Որն է ճանապա՞րհը… Ծով դառնալը։ «Պետք է ծով լինել, որ կեղտոտ հոսանք ընդունելիս մաքուր մնանք, որ կեղտոտվելուց հետո էլ մաքրվենք»,- հետևելով Ֆրիդրիխ Նիցշեին՝ mskh.am-ի «Շողակն» ամսագրով ապսպրում է մեր Անի Ջանոյանը։ Մեղքերը քավել՝ մեղքերը խոստովանել, ինքնամաքրվել… Մեր կրթահամալիրը ծով չէ, ի՞նչ է… Ահա Ստեփանավանի երկու գրադարանավարների անմիջական պատումը մեր ծովի իրենց ընկալումից. ինձ հուզեց, ինչպես կրթահամալիր ստեղծած թ. 183 դպրոցի փոխտնօրեն Ամալյա Գրիգորի Արիստակեսյանի այցը կրթահամալիր, նրա հետ Մայր դպրոցում իմ շրջայցը…
— Ашот Шамхалович, прямо как на море… Как хорошо себя чувствую! Очищаюсь…
Իսկ ութսունն անց մեր Ամալյա Գրիգորևնան եկել էր առաջին անգամ՝ քսանհինգ-քսանվեց տարվա բաժանումը թռիչքով հաղթահարած, ու ի՜նչ լավ էր արել… Մենք էլ նրան կայցելենք, նրա հյուրասիրությունն ու հուշերը կվայելենք, նրա արխիվը կթերթենք։ Կրթահամալիրում հիմա չաշխատող, բայց կրթահամալիրն իրենց հուշերի մեջ պահող ընկերների հետ կապի նորոգում-պահպանումը կարող է, չէ՞, արհմիութենական կազմակերպության նոր կոմիտեի ու նախագահ Հերմինե Անտոնյանի հոգածության առարկա դառնալ…

Ամալյա Գրիգորևնայի հետ Մայր դպրոցում:

Ավագ դպրոցում ընդհանուր պարապմունքի՝ Վահրամ Թոքմաջյանի, մեր շրջանավարտների ու գիտակների խմբի  մեկնաբանությունը ծովի գրավչություն ուներ՝ դրսևորելով Միջին-Ավագ դպրոցների առավոտյան ընդհանուր պարապմունքի, որ ծովի է նմանվում, մակերեսին հաճախ մնալու անթույլատրելիությունը։ Ծովը խորք ունի, մեզ համար պահած գանձեր ու հնարավորություններ, որ խիզախում է պահանջում ճանապարհորդի, հետազոտողի համառ հետևողականություն։ Մտեք ծովը, լսո՞ւմ եք, սեբաստացիներ բոլոր տարիքների… Ծովը, որ մեծ է, խորն է, տարերք է…

Արարատը Գեղարվեստի դպրոցի դիտակետերից: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Из песни слов не выкинешь… Ջանի Ռոդարին իր հայտնի  «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքով, իր կենսափորձով ցույց է տալիս, որ որևէ բառի իմաստ մինչև վերջ սպառելը դժվար է ու երկար աշխատանք-իմացումի հաճույք։ Ես շարունակում եմ՝ կոմիտասյան երգերի՝ մանուկներին ուղղված տեքստերի վրա ուղղելով բոլորիդ ուշադրությունը։ Այսպիսի վերացնող-տանող երաժշտությունը թույլ չի տալիս որպես առանձին ստեղծագործություն վայելել երգի բառերը, բառային բանաստեղծությունը, խոսքը… Չգիտեմ՝ որ դեպքում է սկզբում խոսքը եղել, հետո ինչպես են գտել իրեն, բայց հենց մեր կրտսեր, միջին, ավագ դպրոցներում բավարար ուշադրություն դարձնո՞ւմ ենք մեր դասական երաժշտության խոսքերին՝ անկախ նրանից՝ հեղինակային են դրանք, թե ժողովրդական… Պետք է սկսել գուցե հենց դրանից։ Արմինե Թոփչյանին խնդրեցի ինձ ուղարկել Գեղարվեստի ստեղծած «Կոմիտաս. ճանապարհ» սկավառակի երգերի բառերը, բանաստեղծությունները։ Հիմա դրանք իմ էլեկտրոնային փոստում են. ու ես սկսում եմ իմ հետազոտությունը, թափանցումը երգի բառային-խորքային աշխարհի շերտերը… Սա էլ մի ծով է, զուլալի-զարմանքի-գյուտի իսկական ծով, ինչպես երաժշտությունը… Միացեք, մտնենք այս ծովը, մաքրվենք, հիանանք այս ձայների բանաստեղծությամբ… Սա մի կրթական ծրագիր է, սրանով կարելի է և՛ լեզու՝ կենդանի-զրնգուն լեզու սովորել-հղկել-զարգացնել, և՛ հայրենագիտություն, և՛… շարունակեք… Խնդիրը կգա ինչպես-ին… Առանց Ռոդարու, գոնե կրտսեր դպրոցում, վտանգավոր կլինի էս ճանապարհն անցնել սկսել…

Այսօր Նոր դպրոցի նախակրթարանում ծնողական ակումբի հավաք էր: Լուսանկարները՝ Նելլի Արղությանի: 

Ինտերնետը, որ տեղով մեկ ծով է, օվկիանոս, շարունակ մենք պղտորում-աղտոտում ենք, մենք մաքրում մեր բերած մտքի-ճաշակի զուլալ շիթերով։ Հիմա՝ գիշերվա-առավոտվա ժամը չորսին իմ էլփոստով ստացած մի աղբադույլի հետևանքներն եմ փորձում հաղթահարել… Ու մեկ էլ՝ Դավիթն է իմ կողքին. ո՞նց հատնվեց.
— Պապ, ուզում եմ սկզբից կրկեսի մասին խոսենք, հետո պատշգամբից աստղերին նայենք, հետո ինձ համար «Պոչատը» պատմես, հետո…
Ծով աշխարհով մարդ է մեր հերոսը ու ինձ մեկ ժամում մաքրեց, խաղաղեցրեց, հետո ննջեց հանդարտ, ինչպես ծովն է կարողանում։ Ու ես ինքնավստահ մոտեցա իմ գրասեղանին, իմ գիրն այս ձեզ պատմելու։ Ի՞նչ մնաց 500-րդին, իմ օրերն էլ՝ որպես շիթեր, ծով տալի՞ս են, ծով դառնո՞ւմ են… Շատ կուզեմ։

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դեռ քնած են, բայց ես հաստատակամ եմ՝ առավոտ ութին հեծանվով եմ դուրս գալու, հերիք ինչքան մեքենայի ուղևոր-ուղեկցող-հոգատար հայրիկ աշխատեցի… Հաշիվները խառնած Արմինեն հիշեցնում է.
— Տիար ջան, դու չգիտե՞ս օրը էդքան դաս էդ սիրելի գժերի հետ անցկացնող, քո մեծացող պահանջները կատարող ուսուցչի օրը, էն խելառ Դավթի ու քո խնամքի բեռն էլ հետը, բա էս տան լվալ-էփել-թափելը… Բա քո մեղքը չեմ գալի՞ս… Գոնե տղուդ արթնացրու, նոր գնա, ինձ չի լսի, ո՞նց տեղից հանեմ, հասնեմ դասերին…
Սրանով մեր ուսուցչուհիներն իմացա՞ն, որ մեր տանը իրենց շահերը պաշտպանող կա…
Որոշում ենք լուծում գտնել վիճակից ու փոխել տեղերը. ես դառնում եմ «ուսուցիչ մայրիկ», ինքը՝ «տնօրեն հայրիկ»։ Բարձր-բարձր, արդեն Դավթի համար, լուրջ-լուրջ խոսում ենք, որ Դավիթը տեղից թռչի, անկողնուց իջնի, աչքերը բացի… Մսրա Մելիք է նորից կտրել… Մեկ էլ.
— Նորից ապուշացա՞ք… երկուսով… Ձեր գործին մնացեք։ Ես չեմ ուզում՝ պապան մամա դառնա…
Լացակումած արդեն՝ քշեց, հասավ բազմոցին բարձրացավ.
— Չե՛մ ուզում ուրիշ մամա… Տո ապուշ հայրիկ, իմ սպիտակ շոկոլադը սառնարանից բեր՝ ուտեմ, գնա…
Ու մե՜ծ, հոգատար՝ եկավ, ինձ հրաժեշտի պաչիկ տվեց … շոկոլադն ուտելուց հետո… Ու ես սլացա իմ հեծանվով Բանգլադեշ…

Կրթահամալիրի փակ լողավազանում Նոր դպրոցի 5 տարեկանների լողուսուցման հերթական պարապմունքն է: Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:

#469

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լուծումներով վերադարձ

Տեսանյութս կիրակի առավոտվա նպատակային քայլքից է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի հյուսիսի տանից դեպի հարավ․․․ Հետաքրքրությո՞ւն առաջացրի թրթուռների նկատմամբ, որ Դավիթ Բլեյանի դասընկերուհի, սրատես Էվան վերադարձին նկատեց․

Օրվա գիր է՝ «Զարկ բոլոճիկ»-ով, Սյուզի Մարգարյանով ու սիսեռի հատիկով…

Շաբաթ, գիշերը 3:30, ես իմ օրն սկսեցի mskh.am-ում, «ԱրտԲզզան» ռադիոյի հետ, երևանյան փողոցներում թափառումով… Ձայնագրիչը որակյալ, թեթև հարմար գործիք է մարդկանց հետ այսպես անմիջական-մտերմիկ զրուցելու, կարդալու, կարդալ տալու… Այս անգամ՝ Չարենց։ Հաճույքով

Անունդ փարոս եղավ իմ կյանքում…

Անունդ թող փարոս լինի ինձ  Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան  Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես