Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսեցի կրթությամբ զբաղվել

Արմեն Մարտիրոսյան, 8 տարեկան, Դավիթ Բլեյանի մորաքրոջ տղա-եղբայրը՝ կարատեիստ-սեբաստացի.
— Ասում եմ՝ Դավիթ, արի խաղանք, ասում է՝ չէ, արի կռվենք… Էսպես որ գնա…
Պատասխանում եմ՝ երևի ավելի կմեծանա:

Օրագրի իմ զրուցակցին հիշեցրի, որ ես սրան՝ ինչպե՞ս և ինչու՞ սկսեցի զբաղվել կրթության գործով, անդրադարձել եմ «Անսովոր դպրոց սովորական մարդու համար» իմ գրում։ Ինչ պակաս է թվում, հաճույքով լրացնում եմ։

Իմ հայրական տանը ուսուցչական աշխատանքի կարևորությունն ու դրա նկատմամբ հարգանքը կոնկրետ անձնավորված ու երկարատև է եղել, իմ ծնունդից էլ առաջ: Շամխալբեկ, Սարիբեկ, Զալիբեկ, Բալաբեկ Բլեյան եղբայրներից իմ հայրբեկ Շամխալն ավագն է։ Զալիբեկը մինչև 1941թ. ՍՍՀՄ-ի կազմում համաշխարհային պատերազմ կանչվելը, ուր գնացել ու չի վերադարձել, անհայտ կորած է համարվում, ինչպես իր Սարիբեկ եղբայրը, հայտնի մանկավարժ է եղել Հրազդանում, Քաղսիում, Սոլակում, Բջնիում… Միշտ բացակա Զալիբեկը՝  իր նկարագրով, կոնկրետ ազդեցություն է ունեցել ինձ վրա, այնքա՜ն հաճախ ու մանրամասն են ներկայացվել նրա մանկավարժական գործունեությունը, մարդկային առավելությունները…

Նշանավոր Ռոզա հորաքույրս, ում ամուսին Վասիլը նույնպես պատերազմ գնաց ու չվերադարձավ, փառահեղ կին էր, ու ես նրան պարտական եմ. երկար ժամանակ դասվար աշխատած, աշխարհի ամենաուշադիր, խաղաղ, համբերատար կինն իմ ընտանեկան ուսուցիչն է եղել, ես բախտ եմ ունեցել հարևանությամբ, մի թաղում, երկու-երեք տասնյակ մետրի վրա ապրել իմ հորաքրոջ հետ (այ, հիմա կենդանացավ այդ համեստ, ինձ ձգող, հյուրընկալ տունը)…

Էմմա քույրս՝ անուշիկ, էությամբ ու գործունեությամբ ուսուցիչ, շատ նման է մեր բոլորի անզուգական հորաքրոջը… Էմմա քրոջս կարևորության, ազդեցության ու մեր կապի մասին ես գրել եմ ու իհարկե կգրեմ: Էմման, ի տարբերություն ավագ քույր Նեկտարի, ում աղջիկները՝ Զոյան ու Լիլիթը, ինձնից շուտ են ծնվել, ինձնից հինգ տարով էր մեծ, մենք միասին ենք եղել-ապրել անգամ իր ամուսնությունից, Սուսան անունով անդրանիկ աղջիկ ունենալուց հետո. բարյացակամ, անաձնական, ամենահաս ու անդադրում օգտակար քրոջս ազդեցությունը, ինչպես օդ, ինչպես միջավայր,  ամենամեծ ուսուցիչն է: Ահա թե ինչու Սուսան, Էդիտ, Նազենի Հովհաննիսյանները, Նազենի կրտսեր Հովհաննիսյանն ինձ հարազատ են՝ որպես Էմմա կրտսեր քույրիկներ:

Բալաբեկ Բլեյան հորեղբայրս, եղբայրներից կրտսերը (դա նրան փրկեց ստալինյան աքսորից, պատերազմից) եղավ իր երեք եղբայրների ընտանիքների խնամակալը. խնամակալ-ուսուցիչ, սա ուրիշ ազդեցություն է, տպավորիչ, բարեկիրթ արտաքինով (վիդնի՝ կասեր մայրս), այնքա՜ն ազդեցիկ մինչև իր մահը՝ 2000թ. (ես բանտում էի), որ մայրս էր անգամ հնազանդվում նրան… «Հորեղբայր» կոչումով, երկարատև ու հայտնի տնօրեն, միշտ ներկա… Իմ մանկության օրերին ամենաշատն ազդվել եմ Բալաբեկի ու Շամխալբեկի զրույցներից, Բալաբեկի լռությունից… «Հա, Շամխալ»… դադար… «Հա, Շամխալ»,- գլխով է անում… հայրս՝ պատկառազդու, թելադրում է, որպես ավագ, նա ակնածանքով արձագանքում է… Այսպես՝ մեկ ժամ, երկու ժամ…

Երբ ավարտում էի դպրոցը, Էմման մտածում էր, որ ես կգնամ համալսարանի բանասիրական. Տերյանի անվան իմ դպրոցում ես հայտնի էի իմ գրական-լեզվական դրսևորումներով։ Ավագ հարսս՝ ազդեցիկ Ռոզալիան, շատ էր ուզում, որ ես բժիշկ դառնամ. չլինելու բան էր, ես հիմա էլ չեմ ընկալում մարդ բուժելու մասնագիտությունը, դրա որոշում ընդունող պատասխանատվությունը, ինչպես… վարորդը, ես մեքենա, գիտեք, չեմ վարում, այն մտքից, որ ես կարող եմ մարդուն ֆիզիկապես վնասել… ինչպես ֆիզիկական կռվի ժամանակ…

