Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ մարդը՝ Իսան մայրս (հայրս մորս Իսան էր կոչում): Հետաքրքիր է, ես չգիտեի՝ Թբիլիսին ունի Իսանի անունով շրջան, պարզվում է՝ հին վրացական բնակատեղի է… Իսկ Թումանյանի ծննդյան օրը, որքան ինձ հիշում եմ, ես իմացել եմ, սպասել եմ, կարևոր նշել եմ… Ստեփան եղբայրս, որ ծնվել է փետրվարի 19-ին, լրացուցիչ հուզականություն է հաղորդել օրվան… Բայց Թումանյանն ինձ համար ամենայն հայոց հայր է, ինչպես Կոմիտասը, բոլորիս պահապան, ու ես նրանց հանդեպ որքա՜ն հասուն — գիտակցում եմ իմ ինքնությունը, որդիական ակնածանք ունեմ միշտ: Այստեղից էլ անհանգստությունը, պատրաստվելը, սպասելը փետրվարի 19-ին. սեբաստացիական ավանդույթի ուժով «Կարդում ենք Թումանյան» նախագծով մենք օրն սկսում ենք Թումանյանով՝ որպես սեբաստացիներիս առավոտվա փառաբանություն, հետո այցելում ենք Թումանյանի Երևանի թանգարան ու շարունակում փառաբանումը…  Ինձ համար կարևորը, գլխավորը, որ այն դառնա սեբաստացիական ընտանեկան տոն-իրադարձություն, որ իրիկունը յուրաքանչյուրիս տանը տոնական սեղանի շուրջ, մեծով-պստիկով հավաքված, բաժակ բարձրացնենք ու արժեքավոր զգանք մեզ, զգանք մեր ազնվական-իշխանական-արարչական ծագումը… Ու կարդանք Թումանյան՝ մեր իմացա՞ծը, հարցնում եմ:

Կլոր սեղան «Բոլոր ժամանակների Դիջիթեքը»:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:

Անահիտ Հարությունյանի նոր, մանկավարժական լաբորատորիայում ծնված-իրականացվող «Ուսումնական պլանշետը հինգ-վեց տարեկանների համար» նախագծին սպասարկող բլոգին՝ այս «Բզեզ»-ին ասենք՝ բարով… Ես ասացի՝ այնպիսի բլոգ, որ յուրաքանչյուրի ձեռքին ոնց որ պլանշետը լինի՝ գրավող-հեշտ-խաղային… Ու յուրաքանչյուր դաստիարակ՝ հետազոտողի դիրքում, Գևորգ Հակոբյանի ուզածով. մենք ի՞նչ գիտենք բնական-անհատական «Իմացումի հրճվանքի» ճանապարհը՝ այս գործիքով հինգ-վեց տարեկանի… Թող ինքը խաղա, հայտնագործի, ճանաչի՝ սրանց միջոցով նաև… Այսպիսի նվեր եղավ Թումանյան պապիկին…

Որ օրն այսպես տոն դառնա… Քանի՜ երեխայի, քանի՜ տարի այսպես օրը բովանդակ տոն է դարձրել մեր Կոմիտաս-Թումանյանի շառավղից սերող Սոֆյա Գրիգորյանը: Շնորհակալ եմ, քույր իմ, ամեն մի օրվա համար՝ բոլորը միասին, քո այս օրը՝ որպես հանրագումար:

Պլանշետն ուսումնասիրում են 6 տարեկանները՝  տանը և դպրոցում:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի, Լուսինե Նազարյանի:

Արամի 30-ից հետո (դիտեք այս նյութը, հետո շարունակեք), Երևանը չդիմացավ և ցավից գոռաց. մայրաքաղաքի ոչ մի հին շենք այլևս հողին չպետք է հավասարեցվի… Սա երևանցիների՝ իր մտավոր գործունեությամբ զբաղվող երաժշտի, դերասանի, գիտնականի, լրագրողի, հայագետի, վրացագետի, դասախոսի…, մտավորական (քաղաքային) ծագում ունեցող յուրաքանչյուրի առողջացման-փրկության ճանապարհն է… թե չէ, գեղցի ենք տեղով մեկ, անկախ այն բանից, թե որտեղ ենք ծնվել… Մեր ազնվականը, միˊ մոռացեք, տասնյոթից տասնիններորդ դարերում մտավ հայ գյուղացու խրճիթ… Թումանյանը, Կոմիտասը, իմ հայր Բեկը, նրա Բլե իշխան ապուպապը այդ խրճիթից են դուրս եկել…

Մարմնամարզական թռիչքներ:
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի:

Դավիթ Բլեյանն ուզում է ինքնաթիռ նստի, ուզում է թռչի, ապրի-ճանաչի ճախրանքը, բարձրության նոր վախեր հաղթահարի… Սիրում է ցատկել, բարձրանալ։ Վերելք ու ցատկ. կատվազգի է, չէ՞… Հարյուր անգամ հիացմունքն աչքերին կարող է նայել՝ ինչպես է հովազը բարձր ծառից ցատկում… Դավիթն ինձ նորից ուղղում է, լեզվական անճշտության-անբարեխղճության մեջ բռնում և ուղղում… Ինձ ու ինձ, հետո բա՜րձր՝ ապրես, ասում եմ… Միակ դեպքն է, որ չի հարցնում՝ ինչու… Մայրենին յուրաքանչյուրիս ամենօրյա պաշտպանության կարիքն ունի և ամեն տեղ, ու Թումանյանը՝ իր աշխարհով-գրականությամբ, եկավ սատարելու հայ ընտանիքին՝ այդ աշխատանքում…

Մարզական ուրախ օր Գեղարվեստի 2-4 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի:

Այս օրերին անցուդարձը շատ էր. ես զգացի համը-պատասխանատվությունը-հոգսը՝  հայրական մեծ տան… Էյ գիդի, հա՜…
Լրացուցիչ հուզվում եմ. Շուշո աղջիկս մեկնում է նորից Վիեննա… Ուրիշ է, որ Երևանում է… Դավիթ Բլեյանի զգացողությունն էլ այսպիսին է՝ անմիջական, անկեղծ, հավաքական.
— Հայրիկ, ինչո՞ւ ես դու բոլորի պապան…
— Հայրիկ, Շուշոն հա՛մ աշխատում է, հա՛մ սովորում: Դրա համար է ուշ-ուշ գալիս…
— Հայրիկ, ես ուզում եմ ինքնաթիռով թռչեմ՝ Շուշոյին հասնեմ:

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 586

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարև, ես եմ

…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։ Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը» Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա

Անունդ փարոս եղավ իմ կյանքում…

Անունդ թող փարոս լինի ինձ  Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան  Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես

Իսկ Գեորգիևյան ժապավենն ի՞նչ խորհուրդ է, որ «անմոռուկի» նման հանկարծ հայտնվեց

Մեդիայում նյութի-հարցազրույցի-լուրի ընտրությունը ես կատարում եմ ըստ թեմայի, դրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի, անկախ անձի նկատմամբ իմ վերաբերմունքից։ Այս տեսանյութը և «եռատոնին» վերաբերող էլի նյութեր բաց չեմ թողնում. ուզում եմ հասկանալ՝