Օրագրի հարգելի ընթերցող տիկին Արևը՝ Սուսան Մարկոսյանի մայրիկը, հատկապես կարևորում է «Դավթագիր»-ն ու քաղաքական անդրադարձներն իմ… Կրթահամալիրի տնօրենի բլոգում է իմ օրագիրը. այսպես ծնվեց ու այսպես ապրում է 485 օր ու անգամ, իր բերած սահմանափակումներով… Թե չէ կարելի էր և՛ Դավիթ Սեբաստացուն ազատություն շնորհել, և՛ իմ քաղաքական նոր ուղուն. ես եղել և մնում եմ Նոր ուղու հետևորդը, ինչպես և Քրիստոսի, ինչպես և «ժամանակակից ու հանրամատչելի» մանկավարժության… Իսկ արձակուրդի համար ամենաժամանակը, իհարկե, հոկտեմբեր-դեկտեմբերն է… «Ուսումնական ամառ» ծավալուն նախագծի սպասարկումը, կրթական օբյեկտների և բակերի շինարարական աշխատանքների ծավալն ու որակը, իմ կենսունակության բարձրագույն վիճակն ինձ ընտրություն չեն թողնում, պարտադրում են հուլիս-օգոստոսին անպայման լինել աշխատավայրում… Բայց սա հարկադիր-ուղղիչ աշխատանք է… Իսկ, ա՛յ, ուրիշ է հոկտեմբերի կամ դեկտեմբերի աշխատանքը, երբ դու արձակուրդում ես. սա ազատ մարդու ազատ ընտրություն է՝ որպես ստեղծագործություն, ազատ ճախրանք… անում ես՝ ինչ ուզում ես, ինչ խելքդ բրդում է… Բոլոր կարևոր նախագծերն արձակուրդային շրջանի ծնունդ են… Ա՛յ, կիրակի է, Դավթին հիմնավոր լողացրի, մարդը ջրասույզ եղավ, ջրից հավեսը հանեց, ես էլ նստեցի իմ հեծանիվն ու սլացա, ո՜նց սլացա… Ի՜նչ Մասիս էր ինձ ուղեկցում… Քշեցի ու քշեցի…
Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների նոյեմբերյան լողի պարապմունքից:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:
Այսօր, շնորհակալ եմ Վահրամ Մարտիրոսյանին, պիտի փլուզվեին բրուտանոցի պատերը… Եվ փլուզվեցին… Ես խոստացել եմ՝ Սեբաստացու օրերին՝ նոյեմբերի 16-21-ը, այնպիսի տոն սարքեմ ձեր գլխին, որ հարիսա ուտելներդ գա…
Հիմնական դպրոցի 3-րդ դասարանի թթու դեմքերը:
Լուսանկարները՝ Թամարա Մարիմյանի:
«Գտնվելով աղաղակող անմարդկայնության դիմաց, աշխարհն ընկել է կաթվածի մեջ: Դա ՄԱԿ-ի գոյությունը դարձնում է անիմաստ»,- հայտարարել են գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը… Շարունակությունը կարդացեք. «Սիրիայում, Իրաքում, Եմենում և Հարավային Սուդանում իրադարձություններն առճակատվում են մարդկության արմատական սկզբունքներին: Տեղի են ունենում քաղաքացիների սպանություններ և խոշտանգումներ: Որոշ շրջանների բնակչությունը սովամահ է եղել: Այդ ամենը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է: Գազանությունների մեղավորները մնում են անպատիժ, և ոչ ոք նույնիսկ փորձ չի անում նրանց կանգնեցնել»…
«Մեծ Բրիտանիայում մենք գիտակցեցինք հնարավոր է և ուշ քան հարկավոր էր, որ մենք պետք է հակազդենք ծայրահեղականության բոլոր դրսևորումներին` ոչ միայն բռնություններին»,- կարծես արձագանքել է այս կոչին-մեղադրանքին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը… և շարունակել. «Ինչո՞ւ կրթված երիտասարդ տղամարդիկ և կանայք հրաժարվում են լավ աշխատանքից և հեռանկարից, որպեսզի մահանան ԴԱԻՇ-ի սև դրոշի տակ: Ոչ ոք չի դառնում ահաբեկիչ մի գիշերվա ընթացքում: Դա արմատականացման գործընթաց է, ճանապարհ, որն ավելի հաճախ սկսվում է պարզունակ արժեհամակարգից և վերջանում ինքնապայթեցմամբ»…
Հիմնական դպրոցի 2-4 տարեկանների այցը թոնրատուն:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:
Իսկ ««Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային հումանիտար կազմակերպությունը հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանում օդային հարվածի և հրետանային գնդակոծության հետևանքով ուրբաթ օրը զոհվել է ամենաքիչը 70 և վիրավորվել ավելի քան 500 մարդ»… Հիշեցնեմ՝ Դամասկոսը Սիրիայի մայրաքաղաքն է, բայց ես կապ տեսա իմ գրի այս սկզբի ու այս մեդիատեսարանի միջև, որտեղ վառ կարմիր տզրուկը հարձակվում է որդի վրա և կլանում դրան… Սարսափելի տեսարան է դարձել այն կյանքը, որում ապրում ենք: Եվ կա անմեղսունակ, կա մեկուսի, կա անոգի… Որպեսզի կարողանամ շարունակեմ իմ գիրը, կամուրջ էր պետք այսպիսի աշխարհից մեր կրթահամալիրի Բանգլադեշ անցումի համար… Ես առաջարկում եմ իտալական Սանտա Ագատա դե Գոտի քաղաքի մասին այս մեդիապատումը, որ գրավեց ինձ, քաղաք, որ նման է ֆիլմի դեկորացիայի:
Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիները նկարում են Դ. Բիսեթի «Անձրև» հեքիաթը:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:
Դավթի Արևիկ քույրիկը ու իմ սքանչացնող թոռնուհի Արևիկի եղբայր Դավիթն իրար կարոտել են ու ժամը վեցին պիտի հանդիպեն՝ կիրակի օրով, մեր տանը… Դավիթն առավոտից գնում-գալիս է.
