«Ես» շաբաթաթերթ, 1994թ.
Նախ մի ընդհանուր գլխագիր. «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը մեծ համալիր է , որն ունի Մանկապարտեզի ու նախակրթարանի՝ երեխայի ազատ խաղ, խաղալիքների իրական թագավորություն՝ ոչ մի դոգմա, երեխայի հասունությունից դուրս՝ ոչ մի ճշմարություն :
Միջին դպրոց՝ 5-8-րդ դասարաններ, ուր էլի գլխավոր հոգսը երեխայի ինքնիրագործման համար լիարժեք, իրական պայմանների ստեղծումն է:
Ավագ դպրոց՝ մի գիմնիազիական օղակ, որն աշակերտներին նախապատրաստում է բուհական կրթության , արհեստագործական ուսումնարան, որտեղ աշակերտները մասնագիտանում են տարբեր արհեստներում , օրիորդաց վարժարան, ուր սանուհիները նախապատրաստվում են իրենց հիմնական կոչմանը՝ մայրությանը:
Մասնագիտական կրթության դպրոցներ՝ երաժշտության, ավանդական պարի, գեղարվեստի, մարզական, լրագրողի , ինֆորմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, շախմատի, խաղավարի, թատրոնի, կինոօպերատորի, բնասերի: Մարզառողջական կենտրոնը, «բնության գրկում դպրոցը», թատրոնը, մամլո և լրատվության կենտրոնը, ռադիոհեռուստակենտրոնն ու ձայնագրման սրահը, մանկավարժական- կրթական հրատարակչությունը, խաղատունը, գրադարանը բազմապատկում են մանկանց ինքնիրագործման հնարավորությունները:
Այս բոլոր ճյուղերը կապված են միմյանց և միասին նպատակ ունեն՝ երեխայի անձնավորության զարգացումը:
«Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի տնօրենն է Աշոտ Բլեյանը:
— Տիար Բլեյան, օրն ի՞նչ է Ձեզ համար:
Ա. Բլեյան — Օրը… Արարքների շարք, երբ ես փորձում եմ իմ ծրագրի մի կտորը նյութականացնել, շոշափելի դարձնել, դիմացինին օգտակար լինել՝ գործերի ձևով:
— Ո՞րն է Ձեր ծրագիրը:
Ա. Բլեյան — Իմ ծրագիրը իմ ինքնարտահայտումն է. իմ «Ես» միկրոտիեզերքի պեղումը, բացահայտումը:
— Ներկայացրեք Ձեր միկրոտիեզերքը:
Ա. Բլեյան — Հարուստ, բազմաշերտ, հետաքրքիր, զարմանալի, շշմելու:
— Ինչե՞ր կան այնտեղ:
Ա. Բլեյան — Ինչե՜ր չկան: Կան մարդիկ՝ իմ գործընկերները: Ցանկացած մարդ, ում հանդիպում եմ, իմ հնարավոր գործընկերն է, և ես տեղ եմ գտնում՝ այդ մարդուն տեղավորելու իմ միկրոտիեզերքում: Ես կյանքին էլ մոտենում եմ՝ որպես գործընկերոջ:
— Հե՞շտ եք շփվում մարդկանց հետ:
Ա. Բլեյան — Այո: Ինձ հետաքրքիր է այդ շփումը: Այդ շփումն իմ դպրոցն է, իմ ուսուցիչը, հնարավորությունը՝ իրերին նայելու դիմացինի աչքերով:
— Կա՞ ավելի սիրելի բան, քան «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը:
Ա. Բլեյան — «Մխիթար Սեբաստացի» կրթօջախն իմ սիրելին չէ, իմ գործն է, իմ պատասխանատվությունը, իմ հաշվետվությունը՝ մարդկանց, հասարակությանը, Աստծուն: Իմ զավակն է. ես ամենից առաջ հայր եմ: Ես այս Մեծ տան Ավագն եմ: Պատասխանատու եմ Մեծ տան բոլոր անդամների համար, նրանք բոլորն էլ իմ կրտսերներն են:
— Պատմեք ինձ Ձեր ընտանիքի մասին…
Ա. Բլեյան — Խաղաղ ընտանիք է, որտեղ ես պաշտպանված եմ զգում: Իմ հանգրվանն է: Ամեն տղամարդու կյանքում ինչ-որ տարիքից սկսում է այն դերը, երբ նա էլ ուրիշ տեղ չունի գնալու, երբ ուրիշ ոչինչ չի ուզում: Իմ ընտանիքը իմ հնարավորությունն է՝ շարունակելու մարդկային կյանքը, ծնելու, մեծացնելու հասարակությանը օգտակար, անհրաժեշտ շարունակողներ: Դա արժեքների փոխանցման ինստիտուտն է:
Երկու աղջիկ ունեմ՝ սքանչելի՝ Լիլիթն ու Տաթևիկը, իմ կինը՝ Կարինեն, երաժիշտ է, լավ մայր, լավ մարդ, իմ դասընկերուհին :
— Երբ աշխատանքից հոգնած գնում եք տուն…
Ա. Բլեյան — Փակվում եմ աշխարհից, ուզում եմ, որ աշխարհը մոռանա ինձ: Անհանգստանում, զայրանում եմ, երբ հեռախոսը զանգում է: Կարդում եմ՝ շատ: Չարանում եմ, երբ այնքան հոգնած եմ լինում, որ անընդունակ եմ դառնում ընթերցելու: Արթնանում եմ վաղ, ժամը վեցին, վայելում եմ մենակության ու թարմության այդ մեկ ժամը, կռիվ եմ տալիս մաքուր թղթի հետ, հաճախ կարդում եմ կարևոր նյութեր, որոնց ընթերցումը հետաձգել եմ հատուկ այդ ժամի համար: Օգտակար է ինձ “Утро” ծրագրի դիտումը: Սքանչանում եմ այդ ծրագրով, նրա բերած աշխարհով, մեծ իրականությամբ: Քնում եմ, որպես կանոն, ժամը տասներկուսին: Չեմ քնում՝ մահանում եմ: Չեմ արթնանում՝ ծնվում եմ: Միշտ զարմանում եմ առավոտվա վրա:
Ամեն ինչ կարող է լինել, բացի բռնակալից՝ հոր տեսքով, ղեկավարի, թե ամուսնու: Խրախուսում եմ ընտանիքիս անդամների իրավունքը՝ իրենց գործերը, իրենց կյանքն ինքնուրույն տնօրինելու: Չեմ հանդուրժում, երբ ընտանիքիս անդամը բռնանում է իմ այդ իրավունքի վրա :
— Իսկ բռնանո՞ւմ է:
Ա. Բլեյան — Դե, կյանք է, չ՞է …
— Իսկ դուք երբևէ զգո՞ւմ եք Ձեզնից մեծի, Ձեզնից բարձր որևէ ուժի ազդեցությունը, թե՞ Դուք լիովին ազատ եք:
Ա. Բլեյան — Ես զգում եմ մեծ մտքի, մարդկային հանճարի ազդեցությունը՝ միշտ, անընդհատ:
Տիար Բլեյանի դպրոցը մե՜ծ է՝ շատ մուտքերով:
Երբ առաջին անգամ մտա Մայր դպրոց , ինձ գրավեց առաջին հարկի մարմարյա սպիտակ սրահը. լի՜քը գույներով՝ գույնե՜ր, գույներ ու նաև երեխաների մտքերը՝ եսեր, ցանկություններ, որոնք շարված էին կոկիկ լվացքի նման կողք-կողքի:
Ես քայլում էի:
Գրախանութ. այստեղ վաճառվում են դպրոցում հրատարակված թերթերն ու ամսագրերը, նաև երեխաների ձեռքի աշխատանքները՝ կավե, փայտե, խեցե իրեր, նկարներ, գորգեր ու կարպետներ, որոնք հիմնական գնորդներն էլի աշակերտներն են և նրանց ծնողները: Ստացվում է հետաքրքիր, փակ շղթա, ինչ խոսք՝ եզակի մի բան մեր հարապետությունում:
Ես քայլում էի:
«Տիկնիկային թատրոն», «Բնագիտության մասնախումբ», «Ուսուցիչների հանգստի սենյակ», «Շաղիկ» հրատարակչություն, «Միտք» համակարգիչ կենտրոն, մամլո «Էհեյ» կենտրոն, ռադիոհեռուստակենտրոն… Միջանցքների պատերին՝ մեծ նկարներ՝ մե՜ծ աչքերով մե՜ծ բու թռչուններ, մե՜ծ փայտե դիմակներ… Դպրոցը մաքուր էր՝ շատ՝ հազվագյուտ բան:
Ճիշտ է, ամառային արձակուրդ էր, որի պատճառով շատ դռներ փակ էին, բայց դպրոցն ապրում էր աշխույժ ու հետաքրքիր կյանքով: Անց էին կացվում սպորտային մրցույթներ, խաղեր, կազմակերպվում էին տարբեր հանդիպումներ: Ամռանը բոլոր դասարաններն առանձին-առանձին հանդես էին գալիս իրենց ավարտական միջոցառումներով: Ես շատ պատահական հայտնվեցի մի այդպիսի հանդեսում: Դա երկրորդ դասարանցիներինն էր, կամ, ինչպես միջոցառման մեջ էր, լիմոնիկներինը: Միջոցառումն անց էր կացնում Իշխան Լիմոնը (տիար Բլեյան), որի ուշադրության կենտրոնում էին երկրորդ դասարանների աշակերտները՝ մեկ-մեկ: Վերջիններս պարգևատրվում էին՝ որպես լավագույն երգողներ ու պարողներ, վազողներ, ցատկողներ… Սպորտային գնդակներով ու համեղ ուտելիքներով պարգևատրվում էին բոլոր նրանք, ովքեր հաղթող էին, իսկ իրենց կրթահամալիրում, ինչպես իշխան Լիմոնն էր ասում, չի կարող հաղթող չլինել, պարզապես կարևորն է՝ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ լինեն հաղթելու:
Իշխան Լիմոնն իր աճեցրած քաղցր բալով հյուրասիրում էր լիմոնիկներին, որպեսզի նրանք է՜լ ավելի քաղցրանան. «Բոլորիդ մեկիկ-մեկիկ ուտելու եմ»:
Սա կատարյալ հանդես էր՝ ուրախ աղմուկ, երգ ոււ ծիծաղ, պար, լի՜քը պար: Ինձ ամենից շատ լիմոնիկների «Քոչարին» դուր եկավ:
Եվ վերջապես, շատ կաերևոր մի բան.
Իշխան Լիմոն — Ուշադրություն, հունիսի 24-ին լրանում է մեր Մեծ տան ծննդյան տասնամյակը: Մեծ տոնախմբություն պիտի լինի, ողջ Հարավարևմտյան թաղամասը պիտի տոնի: Պիտի պարենք բոլորս ու հիշենք՝ 1994-95 թվականներին մեր ամենակարևոր գործը պարը պետք է լինի: Մենք պարող համալիր պետք է ունենանք: Բոլոր օյինները խաղացել ենք, բայց չորս հազար ընտանիք միասին դեռ չի պարել: Դա էլ անելու ենք:
…Հունիսի 24-ին հենց բակում ինձ դիմավորեց զուռնայի զիլ ձայնը:
Ամբողջ համալիրը տոնական տրամադրություն ուներ. միջանցքներում՝ ցուցասեղաններ ու վաճառասեղաններ, մեծ տիկնիկներ ու փուչիկներ, տարազներով աշակերտներ, ծաղրածուներ, լիքը ժպիտ: Ես հայացքով որոնում էի տնօրենին: Ի վերջո գտա՝ պարզ ու ինչպես միշտ՝ սովորական:
«Մեր մեծ տան ծնունդը եղել է զարմանալի սովորական: Տաս տարի առաջ Կիրովի անվան դպրոցի ուսմասվար Աշոտ Մանուչարյանը, թիվ 24 դպրոցի ուսմասվար Աշոտ Դաբաղյանը և ես որոշեցինք հավաքվել մի դպրոցում և ստեղծել մանուկների մեծ աշխարհ՝ խենթությունների ու խելառությունների: 1984 թվականին մեր դպրոցը բացեց իր դռները:
