարտների «Ցտեսություն» նախագծի մեկնարկը կրթահամալիրով մեկ տալու մասին է, անարձագանք ո՞նց կմնա… հատկապես, որ կենտրոնում են 2016-ի սեբաստացի շրջանավարտները: Բոլորը մերն են… ովքեր կմնան ու մայիսի 25-ին կլինեն Մարմարյա սրահի կենտրոնում՝ որպես օրվա-տարվա հերոսներ… Հայրիկ Մուրադյանի խոսքերը. «Բարկացեք, պատժեք, բայց միˊ մոռացեք, որ ձերն են, քոնն են»,- ամենաշատը, երևի, շրջանավարտին են վերաբերվում… Սկսենք իրագործել Ավագ դպրոցի շրջանավարտի միասնական նախագիծ-ծրագիր, որ յուրաքանչյուր շրջանավարտի կներառի մեկ հավաքանիի մեջ, հավաքանի՝ իր սեբաստացիական ինքնազգացողությամբ, մեկ համերգով, մեկ հագուստով, մեկ ճաշակով, Գեղարվեստ, Արհեստագործական, թե Վարժարան նախկինում… Այսօր կենտրոնում կրթահամալիրի Ավագ դպրոցի 2016-ի շրջանավարտն է, ու ինչպիսի՜ սքանչելի հնարավորություն, Սյուզի Մարգարյան, Անահիտ Մելքոնյան, Քնարիկ Ներսիսյան, Ստեփան Թորոյան, Լուիզա Քեշիշյան, Կարինե Մացակյան, Աշոտ Բլեյան ու ընկերներ՝ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին անհոգություն փոխանցելու, ժամանակ-ուժ ՝ 9-12-րդ դասարանցիների՝ նույնքան հրատապ մյուս նախագծերով-գործերով զբաղվելու համար… Բարդ գործ չէ, եթե նկատի ունենաք, որ ամեն ամիս կրթահամալիրի հարյուրի չափ արդեն վեց տարեկանները հայտնվում են բոլորիս ուշադրության կենտրոնում, Մայր դպրոցում՝ որպես մեկ կրթական ծրագիր՝ իրենց տպավորիչ տոնով…
Փետրվարի տոնը համընկավ վրաց դեսպանի այցի հետ, ու շնորհակալ եմ Հիմնական դպրոցին մեդիայով ամբողջական այս տպավորությունը ստանալու համար:
Չհրապարակված կադրեր «Փետրվարիկից»:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:
Մնաց՝ օրագրի իմ ընթերցարանը ներկայացնեմ:
Նախ՝ մեկնաբանություններով
- Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար կոալիցիայի համար: «….Հայաստանում միակ բանը, որ կատարվում է, տնտեսական անկումն է: Անկումը հնարավոր է կասեցնել միայն կոռուպցիայի դեմ իրական պայքարով: Հետևաբար, որպեսզի իրապես կատարվող միակ բանը չլինի տնտեսական անկումը, պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց Հայաստանում կոալիցիա է կազմվում, որը հայաստանյան ներքաղաքական ավանդույթների ոչ մեծ պատմության, բայց արդեն հարուստ փորձի բերումով գործնականում հավասարազոր է քաղաքական կոռուպցիայի»: Այս, և նման հրապարակումները, որոնց հեղինակները վերլուծաբան-լրագրողներ են, լավ է, որ կան ու կլինեն:
- Ես ուշադրությամբ կարդացի նաև «Օրենսգիրքս գաղտնի մնա» հրապարակումը. ցավ, իհարկե, բայց ոչ մի զարմանք, ոչ մի նորություն… Ի՞նչ եք ասում՝ զորանամ-գործեմ-փոխե՞մ, թե՞ անհուսությունն ավելանա այնքան, որ ինքնասպան լինեմ, ինչպես այս գյումրեցին, կամ նստեմ Հայաստանից հեռացողների ավտոբուսն ու ինքնաթիռը… Կարդացեք, իհարկե, իմ թե ձեր ընտրությամբ: Վատ է, երբ իշխանությունների, իշխող քաղաքական ուժի, կոալիցիայի գործողությունները մեկնաբանելը դառնում է իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական գործիչների միակ աշխատանքը… Բա ո՞վ փոխի այս բետոն դարձած վիճակը…
- ԱՄՆ-ում փակված ստարտափ նախագծի հիմնադրի այս խորհուրդ-խոսքն էլ կարդացեք՝ ինքներս մեզ հետ անկեղծ լինելու մասին՝ ձախողելու դեպքում… Ինչպես նաև ԱՄՆ կրթական համակարգի մասին Հայաստանում հաջողակ շրջանավարտի հրապարակումը…
Նոր դպրոցում գարնանամուտ է:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ընթերցարան`առանց մեկնաբանությունների
- «Ամենալավ բժիշկը նշանակում է ամենաքիչ քանակի դեղորայք»
- Կանխարգելեք կարիեսը բնական ճանապարհով
- Տնական միջոցներ թեփի դեմ
- Վրացական գինին ու Վրաստանը՝ գինու բնօրրան
- Կաղամբի տաս օգտակար հատկություններ
- Ինչու է ցանկալի ամեն օր բրինձ գործածել
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 598