ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
2004-2008 թթ զարգացման ծրագրից
«Ուսուցողական նոր միջավայր։ Անհատականացված ուսուցում։ Ստեղծողների դպրոց» կրթական ծրագիր
Իրավիճակի նկարագրությունը
Այսօր գործող պետական հանրակրթական դպրոցը ո՛չ ապագային է ուղղված, ո՛չ ներկային. այն անցած ժամանակի՝ ավանդական դպրոցի իներցիան է նոր ժամանակում։ Այդ դպրոցի օրինակելի, այսինքն՝ առավել հարմար աշակերտի տարբերակիչ հատկանիշը ուսուցչի պատմածը մտապահելու և գնահատական ստանալու համար մեխանիկորեն վերարտադրելու կարողությունն է համարվում։ Այսօրվա դպրոցը «Ժամային ուղղիչ տուն է», որտեղ ուսուցչի դերը պետական ծրագրերով որոշված գիտելիքները «փաթեթավորված» վիճակում բարեխիղճ փոխանցելն է՝ այս դասին այսքան գիտելիք այս առարկայից։ Տեսականացված ուսուցման միջոցով սովորողին է փոխանցվում հիմնականում կենսական պահանջարկ չունեցող գիտելիք, իսկ իրական կյանքը գնում է իր հունով։
Գործող պետական դպրոցի ուսուցիչն ունի ազատություն, որի իրագործումից ինքը վախենում է. ուսուցիչն օգտվում է հանրակրթության վիճակի, կրթության բարեփոխումների (փոփոխությունների) որակի համար պատասխանատվություն չվերցնելու ազատությունից։ Այսպես մասնագետների անգործություն է հաստատվել, և կրթության բարեփոխման (փոփոխության) գաղափարը միայն դրսից է՝ միաժամանակ բոլոր դպրոցների համար, բարեփոխման ծրագրի իրագործման ընթացքում ուսուցիչը նորից չի մասնակցում նրա շտկմանը, լրացմանն ու ամբողջացմանը։
Գործող դպրոցական կազմակերպումը, ուսուցիչն ու երեխան հարկադրված են ենթարկվելու դպրոցական ծրագրերի պահանջներին, ծրագրեր, որոնք կոնկրետ երեխայի (երեխաների խմբի) համար ուսուցիչը չի ստեղծել, ծրագրեր, որոնք կոնկրետ երեխայի (երեխաների կամավոր ընտրված խմբի) պահանջմունքների բավարարման իրագործումներ չեն։
Ուսուցիչը վճարվում է միայն դասատվության համար, իր մանկավարժական աշխատանքի ընթացքում նա հետազոտական աշխատանք չի կատարում։ Ուսուցիչը մասնագիտական զարգացմամբ զբաղվում է դեպքից դեպք, ոչ որպես անընդհատ ինքնակրթություն, այլ որպես վերևներից («դրսից») պարտադրված միջոցառում։ Գործող դպրոցում երեխայի հետաքրքրությունների (նախասիրությունների) մասին ընդամենը խոսում են որպես մանկավարժական պրոբլեմի. մանկավարժական մեթոդի հարցը չի հանգում երեխայի ուժերի և հետաքրքրությունների զարգացմանը։
Սա մենք անվանում ենք «սպառողների» դպրոց և փաստում՝ սպառողների դպրոցը մեռած է, և անիմաստ է ձևացնել, թե դեռ կենդանի է, ու հնարավոր է նրան փրկել։
Նոր, կենդանի դպրոցը միայն ստեղծողների դպրոցը կարող է լինել, դպրոց, որտեղ ստեղծագործ անհատականության զարգացումը, նրա հետաքրքրությունների բավարարումը առաջին տեղում կլինեն։ Դպրոց, որտեղ ուսման համար ամենալավ շարժառիթը հետաքրքրությունն է, որը սովորողի մոտ առաջացնում է ուսումնասիրվող նյութը, որտեղ ինչ-որ բան ուսումնասիրում են այն ինքնուրույն հայտնաբերելու ճանապարհով, իսկ լարված մտավոր գործունեության համար լավագույն պարգևը այդ գործունեությունից ստացած բավականությունն է։ Դպրոց, որտեղ մանկան կյանքը վերացական հասկացություն չէ (30 հոգիանոց կոլեկտիվի անդամ), այլ առանձին — առանձին երեխաների կյանք, որտեղ ուսուցչի համար մեկ իրական դրսևորում կա՝ ապրող անհատը։ Դպրոց, որտեղ կրթվողները միմյանցից անջատ դիտվող առանձին անհատներ են, և երեխայի հիմնական պահանջմունքները (հետաքրքրությունները), դրանց զարգացումն ու պահպանումը կորոշեն երեխայի և՛ ֆիզիկական, և՛ մտավոր աշխատանքը, ուսումնական առարկաններն ու դասընթացները, հմտությունների և գիտելիքների ձեռքբերման համակարգը, ուսուցման եղանակները։ Սա ենթադրում է կրթահամալիրի, նրա կազմում գործող հանրակրթական ու նախասիրական դպրոցների, մանկավարժական ուսումնարանի, ուսումնական կենտրոնների (մասնաճյուղեր), կրթահամալիրի իրականացրած կրթական ծրագրերի մանկավարժական, տեխնիկական և նյութական (ֆինանսական) նոր կազմակերպում։
Կրթական ծրագրի նպատակը
«Ուսուցողական նոր միջավայր։ Անհատականացված ուսուցում։ Ստեղծողների դպրոց»։ Սրան է կոչված կրթական ծրագիրը, «Նոր դպրոց» պայմանական անվամբ։
Մենք գիտենք, որ ավելի հեշտ է նոր դպրոց ստեղծել, քան փոխել եղածը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական միավորումում (այսուհետ՝ կրթահամալիր) 2001թ. սեպտեմբերից աշխատում են «Նոր դպրոց» կրթական ծրագրի (այսուհետ՝ կրթական ծրագիր) նախապատրաստման վրա։ Ստեղծվեց ծրագրի հիմնադրույթների փորձարկման հաստատությունը՝ մոդել-դպրոցը, կրթահամալիրի հետազոտական-մեթոդական կենտրոնում ստեղծվեց կրթական ծրագրի հիմնադրույթներով զբաղվող խումբ։ 2003թ. սեպտեմբերից կրթական ծրագրի մշակումն ու իրագործումը դարձավ կրթահամալիրի բարեփոխման ծրագիրը։
Կրթական ծրագիրը կրթահամալիրում 1987թ. մշակվող-փորձարկվող կրթահամալիրին կանոնադրությամբ արտոնված հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության իմաստավորումն է, դրա արդիականացումն ու արդյունավետ իրագործումը, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ կրթահամալիրի ազատության ու պատասխանատվության իրագործումը։
Կրթական ծրագիրը՝ որպես համակարգ, կապահովի հայաստանյան նոր իրականությանը համապատասխանող՝
- մինչև 5 տարեկանների բազմաֆունկցիոնալ, նոր որակի մանկապարտեզի գործարկումը,
- 5 տարեկանների մեկամյա կրթական նոր ծրագրի ստեղծումն ու իրագործումը (դպրոց-պարտեզ),
