Դե, եթե բաց ենք և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում, ինչո՞ւ իմ Օրագրում պիտի լինեն արգելված թեմաներ… Հատկապես, որ իմ շաբաթ օրը այս կամ այն ձևաչափով զբաղեցրել են կադրային հարցերը: Սամսոն Բուլղադարյանը` հեծանվի ակումբի ղեկավարը, մարզիչ ուսուցիչը, հեծանվի արհեստանոցի պատասխանատուն` բոլորը մեկում, բարձրագույն մասնագիտական կրթությամբ, երիտասարդ, բայց և փորձառու, ում այսքան հնարավորություն ենք ընձեռել, հեռանկար ենք բացել-կապել, աշխատանքից ազատման դիմում է գրել հիմա, երբ բացվում են կրթահամալիրում հեծանվասպորտի-մարզանքի նոր հնարավորություններ…

Հարգելի տիար Բլեյան,  խնդրում եմ,  լուծել իմ աշխատանքային պայմանագիրը 2016 թ. մարտի 1-ից՝ անձնական նախաձեռնությամբ: Շնորհակալություն Ձեզ և իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ շատ հաճելի էր աշխատել: 

Խորենը, Միքայելը, Վահրամը Մարտիրոսյան, ընկերները տարակուսանքի մեջ են, Գևորգ Հակոբյանը, ամենագետ Սուսանը, եթե որևէ մեկը տեղյակ է, համեցե’ք, հայտնե’ք, վրիպել ենք, շտկենք… Հատկապես որ, ինչ-որ շրջանից սկսած, որևէ պաշտոնում աշխատանքի ընդունվում են ոչ միայն բաց, այլև միասին ենք ընդունում` հավաքական ու կոնկրետ մասնակցությամբ, որը ես ընդամենը ձևակերպում եմ: Նույնն է և աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում: Այսպիսի դեպքերում կարևոր է կապը սաների հետ. մանկավարժությունը հենց այսպիսի կապ է ու պայմանագիր… Պատանի հեծանվորդները անակնկալի էին եկել. շարունակ գովում էին Սամսոնին, մյուս կողմից` կասկածանքով ինձ նայում: Տնօրենի պաշտոն է` իր խաչով, ես սովոր եմ: Դիմացը շաբաթ-կիրակի էր, ես առաջարկեցի սաներին` լուծել իրենց մարզիչ ընկերոջ հարցը: Սպասենք զարգացումներին:

Կրթահամալիրի նետաձիգ մարզիկները պատրաստվում են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ տոնին:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Հարգելի երաշխավորությամբ ու այսպիսի անբասիր կենսագրությամբ մարդուց աշխատանքի առաջարկ եմ ստացել. կրթահամալիրի զարգացումը, նրա վաղը ոչ միայն ու ոչ այնքան ինձնից է կախված: Ես, թվում է, դրսևորված եմ. էլ ի՞նչ ունեք սպասելու… Նոր խնդիրները, զարգացում կոչվածը պահանջում են և նոր մարդիկ` ունակ, կոչված, կանչված հենց այդ խնդիրները լուծելու, և այդ թվում` խիստ անձնական-հարգելի, ընդունելի պատճառներով, կրթահամալիրից դժվար բաժանված մարդիկ` Ռիմա Երեմյանը, Մարգարիտ Հեքիմյանը, և իհարկե` կրթահամալիրում իրենց ներուժը իրենցից կախված-չկախված, բայց չդրսևորած ու դրանից ճնշված ինքնազգացողությամբ, ասված-չասված դժգոհություններով, պահանջներով (պրետենզիան ո՞րն է սրանցից) մարդիկ, օրինակ` Սյուզի Մարգարյանը, Դավիթ Բլեյանի դաստիարակ Կարինե Խառատյանը, Լուիզա Քեշիշյանը… Որ ձեզ այս անգամ այսպես անդրադառնալուց անհարմար չզգաք, նաև այս շարքում են ամենամարդիկ` Գրիգոր Խաչատրյանը ու ընկեր Կարինե Մացակյանը… Համարենք, որ Արմինե Թոփչյանն ինքն իր հարցերը լուծեց: Լուծումներ են փնտրում, առաջարկվում, մերժվում Քրիստինե Սահակյանցի համար… Իմացեք, որ ինձ համար թիվ մեկ կարևորության հարց է ձեր յուրաքանչյուրի ինքնադրսևորումը, թվարկած-չթվարկած, ինքնազգացողությունը աշխատանքով պայմանավորված, անմիջական աղերսներով, թե ոչ այնքան… Իմացեք, որ ես պատրաստակամ եմ լուծումներ առաջարկել, լսել, քննարկել, բայց գտնել: «Յոլան», զոհողությունը, «հլը տեսնենք»-ը իմը չեն: Վստահե՛ք ինձ, կրթահամալիրին, սա նաև ձեր ֆենոմենն է: Ո՜ւֆ,  մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի…

Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները նկարում  ու ցուցադրում են:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Ու ես նստում եմ հեծանիվը, գլուխը դարձնում Մայր դպրոցից դեպի Խանջյան, տուն, այսօր այստեղ, բանգլադեշյան իմ տանը հանգիստ չկա… Եվ կադրերն ամենուր են. ճանապարհին, հայ մարդիկ, ամեն մեկը մի-մի կադր` իրենց կարևոր գործով` ծխելով ու ինձ ողջունելով. «Իսկական գործը քոնն է, ամենալավ զբաղմունքը հեծանիվն է…»: Ի՜նչ կադր եք դուք, հայ ժողովուրդ, դեն նետեք (հենց հիմա, մոտակա աղբամանը) ծխախոտը, ձեզ գործ գտեք, լսո՞ւմ եք, ձեզ արժանի գործ: Ու հեծանի’վ նստեք ու գործեք այնպես, ինչպես մեր Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը. ինչ լսելի էր նա, հաճույքով-զվարթ պատմեց ուրբաթ, խորհրդի նիստից-տուն ճանապարհին: Բարի կիրակի ու ընթերցում խաղաղ…

Ստուգում են` գարունը եկե՞լ է Դպրոց-պարտեզի բակ:
Լուսանկարները` Կարինե Խառատյանի:

Օրագրի ընթերցարանը

#597

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ չկան բարձրահարկ շենքեր, կան գունեղ ծով ամպեր… 

Վերնագիրը Մերի Առաքելյանից եմ կորզել, Անի Սարգսյանի «Մեկ հայացք, մեկ կադր» ստուգատեսին նրա ներկայացրած ֆոտոշարքից, որ արվել է իր հեռախոսով։ Մանկավարժության ճամբարի շաբաթը, որ սկսում է հունիսի 20-ին, հնարավորություն կտա ճանաչելու-գնահատելու

Անլուրջ, անստույգ, անվավեր՝ առանց տոհմածառի պատմության ավարտը

Աշոտ Տիգրանյանի հրամցմամբ ստալինյան բռնարարքների յոթ փաստերը ամբողջական են դարձնում 1937-ի արարքը՝ մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություններից մեկը։ Դրան անմիջապես նախորդող-հաջորդող տարիների պատմությունը՝ մի ընտանիք-գերդաստանի պատմության օրինակով, սովետական աշխարհի կորած-մոլորած անկյուններից

Երբ գրքամոլիկն ու ամառը հանդիպում են․․․

Միշտ էլ հանդիպում են նրանք, հանդիպել են, բայց այս ամառն ուրիշ է․ նրանք ոչ միայն որոշել են ընթերցողական նախագծեր անել, ավելին՝ տարածել, ավելին՝ մշտական կապի մեջ լինելով։ Դիանա Տատինցյանի նման