Դավիթ Բլեյանին ամեն ինչ հետաքրքիր է. լողարանային մեր զրույցներից առաջ, հետո ու ընթացքում, առավոտյան ճոճվելիս հարցեր ու հարցեր…
— Ինչի՞ համար են ականջները…
— Ինչո՞ւ մարդը երկու ականջ ունի…
— Ինչպե՞ս է մարդը լսում ականջով…
— Ինչո՞ւ ականջների ծակով ջուրը չի լցվում գնում… Որ ջուրը լցվի, հետո ի՞նչ կլինի… Ո՞նց ջուրը դուրս կգա… Ո՞ւր է գնում ջուրը…
— Ինչո՞ւ են ականջներից օղեր կախում…
— Ինչքա՞ն են մեծանում ականջները… Երբ ես մեծանամ, ի՞նչ կդառնան իմ ականջները…
— Որ ականջները փակում են, ինչպե՞ս են լսում…
— Որ սուզվում եմ ջրի մեջ, ես լսո՞ւմ եմ, հայրիկ…
— Փոքրերը լսո՞ւմ են… Որ լսում են, ինչո՞ւ են լաց լինում՝ մամա՜, մամա՜… Ընկեր Գոհարը բան է ասում, չէ՞, բայց ինքը՝ մամա, մամա, չէ՞…
— Ես փոքր ժամանակ, որ լաց էի լինում, ի՞նչ էի ասում…
Բոլոր բազմակետերը իմ պատասխաններն են։ Հաշվեցի՞ք՝ քանի րոպե ենք մենք զրուցել, այս անգամ լողարանում։ Տեսագրես ու ուղիղ եթեր տաս…
Ես, Արմինեն չենք հոգնում Դավթի հարցերի անվերջանալիությունից. շատ հաճախ չգիտես էլ՝ ինչ պատասխանես, չնայած ինքն ուշադիր լսում է. երևի կարևոր էլ չեն պատասխանները… Կարևորը հարցաստեղծման-հարցառաջացման-հարցախթանման փոխադարձ հետաքրքրվածության միջավայրի պահպանությունն են. լսում ես անշտապ-խաղաղ, մինչև վերջ, ու անշտապ-խաղաղ, ինչպես կարող ես, պատասխանում ես… Մեր դեպքում Ռոդարին իր բստրելու զինանոցով հասնում է օգնության, երբ փակուղում ենք, երբ ելք է պետք… Ամեն օր Դավթի հետ թևակոխում ենք ռոդարիական նոր շրջան՝ իրականության այլափոխման, ոչ այնքան դռան, որքան օդանցքի գործածության… ի՞նչ կլիներ, եթե… Նորից իմ սեղանին է Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականությունը»…
Հուլիսի 22-ը Դպրոց-պարտեզի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Կուբայի և Կուբայում՝ ԱՄՆ պետական դրոշների ծածանումը՝ դեսպանատների գործունեության պաշտոնական մեկնարկը, սպասվածից ավելի շուտ եղավ: Եվ լավ է:
Երբ լուրջ-լուրջ շարունակում են խոսակցությունը հայ-իրանական նոր երկաթուղու մասին, ես հուսահատվում եմ… Ցարական Ռուսաստանից ժառանգություն ստացած, Խորհրդային շրջանում Հայաստանի արդյունաբերությունը-տնտեսությունը ստեղծած, մեզ Միջին Ասիայի-Կասպից ծովի ավազանի հետ հուսալի-էժան կապած, փորձարկված, Մայր Արաքսի ափերով, Նախիջևանով մինչև իրանական-ադրբեջանական-ռուսական Կասպից ծով ձգվող երկաթուղու գործարկումից ձե՞ռք ենք քաշել… Պատմություն ունեցող այս հեռանկարը թողնո՞ւմ ենք, հայ-ադրբեջանական 900 կմ-ոց սահմանը հավերժացնում ենք որպես ռազմաճակատի, ոչ թե տնտեսական համագործակցության գոտի-ուղիներ ու առաջարկում նոր հեռանկա՞ր… Սա՞ է ճանապարհը՝ հայ-իրանական նոր երկաթուղի՞ն 