- 2-ից 12 տարեկանների կրթության նոր հաստատության՝ դպրոց-մանկապարտեզի գործունեությունը,
- 6-ամյա նոր կրտսեր դպրոցի կայացումը,
- ընդհանուր և մասնագիտական դասընթացներ ապահովող նոր որակի քառամյա (հետագայում 6-ամյա) միջնակարգ ավագ դպրոցի գործունեությունը,
- նախադպրոցական դաստիարակության, 5 տարեկանների դպրոց-պարտեզի և 6-ից 12 տարեկան երեխաների դպրոցական կրթության ծրագիրը յուրացրած ուսուցիչների պատրաստման մանկավարժական հաստատության գործունեությունը։ ՀՀ կառավարությունը 2003թ. փետրվարի 27-ի թիվ 361-Ն որոշմամբ վերակազմակերպեց կրթահամալիրը։ ՀՀ ԿԳ նախարարի 25.04.2003թ. թիվ 259-Ն հրամանով հաստատագրված կրթահամալիրի կանոնադրությունը 28.04.2003թ. պետական գրանցում ստացավ։ Կրթական ծրագրի հավելվածով 1-ով ներկայացված կրթահամալիրի առարկան ու նպատակները, խնդիրները, կառուցվածքը։ Հավելված 2-ով ներկայացված է Տեղեկանք կրթահամալիրի մանկավարժական նորարական գործունեություն անցած 15 տարիների (1989-2004թթ) մասին։
Կրթական ծրագրի էությունը
Կրթական ծրագիրը ներառում է հանրակրթությունը երկու աստիճանակարգով՝ 6-ից 12 տարեկանների կրտսեր դպրոց (1-ից 6-րդ դասարաններ), քառամյա (հետագայում 6-ամյա) ավագ դպրոց՝ 7-ից 10-րդ դասարաններ (հետագայում 7-ից 12-րդ դասարաններ)։ Կրտսեր դպրոցի կազմում գործում են (կարող են ստեղծվել) 2-ից 5 տարեկան երեխաների մանկապարտեզային խմբեր։ Հինգ-վեց տարեկան երեխաների համար գործում է դպրոց-պարտեզ, որտեղ իրագործվում է մեկամյա կրթական ծրագիր։ Կրտսեր դպրոցը 6-ամյա է. այն ներառում է տարրական ուսուցման 4 տարին և միջին դպրոցի 5-6-րդ դասարանները։ Կրտսեր դպրոցում սովորում է յուրաքանչյուր ոք, դպրոցի, ուսուցման ծրագրի իր ազատ ընտրությամբ։ Կրտսեր դպրոցը երեխայի ազատության, ինքնուրույնության, ինքնավստահության հաստատման, նրա նախասիրությունների բացահայտման, զարգացման՝ ինքնիրագործման դպրոց է, որտեղ 1-ին տեղում ստեղծագործելն է, երեխայի ստեղծական մղումի խթանումը։ Կրտսեր դպրոցի սովորողների նախասիրությունը կզարգացվի ինչպես խորացված ուսուցմամբ դասարանների, այնպես և երեխայի ընտրած նախասիրական պարապմունքների միջոցով (շաբաթական 4 ժամի սահմաններում)։ Ծնողի ցանկությամբ և նրա նյութական աջակցությամբ կարող են գործել փոքրաքանակ դասարաններ կամ առանձին ուս. պարապմունքներ կազմակերպվեն փոքրաքանակ խմբերով։
Ավագ դպրոցը կազմված է պարտադիր հանրակրթություն իրականացնող դասարաններից և մասնագիտացված դասընթացներից և ունի երկու մակարդակ՝ 7-8-րդ դասարաններ (12-ամյա դպրոցի դեպքում՝ 7-9-րդ դասարաններ) և 9-10-րդ դասարաններ (12-ամյա դպրոցի դեպքում՝ 10-12-րդ դասարաններ)։ Կրթական ծրագրով վարժարանը և արհեստագործական դպրոցը՝ որպես միջնակարգ կրթության ավագ դպրոցների տիպեր, հնարավորություն են տալիս 6-րդ դասարանն ավարտած երեխաներին և նրանց ծնողներին ընտրելու քառամյա հետևողական ծրագիր, խթանում են միջնակարգ կրթության հետագա տարբերակումը և համապատասխանեցումը աշակերտների անհատական կարիքներին ու պահանջներին։ Նախատեսվում է 2005-2006 ուսումնական տարվանից հիմնական կրթություն ստացած երեխաներից ձևավորել նախամասնագիտական միջին մասնագիտական ծրագրերով գործող ավագ դպրոցի դասարաններ։ Մինչ այդ կրթահամալիրը սահմանված կարգով կավելացնի 8-ամյա կրթության հիմքով միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունների քանակը։
Ավագ դպրոցի դասարանի ձևավորման կարգը դասարանը նախաձեռնողի կամ վարժարանի, արհեստագործական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։ Վարժարանում և արհեստագործական դպրոցում սովորողների և դպրոցի հարաբերությունները կարգավորվում են պայմանագրի հիման վրա։ Պայմանագրին կցվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած դասարանի աշխատակարգը, ուսումնական պլանը։
Կրթական ծրագրով ավագ դպրոցի կրտսեր դասարանները (7-8-րդ, հետագայում 7-9-րդ) կոչված են ապահովելու 12-14 (12-15) տարեկան երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը, սովորողների նախասիրությունների համապատասխան ապահովելու առանձին առարկաների խորացված ուսուցումը, իրագործելու նախամասնագիտական ուսուցում։ Ավագ դպրոցի կրտսեր դասարաններում ուսուցումը հիմնվում է 6-ամյա կրտսեր դպրոցում նրանց ստացած կրթության վրա, համարվում է դրա տրամաբանական շարունակությունը, բավարարում է սովորողների կրթական պատվերը։ Սովորողները կարող են սովորել ինչպես վարժարանային, արհեստագործական, այնպես և ընդհանուր միջնակարգ կրթության դասարաններում։ Սովորողների համար կրթահամալիրի խորհրդի սահմանած կարգով կարող է կիրառվել ուսուցման հեռակա, դրսեկության ձևերը։ Ավագ դպրոցի կրտսեր դասարանները կարող են գործել վարժարանի, արհեստագործականի, մանկավարժական ուսումնարանի կազմում, առանձին՝ որպես «Նոր դպրոցի» կրթական ծրագրի դասարաններ։ Ավագ դպրոցի կրտսեր (հիմնական դպրոցի ավագ) դասարաններում երեխաների և դպրոցի հարաբերությունները կարգավորվում են պայմանագրի հիման վրա։ Դասարանը հավաքում, պայմանագիրը մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում դասարանի ղեկավարը։ Ավագ դպրոցի կրտսեր դասարաններում շաբաթական 6-7 ժամ, իսկ ավագ դասարաններում մինչև 10 ժամ ժամաքանակով յուրաքանչյուր երեխա իր հետաքրքրությունները խորացնում է իր ընտրած մասնագիտացված դասընթացներում։
