Կարելի է պատկերացնել այն հետևանքները, որ մնացին մեր տանը Դավիթ Բլեյանի, իր Սոնա քրոջ ու Արմեն եղբոր իրիկնային հանդիպումից… Տեսնել էր պետք միասին լինելու այն խրախճանքը, երբ չորս, վեց և ինը տարեկան երեխաներն այնքան միասին են՝ կտրված մեծերից. չեն լսում-չեն արձագանքում, միայն՝ «չէ», «լավ եմ անում», «չենք ուզում», «լավ էլի, մա՛մ, պա՛պ, մորաքո՛ւյր»… Ես, որ սովոր եմ այս անջատված վիճակում հարցեր տալու, դա էլ չեմ անում. ի՞նչ իմաստ ունի, երբ մարդիկ գտել են իրար, իրենց աշխարհում են՝ տուտուզները դեմ արած շփոթված, անօգնական, թե իրենցով հիացած բոլոր մեծերին… լուսնին, Աստծուն… Հետաքրքիր է, որ Արմեն եղբոր հարկադիր, ընտանեկան հանգամանքներով, խաղից դուրս գալը որևէ ձևով չազդեց բուն խաղային վիճակի վրա՝ երեքով, թե երկուսով… Իսկ Սոնայից անջատումը Դավիթը ծանր տարավ… Քույր-ախպեր չհասցրին անգամ լողալ՝ այս ո՞նց թռավ երեք ժամը… Մխիթարություն որպես, իրար հետ լծվեցինք բնակարանի ապաշրջափակմանը, փլատակների հավաքմանը… Արմինեն հետևողական մնաց իր հայտարարությանը.
— Ես գործ չունեմ… Քո տղան, քո թոռը…
Ի պատիվ Դավթի՝ մինչև վերջ հավաքեց տունը։
Դավիթ Բլեյանի չորս էմոցիան՝ չորս կադրում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ես և իմ քույր Էմման միշտ իմացել ենք երեք աղջկա հարգը, հիացել մեր աղջիկներով… մեծ եղբորս երեք տղաներին հակակշիռ՝ հանդես եկել պաշտպանության միասնական դիրքերից… Շնորհակալ եմ քույրիկներից ավագին՝ ծննդյան առիթով այդպիսի օր պարգևելու համար… Սուսան Հովհաննիսյանին, ով արդեն Սուսո է Սեբաստացի, որքան էլ՝ դժվար էր դա Սուսան Մարկոսյանի պարագայում, անհնար՝ առանց Սուսան Մարկոսյանի գործուն աջակցության… Ես հատ-հատ կարդացի բոլոր շնորհավորանքները mskh.am-ում, լսեցի մեդիայի ընդմիջում-տոնական սեղանի շուրջ… Հուզեցիք: Ինձ համար սկզբունքային կարևորություն ունի, որ իմ քույրիկ-աղջիկների մեծ խումբն էլ ակումբային միջավայրում աշխարհի հարազատության վայելք են ունեցել… Սուսան ավագ քրոջ հետ են եղել… Շուշանի մասնակցությունը որքա՜ն տեղին կլիներ… և լավ է, որ Արաքս Լիլիթի դուստր Հովհաննիսյանով է լրացել քույրերի խումբը։ Իսկ Մանկավարժության լաբորատորիայի կանանց սենյակն առանձին-հատուկ ուսումնասիրության ֆենոմեն է, իմ գործիքակազմով, իմ այսօրվա պատրաստությամբ ես դեռ հասու չեմ. կկարողանամ, այս դեպքում, հուսամ, որ ժամանակ բոլորս ունենք… Ի՜նչ լավ է, որ բոլորս այսպես միասին ենք ու հարազատ՝ Սուսան Հովհաննիսյան սքանչելի ուրույն քույրիկի ծննդյան օրվա առիթով…
Դպրոց-պարտեզի սովորողները լուսանկարել են իրենց աշունը:
Այսպիսի տրամադրություն, չշեշտված, բայց ինչպես ջրի առավոտյան ըմպումը, կարևոր, ունեցանք Գրիգոր Խաչատրյանի հետ, երբ ավարտեցինք շրջայցը մարզադաշտով… Ո՞վ է հիշում, թե ինչ է եղել հեծանվակումբի այս տարածքը։ Հիմա այն գործող-եզակի հանրակրթական լաբորատորիա-հեծանվային ակումբ է։ Դուրս եկավ հեծանվորդ սեբաստացիների մի խումբ՝ իրենց մարզիչ Սամսոն Բուլղադարյանի հետ, համոզում են ավելի երկար «կրոս» վարելու համար… Կհամոզեն… Քիչ այն կողմ, դաշտում, նետաձիգների մի խումբ՝ մարզիչ Գևորգ Հազարումյանի հետ կրակում է, մարզվում… Պատանիների այլ խումբ, մարզիչ ընկեր Ռուբենի մրցավարությամբ, ֆուտբոլի իրենց աշխարհում է…
Ընթերցասերները:
Լուսանկարները ՝ Սոնա Փափազյանի, Նոննա Գրիգորյանի:
Ով-ո՛վ՝ ես լավ գիտեմ՝ ինչպես է առաջացել այս աշխարհը… այսպիսի ակումբային-հարազատական թթուդրեքով, ազատ ընտրությամբ բազմաձև գործունեությամբ, երբ մեծահասակները զբաղված են այսպիսի պատանեկան աշխարհի սպասարկմամբ… Ես փորձում եմ առավելագույնս խթանել կիսատ-պռատի վերացումը՝ 2015-ի մեր տոներին առավել ամբողջական վիճակի բերման հեռանկարով… Կլինի այնպես, որ խոստացել եմ. նոյեմբերի 21-ին կուզենք հարիսա ուտել…
Թթվի ծեսը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Սաթեն Օրդյանի, Սոնա Փափազյանի, Արմինե Գյոնջյանի:
Պատահական չէ՝ Ստեփանակերտի պատանիների հերթական խումբը գերված է այս ակումբային ազատությամբ, սրան բնորոշ՝ կրտսերների-մեծահասակների շփման այլ՝ հեղինակային մշակույթով… Իմ կարևոր աշխատանք դարձած՝ հերթական փոխանակման խմբի հետ շրջայցը Մայր դպրոցում նախ և առաջ հենց ինձ է ուղղված՝ տե՛ս, հիմնադիր տնօրեն. սա կայացած, խաղի մասնակիցներով բնականորեն-ստեղծվող-պահպանվող վիճակ է, Աստծո ամեն օր…
Իսկ տանիքից, ինչպիսի՜ դիտարան, որ նվեր էր Ստեփանակերտի մարդկանց, Արարատի ի՜նչ բացահայտում… Թվում է՝ այստեղ-այսպես ծնվեց ոչ միայն առավոտվա ընդհանուր պարապմունքը վարելու, այլև համերգով ներկայանալու որոշումը…
Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի դահլիճն ինձ համար նշան է. երբ առիթ լինի, երբ հրավիրեն, անպայման արձագանքելու եմ, ինչպես Չայկովսկու, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցների հրավերներին… Շուշեցի մանուկ երաժիշտներն իրենց լավ են զգում այստեղ. քիչ բան չէ քառասունհինգ րոպեանոց համերգային ծրագրով այսպիսի դահլիճում հանդես գալը, այսպիսի աջակցող հանդիսատեսով… Եվ կարևոր է, թող իմանան, որ առանց մեր աջակցության, մեր հյուրընկալության, մեր տան նման պարզ-հարմար կացարանների, հարյուրավոր արցախցիներ զուրկ կմնային մայր հայրենիքից էլ… արտասահման դարձած Բանգլադեշից էլ…
Արցախցի ընկերները Գեղարվեստի դպրոցում են։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։
Սա քաղաքական ասելիքը չէր իմ օրվա գրի: Ես պատմում եմ իմ օրը: Իսկ օրս սկսվել էր առավոտյան մրցույթով. ես՝ հեծանվով, Դավիթն ու Արմինե մայրիկը՝ սպիտակ, փոքրիկ մեքենայով… Ավտոկայանի մոտ, դեսպանատունը չանցած, մենք հավասարվեցինք. Դավիթ Բլեյանը զմայլվում է, ողջունում… Մենք դեռ չենք հասցրել իրար փոխանցել տպավորությունները… Քիչ մնաց, կարթնանա, կճոճվի, շոկոլադը կուտի, կլողա… այս արանքում օրվա բոլոր փոխանակումներն են… Իսկ ես հիշում եմ, որ այնտեղ, ճանապարհի այդ հատվածում պետք է դանդաղեցնել ընթացքը հեծանվի… սկսվում է թակարդների՝ կոտրված-վտանգավոր կափարիչներով ջրատարերի շարքը… Մեկի կափարիչը ոչ միայն չկա, դիմացը գործածված անվադող են դրել… Սա՝ Երևանում, գլխավոր՝ Էջմիածին ու Բանգլադեշ տանող մայրուղու վրա… Օրը կառավարական կոչվող, քաղաքապետարանի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների քանի՜ մեքենաներ են անցնում… Ահա ձեզ արտակարգ իրավիճակի քաղաքային ցուցիչը… Կրթահամալիրի կրթական օբյեկտների պահպանության, շահագործման պատասխանատու Սահակյանց Ռուդիկն իր ծառայությամբ իմացա՞վ՝ ինչու եմ ես սուր տանում այսպիսի դրսևորումները կրթահամալիրի Բանգլադեշում…
Թթուդրիկի բանջարեղենները լինում են նաև կավից: Լուսանկարները՝ Սաթեն Օրդյանի:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#486