Ֆիզիկան արվեստի ու մաթեմատիկայի սահմանին է. այսօր էլ ես գործում-մտածում եմ իբրև ֆիզիկոս… Փորձ ու երևակայություն, երազ ու իրոք, մի՞թե նույնը չեն:

Երևանի պետական համլսարանի ֆիզիկայի ֆակուլտետն իմ կրթական միջավայրը եղավ… Այնքան ընդունակ ուսանողներ, բազմազան մարդիկ, դասախոսներ, գիտնականներ կային, ազատություն, արդարություն կար մեր ֆակուլտետում, իհարկե… Եվ գլխավորը՝ հետաքրիր էր: Ես միանգամից աչքի ընկա շինջոկատներում, և ինձ ընտրեցին 200 հոգիանոց կուրսի կոմերիտական կազմակերպության քարտուղար։ Ժամանակը, Երևանի պետական համալսարանը լիդերների, նոր գործիչների հասարակական պահանջ ունեին երևի, ու ես ենթարկվեցի այդ պահանջին… Երրորդ-չորորդ կուրսերում  համալսարանի կոմերիտական կազմակերպության կոմիտեի անդամ էի, նախաձեռնեցի ու ղեկավարեցի շեֆական աշխատանքների համալսարանական «Ջահ» ակումբը… Շատ-շատ ջանքեր էի գործադրում, որ համալսարանի ուսանողներով-դասախոսներով փոխենք հանրապետության դպրոցների կյանքը, օգնենք ուսումնատենչ ու կարիքի մեջ գտնվող երեխաներին…

1978թ., երբ ես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրա Վարդանյանի (մարդ, ում միշտ երախտագիտությամբ եմ հիշում) օգնականն էի ուսանողության հարցերով, անհնար դարձավ իմ աշխատանքը համալսարանում, որևէ կարգավիճակով… Հետադիմությունը հաղթանակել էր համալսարանում վերջնականապես… Հարգելի պրոֆեսորը խորհուրդ տվեց.
— Դու միշտ մարդու առաջադիմության մասին ես մտածում, գործի դժվարություններն ու հաստատությունների հեղինակությունը քեզ ետ չի պահում, դու կրթության մեջ ռեֆորմներ կանես, Աշո´տ, ընդունիր Մյասնիկյանի կուսշրջկոմի առաջարկն ու գնա դպրոց, սա նոր մեկնարկ է,- ահա սա, համարյա բառացի, փոխանցեց իմ հարգելի ավագ ընկերը, ով իմ կյանքի ամենադժվար մի պահի եղավ իմ կողքին… Շատ կարևոր է, որ մարդ վճռական պահին ունենա այդպիսի մեկը… Աշխարհում (համալսարանն իրական Հայաստանն էր, նրա կենտրոններից մեկը) ես հերոսից, ում ճանաչում և ում ետևից գնում էին շատերը, դարձա հակահերոս… Եվ ես, որպես ռեժիմի աքսորավայր, մտա դպրոց, Երևանի 26 կոմիսարների անվան թվով 10-րդ դպրոցը, Չարենցի փողոցի գրավիչ սպիտակ արտաքինով այդ շենքը, որպես փոխտնօրեն-կազմակերպիչ, որտեղ ես անցկացրի անկումներով և վերելքներով յոթ տարիներ… Կարդալս եկավ…

Ե՛ս եմ հիմա — մի պոետ․ և իմ անունը — Չարենց —
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:

Անահիտ Բեկյանի լուսանկարներում՝ շրջակա միջավայրի սպասարկման-բարեկարգման աշխատանքների մասնակից Դավիթ Բլեյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դադարները մեր ճամփորդության ամենախոսո՞ւնն էին…

Դավիթ Բլեյանի մահճակալը մեծ-բարձր-թանկարժեք ներքնարկ ունի, որ հատուկ ընտրվեց ամիսներ առաջ… Վստա՞հ ենք, որքան թանկ, այնքան առողջարար-որակյալ: Տեսնենք: Մտածում էինք՝ իր սենյակի-անկյան հետ մահճակալն էլ կհավաքվի… Ձգձգվում է: Հինգ տարեկանին,

Հիմա, երբ բոլորիս ջանքերի կենտրոնում սեբաստացի համայնքն է

Սեբաստացի շրջանավարտների հետ, Լուսինե Սարգսյանի, Ազնիվ Գալստյանի հոգատար ընկերակցությամբ, ուրբաթ օրվա Աշտարակով քայլքի վերջում, երբ Կարմրավորի դիմաց շոկոլադի ձեռնարկության սեփականատիրոջ, մեր լավ բարեկամի սիրալիրությամբ ծանոթանում էինք բոլոր ներկաներիս նախընտրելի անուշեղենի պատմությանը, պատրաստվում

Դավթի հայրիկի՝ Աշոտ պապիկի, նույն ինքը տիար տնօրենի, պարոն Բլեյանի 168-րդ գիրը

Ինձ դուր է գալիս կրթահամալիրում ինքնակազմակերպման, փոխօգնության և համերաշխության ռեժիմը, որն ապահովում է ցանկացած կարգի, ռանգի, քանակի այցելուների պատշաճ ընդունումը-ճանապարհումը առանց կրթահամալիրի բնականոն-կենդանի-բաց գործունեությունը խաթարելու, առանց մեր սովորողին և ուսուցչին՝