Մանկապարտեզի ու կրտսեր դպրոցականի կրթական ծրագրերը մշակելիս ուսուցիչները (դաստիարակները) որպես ելակետ ունեն Պիաժեի պնդումները՝ երեխայի զարգացումն է պայմանավորում ուսուցումը, և որ ինքնակարգավորումը մանկական հավաքանիի զարգացման հիմնական գործոնն է։ Մեր պարտեզում երեխան շարունակում է գործուն շարժվել, մեր պարտեզում մանուկը ոչ թե դպրոցին է նախապատրաստվում, այլ ապրում է իր լիրարժեք ինքնուրույն կյանքով։ Այս կերպ կյանքի առօրյա գործնական խնդիրները հեշտությամբ գլուխ բերող մարդ կդաստիարակվի։
Կրթական ծրագրի ավագ դպրոցի մշակումները նախատեսվում է կատարել 2004-2008 ուստարիներում։ 2004-2006 թ.թ. մշակվելու և փորձարկվելու են կրտսեր դպրոցի (դպրոց-մանկապարտեզի) կրթակարգը, առարկայական ծրագրերը, դասագրքերը, մեթոդական ուղեցույցները, ուսուցիչների, մյուս աշխատողների վերապատրաստման ուղեցույցները։
Մանկավարժական մասնագիտական կրթությունը, 6-ամյա տարրական կրթությունը և նախնական կրթությունը (նախադպրոցական դաստիարակությունը) կրթական ծրագրով փոխպայմանավորված են։ Կրթական ծրագրի իրագործումը ենթադրում է 2004-2006թ.թ. մանկավարժական ուսումնարանի (տնօրեն՝ Անահիտ Արնաուդյան) վերակառուցում, կրթահամալիրում 10 տարուց ավելի հաջողությամբ գործող «կլինիկական» մանկավարժական կրթության բարեփոխում, նրա համապատասխանեցում «Նոր դպրոց» կրթական ծրագրի պահանջներին, կրթական նոր ծրագրի՝ ուսուցչի պատրաստման քառամյա կրթական ծրագրի մշակում և իրագործում։ Կրթական ծրագրով կարող են աշխատել բակալավրի աստիճան ունեցող (համապատասխան վերապատրաստում անցած) մասնագետները։
Կրթական ծրագրում ընդգրկված մանկավարժական ուսումնարանի շրջանավարտ ուսուցիչները հատուկ կազմակերպված որակավորման արդյունքում ձեռք կբերեն բակալավրի աստիճան (տեղեկանքը կցվում է)։
Կրթական ծրագրի մոդել դպրոցում, գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցում, հիմնական դպրոցում և դպրոց-մանկապարտեզում, որպես կրթական ծրագրի նախապատրաստում՝ դիպլոմային աշխատանքներ են կատարում կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի) ավարտական 3-րդ կուրսի ուսանողները։
Կրթական ծրագրի դասընթացների և դասավանդման մեթոդների վերանայման նպատակով կխթանվի ծրագրում ընդգրկված դպրոցների և ուսուցիչների ինքնավերահսկումն ու ինքնագնահատումը։
Կրթական ծրագրի մշակման ու իրագործման ընթացքում դպրոցներն ըստ դպրոցի ուսուցիչների մասնագիտական մակարդակի, նախասիրությունների և ձեռքբերումների հնարավորություն կունենան ստանալու «առանձնահատուկ» դպրոցի կարգավիճակ։
Դպրոցի նոր կազմակերպումը պահանջում է որակյալ ուսուցիչների բարձր ձգտումներ ու ջանքեր, որոնք կրթական ծրագրով կգնահատվեն ու կպարգևատրվեն։
Կրթական ծրագրի շրջանակում վերջնական տեսքի կբերվի հանրակրթական դպրոցի արդյունավետ կառավարման նոր եղանակը։ Դպրոցների տնօրենները, ուսումնական քարտուղարները, տնտեսուհիները, դպրոցական շենքերի պարետները կվերապատրաստվեն ինչպես միասին, այնպես և առանձին խմբերով։
Փոփոխվող հասարակության պայմաններում կրթական ծրագիրը շարունակ հասարակական նոր պահանջներին համապատասխան պահելու համար կրթական ծրագրի ուսուցիչը ոչ միայն չի խուսափի սովորողների և նրանց ծնողների հետ երկխոսությունից, այլև կխրախուսվեն առկա դպրոցական (դասարանական) խնդիրների համատեղ լուծումը, նախաձեռնությունը, անգամ ռիսկի դիմելը՝ կրթության մասնակիցների՝ մտքերի ակտիվ փոխանակման, ինքնուրույն մտածողության որակապես այլ աստիճանի հասնելու համար։ Կրթական ծրագրի իրագործման ընթացքում և արդյունքում ծրագրին մասնակցող դպրոցները, դասարանները՝ որպես բնական կրթական համայնքներ, աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ավելի մեծ ազատություն կտան, ընտրության ավելի մեծ դաշտ, իրական պրակտիկ հնարավորություններ, ավելի հանդուրժող միջավայր կընձեռեն, միջավայր, որտեղ միշտ մեկից ավելի ճիշտ պատասխաններ կան։ Կրթական ծրագրի իրականացնողները համոզված են, որ ազատությունն ու պատասխանատվությունն անբաժան են. կրթության մասնակիցների ազատության լիարժեք իրագործումն է հենց կրթական ծրագրի ստեղծման և իրականացման մեթոդը։ Որպես բնական կրթական համայնք գործող դպրոցի և դասարանի պայմաններում կրթական ծրագրի բոլոր մասնակիցների սխալները թույլատրելի են, իսկ բացասական հետևանքները՝ ուղղելի։ Կրթական ծրագրին մասնակից դպրոցի տնօրենը, ուսուցիչը կրթական ծրագիրը որպես մանկավարժական խնդիր ինքնուրույն լուծելու, իր իրագործածի արդյունքների համար դասարանի, համայնքի առաջ անձնապես պատասխանատու լինելու համար կունենան անհրաժեշտ ազատություն, իսկ դպրոցը, դասարանը կգործեն որպես բնական համայնք՝ օրգանապես կապված հասարակությանը։ Ազատ ու պատասխանատու ուսուցիչը սովողներին այնպիսի ուսումնական փորձառությունների հնարավորություններ կտա, որոնք թույլ կտան սովորողին ոչ միայն իմանալ, այլև զգալ, որ ազատության իրագործման դրսևորումը պատասխանատվություն ստանձնելու ազատությունն է։
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով նախատեսվում է կրթական ծրագիրը ներդնել (փորձարկել) «Նոր դպրոց» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված այլ դպրոցներում։ Դրանք կարող են լինել դպրոցներ, որոնք «Կրթության որակի և համապատասխանության» վարկային ծրագրով ընտրված են որպես ուսուցիչների վերապատրաստման դպրոց-կենտրոններ, ինչպես նաև այն դպրոցները (մանկապարտեզները), որոնք կբավարարեն ծրագրի մասնակից դպրոցին ներկայացվող պահանջներին։
