«Գրական թերթ», 20 հուլիսի 1990 թ.
«Եղբայր սիրելի, թե որ ուզում ես ուղիղն իմանալ, ճշմարիտն ասեմ, հանաքը մի կողմ դրած, ծիծաղն էլ հետը, մեր բանն այնպես է, որ մենք մեր պարտքը դեպի մեր լեզուն բարձ ի թողի ենք արել», — գրում էր Աղայանը Ավետիք Իսահակյանին: Եթե, ահա, «մեր մանկավարժության Ուշինսկին» է այսպես խոստովանել, մենք ինչ ասենք մեր 70-ամյա պարտքերի մասին առ մեր մայրենին: Ժողկրթության նախարարության կոլեգիայի որոշումը հայոց միասնական դպրոցի մասին ինձ սիրելի է նախ և առաջ որպես հայտարարություն՝ մայրենի լեզվի նկատմամբ պարտքերի հատուցումը սկսում ենք դպրոցից, պետականորեն վերանայելով մեր ազգային հոգևոր կյանքի ամենամեծ ամոթն ու այլանդակությունը՝ Հայաստանում հայ երեխային ռուսական կրթություն տվող դպրոցները: Այս՝ մեր իրականության մեջ «Ռաֆայել Իշխանյանի թեման», ոչ ոք Իշխանյանից ավելի ամբողջական ու հետևողական չի զարգացրել: Չեմ կարող որևէ նոր բան ավելացնել: Պիտի շնորհավորենք Ռաֆայել Իշխանյանին, նրա երիտասարդ գործընկերներին՝ «Մաշտոց» միավորման անդամներին, Հայոց համազգային շարժման տղաներին, հրապարակավ արժանին մատուցելով նրանց, շեշտելով նրանց բոլորի վաստակը նախարարության՝ արդեն պատմական համարվող վճռի մեջ: Ռ. Իշխանյանի օրինակը համոզում է, որ մեր ազգային վերելքը շատ ավելի արագ կընթանար, եթե ունենայինք ազգային գաղափարներին անմնացորդ, անխոնջ ծառայող մտավորականների ջոկատ: Դառնանք և շնորհավորենք մեր ժողկրթության նախարարությանը, նրա նախարար Մ. Դավթյանին: Որպես ՀՀՇ վարչության կրթության հանձնախմբի ղեկավար, ես հեռու չէի մայրենի լեզվի ու հայոց դպրոցի շուրջ մի քանի տարիների վեճերից ու կռիվներից, բայց, անկեղծ, անսպասելի էր կրթության նախարարի այսքան հստակ ու միանշանակ դիրքորոշումը, կոլեգիայի այսքան ամբողջական ու պարզ որոշումը: Ողջունենք նորից ու հոդվածի բաժակաճառային մասը այսքանով ավարտենք:
Դառնանք մեր պարտքերին առ մեր լեզուն, որ շատ են տակավին:
Այս տարվա մայիս ամսին մեր կրթօջախը հյուընկալեց Լոս Անջելեսի Շամլեան հայկական վարժարանի բարձր դասարանցիներին ու վարժարանի տնօրեն պարոն Վ. Ղազարյանին… Ամերիակյում, ուրեմն, բոլոր պետական (պետության միջոցներով պահվող) դպրոցները անգլիական են: Այլազգիները կարող են ունենալ (և ունեն) իրենց լեզվով կրթություն տվող դպրոցներ, բայց դրանք պետական չեն (պատկանում են մասնավոր անձնաց, բարեգործական միություններին կամ եկեղեցական համայնքներին), ամերիկյան պետությունը ոչ միայն ոչ մի դոլար չի ծախսում այդ դպրոցների վրա, այլև պետական խստագույն պահանջներ է ներկայացնում ոչ պետական դպրոցներին, սահմանում դրանցում սովորողների անգլերեն լեզվի յուրաքանչյուր չափը, ծրագրերն ու դասագրքրեը, որոշում բոլոր ոչ հայրենագիտական առարկաների դասագրքերն ու ծրագրերը: Գուցե հանրածանոթ բաներ եմ ասում, բայց չեմ հոգնի կրկնելուց. նրանք, ովքեր հանրապետությունում հայ երեխաների հայոց լեզվի պարտադիր կրթության մասին որոշումը որակում են որպես ոտնձգություն մարդու իրավունքների դեմ, նրանք իրենց ստրկությունը քողարկում են դեմոկրատիայի շղարշով՝ չճանաչելով գերադաս իրավունք՝ ազգի լինելությaն իրավունքը: Ամեն մի ազատ ազգ հոգևոր և նյութական զարգացման մշտնջենական գործընթացը կազմակերպելու համար ստեղծում է համակարգ, կառուցվածք, նույն է, թե՝ պետականության շահերը չեն համընկնում ավելին՝ հակամարտեն, ապա այդ ազգը ազատ չէ, նրա հայրենիքը գաղութ է, պետականությունը ազգային չէ, իրեն չէ: Հայոց հանրապետության տարածքում բոլոր հայ երեխաների հայերեն պարտադիր կրթության պայմանը մեր ազգի ազատագրման ուղղակի հետևանքն է, մեր վերակագնվող ազգային պետականության առհավատչյան: Բոլորս էլ գիտենք, որ «անզեն» որոշումները մերժվում են, արհամարհվում: Ոչ ոք թող չկասկածի, որ հանրապետության նորընտիր Գերագույն խորհուրդը ոչ միայն կհաստատի նախարարության հայտնի որոշումը, այլև կընդարձակի որոշման բովանդակությունը՝ ընդունելով օրենք պետական լեզվի ու ժողկրթության կազմակերպման օրենսդրական հիմունքների մասին: Եթե այդպես չվարվի Գերագույն խորհուրդը, ապա խորհրդային գաղութային լծից ազատագրվող հայ ժողովուրդը ի դեմս նոր ընտիր երեսփոխանների չի տեսնի հայոց պետականության կրողներին և կազգայնանցի իր խորհրդարանը նոր ընտրությունների միջոցով: Սա է քաղաքակիրթ ազգերի գոյապայքարի ճանապարհը, և մենք չենք կարող այլ ուղի ունենալ:
Ժողկրթության նախարարության այս որոշումը հեշտ իրագործվողներից չէ: Սա փորձաքար է և՛նախարարի, և՛ իր շտաբի համար: Հարկ կլինի նաև, որ հանրապետության կառավարությունը շուտափույթ արձագանքի այս որոշմանը: Խոսքը և՛ հայերենին չտիրապետող կամ վատ տիրապետող ռուսական դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեղավորման, նրանց արագ վերաորակավորման մասին է, և՛ այլազգիների համար գործելիք այլալեզու դպրոցների ճիշտ տեղաբաշխման մասին: Կունենա՞նք բավարար ընդունակություն ու աշխատանքի կուլտուրա՝ առանց մեծ ցնցումների կկարգավորե՞նք բոլոր հարցերը: Հակառակ դեպքում, ի ցավ բոլորիս, կշարժվենք դժվարությամբ: Եկեք մեր բոլոր կենսունակ ուժերը նպատակաուղղենք ոչ թե օրինական որոշման դեմ ուղղված թաքուն կամ բացահայտ կռվին, այլ գործնական ու գործարար լինենք, լծվենք որոշումից բխող հարցերի լուծմանը:
Ընդհանուր մի դիտողույուն: Քաղաքակիթ աշխարհում, ամեն հինգ տարին մեկ, արտադրությունում որակապես նոր տեխնոլոգիա, հաճախ սկզբունքորեն նոր բովանդակություն են յուրացնում: Ինչպե՞ս են վարվում իրենց հին տեխնոլոգիան բանեցնող աշխատողների հետ: Լավագույն պայմաններ են ստեղծում, որպեսզի իրենց աշխատակիցները շուտափույթ յուրացնեն նոր տեխնոլոգիան ու բովանդակությունը: Ազատվում են միայն անընդունակներից ու ծույլերից: Մի՞թե ընդունելի մոտեցում չէ: Լավ է, որ նախարարությունը գնացել է այս ճանապարհով:
Նախարարության որոշումով 1990-91 ուս. Տարվանից բոլոր հայ երեխաները կընդունվեն հայկական դպրոցներում սովորելու: Իսկ ինչ պիտի անեն ռուսական դասարանների 2-10-րդ դասարանների աշակերտները, շարունակե՞ն իրենց կրթությունը ռուսական դպրոցների ծրագրերով: Բայց չէ՞ որ ազգային պետականության վերականգման գործընթացի արագությունը շեշտակի մեծանում է, և ընդամենը մեկ-երկու տարի հետո այդ երեխաներին ազգային պետության մարմինները, հասարակության տարբեր խավեր կներկայացնեն մի անգամայն այլ պահանջներ՝ կապված մայրենի լեզվի ու մշակույթի յուրացման հետ: Դպրոցը իրավունք չունի այսօրվանից չմտածել այդ երեխաներին փոփոխվող նոր իրականությանը նախապատրաստելու մասին: Հազիվ թե միջանկյալ փուլն ու միջանկյալ լուծումները էական արդյունք տան: Արժե, որ ժողկրթնախարարությունները, գնահատելով իրավիճակը, արմատական վճիռ կայացնի՝ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո հաջորդ ուսումնական տարում «հայացնի» բոլոր ռուսական դասարաններում: Իմ «ձախույթյունը» թելադրված է ռուսական դասարններում սովորող հայ երեխաների կենսական շահերով, այդ երեխաները մեր հապաղման պատճառով կունենան լուրջ սոցիալական բախումներ:
Շատ կարևոր է նախարարության որոշումը դիտել շարժման ու զարգացման մեջ: Խոսքս ամենից առաջ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության ուսուցման լեզվի մասին է: Հայտնի թիվ է՝ հանրապետությունում բարձրագույն կրթություն ստացողների 1/8-ը կրթվում է ռուսաց լեզվով: Մինչև 1990թ. նոյեմբեր ամիսը ժողկրթության նախարարությունը ստիպված կլինի բարձրագույն ու միջնակարգ կրթության լեզվի մասին իր վճիռը կայացնել, այն հաշվով, որ 1991-ից սկսած մայրենի լեզվի մասին պետական հոգածությունը իր արտահայտությունը գտնի նաև բուհական համակարգում: Լավ կլինի, որ այս անգամ ժողկրթնախարարությունը խլի նախաձեռնությունը հասարակությունից, ոչ թե քննարկի հասարակական առաջարկը, այլ ինքը հասարակական կարծիքի դատին ներկայացնի հարցի լուծման նախագիծը:
Իհարկե, հայերենը պետք է դիտվի ազգի մշակույթի, մտածողության լեզու և ոչ թե սոսկ կենցաղային հաղորդակցության միջոց: Դժբախտաբար, մեր մայրենի լեզվի նկատմամբ մոտեցումը եղել է շատ նեղ ու ոչ խորը: Վկան հայկական դպրոցներում հայերենի տխուր վիճակն է, մեր անբավարարվածությունը մեր դպրոցական կրթությունից:
Տարիների ընթացքում մենք սովորել ենք մտածել օտար լեզվով: Բռնակալը եկեղեցուց հետո ժողովրդից խլեց իր ազգային դպրոցը, փոխարինելով այն խորհրդային դպրոցով: Հայոց դպրոցից մնաց միայն ռուսերենից թարգմանած հայերենը՝ որպես ուսուցման լեզու: Կենդանի մայրենին, ազգային մշակույթի ու հոգեբանության, պատմության կրող ու այդ ամենի արդյունք մայրենին փոխարինվեց նոր լեզվով՝ ռուսերենից թարգմանված հայերենով: Եվ քանի որ արհեստական լեզու էր, պիտի մտածվեր ու մտածվեց քաղաքակիրթ աշխարհին անծանոթ ու նրա զարմանքը շարժող մի ամբողջ մեթոդական համակարգ՝ իր ծրագրերով ու դասագրքերով, օժանդակ ու մեթոդական ուղեցույցներով: Ահա այս ավերի դեմ ո՛չ կոլեգայի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի որոշումներով չես կռվի ու վիճակը չես շտկի, քանզի ազատ ազգի դպրոցը բազում սերունդների հոգևոր գործունեության շարունակական տքնանքի հանրագումարն է, բնական ընթացքը: Բայց և այս որոշումը կարևոր է նրանով, որ վերջապես բովանդակային-քաղաքակիրթ մոտեցում կունենանք մեր երեխաների դպրոցին, կլծվենք մեր ավերված կրթական օջախների նորոգման անհետաձգելի գործին:
Միասնական հայոց դպրոցի ստեղծումը կարճ ժամկետում վերացնելու է այն սոցիալական մեծացող լարվածությունը, որ կար մեր իրականության մեջ ի դեմս իրեն սնող աղբյուրների՝ մի կողմից շենացող ու շատացող ռուսկան դպրոցներ, բուհեր ու այլ հաստատություններ, ռուսական կրթություն ստացած, հայերենին վատ տիրապետող ու հայերենը չգործածող մեծաթիվ մարդիկ, մյուս կողմից ազատագրվող ու ազգային պետականության վերականգնման անդիմադրելի ձգտումով տոգորված հայ ժողովուրդ: Այս ամենից քաղաքացիական պատերազմի հոտ էր փչում: Ժամանակին էր որոշումը, չի ուշացնի հասարակության ամենալայն խավերի լիցքաթափումը: Վերջապես կազատվենք մայրենի լեզվի ու օտար լեզվի շուրջ ինքնասիրության ու ազգային արժանապատվության վերաբերյալ կատաղի ու անպտուղ վեճերից ու կոչերից, կդիտենք-կտեսնենք, թե ինչով են զբաղված պետականություն ունեցող քաղաքակիրթ ազգերը, կամաչենք գուցե ու կսթափվենք, կլծվենք դպրոցի ու լեզվի ուսուցման բարեփոխման համար մարդկային խնդիրներին: Ազգային պետականության վերականգնման այս վճռական փուլում ազգայինի շահարկումը, պետականի, իշխանության, ազգային պետականության շրջանցումը ինձ վնասակար ու անթույլատրելի է թվում:
Ազգային պետականություն ունեցող ազատ ժողովրդի դպրոցը չի կարող ազգային չլինել: Ասեք անգլիացուն ազգային անգլիական դպրոցի տարբերությունների մասին, կծիծաղի, չի հասկանա: Մինչդեռ Հայաստանում կա ազգային դպրոց, որ ազգ է շենացնում, հայ մարդ կրթում, և կա պետական դպրոց, որ ուղղված է ազգայինի դեմ: Եթե ուզում ենք ունենալ ազգային դպրոց՝ արագացնենք ժողովրդի ազատագրումը, նպաստենք ազգային պետականության վերականգնմանը և չենք էլ զգա, թե ինչպես կհառնի հայոց դպրոցը՝ քաղաքակիրթ ու ավանդական, կենդանի հայերենի կենդանի ուսուցմամաբ, ազգային ոգով ու գաղափարախոսությամբ, օտար լեզուների հրաշալի ուսուցմամբ: Ճիշտ է նաև, որ նորոգվող Հայոց դպրոցը կարող է խթանել ու արագացնել և՛ ազգի զավակների ազատագրումը, և՛ ազգային պետականության վերականգնումը: Բայց դա հնարավոր է գիտակից հասարակության պայմաններում, երբ համայնքը կհամախմբվի իր երեխաների դպրոցի շուրջը` արժանապատիվ հոգալով ուսուցիչների նյութականը, երբ հասարակությունը դեմքով կշրջվի դեպի դպրոց, երբ ժողովուրդի ամենաօժտված զավակները դպրոցի իրենց բաժին բեռը կառնեն իրենց ուսերին: Պայմանով, իհարկե, որ ազատագրվող հասարակության ու ձևավորվող ազգային պետության գլխավոր ուշադրության ու հոգածության առարկա նորոգվող Հայոց դպրոցը իր սաների մեջ անխոնջ ու հետևողական կներարկի ազատ ազգի ու ազգային պետականության պաշտպամունք:
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախի տնօրեն