— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ…
Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս գալ… Դավիթը նոր է արթնացել, աչքերը կիսաբաց են: Հեշտ չգտնվեց Դավթի ուզածը. «Երգ երգոց»-ի «Ակունք» ազգագրական համույթի համերգային ծրագիրը Դավիթը լսեց ամբողջությամբ՝ նստած իմ համակարգչի բազկաթոռին, կլանված, որպես մասնակից, երգեց, մատներով խաղաց… բոլոր երգերը, մոտ քառասուն րոպե, ինքը՝ էկրանին, ես՝ կողքից իրեն նայելով… Այս կենտրոնացումը, համերգի մեջ Արթուր Շահնազարյանի, Դանիել երաժշտի խոսքին արձագանքելը… Երգ-երգ անցավ… Հալալ է:
— Դու գնա, հայրիկ, ես էլի կլսեմ… «Կտրիճ Դավո»-ն եմ ուզում, մամ…
Դավիթ Բլեյանը հարազատներին հյուր։
Լուսանկարները՝ Առնոլդ Բլեյանի։
8.40 հեծանվով դուրս եկա, սիրում եմ շաբաթվա առավոտը. բաց-ազատ են փողոցները, քսան-քսաներկու րոպեն ինձ բավարար է՝ հեծանվով Հիմնական դպրոց հասնելու համար… Փողոցի վրա, դպրոցին հարող մուտքից աջ, նոր հարևան ունենք, նորաբաց խանութ-սրահ է միրգ-բանջարեղենի… Տիրուհին ինձ համար հատուկ գաթա է թխել Քյավառի՝ իմանալով իմ թուլությունը… Օրն այսպիսին եղավ մինչև վերջ՝ կրթահամալիրի Քոլեջում նախակրթարանի ծնողների ակումբի մեկնարկն էր. ծնողներն ինձ բռնեցին, մայրս կասեր, ուղիղ եթերում այնքա՜ն գովեստ հնչեց մեր մանկավարժության մասին… Ես էլ՝ մեջը…
Դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբը գնացել է կենդանաբանական այգի։
Լուսանկարները` Կարինե Խառատյանի։
Տան ճանապարհին ինձ կանգնեցրեց ավտոկայանի մոտ մի երիտասարդ կին՝ ուզում էր ինձ հետ նկարվել, հետո՝ մի միջահասակ զույգ՝ մանկավարժական խնդրով, հետո՝ մի մեծահասակ, հրապարակի մոտ, կառավարական շենքի մայթին.
— Ուզում էի մոտիկից նայել Աշոտ Բլեյանին, չես ծերանում…
— Տարիքն ի՞նչ է, եղբայր,- արձագանքում եմ հեծանվից,- որ մարդ տարիքից ծերանա…
Հետո Վերնիսաժի մոտ ինձ սուրճ առաջարկեցին, ես ընտրեցի ինքնաշեն սեղանին դրված խնձորը… Երևանում, մարդկանց մեջ, այսպես մարդավարի՝ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում, ինչպես ողջ շաբաթ օրը տանը, կրթահամալիրում, ինչպես դրա նախորդ օրը սեբաստացիների խմբի հետ՝ Ուրցաձորում, Ուրծի լեռներում…
«Վահան Ասատրյան» բասկետբոլի մրցաշար կրթահամալիրում։
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի։
Հիմնական դպրոցի տանիք բարձրացա. հարթ տանիքի մասնակի նորոգումը վարպետ Համլետը, թվում է, բարեխիղճ է արել, ու տանիքը ձյանը, անձրևին ու հալոցքին պատրաստ է, չի վախենում… Տանիքը լավ հարթակ է Արարատի համար, ափսո՜ս, օրն այն չէ… Արևային տաքացուցիչների համար պատրաստ տարածք է՝ հենց հիմա էլ կարելի էր սկսել տեղադրումը… Ես շենքի պարագծով քայլում եմ և ուշադիր բարձրից զննում դպրոցական բակի, այգեգործական աշխատանքների վիճակը… Որքա՜ն գործ արվեց վերջին երեք տարում ևˊ էքստերիերում, ևˊ ինտերիերում… Ոչ ոք ինձ չի խանգարում, սիրում եմ շաբաթ օրերը, ու կաբինետ առ կաբինետ անցնում եմ դպրոցով… Փառավորվեցի: Սրբուհի Աղաբաբյանը, Գոհար Բալջյանը, Շամիրամ Պողոսյանը արժանի-հմայիչ եռյակ են կազմում դպրոցի ղեկավարների՝ էստաֆետով փոխանցեցին գործը շարունակական… Մեր հեղինակած կրթական ծրագրով ի՜նչ ակնհայտ ներառող՝ բաց-թափանցիկ-հետաքրքիր, լուսավոր-հիգիենիկ միջավայր դարձավ Հիմնականը՝ ներսով-դրսով: Եվ երբ հեծանվով, ավանդական գաթան ճաշակած, վերադառնում էի Մայր դպրոցով, Նոր դպրոցով, Արհեստագործականով, Գեղարվեստով՝ աշխատանքային կանգառներով մեդիակենտրոն, արդեն պարզորոշ գիտեի, որ «Երեսուն տարի Բանգլադեշում» նախագիծն ենք դպրոց առ դպրոց, որպես հեղինակային կրթության տարածքներ, ներկայացնելու «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին»…
