Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի սեպտեմբերի 21-ի համարում

Երեւանի քաղաքապետի եւ Կենտրոնի թաղապետի պաշտոնը փաստացի յուրացրած Ռ. Քոչարյանը հերթական վոյաժն էր կատարում քաղաքի իր ավիրած քուչեքով՝ այլեւս զարմանալու եւ արձագանքելու ընդունակությունը կորցրած խալխին եթերով նորից հաստատելով՝ ասֆալտ անելով նախագահ մնալու իր վճռականությունը…

«Ազատության» հրապարակի ու Օղակաձեւ զբոսայգու ոչնչացումը իրականացրած մարդակույտի խրախճանքին՝ որպես հայաստանցիների օրվա թիվ մեկ իրադարձության, մասնակից էին դարձել պատասխանատու ու կազմակերպված տեղեկատվության բոլոր միջոցները…

Հենց նույն ժամանակ մեր հարեւան երկրների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի առաջին դեմքերը Բաքվում (35 կմ դեպի հարավ գտնվող մերձկասպյան Սանգաչալ տերմինալում), որպես միջազգային նշանակության իրադարձություն, ազդարարեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան` Հայաստանը շրջանցող, Հայաստանի մասնակցությունը որեւէ կերպ բացառող, 3 մլրդ դոլար ընդհանուր արժեքով նավթատարի շինարարությունը սկսելու մասին… Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Բաքուն էր, ոչ Երեւանը:

Պատահական ոչինչ չի լինում, առավել եւս, երբ խոսք է գնում աշխարհքաղաքական գործընթացների մասին։ «Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար սկսվում է նոր իրողություն։ Նավթամուղի շինարարությունը կնշանակի ներդրումների մեծ հոսք, ինչը կամրապնդի տարածաշրջանի պետությունների անկախությունը, կապահովի Արեւմուտքի հետ մերձեցումը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը»,-հայտարարեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի առաջին դեմքերը ու նորից առանց մեզ հաջողությամբ կանցնեն իրականություն դարձնելու տարածաշրջանի հաջորդ լեգենդը՝ Բաքու-Թիֆլիս-Էրզրում գազամուղը։ Նորից տարածաշրջանային ինտեգրացիայի խոշոր ծրագիր ու նորից առանց Հայաստանի մասնակցության, Ռուսաստանի ջգրու…

Մինչ հայ հասարակությունը հայաստանյան եթերով «շփվում էր» Կրեմլի «գորշ կարդինալ» Վոլոշինի հետ, մինչ մեր իշխանամետները ուշադրությամբ հետեւում էին ռուս-վրացական դեպքերի զարգացումներին՝ ակնկալիքով, որ Ռուսաստանը մի լավ դաս կտա իրենց մերձավոր հարեւանին, ամերիկացիք Բաքվում ի լուր աշխարհի հայտարարում էին գազամուղի եւ նավթամուղի ողջ երկարությամբ արբանյակային հուսալի պաշտպանություն ապահովելու մասին։ Իսկ պաշտպանական այս համակարգի իրականացումով հայ-թուրքական եւ հայ-պարսկական սահմանները հսկող ռուս սահմանապահները, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազան կվերածվեն Հայաստան կոչված կալվածքի գերատեսչական պահակային ծառայության:

Մինչ Վ. Օսկանյանը՝ Վլադիմիր Մայակովսկու հայտնի մանկական բանաստեղծության մոտիվներով, ՄԱԿ-ի ամբիոնից հերթական անգամ աշխարհին բացատրում էր, թե «что такое хорошо и что такое плохо», այդ նույն ժամանակ, Նյու Յորքում ԱՄՆ-ի ու ՎՈՒՈՒԱՄ անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) համագործակցության կոմյունիկեի տակ իր ստորագրությունն էր դնում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը։ Կոմյունիկեում հավաստվում է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը միավորման շրջանակում՝ կոնկրետ նախագծերի մշակման եւ իրականացման նպատակով։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է ակտիվորեն մասնակցել անվտանգության եւ փոխադրամիջանցքների գործառնության արդյունավետության ոլորտում ՎՈՒՈՒԱՄ անդամ երկրների մշակման եւ արդյունավետության ուղղությամբ… Եվ այս բոլորը հակառակ Ռուսաստանի ու «նրա  ստրատեգիական բարեկամ» Հայաստանի, առանց Հայաստանի մասնակցության։

1991թ. սեպտեմբերի 21-ին հայաստանցիները իրենց կամքի ազատությամբ Խորհրդային Միության հանրապետություն Հայաստանը հռչակեցին ինքնիշխան պետություն՝ Հայաստանի Հանրապետություն՝ «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկամությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին» (տե՛ս Սահմանադրության ներածությունը)…

