«Կրթություն» թերթ 02.08.2006
Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող միջոցառումների վրա ծախսվել է երկու տարի և «Կրթության որակի և համապատասխանության վարկային ծրագրի» զգալի միջոցներ:
Որո՞նք են կրթության փոփոխություններին նոր թափ և որակ հաղորդող քայլերը: Ի՞նչ է պետք անել, որ ուսուցիչը երեխայի (սովորողի) իրավունքները (այդ թվում՝ կրթության իրավունքը) ոտնահարողից վերածվի նրա իրավունքների պաշտպանի: Ու երեխայի իրավապաշտպանությամբ զբաղվի բարեխիղճ, արդյունավետ ու կոնկրետ, ամեն երեխայի ու յուրաքանչյուր խախտման դեպքում: Ի՞նչ է պետք անել, որ ուսուցիչը վերջապես պատասխանատու դառնա ծնողական, աշակերտական համայնքի և հասարակության առաջ իր մասնագիտական գործունեության հնարավոր հետևանքների համար: Ինչպե՞ս մի անգամ առարկայական ծրագիրը մանկավարժական բուհում սերտած ուսանողից ունենանք մասնագիտական ինքնազարգացման սովորույթով մանկավարժ: Եվ, վերջապես, ինչպե՞ս իր վարչական իշխանությամբ առարկայական տեղեկատվություն սերտել տվող ուսուցչի պարագայում ունենանք (մեջ եմ բերում Կրթակարգից) «ձեռք բերած գիտելիքները ստեղծագործաբար կիրառելու ունակություն, ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն ունեցող» սովորող, ով դրսևորի «փոխըմբռնում և կարողանա համագործակցել» ինչպես տարեկիցների, այնպես և իրենից մեծերի ու փոքրերի հետ:
Կրթակարգի ներդրման հաջողությունն ապահովող հիմնական գործոնը, ինչպես շեշտված է Կրթակարգում, ուսուցիչների պատրաստման և մասնագիտական կատարելագործման արդյունավետ իրականացումն է: Ասել է թե նոր դպրոցի կայացումը պիտի ընթանա (կարող է ընթանալ) նոր ուսուցչի պատրաստմանը համաքայլ: Նորից ըստ Կրթակարգի՝ մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը պետք է նպաստեն, որ ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, առանձին դասընթացներ, պլաններ մշակելու, ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու, կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու, ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու գնահատման կարողությանը՝ դիտարկելով գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց: Ավելացնենք սրանց սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, ինքնուրույն և գործընկերների հետ մասնագիտական նպատակային հետազոտություններ կատարելու, ամփոփելու և եզրակացություններ ներկայացնելու, սեփական մասնագիտական զարգացումը պլանավորելու և իրականացնելու ուսուցչի կարողությունը և… Եվ սրանք կմնան լոկ բարի ցանկություններ, քանի որ կազմակերպորեն պարտադրված չեն մեր իրականությանը…
Այս օրերին հանրապետության դպրոց-կենտրոններում ընթանում են վերապատրաստման դասընթացներ: Մի քանի տասնյակ վերապատրաստման կենտրոններում, զինված ուսուցման նոր մեթոդներով, տարրական դասարանի, հայոց լեզվի, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակյալ ուսուցիչները, որպես վերապատրաստողներ, կրթական նորամուծությունների յուրացումն են ապահովում իրենց գործընկերների համար: Լավ է, իհարկե, որ կարճ ժամանակում ձևավորվել և գործում է ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգ: Բայց ի՞նչ է լինելու կարճատև դասընթացները հաջողությամբ ավարտած ուսուցիչների հետ, երբ նրանք նորից հայտնվեն հին՝ ինքնապահպանման ռեժիմում գործող դպրոցում: Մեզանում պարզունակ միջոցառման միջոցով ուսուցչակենտրոն դպրոցից իբր անցում են կատարում երեխայակենտրոն համակարգի, որում ուսուցիչը պիտի քաշվի երկրորդ պլան, որպեսզի առաջին պլանում՝ ուսումնադաստիարակչական պրոցեսի կենտրոնում, հայտնվի սովորողը, կրթությունը կառուցվի նրա հետաքրքրությունների շուրջ… Սա նշանակում է՝ անգիր անելը չի խրախուսվում, կրթությունը նպատակամղվում է երեխայի կյանքի (հետաքրքիր) խնդիրների լուծմանը, որի ընթացքում ապահովվում է սովորողի և ուսուցիչների արդյունավետ համագործակցությունը…
