Վերջապես, Վիեննա-Մոսկվա-Երևան չվերթով Շուշան Աշոտի՝ խորոտիկ, երգեցիկ, չուտես-չխմես-չխոսես՝ նայես, լսես, տեսնես՝ չկշտանաս, Բլեյան աղջիկը տանն է։ Արձակուրդային Երևան նախագծի մեկնարկ է տրված. այնպես, որ ամիսների կարոտը հագենա… Երեկ մենք Շուշո դիմավորողների գումարած անհամբերների մի խմբով շրջապատել էինք Շուշոյին. տեսնելո՜ւ բան էր… այսքան ավելի խորոտ, առավել բարեկազմ… Լիլիթ ավագ քույրիկը ճշգրիտ ձևակերպեց՝ հիմա սկսում ենք Շուշոյին չաղացնել Էդիտա Հովհաննիսյանի փախլավայով, Տաթև Բլեյանի պատվիրած խորովածով… առանց խաշի՝ ի՛նչ ձմեռային արձակուրդ… Իսկապես, երգչուհու այսպիսի կարգապահ հետևողականությունը Շուշոյին դրել է Լիլիթ Բլեյանի և Նազենի Հովհաննիսյանի կողքին… Չնայած ո՞վ գիտի՝ Նազենին Լոսից ինչ վիճակով կգա։ Բան չմնաց՝ կտեսնենք։

Դավթի ընկեր Ռազմիկը կարկանդակներ է պատրաստում մի խումբ սեբաստացիների հետ:
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի:

Իսկ Դավիթ Բլեյան եղբորն ու Սոնա քույրիկին անիմաստ էր խառնել երեկվա մեր կարոտակեզությանը. շատ կլիներ, կամ չէր լինի։ Երբ Դավիթն ու Սոնան հանդիպում են, մնացած աշխարհը փակվում է, չքանում է…
Իրիկունը ուշ մտա տունը Դավթի ու տեսա այս զարմանալի զույգի կառուցած աշխարհը…

— Ե՞րբ եմ, պապ, հեռախոս ունենալու, ինչո՞ւ ինձ չեն զանգում։
— Սև պլանշետը «գործուղումից» վերադարձավ, հեսա Շուշան քույրիկը մի քարտ կդնի, ու վերջ, ինքնուրույն մոբիլ կապի մեջ եղիր, Դավիթ Բլեյան՝ ում հետ ուզում ես ու կապի որ տեսակով ուզում ես։
Սա էլ հասունության մի աստիճան է։
— Հեսա՝ չէ, հենց հիմա,- սիրում է կրկնել Դավիթը…
— Да-ին ռուսերեն էլ ի՞նչ են ասում, պապ…
— Ռուսները «հա» չե՞ն ասում, մենակ «այո» ունե՞ն, պապ…
— Ինչո՞ւ էինք մենք Թիֆլիսում ռուսերեն խոսում, պապ…

Վեց տարեկանները ցուցադրում են իրենց կարողություններն ու հմտությունները:
Լուսանկարները տրամադրել է Արմինե Գյոնջյանը:

Ես գիտեի, որ թիֆլիսյան տպավորությունները դեռ արձագանքվելու են, չեն վերջանալու այդքան շուտ, բայց այսպե՞ս, որ դնի ու իր պարտեզից Ռուզան քույրիկ-դաստիարակի կարոտն առնելու հնարավորությունից օգտվի…
— Ի՞նչ ես կառուցում, Դավիթ…
— Թիֆլիս քաղաք եմ կառուցում…
Գունեղ, մեծ, հարազատ քաղաք Թիֆլիս՝ իր ծովի նման Քուռով…
Մանդարին շատ է սիրում մեր հերոսը. Վրաստանը Փարաջանով ստեղծած տեսարան է դառնում Դավթի մոտ՝ փողոցներում աջ ու ձախ թափված մանդարիններով…
— Ես ուզում եմ՝ հիմա գնամ, հավաքեմ այդ մանդարինները…
Ինչ սիրում է, ասենք՝ նռան հատիկները, հենց թափվեցին՝ լեզվով, բերանով գետնից վերցնում է։ Հիմա ինքը ճաշակում-խաղում է Շուշանի բերած ընձուղտով-ձիով… շոկոլադ երթևեկության նշաններով… Ուշքը գնում է շոկոլադի համար. կեր ու ցույց տուր, պատմի…Այսպես ես քնեցի…
Արթնացել եմ՝ ո՛չ Դավիթը կա, ո՛չ շոկոլադը. հայտնի ագահ է…

Դավթի ու Սոնուլի աշխարհում:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Չի կարելի այսպես մեր բանակի հետ հարաբերվել, որ բանակը խոսել-մեծարել-տոնելը քո գո՞րծը համարես, իսկ ծառայելը այսօր՝ առաջին գծում, առանց փախուստ-տարկետման, առանց քչփչոցի վիճակահանության, պարզապես՝ բոլորի հետ մարտական երկու տարվա ծառայությունը՝ ուրիշինը… Քայլը սա է՝ բանակը արդար, բոլորինս է դառնում պարտադիր կատարման ենթակա, անխտիր երկու տարվա ծառայությունը։ Իմ Դավիթ տղայի ասածի նման՝ հետո չէ, հե՛նց հիմա… Ու Մարիամ Բլեյանի «Իսկ ես երազում եմ հայրենիքս տեսնել այնքան խաղաղ…»-ի Հայաստանը քաղաքական օրակարգում կհայտնվի… Իսկապես, ի՞նչ ենք ասում, ուրիշների տղաները ծառայեն, վտանգվեն, զոհվեն, երկու տարի չքնեն, վախով-սարսափով-աղոթքով ապրեն, դուք մեդալներ տաք հետմահու, տոնեք, եվրոպառլամենտներում-կառույցներում ձեր կռիվը տաք՝ հակահայկական բանաձևերի մերժման… գործի-կյանքի… լա՜վ բաժանում է:

2016-ի իմ քաղաքացիական հանրակրթական օրակարգում ինքնավստահ (տեր Զենոն քահանան երեկ սրա հոմանիշը գործածեց՝ աներկյուղ) մանկան, դեռահասի, պատանու զորացումն է… Իսկապես, Դավիթ Բլեյանը երկյուղ չունենա իր Հայաստանում ապրելու, տասնութ տարեկան դառնալու, իր պարտեզի, դպրոցի ազգակից ընկերոջը մենակ չթողնի քաղաքացիական ընդհանուր պարտադիր ծառայության մեջ… Թե չէ, էս մեր 2016-ի ռազմամարզական գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային շուրջտարյա բաց խաղերը՝ մեր կրթահամալիրի դաշտերում թե արշավախմբային-դաշտային բաց ճամբարներում կդառնան երկյուղած «տոնական միջոցառումներ»…. Իսկ քահանան փոխանցում է Տիրոջ պատգամը՝ ապրել աներկյուղ…

Ձմեռային պաղ վերջալույսն այսօրվա..:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Մի բան մնաց՝ իմ 568-րդ գրով ասելու։ Երեկ մենք խորհրդի նիստում այնքան կարևոր հարցերի ներկայացումից հետո այնքա՛ն ոգևորող խոսքեր լսեցինք խորհրդի անդամներից, որ ավելացող վստահությամբ, հույսով(աներկյուղ) պատրաստվում ենք փետրվարի 26-ի խորհրդի նիստին

Օրագրի ընթերցարանը

Ֆոտոխմբագիր`Կարինե Խառատյան

#568

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ…

— Ի՞նչ տարբերություն կա որդի և օձի մեջ,- հարցնում է Դավիթ Բլեյանը հերթական իրիկնային ընթերցանության ժամանակ… Դժվար էր հավատալ, որ 23 ամիս տևող բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի անժամկետ սառեցման և

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Մարդկային գործոնը

Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն