Այսպես խոսեց Դավիթ Բլեյանը երեկ երեկոյան, երբ մայրը շեշտեց նորից, որ արդեն ձմեռ է, պիտի տաք հագնվել և… Դե, գիտեք, էլի…
— Ձմեռն էն ա, որ ամեն ինչ սպիտակ ա լինում. հիմա ձմեռ չի՝ էսօր չի եկել ձմեռը… Ե՞րբ է գալու…
— Ուզում եմ, որ ամեն ինչ սպիտակ-ճերմակ լինի, ձյուն գա, ես սպիտակ արջ դառնամ… սառույցների վրայով սահնակ քշեմ…
— Որ ձյուն գա, սառույց լինի, ո՞նց կքշեմ մեքենա, ո՞նց դու կգնաս ընկերներիդ մոտ, ես ո՞նց կգնամ գործի…
— Ոչինչ, ձմեռն էլ միˊ քշի, ձմեռը որ կգնա, նոր կքշես, թող քո մեքենան արջի նման քուն մտնի… մինչև գարունը գա…
Սա՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ի երեկոյան մեր զրույցից…

Քոլեջիկների ձմեռային դիմանկարներ:
Լուսանկարները՝  Լիլիթ Մեղրյանի:

Շարունակությունը լսեք. մենք ի՞նչ գիտեինք, որ մեր գազանը սպիտակ արջի պես է զգում, մտածում, գործում… Իրիկվա ժամը 10-ին.
— Ուզում եմ վարսակի շիլա ուտեմ…
Այլընտրանք չընդունեց. մայրը պատրաստեց շիլան, լցրեց թասի մեջ, դրեց ցածր սեղանին. Դավիթը բազմոցից արջի պես անցում կատարեց սեղանին ու… ձիու պես կերավ վարսակի շիլան, շան պես լպստեց ամանը…
— Հիմա ուզում եմ լողանամ… տա՛ր ինձ , պա՛պ, լողարան…
Ինքնուրույն հանվեց, մտավ ջուրը… ձիու պես…
— Ձին ո՞նց է լողում, ո՞նց է գետն անցնում, բա հեծյալը չի՞ խեղդվում, ո՞վ է սովորեցրել ձիուն լողալ, բա որ կոկորդիլոսը մոտենա լողացող ձիուն…

Ես տանն ուրիշ մարդ եմ՝ ամենահամբերատարը ձեր ճանաչած մարդկանցից, ամենաքչախոսը, միայն իմ իմացած հարցերին եմ պատասխանում, մնացածը՝ հղումներ եմ անում՝ այստեղ կկարդանք, սրան կհարցնենք, “Geo Nat. Wild”-ի այս ֆիլմից կիմանանք… քո ընկեր Կարինե Խառատյանը գիտի, քո քույրիկներ Արևիկն ու Սոնուլիկը, մեկ էլ՝ ախպեր Արմենը, որ հիմա «ձնծաղկի» մեջ է…
— Հիմա ուզում եմ շոկոլադ ուտեմ,- ծիծաղում է,- առյուծի պես խառնել եմ գիշերն ու առավոտը.. Կերավ կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի՝ ինձ ու Նազենի Հովհաննիսյանին նվիրած շոկոլադի սալիկների տուփից հերթականը…
— Հիմա ուզում եմ ճոճվեմ,- գիշերը 11-12-ի արանքում… Դավթին ճոճում եմ, ես՝ շվեդական պատի վրա իմ մարզիչ-բժիշկ Արմենի առաջադրած վարժությունները կատարում…

Քոլեջի խոհանոց-առաքման ծառայության առաջին օրը:
Լուսանկարները` Աննա Պետրոսյանի:

Առտու՝ արդեն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կարելի է պատկերացնել Դավթի ճիչը…
— Ձյունը ձմեռը բերե՜ց…
Գլխարկով, ձեռնոցով, սահնակով… մեքենայով մայրիկի…
Հաˊմ մայրն է երեկ իրիկվա խոսակցությունը մոռացել, հաˊմ Դավիթը, ուրախությո՜ւն-գժությո՜ւն, ես էլ հանկարծ առաջացած իմ գոտկացավը մոռացած՝ մեքենայի ձյունն եմ մաքրում…
— Թոˊղ մնա, մեքենա չի, սպիտակ արջ ա… ներսից, դրսից…
Դավիթը շտապում է ընկերների մոտ…