Համեցեք, այս մենք՝1984-ին՝ շատ սովորական ու անդեմ, այս այսօր՝ ինքնատիպ, հզոր, ամբողջական»:
Մարմարյա սրահում սովորական ու շշմելու տիար Բլեյանը ողջունեց իր համալիրին, բոլոր սովորական ու շշմելու բանգլադեշցիներին, բոլոր զգեստներին ու դիմակներին, բոլորին, ովքեր հետաքրքվում են իրենցով:
…Ողջույններ, ելույթներ, պարեր, հանգանակություն, հետո՝ համալիրի Գեղարվեստի դպրոց՝ ներկա լինելու երեխաների պատրաստած ցուցահանդեսին:
Մարդու մեծագույն առավելություններից մեկը՝ ձեռքերով հրաշք արարելն է, մատներով կառուցել միտքը, գույն տալ մտքին ու մատուցել այդ հրաշքը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն այդ հրաշագործներն են:
Ես դիտում էի նրանց ձեռքի աշխատանքներն ու իրենց տնօրենի խոսքերը հիշում. ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում են այլոց պատկերացումները»:
Ինչ լավ է , որ ես ծնվել եմ: Մի խելառ ուրախություն էր մտել մեջս: Երկար հրճվելուց հետո, շատերի հետ շտապեցի մայր դպրոց՝ դահլիճ՝ ներկա լինելու Աշոտ Բլեյանի մամլո ասուլիսին:
«Կա երեք ուղի՝ ավանդական, պարտադրված (20-90- ականների մեզ պարտադրված ուղին) և երրորդ՝ նոր ուղին, որը պետք է ձևակերպել՝ իր արժեքներով: Այդ ուղին ոչ մեկի անվան հետ կապված չէ: Դա քաղաքակրթության ուղին է, որը պետք է յուրացնել և առաջադիմել: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նոր ուղու դպրոցն է:
Այսօր մենք մեր պատվիրատուն ենք, ստեղծողն ու գնահատողը: Ինքներս ստեղծում ենք , ինքներս էլ՝ գնահատում: Արժեքը ստեղծողին գնահատել է պետք, չէ՞, որ նա էլի ստեղծի:
Ինձ մեծ հաճույք է պատճառում, որ այսպիսի շշմելու հանրակրթարանի տնօրենն եմ»:
Նրան լիքը քաղաքական հարցեր էին տալիս: Ես անջատվել-նստել ու մտածում էի՝ տիար Բլեյանը միշտ էլ ժպիտ ունի: Ինչքան շատ բան է ստեղծել նա: Նրա շնորհիվ այս անլույս ժամանակներում հինգ հազար երեխա երջանիկ ժամեր է ապրում դպրոցում: Նրա դպրոցն իրոք մի ուրիշ, մեզանից կտրված աշխարհ է՝ լույսերով: Այստեղ կարելի է մոռանալ դժվար երեկը: Այստեղ շարժում կա, ազատ շնչառություն, այստեղ կյանք կա: Հետաքրքիր է, վերջում, գիտե՞ք ինչ…
Տիար Բլեյանի աշակերտներն այդ հրաշալի աշխարհի ստեղծման համար դատապարտեցին նրան՝ ցմահ մնալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատերի մեջ ու միշտ ժպտալու:
Ոուրեմն՝ ապրի՜ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
«Ես» շաբաթաթերթը ողջունում է նրան, շնորհավորում ու շատ շշմելու ժպտում:
Պատրաստեց՝ Մետաքսյա Ղևոնդյանը
«Ես» շաբաթաթերթ 1994թ.