Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի տանիքները ճամբարատեղի դարձնելու ռեժիսուրան ինձ զվարճացրեց…. Տանիքները դարձան պլեներային հարթակներ, արագ նետվեցին-կառուցվեցին միջտանիքային ուղիներ, և բանգլադեշյան մեր պլեները՝ իր աշխատանքի ճամբարներով Կենտրոն տեղափոխվեց՝ որպես արտագնա ճամբար…. Աշխատանքային ջոկատներն սկսեցին տեսքի բերել-նորոգել տանիքները (ի՜նչ տխուր տեսարան ես տեսա), նկարիչ-տեխնոլոգ-դիզայներները սկսեցին գույն ու նոր ձևեր հաղորդել դրանց:
Ես քիչ ժամանակ ունեի. ինձ ժամադրել էին Կենտրոնի Կասկադում սպասող Սյուզի Մարգարյանը, Արմինե Թոփչյանը, Կարինե Բաբուջյանը… Թբիլիսցի մեր բոլոր վրացիների, Երևանի հայերի ամենասիրելի վայրում՝ Կասկադում, վաղուց չէի եղել. մարդաշատ էր, այնքան, ինչպես մեր Մարմարյա սրահը, հետաքրքիր… ռեժիսուրայի համար։
Դպրոց-պարտեզի ճամբարականներն ունեն իրենց խորհրդանիշները:
Լուսանկարները` Զարուհի Առաքելյանի:
Ժամանակ շատ չունեինք ու արագ գործի անցանք՝ բեմադրեցինք հունիսի 10-ի երեկոյան ժամը 8-ի մեր սեբաստացիական ճամբարային հավաքը… Պատմելը՝ պատմեմ, բայց տեսնել է պետք, հազար ու հազար տարատարիք սովորող-ուսուցիչ-ընտանիք-շրջանավարտի տեղավորել է պետք…. Բոլորիս տեղ կա՝ հեծանվորդին ու ոտավորին, պարողին ու երգողին, ծափահարողին….
Փորձեցինք բո՜լ, ծիծաղեցինք, նոր գույն ու համ հաղորդեցինք Երևանի Կասկադին՝ Բանգլադեշի կասկադներից հենց նոր իջածներս….
Հետո ինձ շրջապատեցին Թբիլիսիի մեր վրացիները. լա՜վ պատմեցի, քեֆս տեղն էր: Առավոտյան՝ Գեղարվեստում, հետո՝ Քոլեջում ու Նոր դպրոցում, Մարմարյա սրահի մեր ճամբարային տոնախմբության ժամանակ հասցրել էի մարդկայնորեն կապվել վրաստանցի մեր նոր գործընկերների հետ, որ առաջին անգամ էին Հայաստանում, Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում… Շա՜տ տպավորված էին… Դիմացը, Թբիլիսիում իրենց են սպասում քննությունները, ոնց որ մայիս ամսվա վերջին օրերը մեզ մոտ, հիմա այնտեղ զինադադար-արձակուրդ է, ու իրենք չեն էլ ուզում վերադառնալ: Է՛, մնացե՛ք:
Հետո աղջիկներով իջանք Կասկադից, անցանք Օպերայի հրապարակով, կանգառը՝ Կարապի լճի ավազանը… Հավանեցի. պլեներային գործի ներկայացման լավ հարթակ է, ու թե այս տարի (տարին նոր-նոր սկսվել է, դեռ չի էլ կիսվել) չվերադառնանք, 2017-ի Բանգլադեշի պլեների արդյունքները մայրաքաղաքին ներկայացնելու վայր կդարձնենք…. Ինքնին մի մեծ նախագիծ՝ իր ռեժիսուրայով….
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
“Achtung, Achtung”…. Ի՜նչ լավ է, որ մեր Զարուհի Բաբաջանյանը մայրիկական արձակուրդից վերադարձավ իր երկուսուկես տարեկան հաշվետվությամբ ու գերմաներենի ուսուցման նախագծերի վճռականությամբ… Սպասում էի…. Ուրիշ են մեր Զառաները՝ նաև Առաքելյան, Ոսկանյան, Ավետիսյան, անգամ Զարինե ունենք Պապոյան…. Ես, գիտե՞ք, Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցում քանի՜ տարի գերմաներեն այդպես էլ չսովորեցի. Զարուհի չունեի… Անցնում էինք անցնելու համար՝ քանի՜ հոգի, քանի՜ ժամ, անսեր-անարդյունք… Հունիսյան ուսումնական ճամբարը, ամառային ուսումնական նախագծերը նաև գերմաներենը վերսկսելու հարմար հարթակ են:
Խնդրեմ, մեր Արեն Շահնազարյանն էլ հասավ Գերմանիա, Բրեմենի համալսարան՝ գերմաներենի քննություն հանձնելու, գերմաներեն լավ սովորելու, իր մասնագիտական կրթությունը շարունակելու համար…..
Քոլեջիկները:
Լուսանկարները՝ Սոնա Աբրահամյանի:
Դավիթ Բլեյանի Ադրիանայի հետ հանդիպումը այսպես չէի բեմադրել. աղջիկն ինձ անակնկալի բերեց… այսքա՜ն մոտ: Դավթի խմբում միշտ աղջիկները մյուս գալիս ծածկում էին… Որպես Դավիթ էի ես, ու զարմացա-հիացա, խոսելու ընդունակությունս կորցրի. պատմելու բան չէ… Ահա՝ ինչու Դավիթը չի պատմում, մատով է ցույց տալիս… Հիացած, մատով՝ իր հիացումին… Հիացական Ադրիանա… Օրվա մեջ քանի՜ հիացում եմ ես ունենում մարդկային, քանի՜ խորը տպավորություն մարդկանցից, անհատական, երբեմն էլ խմբով, ինչպես երեկ Մարմարյա սրահում՝ Արինա-Էլինա քույրիկների ստեղծած բալետային նորդպրոցականներով, ինչպես երեկոյան Սյուզիով, Բաբուջով, Արմինեով՝ երեք լավ ընկերներով և՛ անհատական, և՛ խմբով։ Հարազատներով ինձ այնքա՜ն ուրախ ուղեկցեցին Կասկադից տուն: Երևանի կենտրոնում այնքա՜ն ծիծաղ, խաղ, տեսարաններ բեմադրեցինք… որ Գ. Նժդեհի նոր արձանն էլ մեզ չսարսափեցրեց…
Դպրոց-պարտեզի ճամբարային ուրբաթը։
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:
Եվ ամառային ուսումնական երկու նախագիծ տնօրենի փոստից։
Ջուլի Սիմոնյանի
Ողջույն, տիար ջան:
Ուզում եմ աշխատել կրթահամալիրում: Կազմակերպչական ջիղն ունեմ, պարում եմ, հեծանիվ եմ քշում, լողում եմ, կարող եմ իմ շուրջը հավաքել սովորողներին:
Գիտեմ ինչ է հարկավոր սովորողին, քանի որ ինքս դեռ չեմ դուրս եկել սեբաստացի սովորողի կարգավիճակից: Եթե համաձայնեք, կուզենայի աշխատել 9-րդ դասարան տեղափոխվող սովորողների հետ: Կկազմակերպենք ճամբար «Ժայռում», այդտեղից կսկսեմ նրանց հետ աշխատել, ամռանը նույնպես պատրաստ եմ ճափորդելու, ճամբարներ գնալու, երևանյան պարուսուցման դասեր կազմակերպելու, դրանով կրթական ծրագիրը, ամառային ճամբարները տարածելով:
Ես նախատեսում եմ սովորել հեռակա, որպեսզի աշխատեմ, իհարկե ուսումը կարևոր է, բայց համարում եմ, որ պետք է աշխատելով իմ ուսման վճարը տամ:
Սիրով՝ Ջուլի
Ջուլի ջան, դու շարունակում ես աշխատել հենց հիմա, ամառային նախագծերով, դրանց ծավալումով, զարգացումով։ Ես որոշեցի ստեղծել ամառային ուսումնական նախագծերի սպասարկման ջոկատ, առաջարկում եմ այս պահից ստանձնել այդ ջոկատի ղեկավարի պարտականությունները։
Անահիտ Մելքոնյանի ջոկատն Արմաղան է բարձրանում։
Արինա, Էլինա Հակոբյանների
Հարգելի պարոն Բլեյան, մենք և մեր ամբողջ ընտանիքը հիացած ենք… Կարծում ենք, որ հրաշալի միտք է պարային լող և պար, անիվների վրա Ձեր գաղափարը։ Մենք պատրաստվում ենք իրագործել այն, խնդրում ենք շաբաթական մեկ ժամ մեր պարի խմբին ջրային գոտի տրամադրել։
Հարգանքով՝ Արինա և Էլինա Հակոբյաններ։
Ձեր երկրորդ նախաձեռնությունն է։ Առաջինը, դե, երեկ Մարմարյա սրահում տեսաք՝ ինչ ընդունելության արժանացավ։ Իսկ այս նախագծի համար մեր բանգլադեշյան հինգ ծով-ծովափերից, ջրային գոտիներից դուք ընտրեք և սկսեք։ Ամառը այսպիսի նախաձեռնությունների համար է։
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
#691