Իմ օրվա գրի ֆինալը որպես զավեշտի ավարտ հնչեց։

Ես դժվարությամբ եմ նստում. կա՛մ պիտի քայլելու վարժություններ անեմ՝ ֆիզիո-առողջագետի նշանակած, կա՛մ հարթ տեղում հանգիստ պառկեմ: Իսկ ես գրում-կարդում եմ, գիտեք, հարմարավետ տեղավորված իմ գրասեղանի առաջ, մի աչքս միշտ մեդիային՝ իր mskh կենտրոնով ու քաղաքական-հասարակական լուրերով… Երկու գիր պիտի գրեմ, մեկը՝ հերթականը, մյուսը՝ «Կրթական պարտեզ» նախագծով 2016-ի իմ ու ձեր աշխատանքը, սիրուն Բանգլադեշ՝ «Կրթական պարտեզ արվարձանում»՝ ծանոթ-անծանոթի ներգրավումով…

Իսկ Արմինեն ու Դավիթն ուշանում են… Դավիթը հանկարծ որոշել է շաշկին ավարտել, ու սև-սպիտակ ձիերով վարգում է շախմատի ազատված դաշտում…
— Դավիթ… պրծի… ես ո՞նց այս նյարդերով մեքենա քշեմ, ձյունն էլ մյուս կողմից… Լավ է՝ Տաթոն (Դպրոց-պարտեզի ղեկավարը) դպրոցում չէ, թե չէ ես խայտառակ կլինեմ…
— Բա սովորողների առաջ ի՞նչ կլինես, մամ…- ասում է Դավիթը՝ առանց խաղից կտրվելու… Հոր նման՝ աչք է ու ականջ…

Տեսնում եք՝ ինչ համբերատար, ուրիշ մարդ եմ՝ ձեզ մոտ սարսափի անուն հանածս… Ինձ ուրիշ ի՞նչ է մնում։ Գիրն ավարտել եմ 2-3 րոպեում, հագնվում եմ, ինչպես… գորիլա ու բռնում եմ Դավթի ձեռքը… Այս նյարդերով վարորդ Արմինեին մենակ չի կարելի թողնել… Ուռա՜, ձյունը ձմեռ է բերել ու ճերմակ պատել Բանգլադեշս-կրթական պարտեզս… Գալիս ենք։

Հնգամարտի այսօրը:
Լուսանկարները՝ Աննա Պետրոսյանի:

Օրվա բլից հարցումը

Ի՞նչն է ազդում մտավոր զարգացման գործակցի (IQ) վրա։ Պատասխանում են.
Մարիետ Սիմոնյան՝ երաժշտությունը։
Անահիտ Հարությունյան՝ ընթերցանությունը։
Սոֆյա Այվազյան՝ դրական էմոցիաները։
Աիդա Պետրոսյան՝ ֆիզիկական աշխատանքը։
Կարինե Պետրոսյան՝ լավատեսությունը։
Սուսան Մարկոսյան՝ ներքին խաղաղությունը։
Լուսինե Օհանյան՝  ներդաշնակությունը։
Սուսան Հովհաննիսյան՝ մտավոր հետևողական աշխատանքը։
Լուսինե Ալեքսանյան՝  հաճույքով արած ցանկացած բան։

Իսկ գիտնականները պարզել են, որ մարդու մտավոր ունակությունների վրա կարող է ազդել հասարակ ոչ գազավորված ջուրը և բարձրացնել IQ-ի մակարդակը։ Գիտեի՞ք։

Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 514

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ

Քո նվաճած բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է…

Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք

Իմ օրվա գիրը՝ որպես օրվա ճամբարային խճանկար

          Լողափնյա պարտեզ: Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւելյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Քրիստինե Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւմտյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Ծաղիկ Գասպարյանի: Լողափնյա ճամբար Հարավային դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Արեւիկ