Երբ գալիս է սեպտեմբերը

Այնպես չէ, որ ես նախօրոք գիտեմ իմ օրվա գրի բովանդակությունը, վերնագրից ելնելով՝ որոշել եմ կառուցվածքը, ըստ դրա նյութեր նախապատրաստել-հավաքել, մնում է այդ ամենը բերել հոդվածի… Երբեք։ Ես պատմում եմ։ Իսկ պատումի վերնագիրն էլ՝ վերջում, երբ Սուսան Մարկոսյանի հետ, այ քեզ ընկերություն՝ իմ ու Սուսոյի ընկերությունը, անգամ Մարիետ Սիմոնյանը կարող է ու նախանձում է, խմբագրել-սրբագրել ենք գիրը, որոշել ֆեյսբուքյան, mskh-ի ու իմ բլոգի սեղմագրերը, ընտրել նկարները։ Որոշումներն իհարկե իմն են, բայց իմ անընդհատ զբաղվածությամբ, ես առավոտյան 8-ից երեկոյան 8-ը գործի մեջ եմ, որտեղ ինձ մասնավոր նախաձեռնությունների համար տրված են րոպեներ… Առանց Սուսանի նման հուսալի-բարեխիղճ-հմուտ-ընդունակ (բոլոր առումներով) ընկերոջ-գործընկերոջ բլոգապատման այս անընդհատությունը պահպանել չէր լինի։

Հեռահար ես աշխատում եմ իմ սիրելի Մարի Գաբանյանի՝ իմ արխիվի (դիվանի) ինքնակոչ ղեկավարի հետ։ Իմ սիրելի Մարի, ոնց ես դու ինձ հուզում, քույր իմ, ոնց եմ քեզ կարոտում… Եղբայրն եմ ես քո և պահանջում եմ՝ շուտ արի, էս գյոզալ գրադարանը քո ֆիզիկական ներկայությունը պիտի զգա… Ահա, տեսեք ինչ ժամանակին հայտնվեց «Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր» հոդվածը։ Առա՞ջ եմ գնացել ես այս 24 տարում, թե՞… կառուցե՞լ եմ, թե՞…

Հիմա ես ունեմ երրորդ մշտական օգնական՝ իմ քույրիկ Սուսան Հովհաննիսյանը, ով «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի անգլիալեզու կայքի հետ անգլիալեզու-ռուսալեզու կդարձնի նաև իմ մանկավարժական բլոգը՝ որպես քույր-գործընկեր, կխմբագրի ու կսրբագրի…

Նախաձեռնությունների դաշտը բաց է, սիրելի սեբաստացիներ, և ավելի ու ավելի կարևորված՝ Աստծու ամեն առավոտ նախաձեռնեք, գործուն մասնակցեք իմ բլոգի ստեղծմանը-գրավչությանը-տարածմանը. սա ձեր Տիարի՝ կրթահամալիրի տնօրենի բլոգն է, սրանով՝ նաև յուրաքանչյուր սեբաստացունը… Երեկ Միջին դպրոցի Արեգը՝ «Կարգին հաղորդման» կարգին Արեգը, ողջունեց ինձ պարոնով, հետո ուղղեց արագ.

— Ողջույն, տիար Բլեյան, կամ պարզապես Տիար…
— Երկուսն էլ կիրթ-ընդունելի դիմելաձևեր են, Արեգ ջան։
— Ոչ, Դուք մեր Տիարն եք։

Շնորհակալ եմ, եղբայր իմ։ Այնպես չէ, որ ես այս հավատարմություն-հարազատությունը չեմ նկատում, կամ կարիքը չունեմ։ Երեք անգամ ոչ կամ երիցս այո՝ ունեմ կարիքը, ու ավելի-ավելի շատ։ Ցավոք, թևակոխում ենք հասարակական կյանքի մի փուլ, որտեղ սպասվող դժվարությունների հաղթահարման գլխավոր ռեսուրսը մեր համերաշխությունն է ու անհատը՝ ընդունակ անհատի ստեղծականությունը. «մոբիլ և ստեղծական»-ը միայն բառեր չեն։

Ինձ անակնկալի բերեցին TV-գեղարվեստի ներխուժումները Մեդիակենտրոն, Կենտրոնը՝ որպես իրենց նախագծերի տաղավար գործածելը… Դուք հարմարվեք այս մտքին և իրականությանը. Կենտրոնը տաղավար է… հալա՜լ է ձեզ:

Ինձ անակնկալի բերեց օգոստոսի 29-ի տոնական աշխատանքային խելամիտ կազմակերպումը բոլոր մեր դպրոցներում… կեցցեք: Իմ բլոգում դրանցից առանձնացնեմ գեղարվեստի կրտսերի լուսաբանումը

Հեգելի «Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն՝ ազատ կամքով էակ» միտքը որպես մանակավարժական կրեդո ներկայացնելու իմ բլոգանետմանն ի պատասխան Նունե Մովսիսյանը պատմել է մեզ մանկավարժ-փիլիսոփա Հեգելի մասին. ուղենիշային է… Այսպես՝ իրար շարունակելով, միասին դրսևորվելով լիարժեք որպես ստեղծագործ անհատականություններ…

Մնաց Դավիթապատումը…

Իսկ օրագրի՝ Դավթին վերաբերվող հատվածները գրվում են տեղում, պիտի հասցնել։

— Ես լկտիացել եմ,- բարձրաձայնում է Դավիթը մեր բնակարանի սրահից, խրախճանքի մեջ,  մայրիկի հետ…
— Մայրիկ, հայրիկը ինչ է անում, գրու՞մ է… հա՞… Դե, չգնանք, հայրիկին չխանգարե՞նք…

Ժամը առավոտվա վեցից արթուն է մեր խենթ-խելագարը, իսկ ես ջախջախված-քնել-մահացել ու նորից ոտքի եմ նույն 06-ից… Մեր տանը, գիտեք, հիվանդ կա, Արմինեի մայրիկը, ում վիճակն օր օրի վատանում է: Կեցցեն Ռուզան-Արմինե-Վահրամը, ինչ նվիրվածություն, կոնկրետ հոգատարություն, առանց ցույցի. մեր մեծերը թող հպարտանան ու չթերագնահատեն… Ով չի ստանում՝ չի տվել, մանկավարժորեն վրիպել է…

— Հայրիկ, չնեղանաս, ես քո ականջին բան եմ ասում,- մոտենում է համակարգչի առաջ նստած հայրիկին՝ ժամը 23-ն անց է:
— Դու համբալ ես, այ համլիկ.- պարզ է՝ Արմենից է սովորել, ով այսօր մեր տանն է եղել,- մայրիկն էլ է համբալ, դու մայրիկից ավելի ավելի համբալ ես:

Նոր բառ է՝ յուրացնում է, իմաստի ընկալումը կգա ավելի ուշ։

— Ես ամենահամբալն եմ, Դավիթ, ես չեմ նեղանում:
— Դու չես նեղանո՞ւմ, հայրիկ…
— Համբալն աշխատող, բանող, մարդն է, ես ինչո՞ւ պիտի նեղանամ:
— Հայրիկ, ինձ Արմենն է ասել:
— Դու Արմենին կասես՝  ինչ է, ով է համբալը, բայց այնպես, որ ինքը չնեղանա…
— Պապա, ես համբա՞լ եմ:
— Ես կուզեմ, որ դու համբալ-համլիկ լինես, ա՛յ իշուկ, ամենաիշուկը, բանես ամբողջ օրը, աշխատես:
— Քո նմա՞ն…
— Այո, ինձանից ավելի համբալ… Միայն փնթի չլինես, ինչպես այսօր, չես լողացել…
— Պապա ես կեղտոտ-փնթի եմ, հենց հիմա տար՝ լողանամ… Ես ուզում եմ պղպջակների հետ խաղամ… չփչփամ…

Հետո շատ օճառափրփուր է լցնում ջրի մեջ։ Ժամը 11:30-ից հետո՝
— Ես պղպջակների հետ խաղում եմ, տես… դումփ..դումփ…

Երկար, շատ երկար լողում է, հրեշտակի պես փաթաթվում խալաթի մեջ քնում…

— Ո՞վ է քեզ սովորեցրել էդ բաները, Դավիթ:
— Էն լակոտ Արմենը, մեկ էլ հայրիկն ու մայրիկը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անակնկալ հանդիպում Նիցցայում

Աշխատանքային կիրակի Նիցցայում։ Տեսապատումի շարք։

Թույլ տուր հիմա․․․ այսպես վայել է, որ մենք կատարենք․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ուրիշ ինչո՞վ պիտի զբաղված լիներ, եթե ոչ երեխայի՝ սանի, սովորողի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր միջավայրի շարունակական զարգացմամբ-ամբողջականությամբ… Խորհրդանշական է, որ նույն օրը մեր ծածկած լողավազանում, որպես ուսումնական պարապմունք, հանդիպում

Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…

Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