25-ամյա անկախ պետությունը պիտի հանի փակուղուց… «Մոտիկ հարևանի» մոռացում-շրջանցումը, նրա վերջնական հաստատումը Հայաստանում մնացած ժողովրդի լեքսիկոնում՝ որպես հավերժ թշնամի երկիր, գոյատևման խորացումն է… Հաջորդը իրական պաշտպանական պատի կառուցո՞ւմն է… 900 կմ-ոց սահմանով… Պատի կառուցումը կարելի է հայտարարե՞լ իբրև համահայկական ծրագիր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա տելեթոնում… Մենք բոլորս, խոստովանենք բարձրաձայն, թե ինքնախոստովանենք, այս անհեռանկարությունից կորցրել-կորցնում ենք մեր ոգեղենությունը, մեր ուժը ստեղծական… Լավ, հետո՞ն է մեր բոլոր խոսքերի-գործերի ավարտը…
Հիմնական դպրոցի նախակրթարանում օրն սկսում է այսպես:
Լուսանկարները՝ Լիլիթ Հովհաննիսյանի:
Արցախից վերադարձած մեր պատանիների հետ կլոր սեղանն իմ օրակարգում է. կարևոր է՝ ինչով եկան չորս տասնյակ սեբաստացիներն Արցախից, տասնօրյա իրենց ճամբարային կյանքից… Մի կլոր սեղան էլ իր օրակարգով կլինի Կողբ-Զիկատարից վերադարձած մեր բնապահպան պատանիների հետ… Արդյունավետություն ասածը, որակյալ ասածը մեր գործի՝ մանկավարժության մեջ սրա հետ է կապված՝ ինչ ստացավ սովորողը, ինչ հասավ-ինչ մնաց սովորողին, նրա անհատական կյանքում ինչ կատարվեց…
Հնարամտության ու ստեղծական մոտեցման դեպքում ծիրանի կորիզներն անգամ կարող են դառնալ ուսումնական գործիքներ և խաղալիքներ: Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:
Վահրամ Թոքմաջյանի համար հիմա օրակարգային է հասարակագիտություն դասավանդողների՝ «Երկիր մեդիայի» հայտնի հեռուստախաղի մասնակից դպրոցների թիմերի ղեկավարների հետ ստեղծագործական հավաքի կազմակերպումը կրթահամալիրում… Երեկ վերջնական տեսքի բերվեց եռօրյա հավաքի ծրագիրը: «Երկիր մեդիա»-ի հետ կրթահամալիրը, իր հասարակագիտության-քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնով, հաստատակամ է՝ հասարակագետ ուսուցիչների ամենամյա ամառային դպրոցի ավանդույթի հաստատման, կրթահամալիրի օրացույցում ներգրավման վճռում: Հաջող մեկնարկին մասնակցեք-աջակցեք, հետևե՛ք իմ օրագրին. ես չեմ կարող այսպիսի հավաքը չլուսաբանել… Որքան էլ մեր ու Նունե Մովսիսյանի Հեգելը պնդում է՝ «Պատմությունը միայն ուսուցանում է, որ այն երբեք ոչինչ չի սովորեցրել ժողովուրդներին»… Արի ու հասկացիր: Չարենցի նման, վիրավորանքի-սոփեստության սահմանի վրա ավարտենք օրվա գիրը՝ հասկացողը հասկացավ…
Բլոգի գլխավոր ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյանի հաղորդումը Ջերմուկից։
Լողում են ամենուրեք. առաջին լուսանկարում Արտյոմ Բալջյանն է, որ ապրում է Մոսկվայում, բայց մեր նախակրթարանի սաների նման շա՜տ է սիրում լողալ և արևայրուք:
Ֆոտոխմբագիր` Գոհար Բալջյան
#397