Այսօր Հայաստանը փաստացի արտաքսված է տարածաշրջանից։ Իսկ իշխանությունն իր բոլոր թեւերով, տեղեկատվության միջոցներով աշխատում է հասարակությանը ապուշացնելու ուղղությամբ՝ գիշեր-ցերեկ անհոգնել Հայաստանը հայաստանցիներին ներկայացնելով մի Չինումաչին՝ երջանիկների ու բարեկեցիկների քաղաք, երբ յուրաքանչյուրին պիտի թվա, թե բոլորը բացի իրենից (իր գյուղից ու թաղից) Չինումաչինի բնակիչներ են։ Պետական իշխանությունը իրենց վերարտադրության նախընտրական շտաբ դարձրած հայտնի ուժերը դատապարտում են մեզ աքսորականի կյանքով ապրել մեր ծննդավայր, մեր Հայրենիք ու մեր Պետություն Հայաստանում։ Երբե՛ք։ Եթե Երրորդ Հանրապետության բոլոր պատասխանատուներս 1990 թվին, գալով իշխանության, հստակ ձեւակերպեինք 3-րդ Հանրապետության ուղենիշերը, ապա այսօր Հայաստանի հանրապետությունը կլիներ փաստացի ինքնիշխան, ու մենք մեր ողջ ներուժով Վրաստանի համար այս դժվար շրջանում կկարողանայինք սատարել պետական ինքնիշխանության համար պայքարող մեր հարեւանին: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունն այսօր ինքնիշխան չէ. Թուրքիայի, Իրանի հետ Հայաստանի սահմանները օտարներն են հսկում։

Այսօր ինքնիշխան չէ նաեւ Հայաստանի ժողովուրդը, նա չի իրականացնում իր իշխանությունը ազատ ընտրությունների միջոցով։ Իսկ իշխանությունը յուրացրած անձինք ստեղծում են վարչախումբ, հաստատում ռեժիմ, դառնում անպատասխանատու՝ հասարակության առաջ, օգտագործում պետությունը՝ իրենց իշխանությունը վերարտադրելու համար։ Պետական ինքնիշխանությունը, իշխանության օրինականությունը հանրապետական կարգի անշրջանցելի սկզբունքներն են։ Առանց Հայաստանի տարածաշրջանային ինտեգրացիայի  անհնար է Հայաստանի միջազգային ինտեգրացիան, Եվրոպական տան  լիիրավ անդամ դառնալը։ Չէ՞ որ մենք հրաժարվեցինք աշխարհի 1/6-ից, որ տեր դառնանք (օրգանական մասը կազմենք) քաղաքակիրթ աշխարհի։

Առանց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ոչ միայն անհնար է տարածաշրջանային ինտեգրացիան, այլեւ հնարավոր չէ տարածաշրջանից մեկուսանալու դեմն առնելը։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանը պիտի հարաբերվի որպես բնական՝ ստրատեգիական դաշնակիցների։ Մարդու հիմնարար ազատությունները մեզանում պիտի կազմակերպվեն որպես բնական իրավունք՝ կառավարել Հայաստանը նշանակում է արդյունավետ ապահովել մարդու բնական իրավունքների պաշտպանությունը։

Ահա սրանք՝ այս սկզբունքներն են ինձ համար եղել եւ մնում 3-րդ Հանրապետության ուղենիշերը։ Մեր բոլոր արատները մեր մտքերի մեջ են։ Քաղաքականությամբ զբաղվող, քաղաքական իրավունքները իրականացնելու կամք ունեցող յուրաքանչյուր ոք պիտի ուղենիշեր ունենա, հրապարակված սկզբունքներ, որոնց չի կարելի դավաճանել։

Ես ապրում ու գործում եմ այն գիտակցությամբ, որ այս համապարփակ փակուղին կարող են հաղթահարել իրական հաշտարարներն ու ազատասերները, ովքեր գործում են միասին՝ որպես մեկ քաղաքական ուժ, ու վճռական իրականացնում են իրենց պատասխանատվությունը՝ Հանուն Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն, դրան նախորդող` Վանո Սիրադեղյանի նախաձեռնած «Այո՛ անկախությանը» հանրապետական ակցիայի օրերը իմ գիտակից կյանքի չմարող հիշողություններն են:

Հայաստանի Հանրապետությունում ապրելը, նրա քաղաքացին լինելն իմ ընտրությունն է: Իհարկե, ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ գործ, իմ մշտական բնակավայր Հայաստանի Հանրապետություն։

Աշոտ Բլեյան 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագրից դուրս. քաղաքական շաբաթը առանց հանրաքվեի

Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող

Նոր կրթությունը նոր ձևեր է ենթադրում 

«Առավոտ» 28.10.2006 Հարգենք այս տարվա սեպտեմբերի տասներկուամյա դպրոց մուտք գործած հազարավոր հինգ-վեց տարեկաններին, նրանց բնույթին ու մարմնին արագ համապատասխան դարձնենք գործող դպրոցը` միշտ հիշելով, որ շատ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան

Ընթերցում Նոր Կտակարանից

Երանիներ․ կարդում է Աշոտ Բլեյանը