Այո, բայց նախ՝ խորհրդային դպրոցը ուսուցչակենտրոն չի եղել. ո՞ր մի ուսուցիչն է այնքան ազատություն և իրավունք ունեցել, որ պատասխան տար իր գործադրածի հնարավոր հետևանքների, քանի՜ սերնդի պարտադրված կեղծիքի ու ստի տարածման համար: Ավելին, խորհրդային դպրոցը մարդակենտրոն չի եղել: Համագործակցային մանկավարժությամբ դպրոցը նոր քաղաքակրթություն է՝ նոր հայացք կրթությանը, մարդուն, նրա աշխարհին ու կյանքին, միջանձնային ու հասարակական նոր համակեցություն է արմատավորում, որի համար քանի՜ տարի աշխատել և աշխատում են բազում նվիրյալներ ու լուսավոր դեմքեր, ծախսվում են հսկայական միջոցներ: Իսկ Հայաստանում ահա մի վարկային ծրագրով ընդամենը 2-3 տարում, մի Կրթակարգով ու կոչով-հարցազրույցով որոշել են անցում կատարել և վերջ:
Հոդվածի առիթը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներ Գ. Հակոբյանի և Ս. Մարկոսյանի բարեխիղճ իրականացրած Ջոն Դյուիի «Դպրոցը և հասարակությունը» աշխատության թարգմանության հրապարակումը եղավ: Սրա կողքին հավատարմագրված մանկավարժական բուհը հրապարակում է մանկավարժական բառարան, որտեղ բացակայում են վերջին հարյուր տարում նոր դպրոցի (համագործակցության մանկավարժության) բոլոր հեղինակները (Դյուի, Մոնթեսորի, Պիաժե, Ֆրենե… ԱմոնաՇվիլի) ու նրանց ներմուծած հասկացությունները: Էլ ե՞րբ ու ինչպե՞ս պիտի աշակերտենք ժամանակակից մանկավարժության կայացման գործում նշանակալից ազդեցություն ունեցած գիտուններին:
Արմատական (արժեքային-անցումային) փոփոխությունների գերեզմանափորը պարզունակությունն է: Պարզունակ են բոլոր միջոցները (փոփոխությունները), որոնք ուղղված չեն դպրոցի՝ որպես սոցիալական միության կազմավորմանը, որոնց իրագործման ընթացքում և արդյունքում դպրոցը ակտիվ հասարակական կյանքի նոր ձև չի ստանում: Որևէ մեկը տեսե՞լ է սովորողների և մանկավարժների, որ մաքրում և բարեկարգում են իրենց դպրոցն ու բնակավայրը՝ որպես ուսումնական ծրագիր, մեր թանգարաններն ինչո՞ւ անվճար չեն ու համապատասխան կազմակերպված որոշակի ժամերի չեն վերածվում ուսումնական լաբորատորիաների: Կրթության բարեփոխումները պետք էր սկսել, պետք է սկսել այստեղից՝ ուսուցիչների, հասարակության լայն խավերի և իշխանություն ներկայացնող անձանց հետ կյանքի և դպրոցում երեխայի կյանքի հարաբերության հարցի քննարկումից: Երեխայի իրական կյանքը պիտի դառնա ուսումնական նյութ, ու երեխաները, որպես ուսումնական ծրագիր, պիտի ազատ քննեն իրենց և ծնողների կյանքը՝ բոլոր կողմերից: Ուսուցումը, կրթությունը պիտի դիտվի որպես կրտսերների և մեծերի, անհատի և հասարակության արդյունավետ համագործակցություն, որի արդյունքում կստեղծվի նոր դպրոց՝ գյուղական ու քաղաքային իրականության մոդելներով: Դպրոցը շարունակում է իբր քաղաքացիական հասարակության ապագա անդամներ պատրաստել այնպիսի պայմաններում, որտեղ այդ քաղաքացիական ոգին համարյա չկա: Դպրոցները, բուհերը չկուսակցականացնելու կոչերն ինձ աղանդների դեմ պայքարի կոչեր են հիշեցնում: Ուսումնական հաստատություններում քաղաքացիական-քաղաքական՝ լիարժեք-իրական կյանքով չապրելով՝ սովորողները և մանկավարժները զրկվել են ազատությունից, անհատական ու հասարակական կյանքի համար պատասխանավություն կրելուց: Սա, կրկնելով Ջոն Դյուիին, անվանենք, մեր իրականության ողբերգություն: Տասնամյա դպրոցի ուսուցման ծրագիրը խորհրդային շրջանում, և տասներկուամյա դպրոցի ծրագիրն այսօր հավակնում են ներառել ճիշտ այնքան գիտելիք և անհրաժեշտ այնքան տեղեկատվություն, որքան աշխարհում գոյություն ունի: Մնում է այս ամենը ինչ-որ համամասնությամբ բաժանել դպրոցական տասներկու տարիների միջև՝ վստահ, որ եթե երեխային տրվի ամեն տարի ամբողջի համապատասխան մասը, նա կրթությունն ավարտելիս յուրացրած կլինի ամբողջը: Ահա ինչու արդեն երևում է, որ դպրոցական տասներկու տարին կարող է դառնալ գործող տասնամյա դպրոցի մեխանիկական ընդարձակման արդյունքը: Մի՞թե թույլատրելու ենք, որ հենց այսպիսի գործով՝ ժամանակի ու նյութական միջոցների ծախսմամբ զբաղված լինի ամբողջ դպրոցական՝ իբր բարեփոխվող համակարգը, երբ երեք-չորս տարում փոխվեն առարկայական ծրագրերը (գիտելիքների ստուգման համակարգերը), դասագրքերը, ուսուցչի ձեռնարկները, բայց ուսման կազմակերպումը մնա անփոփոխ:
Ինչպե՞ս հաղթահարել դպրոցական՝ «գիտության միջնադարյան ընկալումներով համակված» ուսուցումը, որ ձգտում է բավարարել սովորողի առարկայական գիտելիքներ (տեղեկություններ) հավաքելու ձգտումը՝ իբր գիտական կամ մասնագիտական նպատակներ հետապնդող: Ակտիվ աշխատանքի, երեխայի կենսագործունեության տարբեր տեսակները օր առաջ ներմուծել դպրոց՝ ահա խնդիրը, և սկսել կրտսեր դպրոցից, կրտսեր դպրոցական համայնքին «փոքր հասարակություն» դառնալու հնարավորություն տալ: Ներկի, թղթի, գործվածքի, փայտի և մետաղի, սերմի ու հողի, կարի, խոհարարության, տեխնիկայի (համակարգչի, ֆոտոապարատի, սարքերի և գործիքների), բնագիտական աշխատանքներով՝ որպես ակտիվ և արդյունավետ աշխատանքի տարբեր տեսակներ, երեխան պիտի զբաղվի ոչ որպես առանձին ուսումնական առարկաներով. դա պիտի լինի կյանքի և ուսուցման մեթոդ: Մենք մեր կրթահամալիրում հետազոտական աշախատնքի տարիների փորձով գիտենք, երբ երեխայի ձեռքի և մտքի ստեղծագործ աշխատանքները դառնում են դպրոցական ուսումնական գործունեության կենտրոն, հանգեցնում են դպրոցական ոգու ամբողջական նորացմանը: Առանց մանկության և պատանեկության տարիներին ստեղծագործ և արդյունավետ (հանրօգուտ) «աշխատանքի բնազդների համակարգված խրախուսման», ձեռքի աշխատանքը (տնային տնտեսվարություն), բնագիտությունը, արվեստներն ու արհեստները կշարունակվեն մերժել այսօր ընթացող բարեփոխումներում, ինչպես մերժել են խորհրդային լճացման շրջանում: Իրական ուսուցումը անհատական որոնումների արդյունք է, սովորողների և ուսուցիչների հատուկ կազմակերպված համատեղ գործունեություն: Գուցե վաղուց ժամանակն է ունենալ հանրակրթական դպրոցի նոր իրականությանը համապատասխան կառուցվածք՝ ինքնուրույն կրտսեր դպրոց (մեր ստեղծած մոդելով՝ վեցամյա) և ինքնուրույն ավագ դպրոց: Ինքնուրույն կրտսեր դպրոց, այո՛, ավագ դպրոցից նաև կազմակերպորեն պաշտպանված, որպես վեցից տասներկու տարեկանների հետաքրքրությունների (նախասիրությունների) դրսևորման ու զարգացման միջավայր: Ստեղծելով անհատի (պատանու) անձնային ու մասնագիտական պահանջները բավարարող, սովորողի ժամանակին (հասարակությանը) համապատասխան բազմաձև (այդ թվում՝ ուսման տարբեր տևողությամբ) եռամյայից մինչև վեցամյա ուսուցման ինքնուրույն ավագ դպրոցներ՝ պատանուն ընդհանուր (հակամասնագիտական) բարձրագույն կրթություն կոչվող ժամանցից կազատագրենք: Ինչպես անել, որ դպրոցը դառնա այն տեղը, որտեղ ապրում և աշխատում է երեխան: Սելեստան Ֆրենեի մանկավարժության գործնական յուրացումը գուցե կխթանի վերջապես ունենալ փոքրաքանակ գյուղական դպրոցի արդիական և արդյունավետ գործող մոդել:
Կկարողանա՞ հայաստանյան հասարակությունը՝ իր երազներով և ձգտումներով, ուժ գտնել միջամտելու, որ դպրոցը մեր հասարակության յուրաքանչյուր երեխայի դաստիարակի և դարձնի մի փոքր, բայց լիարժեք ակտիվ կյանքով ապրող համայնքի անդամ, նրա մեջ արթնացնի «հասարակությանը ծառայելու ոգին» և նրան ապահովի «ստեղծագործական ինքնագործունեության միջոցներով»: «Այդ ժամանակ կունենաք ամենահաստատուն և ամենալավ երաշխիքը, որ լայն հասարակությունն էլ կդառնա ավելի արժանավոր, ավելի հաճելի և ավելի ներդաշնակ»: Կարդացե՛ք Ջոն Դյուիի «Հասարակությունն ու դպրոցը» աշխատությունը և դրանով վարձատրված կլինեք (http://dpir.mskh.am/hy):
Աշոտ Բլեյան