Դիմանկարներ։
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։
Մեդիակենտրոնում, սուրճի-խաղողի սեղանի շուրջ (ո՜նց էլ համատեղում ենք սուրճն ու խաղողը, և ինչո՞ւ. և դեռ զարմանում եմ սուրճի ու ծխախոտի անբաժանելության վրա) Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի հետ այնքան հե՜շտ եղավ նոյեմբերի մեր տոնը կազմակերպական-բովանդակային ձևի բերել. տոնին նախապատրաստության այս քսան օրը բավարար է մեր կրթական օբյեկտներին՝ իրենց գլխին եկածով, առօրյայով ու զարգացման նախագծերով՝ որպես բոլորիս միավորող անհրաժեշտ ստեղծական աշխատանք, տոնականություն հաղորդելու…
1980-ին, երբ Երևանի պետհամալսարանի հասարակական-քաղաքական գործչի կարիերային հրաժեշտ տված՝ Երևանի թիվ տասը դպրոցում հայագիտական ուսուցման ծրագրերի հանրայնացմանն ավելի ու ավելի թափ էի հաղորդում, ողբերգականորեն զոհվեց Մուշեղ Գալշոյանը… արձակագրի համար ուժերի ծաղկունքի շրջանում: Պատմել եմ՝ այդ շրջանում ես հայագիտական կրթության՝ ինձ համակած գաղափարների համար գործընկերներ էի հավաքագրում խանդավառ՝ ամեն մի հնարավորություն օգտագործելով, ինտենսիվ հանդիպելով ժամանակի հայտնի գործիչներին, անանուններին… Մուշեղը, իհարկե, այդ շարքում էր, բայց նրա հետ հանդիպումը կայացավ… նրա մահից հետո: Կարող էր այլ կերպ լինել. ոչ միայն իր կենդանի ազդեցությունը կունենայի, այլև մեր հանդիպումը կարող էր խափանել չարի նախագծածը… Մի բան հաստատ է, որ 1980-1984-ին ինձ բնորոշ թափով-հափշտակությամբ ես կարդացի-կլանեցի երևի ամեն ինչ՝ հրապարակած-չհրապարակած, որ դուրս էր եկել Մուշեղի գրչի տակից, որ գրվել էր Գալշոյենց Մուշեղի մասին, հայտնաբերեցի «էրգիրը»՝ նրա ծննդավայր Կաթնաղբյուրով, մարդկանցով, դարձա նրա մեծ ազգուտակի հարազատ անդամը…
Միջավայրի ձևավորման աշխատանքներ Քոլեջի նախակրթարանում։
Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի։
Անի Հովհաննիսյանը մեր, իր զուլալ-ունակ վիճակով, փորփրեց մի ո՜ղջ շրջան, ես Մուշեղի պահանջը, զորեղ կարոտն ունեցա… Հուզվեցի, Անի, Աբրահամ Հովհաննիսյաններ, Հովհաննիսյաններ-Մանուկյաններ… Մկրտիչ հայրիկ ու Մարիամ մայրիկ, Մարզպետ Գալշոյան, երախտահիշատակ Սպարտակ եղբայր… «Կարոտ զորեղ բան է, ձգուկ»… Ես ուզում եմ այցելել Մուշեղին՝ Կաթնաղբյուր։ Մենակ, դատարկ հո չե՞մ գնա: Օգնեˊք ինձ, միացեˊք ինձ: Սկսենք «Մուշեղ Գալշոյան» ուսումնական նախագիծը՝ իմ առաջարկով, իմ աջակցությամբ… Ես ուզում եմ լինել նաև իմ եղբայր Աբրահամի այգում, ուզում եմ քայլել իմ հասունության մի շրջանի ճամփեքով… Մուշեղը հիմա իմ կարիքն ունի, ես՝ Մուշեղի…
Երկու գույն, երկու գետ միասին…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի ֆեյսբուքյան էջից։
Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#478