— Մա՛մ, ե՞րբ է գալիս Արևիկը, ես ուզում եմ՝ հիմա գա…
Մայրը թե.
— Քեզ ասել է Արևիկը՝ ժամը վեցին…
Դավիթը էլի գնում-գալիս է.
— Մա՜մ, ե՞րբ է գալու ժամը վեցը, ես ուզում եմ հիմա գա…
Դավթի համբերությունն էլ սահման ունի.
— Մամ, կարո՞ղ է ժամը զրո է դարձել…
Դավիթը Ռուզանին՝ իր ամենա… մարդկանցից մեկին, դաստիարակ մորաքրոջը պարտեզում միայն ընկեր Ռուզան է ասում, մեկ-մեկ էլ, արթնանալիս՝ մամ… Իսկ տանը միայն մորաքույր Ռուզան… Չի շփոթում երբեք:
— Մայրիկ,- ասում է,- որ դու ինձ դաս տաս, ես քեզ դպրոցում կասեմ ընկեր Արմինե, իսկ տանը՝ մայրիկ… Չէ՜, ես չեմ խառնի…
Դավիթը գրկում է իմ գլուխը՝ ուժեղացող թաթիկներով դրմբացնում.
— Գլո՛ւխ, աˊյ գլուխ…
Փարվում է մորը, գլուխը դնում կրծքին.
— Ծիծի՛կ, ա՜յ ծիծիկ…
Մեծ եղբորս տանը նրան սպասում են Յուրա եղբայրը, Ռոզալիա քույրիկը… Դեռ տուն չմտած՝ գրկում են, սիրում. կարոտել են… Ամենուր մեր սրտակերը սիրո մեջ է… ինչպես երեկ իմ եղբայր Ստեփանի ու հարսիկ Անահիտի պարգևած կիրակնօրյա ուշադրության… Շնորհակալ եմ… Դավիթը Յուրայի, Ռոզալիայի հետ տնով մեկ մեքենա է ման գալիս… Իսկ մեր այցն անակնկալ է, տանը փոքր երեխա չկա, ո՜չ էլ հասցրել են պատրաստվել… Դավիթը ցավով, մեծ դժկամությամբ հաշտվեց, որ մեքենա-անակնկալ-նվեր չկա… Քույր-եղբայր մեղավոր կանգնել են…
— Լավ, ոչինչ, գոնե մի հատ քինդեր ձվի՜կ լինի…
Ու ձեռներից բռնած՝ տարավ խանութ… Դուք լսեիք աստիճաններից իջնելիս Յուրա եղբոր ծիծաղը… Քինդեր ձվիկն էլ ուտում է տուն չմտած…
— Հայրիկը թող չիմանա, թե չէ ձեր վրա կխոսի…
Երբ հյուրեր ես ունենամ, իսկ մենք անընդհատ ենք ունենում, կա անհանգստություն՝ դիմավորելու-տեղավորելու… Անփորձանք ու շնորհքով ճանապարհելու… Կիրակի օրվա վերջին ժամանեցին Շուշիի երաժշտական դպրոցի սաները. մե՜ծ խումբ է ուսուցիչներով ու ծնողներով, և Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի պատանիներն ու ուսուցիչները… Բարո՜վ եք եկել հայրենի Բանգլադեշ:
Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի դասավանդողները և սովորողները կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#485