Թե ինչքան դեղձ կերանք կրթահամալիրում մի օրում և ինչ եղան դրանց կորիզները՝ ով կհաշվի ու կպատմի… Ինչ կերել եք, անուշ լինի, իսկ այ, կորիզները, որ մեր դեղձենու տնկարանները պիտի դառնային, որտե՞ղ փնտրենք, տեսնենք…
Սկսվեց… Մեր շատ սիրելի ընկեր ու վաստակով երաժիշտ-երգիչ Սեյրան Ավագյանն իր նախաձեռնած մենահամերգով կրթահամալիրի Կենտրոնում բացեց սեբաստացիների համերգաշրջանը 2014-2015 ուստարում…
Ունկնդիրը, համերգի մասնակիցը տպավորված էր. ես երբեք չեմ մոռանա, սիրելի Սեյրան ու ընկերներ, ձեր այս նվերը՝ Սայաթ-Նովայի երգերի փնջի մատուցումը՝ ծննդյան օրվա իսկական ծաղկեփունջ…
Համերգի առաջին մասում նվագեցին մեր երաժշտության ուսուցիչները՝ Լուսինեն (նրա բեմելն էր), որ դաշնամուր է սկսել ուսուցանել Դպրոց-պարտեզում, նշանավոր դարձող Լիլիթ Առաքելյանը, Հասմիկ Մաթևոսյանը… Հանդես եկավ Մերի Առաքելյան — Տաթևիկ Ստեփանյան բեմական կարիերա անող դուետը. նրանք ոչ միայն մեր երաժիշտներն են, Մերի Առաքելյանը եղել է և կա մեր «Համերգ» ուսումնական նախագծի նախաձեռնողն ու համակարգողը, իսկ մեր Նոր դպրոցի սովորողների ու սաների վիճակախաղի տոմսը շահել է՝ ամեն օր շփվում են այսպիսի պայծառուհու հետ, լսում-տեսնում երգեցիկ-բեմական բանգլադեշցի աստղուհուն՝ Տաթևիկին…
Համերգներին միշտ ներկա մեր մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարմամբ հարգարժան դահլիճն իր միասնություն-հարազատությունը հաստատեց «Ազգային օրհներգով»…
Երեկվա իմ մեծագործությունը համարեք նորացված Կենտրոնը՝ որպես մեր ակումբային-համերգային-ներկայացումային գրավիչ-հարմար միջավայր. ես խոստացել էի մեր հոբելյանական տարին մեծագործություններով նշել:
Որքան ազատ-հարմար էր զգում համերգ-ներկայացման տարատարիք մասնակիցը՝ Դավիթ Բլեյան-Սոնա-Նազենի կրտսեր-Արևիկ խումբը, որ «դժոխքի» կարող էր վերածել ցանկացած հավաքույթ, բայց որքան գունեղ-խաղային ներառվել էր համերգային միջավայրում…
Ինձ ուղղված բազում շնորհավորանքներից առանձնացնեմ իմ փոստի երկու նամակ։ Առաջինը գրում է սեբաստացի ծնողը՝ «Բարև Ձեզ հարգարժան Տիար Բլեյան։ Այսօր Սպիտակ քաղաքում էի ու անակնկալի եկա, երբ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հայրը սկսեց խոսել մեր դպրոցի երգչախմբի ու Ձեր սկզբունքների մասին: Մի տեսակ Սեբաստացի զգացի ինձ… Ու նույն ոգևորությամբ շտապում եմ շնորհավորել Ձեզ նոր ուսումնական տարվա և տարելիցի կապակցությամբ: Մաղթում եմ, որ առողջ ապրեք ու չդադարեք գործելուց: Հուսամ, որ մենք էլ մի օր Սեբաստացի գաղափարի մի մասնիկը կդառնանք: Սիրով ՝ Նոր Դպրոցի 2-1 դասարանի ծնող Գայանե Էլիզբարյան»։
Սիրելի Գայանե, օրեր առաջ մասնակցեցի «Սեբաստացիներ» երգչախմբի 2014-2015 ուստարվա անդրանիկ պարապմունքին, և ինձ լավ զգացի ոգևորված մաեստրո Թոփիկյանի, երգի տարածման նոր երթուղիների ու ծրագրերի շուրջ համախմբված ուսուցիչ-երգիչների հետ։ Լավ մեկնարկ է. ժամանակն է, որ ծնողներն ավելի գործուն մասնակցեն նաև այս նախագծին։
Մյուսը Շուշան Ազատյանի գիրն է, որ ես հարգանքով մեջբերում եմ. «Հարգելի տիար Բլեյան, շնորհավորում եմ Ձեր ծնունդը, որը իրապես լույսի և անսպառ էներգիայի արարում է, նաև շնորհակալ եմ Ձեզ կրթահամալիրում 20 տարիներ աշխատելու, ինչո՞ւ չէ՝ նաև ապրելու համար, Ձեր անմիջական հոգածության ներքո լինելու համար։ Շնորհակալ եմ Ձեզ նաև այն դասի համար, թե ահա թե ինչպես են սիրում հայրենիքը, ամեն օր, ամեն ժամ։ Ձեզ անսպառ եռանդ և նոր արարումներ ու հաղթանակներ։ Ես Ձեզ սիրում եմ»:
Շուշանն, իհարկե ուրույն մարդ է, ուժեղ անհատականություն և ահա բաժանման մեջ էլ դրսևորեց իր ուժը … Ով ով է՝ երևում է հենց բաժանման մեջ: Բաժանում, թե՞ նոր սկիզբ… Ես վստահեցնում եմ, որ կոնկրետ ու սիրով կաջակցեմ Շուշան Ազատյանին, յուրաքանչյուր սեբաստացու, ով հանգամանքների բերումով ստիպված է ընդհատել իր սովորական դարձած աշխատանքային գործունեությունը… Նոր սկիզբ, չօգտագործված-վատ գործածված հնարավորությունների նոր մատուցում որպես աշխատանքային ծառայություններ՝ ուղղված տարատարիք մարդուն…
Անսովոր ավարտ ունեցավ օրը, որքան էլ այն արդեն երկար ժամանակ սպասված էր` կյանքի հանգամանքներով պարտադրված… Հիվանդանոցում մահացավ-հանգավ-հրաժեշտ տվեց երկրային կյանքին իմ կնոջ՝ Արմինեի մայրիկը, ինչպես ես եմ միշտ հարգանքով դիմել՝ տիկին Շողիկը, ինչպես բարի անվանումով կոչել ենք՝ Վահրամի զոքանչը: Օրագիր է, բլոգապատում՝ այստեղ է իմ կյանքը՝ ապրած-չապրածով (ունե՞մ ես չապրած), վերելք-անկումով, դրամատիկականով ու զավեշտով… Անկեղծությունից մինչև հիմարություն մի քա՞յլ է. դա լավ գիտեմ, բայց անվճար ապահովագրված եմ ողջ կյանքիս համար. ասացեք, ինչպե՞ս կարող եմ ես ոչ անկեղծ լինել… Ես զոքանչ-մայրիկ համարել ու համարում եմ տիկին Սիրանույշին, իմ աղջիկների սքանչելի տատիկին, իմ ընկեր Կարինե Ջանոյանի մայրիկին: Ես տիկին Սիրանույշի կողքին եղա նրա հրաժեշտին. անջնջելի է այդ օրերի մեր կապը, մեր խոսակցությունը… Ընդունակ, բարձրաճաշակ, հումորով մի կին, ում պարտական են Ջանոյանների չորս երեխաները՝ իրենց թոռներով-ծոռներով: Ես պարտական եմ նույնպես: Արմինե Օհանյանի մայրը՝ տիկին Վալենտինան, երկար ու առողջ կյանք նրան, նույնպես եզակի է՝ նվիրված ընտանիքին ու հարազատներին, գործունյա, հասնող, սրտացավ ու մաքրակենցաղ, միշտ դիմադիր մեր կյանքի հոռի բարքերին…
Եվ ահա իմ կնոջ՝ Արմինեի, նրա սքանչելի քույրիկ՝ մեր Ռուզանի մայրիկի հրաժեշտն այսպես եղավ… Սայաթ-Նովա սիրող, խաղաղ, անչար, ինչպես աղջիկներն էին գուրգուրում, որպես փափուկ խաղալիք մանկության, կյանքի վերջին երկար շրջանում անկողնուն գամված երեխայացավ ու մշտական խնամքի կարիք ուներ: Եվ կեցցեն քույրիկները, կեցցե տիկին Շողիկի փեսա, մեր բոլորի լավ ընկեր Վահրամ Մարտիրոսյանը, ով երեկ առավոտյան Մարմարյա սրահում ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրի ու անվանական ժամացույցի արժանացավ՝ ամառային աշխատանքների, «Սեբաստիա» մարզադաշտի կառուցման մեջ ունեցած վաստակի համար… Երեքով միասին, միշտ բարեխիղճ, միշտ ներկա, որդիական հնազանդությամբ ու երախտագիտությամբ… Իսկ Ռուզան Աբրահամյանն ինձ զարմացնում է շարունակ. այս երիտասարդ, երեք ոչ փոքր երեխաների մայրը՝ խնամքին սիրելի ամուսնու տարիքով-խասյաթով ծնողները, մեր դաստիարակ-դայակ-խոհարարը, միշտ բարետես-կոկիկ-պատրաստակամ՝ որպես ընկեր-մորաքույր՝ այս ե՞րբ է հասցնում, ո՞նց է հասցնում…
Օրը, օ՛րը պետք է ապրել. սրա մեջ և´ ծնունդն է, և´ մահը, ուրախությունն ու վիշտը՝ բոլորն էլ օրվա մեջ։ Իսկ պարտականությունները՝ որդիական (անձնային) թե աշխատանքային, չի կարելի հակադրել-ձևականացնել, երկուսում էլ քո կյանքն է, լսեցե´ք, կյանքի քո՛ ժամանակն է… Դրանք պիտի ապրել իրապես: Այլապես, դու հա կսպասես, որ սա էլ անցնի, քո օրը, քո օրի այս ժամը… Երբ անցնողը քո կյանքն է…
Մոլլա Նասրեդինն իմաստուն է միշտ. նստած է գետի ափին ու ակնդետ նայում է ջրի հոսող ընթացքին… Երկար ու երկար: Հարցնում են՝
— Ի՞նչ ես անում, Մոլլա, ինչո՞վ ես զբաղված…
— Սպասում եմ՝ ջուրն անցնի գնա, որ տեղափոխվեմ գետի մյուս ափը…
Իսկ անցնողը մեր կյանքն է, գիտեք, չէ՞, մի´ սպասեք, ապրեք այդ կյանքն իրական-անկեղծ-նվիրումով՝ տանը, աշխատանքում, փողոցում՝ մի կյանք է ու օրվա մեջ է: Լավագույն օրն այսօր է: