Քաղաքական կյանք կոչվածում ես չուզեցի-չկարողացա լինել արքունիքում. անձնական-անհատական պատասխանատվության սուր զգացումն ինձ իմ Նոր ուղով բերեց «լուսանցք». ծափահարեն, ոռնան, սպառնան, կախեն, տանկով գան՝ ես իմ ասելիքով եմ, կամ: Իմը ասելն է, բլոգապատումը. իմ օրագրի ընթերցողի հետ ամենօրյա զրույցը և՛ իմ քաղաքական պատասխանատվության իրացումն է իմ «լուսանցքային» գործունեության այս շրջանում, և՛ իհարկե, թերապիան… Իմ տեսակի, իմ կենսափորձի, իմ դիրքի մարդը չի կարող չարտահայտվել. ահա, այս գրով ավարտում եմ իմ նոյեմբերի 11-ի, 12-ի իմ գրերում սկսածը 1992-1996 թթ ՀՀ Ներքին գործոց նախարար, այժմ (2000 թ.-ից) միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի գործով։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014-ի սեպտեմբերի 13-ի հրամանագրով, մեջ եմ բերում «Առավոտ» թերթի փոխանցմամբ«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Վահան Սերգեյի Հարությունյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»։ Հիշեցնեմ, որ Վահան Հարությունյանը Վանո Սիրադեղյան նախարարի օրոք  ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար է եղել, ով դատապարտվել էր «Վանոյի» գործով՝ համագործակցության համար արժանանալով մեղմ պատժաչափի, և 2002թ.-ից ազատության մեջ է:

Պարգևների նկատմամբ իմ վերաբերմունքը գիտեք, սրա մասին չէ խոսքը, ոչ էլ քննարկում եմ Վահան Հարությունյանի ներդրումը պետության սահմանների պաշտպանության գործում։ Այս հրամանագիրը հաստատում է Ներքին գործոց նախարարության մասնակցությունը պետության սահմանների պաշտպանությանը։ Հրամանագրով նաև Վանոյի քրեական գործն ապաքրեականցվել է՝ դադարել է քրեական լինելուց: Ինձ համար Վանոյի գործը երբեք քրեական չի եղել. քաղաքական դատավարություն-հաշվեհարդարները քաղաքական-պետական գործչի, գործած-չգործած մեղքերի հետ ի՞նչ կապ ունեն: 1998-2000 թ. հաշվեհարդարը, որ դատարան-դատախազության միջոցով իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, պիտի այսօր իր լուծումը ստանա: Այն չի կարելի կապել «քաղաքական իրավիճակի» փոփոխության հետ. Վանոյի՝ Նիկոլ Փաշինյանին տված հարցազրույցը, համեցեք, կարդացեք: «Քաղաքական իրավիճակը» փոխվել է 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս ՀՀ նախագահ չէ։ Քաղաքական իրավիճակի նոր փոփոխության մասին է խոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 13-ի հրամանագիրը։ Ի՞նչ է, նույն «քրեական գործը» չէ՞, թե՞ «պետության սահմանների պաշտպանության» գործում Վանո Սիրադեղյանի ծառայություններն են ավելի պակաս։ Քաղաքական իրավիճակի փոփոխություն կարո՞ղ է համարվել մեր, հանրային կյանքում Վանո Սիրադեղյանի ներկայությունը, նրա՝ գրականությամբ զբաղվելը։ Ժամանակն է, որ ՀՀ նախագահը անդրադառնա Վանո Սիրադեղյանի արտաքսմանը։ Վանոն Հայաստան ազատ վերադառնալու մուտք պետք է ունենա: Մենք պիտի չկարողանանք այսպիսի անարդարությամբ ապրել՝ շարունակելով ուրանալ մեր Վանոյին: Ի՞նչ առիթ է պետք սրա համար՝ դիմել-խնդրել-պահանջե՞լը։ ՀՀ հարգելի նախագահ, դիմում-խնդրում-պահանջում եմ։ Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական-հասարակական, պետական գործիչ Վանո Սիրադեղյանը դարձավ 68 տարեկան։

Երեկ տոնական երրորդ օրն էր կրթահամալիրում։

Ափսոսանքի և մեղավորության օրեր տևող զգացում եմ ունենում, երբ չեմ կարողանում մասնակցել կրթահամալիրյան որևէ նորամուտի, մեկնարկի, հավաքի… Դրանում միշտ մեղավոր է լինում կրթահամալիրի տնօրենի պաշտոնը… Ինչպես այս անգամ. ես թերի մասնակցեցի «mskh.am բազմալեզու կայք» նախագծի ներկայացմանը Մեդիա կենտրոնում, չմասնակցեցի Գեղարվեստի կրտսեր դպրոցի ցուցահանդես + դաշնամուրային համերգին` Արսեն Մինասյանի անհատական ցուցահանդեսի բացմանը, դրան հաջորդած` Հասմիկ Մաթևոսյանի և սաների դաշնամուրային համերգին: Ո՞րն է իմ արդարացում-«բժշկի թուղթը». օրեր առաջ ես գրավոր հաստատել էի, որ մասնակցելու եմ նույն օրը նույն ժամին Մատենադարանում սկսվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային ներկայացման մեկնարկին… Էլի անհետաձգելի գործեր՝ ու ես ուշացա երաժշտության ուսումնական կենտրոնի նորամուտ-համերգից… Հետո, չնայած իմ խիտ ու հետաքրքիր օրվան՝ է՛լ ընդունելություն ԱՄՆ դեսպանի առանձնատանը («ՆԱՏՕ-ի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում), է՛լ ընդունելություն իմ տանը («Աստղային օրեր կրթահամալիրում» տոնի շրջանակում), մնացի մեղավորի իմ չհաղթահարվող զգացմամբ… Ինչպես հիմա՝ առտու ժամը հինգին, երբ ես սկսում եմ իմ նոյեմբերի 13-ի գիրը: Գուցե գիրն օգնի նոր՝ այսպիսի մեղքից ազատ օր սկսելու…

«Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ու պետական ֆինանսավորում ունեցող ծրագրին ես հաջողություն եմ ցանկանում: Դեռ կունենանք առիթ ու հնարավորություն՝ ավելի մասնագիտական մասնակցություն ունենալու, եթե նախագծի պատասխանատուները դրա կարիքը զգան. ծրագրի անունը՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» ես, մեղմ ասած, չեմ հասկանում։ «Այբ»-ի խորհրդի նախագահ Տեր Մեսրոպի երկարաշունչ ելույթը ծայրից ծայր փրկչական գործունեության ավետում է մեզ. սրա հետ, մեղմ ասած, հաշտվել չեմ կարող: Գրիգոր Խաչատրյանի թևավոր խոսքերից երեկ ես շրջանառեցի. «Ես ավելի մեծ եմ, քան կարծում եմ, հետևաբար, ես համեստ եմ»…

Իսկ Նազենի աստղ Հովհաննիսյանը, ով հրավիրված էր ներկայացմանը, լրագրողների սիրելի մի խումբ կարողացան չթույլատրել, որ ես մինչև վերջ մասնակցեմ ներկայացմանը. մի կողմից հաճելի է, որ «լուսանցքային» գործչիս հանգիստ չեն տալիս, մյուս կողմից՝ վատ է աշխատանքի այսպիսի կազմակերպումը. եկել ենք լսելու, չէ՞, բարի եղեք, թույլ տվեք հարգանքով լսենք, հետո ընդմիջմանը կարելի է հարցերին պատասխանել… Մեր լրատուներն այսպիսին են. միշտ շտապում են։ Իսկ Նազենի Հովհաննիսյան քույրիկի և անբաժան Սոֆի Մխեյանի հետ հանդիպումը մենք տեղափոխեցինք իրիկուն, մեր տուն. առանց Դավիթ «սրտակերի» մեր գրավիչ աստղերին ինչպե՞ս երկար զբաղեցնես…

Դավիթ Բլեյանը, ինչպես փոխանցում են նկարները, ֆեյսբուքյան իրարանցումները, փայլուն կատարեց իր առաքելությունը` մի երեկո աստղային ուշադրության կենտրոնում։ Նազենին իր եղբոր համար խնամքով ընտրված կարևոր գործիքներ էր բերել՝ մեծ ուրախություն պարգևելով նրան… Ամենահուզիչը Դավթի դիմելաձևն է՝ «Նազո քույրիկ»… Սոֆին պարզապես հիացնում է Դավթի հետ անձանձրույթ շփմամբ… Իսկ իմ հորեղբոր թոռնուհի-քույրիկ Տաթևի, ով փարիզյան պատրաստությունների մեջ է, ներկայությունը վկայում է, որ ամեն ինչ լավ է, ավագ հարազատներ, մեր երեխաները հիանալի մարզավիճակում են, առինքնող-մարդկային… Ես ու Արմինեն, որքան էլ հոգսաշատ, որքան էլ այսպիսի հանդիպում այցերը՝ հոգսաբեր, միշտ պատրաստ ենք ջերմ-ակումբային, անաղմուկ-մեկուսի միջավայր ապահովել իմ քույրիկների, եղբայրիկների, իմ սիրելիների համար…

 Վերջին շրջանում իմ մեջ գերակշռող զգացումը, վիրավորվածությունը չասեմ, գուցե հուսահատությունն է… Այս հոգնածությունը, սակայն, եթե ամեն ինչ հոգնածությանը վերագրենք, ես չեմ հասկանում: Ժողովուրդը ժամանակ առ ժամանակ պետք է սթափվի: Վանո Սիրադեղյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շաբաթ․․․ հերթական

Համերաշխության, ստեղծումի, նախաձեռնողականության․․․ 

Օրագրի կիրակիի գիրը։ Այսպիսի՜ կիրակի

Դավթի ծնունդը փոխեց իմ, մեր կիրակին անգամ։ Որպես կանոն՝ ես այն անցկացնում եմ տանը, Դավթի հետ, Դավթի (ի՞մ) համար։ Հատկապես հիմա։ Չես ձանձրանա։ Արմինեն Դավթին Աշոտիկ է ասում. անընդհատ նոր

Ետևս գնա, սատանա… կասեմ…

Շուշան Բլեյանի նշանավոր հումորը… «Ճշգրիտ ինֆորմացիա: Կաթողիկոսին ուղղված բողոքներն ու վիրավորանքները եկեղեցու հետ կապողների համար կստեղծվի դժոխքի հատուկ բաժանմունք»: Ֆեյսբուքյան այս հրապարակումը Շուշոն անվանել է ճշգրիտ ինֆորմացիա… Շուշանավարի-ուրախ-թեթև են նրա