Կրթական ծրագրի առաքելության մասին
Կրթական ծրագիրը ներառում է բոլոր երեխաներին։ Մենք, ինչպես նախկինում, իրագործում ենք «Կրթություն բոլորի համար»՝ միասին սովորում, միասին ապրում և՛ «առանձնահատուկը», և՛ «արտակարգը», և՛ «սովորականը»։ Կրթական ծրագրով՝ «կրթել նշանակում է ստեղծագործելու հնարավորություններ ընձեռել»։ Մեր նոր դպրոցում ստեղծագործելը կլինի առաջին տեղում, մեր նոր դպրոցը կնպաստի ուսուցիչների և երեխաների մեջ ստեղծագործ անհատին բնորոշ գծերի զարգացմանը։ Ստեղծագործության մասին խոսելիս մենք նկատի ունենք ոչ թե առանձին առարկաներ, այլ դպրոցն ամբողջությամբ, նրա ողջ գործունեությունը։ Անգամ երբ խոսքը դպրոցական շենքին, բակին ու դասասենյակին է վերաբերում, դրանց հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պիտի լինի, դրանից օգտվող ուսուցիչն ու սովորողը հնարավորություն կունենան դրանք ակտիվորեն, ստեղծագործաբար կերպափոխելու։ Քանզի, ինչպես ճշգրիտ ձևակերպել է Ջ. Ռոդարին, «ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպի, այսինքն կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողության հոմանիշն է»։ Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, որոնողական մտածողություն է, որը չլուծված խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր պատրաստի պատասխանն ունի, դրանք չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքերին վտանգներ են երևում, ստեղծագործական մտածողությունն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. նա անկախ ու ինքնուրույն որոշումներ է ընդունում. նա իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում։ Այս բոլոր հատկություններն ստեղծագործելիս են դրսևովում: Եվ այդ «գործընթացը (լա՛վ լսեք, լսեցե՛ք) ուրախ, խաղային է միշտ, անգամ եթե խոսքը «չոր մաթեմատիկային է» վերաբերում»: Կրտսեր դպրոցի բոլոր դասարաններում յուրաքանչյուր երեխա հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով շաբաթական մինչև 4 ժամաքանակով իր նախասիրությունները զարգացնելու հնարավորություն կունենա։
Բոլորը հիմա պահանջում են, որ դպրոցը ոչ միայն գիտելիքներ մատակարարի, այլև երեխաների կարողությունները, ինքնուրույնությունը, ինքնօրինակությունը, ստեղծագործական ընդունակությունները զարգացնի։ Սակայն ոչ ոք այդ հիանալի բաները չի պահանջում ուսուցչից։ Ինչպես ժամանակին Ջ. Փոյան է նկատել, եթե ուսուցիչն ինքը չի զբաղվում ստեղծագործական աշխատանքով, ապա չի կարող ոգեշնչել, ղեկավարել, աջակցել կամ նույնիսկ պարզապես արձանագրել իր աշակերտների ստեղծագործական ակտիվությունը։ Ուսուցիչը, ում ամբողջ մասնագիտական գիտելիքները մանկավարժական ԲՈՒՀ-ում ձեռքբերված են զուտ հայեցողական ճանապարհով, ով հայեցողական եղանակով լրացրել է դրանք աշխատանքի ընթացքում, ոչ միայն չի օժանդակում իր աշակերտների ինքնուրույն որոնողական գործունեությանը, այլ քաջալերելու փոխարեն խոչընդոտում է ինքնուրույնություն և անկախ մտածողություն դրսևորած աշակերտներին ։
«Նոր դպրոց» կրթական ծրագրի իրագործողները համոզված են, որ ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին և դպրոցը կլինի։ Կրթական ծրագրի իրագործումը կընթանա ուսուցչի պատրաստման հետ համաքայլ։
Մեր նոր դպրոցն իր կազմակերպմամբ կապահովի, որ անընդհատ սովորեն, սովորել սովորեն ու սովորեցնել սովորեն ոչ միայն երեխաները, այլև երեխայի հետ աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ։ Դպրոցը իր նոր կազմակերպմամբ պայմաններ կապահովի ոչ միայն սովորողի, այլև ուսուցիչների տաղանդի զարգացման համար։ Մեր նոր կազմակերպումը կլինի դպրոցական պրակտիկայի ու տեսության միություն՝ նրանց փոխկապակցությամբ ու փոխադարձ պայմանավորվածությամբ։ Մեր բոլոր նորամուծությունները կառուցված կլինեն բացառապես փորձի վրա, կրթական արդյունքները ստացված կլինեն սովորական երեխաների հետ նոր պայմաններում աշխատանքից։
Կրթական ծրագիրը կհաստատի փորձարարական մանկավարժությանը բնորոշ մեթոդ։ Հետազոտողի ոգով համակված և երեխա-մարդու «դիտարկողը դարձած ուսուցիչը երեխայի անհատականության ազատ ու բնական դրսևորումների համար անհրաժեշտ տարածություն կբացի»։
Մեր կրթական ծրագրով աշխատող ուսուցչի համար կրթությունը կսկսվի երեխայի կարողությունների, հետաքրքրությունների և սովորությունների հոգեբանական ըմբռնումից։
Կրթական ծրագրի կազմակերպումը կարտացոլի սովորողի ներկա կյանքը, այն իրական կյանքը, որով երեխան ապրում է տանն ու դրսում։
Կրթական ծրագրում ընդգրկված են աշխատողներ, ովքեր համոզված են, որ «ամենալավ ու ամենախորը բարոյական դաստիարակությունն իրապես այն է, որ ստանում ես ուրիշների հետ պատշաճ հարաբերությունների մեջ մտնելով, համատեղ աշխատելով ու մտածելով»։ Կրթական ծրագրի մասնակիցները գիտակցում են, որ չափազանց բարձր է ընտանեկան միջավայրի ազդեցությունն ուսման նկատմամբ երեխայի վերաբերմունքի ձևավորման հարցում։ Սովորողների ծնողները կունենան Եվրոպայի ծնողների Ասոցիացիայի (EPA) ամրագրած իրավունքներն ու պարտականությունները (հավելված 3)։ Կրթական ծրագրում ընդգրկված բոլոր սովորողները հատուկ ծրագրով կմասնակցեն հասարակական (համայնքային, դպրոցական, դասարանական) հանրօգուտ աշխատանքներին։ Կարվի առավելագույնը, որ ծնողներն իրենց փորձով ու կապերով արդյունավետ դարձնեն երեխաների հանրօգուտ աշխատանքը։
Սովորողի, նրա ուսուցչի կարգապահությունը հիմնված կլինի նրանց գործելու ազատության վրա և ակտիվ կլինի. երեխան կսովորի սահմանափակել իր ազատությունը հավաքանիի (դասարանի, խմբի) շահերից ելնելով։ Ակտիվ կարգապահությունը, որին կվարժվի երեխան, դպրոցական միջավայրով չի սահմանափակվի, այլև կտարածվի նրա սոցիալական միջավայրի վրա։ Քանի որ անհնար է ազատ լինել՝ ինքնուրույն չլինելով, ուսուցիչը (դաստիարակը) մանկան անհատականության ազատության դրսևորումներն այնպես կուղղորդի, որ երեխան շարունակ ավելի ինքնուրույն գործի։ Սովորելով Մոնթեսորիին՝ մանկապարտեզի դաստիարակներն ազատությունը կհասկանան կենսաբանական տեսանկյունից՝ որպես երեխայի անձի զարգացման բարենպաստ պայման։
Կրթական ծրագրի իրագործողներն առավելագույն ջանքեր կգործադրեն սովորողի ուժերի խթանման համար։ Ահա ինչու ուսուցումը կլինի առավելագույնս անհատականացված։ Սովորողի հետաքրքրությունները կուսումնասիրվեն որպես երեխայի զարգացման ցուցանիշներ, քանի որ մենք համոզված ենք, որ «երեխայի հետաքրքրությունները կանխորոշում են նաև այն փուլը, որտեղ պատրաստվում է ոտք դնել երեխան»։ Կրթական ծրագրով իրագործվող «անհատականացված կրթությունն» առավել մեծ ուշադրություն կդարձնի ստեղծագործականության զարգացմանը, անհատական հետաքրքրությունների բավարարմանը, տեխնիկական վերազինմանը, լաբորատոր ինքնուրույն աշխատանքի կազմակերպմանը։ Յուրաքանչյուր սովորողի հետաքրքրությունների ճանաչման ու զարգացման համար կրթական ծրագրով կնորացվի կրթահամալիրի նախասիրական դպրոցների գործունեությունը (նախասիրական դպրոցների մասին տեղեկանքը կցվում է)։ Նախասիրական դպրոցների տեխնիկական վերազինումն անհնար է իրականացնել միայն ծնողական մուծումների հաշվին. ենթադրվում է, որ 2005թ.-ից նախասիրական դպրոցներին բյուջետային հատկացումներ կլինեն։
Կհարստացվի և կընդարձակվի կրթության բովանդակությունը, որպեսզի այն հնարավորինս համապատասխանի սովորողների անհատական կարիքներին։ Կրթության հարստացված բովանդակությունը կծառայի սովորողների անհատականության զարգացմանը՝ ընդլայնելով միջին և ավագ դասարաններում մասնագիտական դասընթացներն ընտրելու աշակերտի հնարավորությունները։ Ուսումնառության հնարավորությունները մեծացնելու շնորհիվ աշակերտների համար սովորելը կդառնա սովորություն։ Դասի, պարապմունքի ընթացքը ուսուցիչը կդարձնի աշակերտի համար հաճելի՝ խթանելով բոլորի սովորելու ձգտումը։
Գեղագիտական կրթության մեջ թաքնված հսկայական ներուժը կուղղվի սովորողների կամքի և զգացմունքների դաստիարակմանը։ Մենք համոզված ենք, որ իրական ուսուցումը անհատական որոնումների արդյունք է։
Ուսուցիչներն ամեն ինչ կանեն, որ ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր աշակերտ «ձեռք բերի աշխատանքի մեջ գլխովին թաղվելու զգացում»։ Յուրաքանչյուր երեխա ինքնուրույն կանի բնագիտական փորձերը, որպեսզի հասկանա բնագիտական երևույթները, որպեսզի նաև բնագիտական առարկաներ ուսումնասիրելիս ձեռք բերի ստեղծագործական մտածողություն։
Ուսումնասիրման գործընթացի արդյունավետության համար կրթական ծրագրերով ցանկացած առարկայի դասավանդումը պիտի ապահովի, որ հետազոտման (ընկալման) փուլը նախորդի հասկացությունների բառային ձևակերպման (սահմանման) փուլին, իսկ ուսումնասիրված նյութը վերջում լրացնի սովորողի գիտելիքի ընդհանուր պաշարը՝ նպաստելով նրա մտավոր մակարդակի բարձրացմանն ու գիտելիքների կիրառությանը։
Կրթական ծրագրի մանկավարժական կազմակերպման մասին
Կրթական ծրագրի ուսուցիչները (մանկավարժական աշխատողները) կվճարվեն շաբաթը 35-37 ժամ աշխատանքի դիմաց։ Այդ աշխատաժամանակը կազմված կլինի շաբաթական 20-22 ժամ ուսումնական պարապմունքներից, 5 ժամ՝ դաստիարակչական (կազմակերպչական) աշխատանքից, 5 ժամ մասնագիտական կատարելագործումից, 5 ժամ հետազոտական գործունեությունից։ Այսպիսով, ուսուցիչը ամեն օր ժ. 9.00-ից մինչև 16.00 կլինի աշխատավայրում՝ դպրոցում։ Ուսումնական ճամփորդությունների, նախասիրական պարապմունքների և համադպրոցական մրցույթների կազմակերպման նպատակով, ըստ հարկի, ուսուցիչը կաշխատի նաև շաբաթ օրերը (ուսուցչի աշխատակարգը բերված է հավելված 4-ով)։
Կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանն ավարտած միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների համար մասնագիտական զարգացումը և հետազոտական գործունեությունը կկազմակերպվեն բակալավրի որակավորման ծրագրի շրջանակում։ Ուսուցիչները մասնագիտական կատարելագործման ու հետազոտական գործունեության համար ստացած աշխատավարձը կմուծեն որպես բակալավրի որակավորման համար ուսումնական վճար։ Հետազոտական գործունեության ու մասնագիտական զարգացման կազմակերպումը բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին թույլ կտա ստանալու մագիստրոսի կոչում կամ գիտությունների թեկնածուի աստիճան։
Կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնները և կրթական ծրագրում ընդգրկված դպրոցները կկազմեն ու կգործեն որպես մանկավարժության մասնագիտական զարգացման կենտրոն։
Կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի ուսանողները 1-ին կուրսից սկսած շաբաթական մինչև 5 ժամ ծանրաբեռնվածությամբ կաշխատեն որպես կրթական ծրագրի մասնագետների ընթերականներ։ Նախատեսվում է, որ մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները կրթական ծրագրի մանկավարժ տնօրենի երաշխավորությամբ ուսումը համապատասխան մասնագիտության գծով կշարունակեն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսում։ Ուսանողները մասնագիտական դասընթացները կուսումնասիրեն համալսարանում գործող ծրագրերով, իսկ մանկավարժական վարպետության ձեռքբերմանը, մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքները կանեն և հետազոտողի որակները ձեռք կբերեն կրթահամալիրի կրտսեր դպրոցներում` որպես ընթերականներ, անհատական ծրագրով կազմակերպված մանկավարժական փորձառության ընթացքում։
Կրթական ծրագրի բոլոր սովորողները կրթական ծրագիրը կյուրացնեն հետազոտական, ինքնուրույն որոնողական և ստեղծագործական գործունեության արդյունքում։ Ընդհանուր պարտադիր դասընթացների (15-20 հոգիանոց խմբերով պարապմունքներ) ծավալը 7-րդ դասարանից սկսած կնվազի։ Հետազոտական, ինքնուրույն որոնողական աշխատանքները կկազմակերպվեն մինչև 5 հոգիանոց խմբերով։ Դասարանները, ուսումնական լսարանները կվերակազմակերպվեն ու կգործեն որպես արվեստանոց-արհեստանոցներ (լաբորատորիաներ)՝ հարմարեցված ինքնուրույն անհատական ու խմբային հետազոտական-որոնողական-ստեղծագործական աշխատանքի համար։
Կրթական ծրագրում ընդգրկված դպրոցները (դասարանները) կունենան անհատական ուսումնական պլաններ։ Կրթական ծրագիրը (դպրոցը, դասարանը) երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի անհատական հետաքրքրությունների (նախասիրությունների) զարգացման համար պայմաններ։ Ուսումնական պարապմունքի (դասերի) ընթացքում յուրաքանչյուր երեխա (խումբ) հնարավորություն կունենա օգտվելու դպրոցի (կրթական ծրագրի) բոլոր արվեստանոց-արհեստանոցներից (լաբորատորիաներից)։ Յուրաքանչյուր դպրոց (դասարան) կունենա իր ուսումնափորձնական հողամասը (բաց և ծածկած)։
Կրթական ծրագրի սովորողի հետ դպրոցի (դասարանի) ղեկավարը կկնքի պայմանագիր։ Պայմանագրին կկցվի տվյալ դասարանի ուսումնական պլանը (պարզաբանումներով), պայմանագրով կորոշվեն երեխայի ուսման ու ուսման վճարի առանձնահատկությունները։ Երեխաները ծնողի ցանկությամբ կընդգրկվեն երկարօրյա ուսուցման խմբերում։
Կրթական ծրագրով սովորողի և նրա ուսուցչի ուսումնական գործունեությունը բաց կլինի յուրաքանչյուր ծնողի, հասարակության ամեն մի անդամի համար. նրանք կկարողանան անարգել ներկա գտնվել ուսումնական պարապմունքներին և ուսուցիչների մասնագիտական քննարկումներին։ Դպրոցը (դասարանի ղեկավարը) յուրաքանչյուր սովորողի (դասարանի, խմբի) հանրօգուտ (հասարակական) աշխատանքների հաշվառում կանցկացնի. ուստարվա ընթացքում սովորողն իր ընտրությամբ կմասնակցի դպրոցի (դասարանի) առաջարկած հանրօգուտ աշխատանքներին, մինչև մեկ շաբաթ ժամանակով հասարակական գործունեության փորձառություն կանցնի։
Կրթական ծրագրի դպրոցներում, դասարաններում կընդունվեն սովորելու սովորական երեխաներ, ում ծնողները կընտրեն կրթական ծրագիրը՝ ունենալով դպրոցը, դասարանը ընտրելու իրական ազատություն։ Սովորողի գիտելիքները կստուգվեն ինքնաստուգման համակարգով. գիտելիքների մակարդակը կրտսեր դպրոցի դասարանում խոչընդոտ չի լինի կրթությունը շարունակելու համար։ Դասարանական միջավայրը, ուսումնական գույքը, ձեռնարկներն ու միջոցները հարմար կլինեն տվյալ կոնկրետ երեխայի համար, այնպես որ երեխաները կկարողանան իրենց բնական հակումները դրսևորել։ Ուսուցիչը կկարողանա տեխնիկական միջոցների օգտագործմամբ այնպիսի ինքնահսկում ապահովել, որը կօգնի նրան դասարանում շարունակ նահանջելու հետին պլան՝ առաջին պլանում պահելով երեխային ու նրա գործունեությունը։
Ուսուցիչը կսովորի գրանցել իր խոսքերը դասարանում՝ հետևողականորեն կրճատելով խոսքը, ազատելով այն ավելորդություններից և անորոշություններից, ավելի շատ ժամանակ տրամադրելով սովորողի ակտիվ դրսևորմանը։
Կրթական ծրագրի տեխնիկական կազմակերպման մասին
Կրթական ծրագրի իրագործողներին (մշակողներին) պայմանականորեն երկու խմբի կարելի է բաժանել։ Մի խմբում կրթահամալիրում ստեղծված հեղինակային մանկավարժության հեղինակներ են՝ մանկավարժական հետազոտական-մեթոդական շոշափելի աշխատանք կատարած ուսուցիչները՝ կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի դասախոսները։ Նրանք երկար տարիներ ղեկավարել են մանկավարժական ուսումնարանի 3-րդ կուրսեցիների դիպլոմային աշխատանքները (ցանկը կցվում է), բազում հրապարակումների (հոդվածների, դասագրքերի, ծրագրերի, մեթոդական ուղեցույցների) հեղինակներ են (ծրագրի պատասխանատուների «մասնագիտական կենսագրությունը» կցվում է)։ Մյուս խմբում նրանց 22-28 տարեկան սաներն են, ովքեր ավարտել են կրթահամալիրի վարժարանը, ստացել բարձրագույն մանկավարժական կրթություն և աշխատում են կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ։ Այս խմբին պետք է դասել նաև կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանն ավարտած ու կրթահամալիրում աշխատող ուսուցիչներին։
Կրթական ծրագիրն իրականացնողների մեծ մասը գործնականում տիրապետում է ռուսերենին և անգլերենին, համակարգչով աշխատելու սովորություն ունի և օգտագործում է ինտերնետն իր մասնագիտական գործունեության համար։ Նրանցից շատերը վերջին 5-6 տարում մասնակցել են մի շարք կրթական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, վերապատրաստում են անցել և յուրացրել դասավանդման ժամանակակից մեթոդներ։
Կրթական ծրագրի շրջանակում 2001թ. սեպտեմբերի 1-ից կրթահամալիրի Մայր դպրոցի շենքում սկսել է գործել կրթական ծրագրի մոդել-դպրոցը՝ մեր Նոր դպրոցը (տնօրեն՝ Նաիրա Նիկողոսյան)։ Մոդել դպրոցի 1-6-րդ դասարաններում 2003-2004 ուստարում սովորել են 80 երեխաներ։
Կրթահամալիրի գեղարվեստի խորացված ուսուցմամբ դպրոցում (տնօրեն՝ Գրիգոր Խաչատրյան) 2003-2004 ուստարում գործել են գեղագիտական դաստիարակության 1-10-րդ դասարաններ, 6 տարեկանների նախապատրաստական խումբը։
2003-2004 ուստարում կրթահամալիրի դպրոց-մանկապարտեզում (տնօրեն՝ Մարիետ Սիմոնյան) գործել են մինչև 5 տարեկանների մանկապարտեզային 3 խմբեր, 5 տարեկաների նախապատրաստական խումբը, 6 տարեկանների փորձնական 1-ին դասարանը, 1-6-րդ մեկական դասարաններ։
Կրթահամալիրի հիմնական դպրոցում (տնօրեն՝ Սուսան Մարկոսյան) 2003-2004 ուստարում գործել են 5 տարեկաների նախապատրաստական խումբը, 6 տարեկանների փորձնական 1-ին դասարանը, 1-6-րդ դասարաններ։
Կրթահամալիրի կազմում այսօր միջնակարգ կրթություն տվող երկու ինքնուրույն ավագ դպրոց է գործում. քառամյա վարժարան (7-10-րդ դասարաններ) և քառամյա արհեստագործական դպրոց (7-10-րդ դասարաններ)։
Կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերում սովորում են 126 ուսանողներ։
Կրթական ծրագրի մանակավարժ-տնօրենը Աշոտ Բլեյանն է, կրթական ծրագրի մշակումները կատարում է կրթահամալիրի հետազոտական-մեթոդական կենտրոնը (ղեկավար՝ Գևորգ Հակոբյան)։ Կրթական ծրագիրն իրագործողների համար գործում է «Նոր դպրոց» մանկավարժական սեմինարը (սեմինարի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան)։ Կրթական ծրագրի բաղկացուցիչների մշակման աշխատանքները համակարգում են ծրագրի պատասխանատուները՝ կրթահամալիրի կամավոր-ուսուցիչներից կազմված խմբերի ղեկավարները։
Կրթական ծրագրի մշակմանը զուգահեռ կրթահամալիրի «Մեխակ» կրթամշակութային կենտրոնում կստեղծվի կրթական ծառայությունների և ուսուցման միջոցների «Նոր դպրոց» կենտրոնը։ Կենտրոնի միջոցով կկատարվի կրթական ծրագրի իրագործման նյութական-տեխնիկական ապահովումը, ինչպես նաև «Նոր դպրոց» կրթական ցանցի սպասարկումը ուսումնական գրականությամբ և այլ միջոցներով, կրթական ծառայություններով։ Կրթական ծրագիրը կունենա ինտերնետ ապահովում։
Կրթական ծրագրի մանկավարժական խորհրդատու ծառայությունը (ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյան) կաշխատի կրթական ծրագրի համայնքի (կրթական ծրագրի բոլոր պոտենցիալ շահառուների) հետ։ Կրթական ծրագրով հետաքրքրվող յուրաքանչյուրի հարցերն ու առաջարկները պատշաճ ուշադրության կարժանանան հեռակա և առկա խմբային, անհատական քննարկումների, օնլայն և կենդանի սեմինարների միջոցով։
Կրթական ծրագրի շրջանակում ուսումնական տարածքների, դասարանական ինտերյերների վերանորոգման, աշխատանքների նախագծման, ուսումնական գույքի և ուսուցման միջոցների ձևավորումները կկատարի ծրագրի դիզայների խումբը (ղեկավար՝ Գրիգոր Խաչատրյան)։
Կրթական ծրագրի սովորողների ընտրությունը, ուսումնական գործընթացին անհրաժեշտ ինֆորմացիոն ապահովումը կկատարեն դպրոցների ուսումնական քարտուղարները (ղեկավար՝ Լուսինե Մամիկոնյան)։
Կրթական ծրագրի մշակմանը զուգահեռ կձևավորվի «Նոր դպրոց» տեղեկատվական-գովազդային ծառայությունը (ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան)։
Կրթական ծրագրի սոցիոլոգը (Լուսինե Ալեքսանյան) և հոգեբանը (Ռիմա Երեմյան) կնպաստեն աշակերտ-ուսուցիչ, ուսուցիչ-ծնող, ծնող-երեխա համագործակցությունը, կրթական ծրագրի զարգացմանը և համապատասխանեցմանը պատվիրատուի (տվյալ դեպքում՝ ծնողի) պահանջներին։
«Նոր դպրոց» կրթական ծրագրի գրադարանային սպասարկումը կիրականացնի կրթահամալիրի գրադարանը (տնօրեն՝ Մարի Գաբանյան), ով հատուկ կազմակերպված ընթերցարաններ կստեղծի ինչպես գրադարանում, այնպես և ծրագրի իրագործման դպրոցներում։
Ծրագրի մասնակից յուրաքանչյուր ուսուցիչ կունենա իր աշխատասեղանը ընթերցարանում, անարգել կօգտվի ինտերնետային կապից ու բազմացնող սարքից, տեսադարանից ու ձայնադարանից։ Մարիա Մոնթեսորիի «Մանկան տուն», Սելեստան Ֆրենեի «Նոր ֆրանսիական դպրոց», Ջանի Ռոդարու «Երևակայության քերականություն», Ջորջ Փոյայի «Մաթեմատիկական հայտնություն», Ջոն Դյուիի «Իմ մանկավարժական դավանանքը» աշխատությունները գործնական ուղեցույց են կրթական ծրագրի մշակողների և իրագործողների համար։ Կրթական ծրագրի յուրաքանչյուր իրագործող իր ընտրությամբ ընդգրկված կլինի ծրագրի բաղկացուցիչը մշակող գոնե մեկ խմբում։ Կրթական ծրագրի մշակման ու մանկավարժական մշտական սեմինարի ընթացքը կկազմակերպվեն այնպես, որ ավելորդ դարձնեն մասնագիտական զարգացման, ուսուցիչների վերապատրաստման գործի առանձին կազմակերպումը։ Կրթական ծրագրի մասնակիցները կյուրացնեն ողջ ծրագիրը՝ իր բոլոր (նաև առարկայական) բաղկացուցիչներով։
Կրթական ծրագրի պատասխանատուները ծրագրի մշակման և ներդրման ընթացքում գործընկերային հարաբերություններ կհաստատեն կրթական բարեփոխումների կենտրոնի համապատասխան մասնագետների (բաժինների) հետ։ Կրթական ծրագրի մշտական գործող սեմինարները, որտեղ քննարկվելու են (լսվելու են) բոլոր մշակումները, բաց կլինեն ծրագրով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար։ Կրթահամալիրի ինտերնետ էջում կտեղադրվեն կրթական ծրագրի բոլոր մշակումները։
Կրթական ծրագրի պատասխանատուները կձևավորեն խորհուրդ, որը որպես մշտական գործող մարմին, կրթական ծրագրի մանկավարժ-տնօրենի ներկայացմամբ կքննարկի ու կհաստատի կրթական ծրագրի բոլոր մշակումները։ Խորհրդի կազմում կընդգրվեն ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի մասնագետները։
Կրթական ծրագրի ֆինանսական կազմակերպման մասին
Կրթական ծրագրի մշակման համար կօգտագործվեն բյուջեով կրթահամալիրի մեթոդական աշխատանքների համար հատկացումները, կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցները, կրթահամալիրի դասագրքերի շրջանառու միջոցները, «Կրթության որակի ու համապատասխանության» հանրապետական ծրագրի, միջազգային դրամաշնորհային ծրագրերի ու բարեգործական ծրագրերի հնարավորությունները։ Կրթահամալիրի կազմում գործող և «Նոր դպրոց» կրթական ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցները՝ հիմնական դպրոցը, դպրոց-մանկապարտեզը, գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցը, արհեստագործական դպրոցը 2005թ. հունվարի 1-ից պետական բյուջեից հատկացումներ կստանան ֆինանսավորման նոր կարգի համաձայն (B=AN+C բանաձևով)։ Դպրոցների աշակերտների թվակազմի մեջ կհաշվեն նաև մանկապարտեզի և նախադպրոցական խմբերի երեխաներին։ Մանկավարժական ուսումնարանը նորից պետական պատվեր կստանա։ Համապատասխան բյուջետային հատկացումներ կարվեն կրթահամալիրի նախասիրական դպրոցներին։
Կրթական ծրագրի դասարաններում (ընդհանուր դասընթացներում) սովորողների թիվը կլինի 15-ից 20։ Կրթահամալիրի գործադիր տնօրենը (Ռաիսա Գալստյան) կրթական ծրագրում ընդգրկված դպրոցի, դասարանի տարեկան նախահաշվով կապահովի պետական բյուջետային (պետական-նորմատիվային) միջոցների հատկացումը։ Մասնագիտական դասընթացներին և նախասիրական պարապմունքներին կձևավորվեն ուսումնական պլանով սահմանված թվաքանակով խմբեր։ Կրթական ծրագրում ընդգրկված դպրոցի, դասարանի գործունեության համար անհրաժեշտ մյուս հատկացումները կկատարեն կրթական ծրագրի մյուս շահառուները (ծնողները, սովորողները, կրթահամալիրը, դրամաշնորհները, բարեգործները)՝ համաձայն դպրոցի (դասարանի ղեկավարի) և ծնողի միջև կնքվող պայմանագրի։
Հավելվածի 5-ի ձևով ներկայացված են կրթական ծրագրի մոդել դպրոցի տարեկան ծախսերի նախահաշվի ուղեցույցը։ Կրթական ծրագրում ընդգրկված ուսուցչին մանկավարժական հետազոտական, մասնագիտական զարգացման գործունեության համար վճարումները կկատարի կրթության և գիտության նախարարությունը՝ այդ աշխատանքների համար նախատեսված բյուջետային միջոցներից։ Դաստիարակչական աշխատանքի վճարումները և ուսումնական պարապմունքների համար ուսուցչի վճարումները կկատարվեն բյուջետային հատկացումներից և ուսումնական լրավճարներից, ինչպես նաև կրթական ծրագրերի այլ շահառուների հատկացումներից։
Կրթական ծրագրի դպրոցի (դասարանի) ծախսերի տարեկան բյուջեն կազմում են դպրոցի (դասարանի) ղեկավարը և հաշվապահը, և կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
Կրթական ծրագրի հաստատումից հետո
Կրթական ծրագիրը 2004թ. մայիսին հաստատել է կրթահամալիրի խորհուրդը։ Կրթական ծրագիրը սահմանված կարգով ներկայացված է ՀՀ ԿԳ նախարարին, հանրակրթության վարչության պետին, ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտին, կրթական ծրագրերի կենտրոն «ԾԻԳ»-ի տնօրենին, ԿԳ նախարարության լիցենզավորման վարչության պետին, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին։
Կրթահամալիրի և կրթական ծրագրերի կենտրոն «ԾԻԳ»-ի միջև կնքած պայմանագրի համաձայն կրթահամալիրը 2004թ. սեպտեմբերին կստանա նոր սերնդի անհատական 26 համակարգիչ։
Կրթահամալիրը ԿԳ նախարարության սահմանած կարգով ճանաչվել է դպրոց-կենտրոն և 2005-2008թ.թ. կրթական ծրագրերի կենտրոն «ԾԻԳ»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն «Կրթության որակի և համապատասխանության» ծրագրի շրջանակում կկազմակերպի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ուսուցիչների վերապատրաստումը։
Կրթահամալիրը միջին մասնագիտական մանկավարժական կրթության ծրագրեր իրականացնելու լիցենզիա է ստացել (ՀՀ ԿԳ նախարարի հրամանը, լիցենզիա 291)։
ԿԳ նախարարի 28.08.2004թ. թիվ 566-Ա(Ք) հրամանով կրթահամալիրի դպրոց-մանկապարտեզի, գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցի և հիմնական դպրոցի բազայի վրա իրականացնում է «Նախակրթարանների ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում» հանրապետական ծրագիրը։ Կրթահամալիրի ուսուցիչների հեղինակած դասագրքերը, մեթոդական ուղեցույցներն ու այլ ուսումնական գրականությունը՝ որպես օժանդակ գրականություն, 2004-2005 ուստարում կգործածվեն հանրապետության հանրակրթական դպրոցներում։
ՀՀ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը հավանություն տվեց կրթահամալիրի հանրակրթական դպրոցների՝ «Նոր դպրոց» կրթական ծրագրի հիման վրա մշակված 2004-2005 ուսումնական տարվա ուսպլաններին։
ՀՀ ԿԳ նախարարի 2004թ. սեպտեմբերի 1-ի հրամանով ներառական կրթությունն իրականացնող հիմնական դպրոցում փորձարկվում է հատուկ կրթության չափորոշիչի նախագիծը։
ՀՀ պետական բյուջեի 2005թ. նախագծում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սահմանված կարգով առաջարկել է ֆինանսավորել «Նոր դպրոց» կրթական ծրագրով հիմնավորված ծրագրերը։
Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների «Նոր դպրոց», «Իմացումի հրճվանք», լեզուների, գեղարվեստի խորացված ուսուցմամբ ծրագրերով 1-ին դասարաններ ընդունվեցին մոտ 160 6-7 տարեկաններ՝ 40-ով ավելի, քան 2003-2004 ուստարում։