«Դպրություն» 10 ապրիլի 1990թ.

ԱղայանԽրիմյան Հայրիկի և Ղազարոս Աղայանի հոգևոր հարազատությունն ինձ շատ է տեսանելի երևում: Երկուսն էլ՝ պատկառելի ու վեհ, երկուսն էլ՝ իմաստուն ու մաքուր, երկուսն էլ՝ բանաստեղծական, երկուսն էլ, իհարկե, ժողովրդական, որովհետև, ախր, առողջ հողի ծնունդ էին, անդիմադրելի՝ իրենց շրջապատին ու հազվագույտ ցորնահոտությամբ: Մի անսպասելի նմանություն ևս՝ երկուսն էլ ծնվել են նույն օրը՝ ապրիլի 4-ին, 20 տարվա տարբերությամբ: Այս տարի Խրիմյանը դառնում է 170, Աղայանը՝ 150 տարեկան: Երկար ու ճոխ հանդիսություննե՞ր… «Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ հանձին հոբելյարի գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն, իր շնորհքը, իր մտավոր հոգեկան ուժերը, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ոչ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին». այսքան ճշգրիտ ու ամբողջական Թումանյանն է ընդունակ ասելու՝ « հայոց հայրիկի» ու իր «սերնդի նահապետի» հոգեորդին, նրանցով մշտապես սքանչացողն ու հարստացողը:

Ավա՜ղ, մենք խոսացող ժողովուրդ ենք: Եվ վա՜յ մեզ՝ մեր ունեցած ոսկու իրական գիտակցումը չունենք:

Այստեղ էլ Հայրիկն ու Նահապետը ցավալիորեն նման են, երկուսն էլ մեզ անհրաժեշտ չափերով չներկայացված, մեր կողմից չըմբռնված ու չկարևորված, երկուսն էլ արդեն քանի սերունդ մեզնից գողացված:

Մի մոռացված պատմություն անեմ: Լրանում էր Երևանի 26 կոմիսարների անվան N 10 դպրոցի հիմնադրման 75 տարին: Արխիվային փաստաթղթերը վկայում էին, որ դպրոցը հիմնվել է 1906 թվականին, Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ, Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից: Հայրիկն ինձ ծանոթ էր Հ. Թումանյանի՝ նրան նվիրած մեկ-երկու պատմությունով ու ժողովրդական պատումով: Բարձրագույն համալսարանական կրթությամբ մանկավարժիս սպասվում էր Խրիմյան Հայրիկ Մտածողի, Գրողի, Բարոյախոսի ու Զինվորի ուշացած, բայց անխուսափելի հայտնագործումը: Երկնային պարգև էր, իսկական մանանա՝ Խրիմյան Հայրիկի գրական ժառանգության հետ ծանոթացումը: Նրա երկերի ժողովածուն… գիրք, որը հազվագյուտ խնամքով է արված, իհարկե, սփյուռքում… Հայրիկը իմ կնքահայրը եղավ ու մկրտեց ինձ իր կենսագրությամբ, «Պապն ու թոռնիկով», « Դրախտի ընտանիքով», «Մարգարիտ արքայության երկնից» -ով: Կարդացածի տպավորությունը շատ խորն էր ու ընկալածս այնքան հարկավոր, որ երախտիքիս հայտնելու ձևը գտա` նախաձեռնեցի տոնակատարության ծրագրով դպրոցում Խրիմյան հայրիկին նվիրված թանգարանի բացումը: Սիրով ու շնորհքով չարչարվեցին ինձ հետ իմ գործընկերուհի Գայանե Մկրտչյանն ու սանուհի Ռուզան Հակոբյանը: Թվում էր՝ «Արծիվ Վասպուրականի» թանգարանը ստացվել է: Բայց… 1981 թվականն էր, և այլ էին ժամանակները: Կուսակցության շրջկոմի հրամանով տեղահանվեցին թանգարանի դռները և տեղափոխվեցին անհայտ ուղղությամբ:

Ի՞նչ գիտենք մենք Խրիմյան Հայրիկի մասին, բացի նրա «երկաթե շերեփի» մասին կցկտուր պատմությունից : Գիտեմ՝ ժամանակներն այլ են: Տոնակատարության օրերին ճառեր կասվեն, կգրվեն Խրիմյան Հայրիկի գրականության մանրակրկիտ վերլուծություններ: Իմ սաներին դրանք ոչինչ չեն տա: Այսօր Խրիմյանի կյանքի փաստագրությունն էր պետք, որպես ուղեցույց, որը չկա պատանուն ու երիտասարդին մատչելի ոչ մի գրքում: Այսօր իմ սանին «Պապն ու թոռնիկն» էր պետք՝ որպես անփոխարինելի դասագիրք, որը չկա և հայտնի չէ, թե երբ է լինելու: Այսօր մեզանից յուրաքանչյուրին «դրախտի ընտանիքն» էր պետք՝ որպես հայոց կյանքի եզակի վերլուծություն… Հանցագործություն է քանի՜ սերունդ զրկել Հայրիկի բարոյականությունից: Ահա «առ ընթրցողս» նրա պատգամը. «Հրէամիտ մի լինիր, զայլ ոք պատճառ մի դներ, ոչ ոք զքեզ կը կորուսանէ. կորուստ քո ի քէն է, քո տնէն և քո ընտանիքէն… Ով դուք ընտանիք հայոց, ուղղեցեք ձեր ներկան, որ ապագան ուղիղ լինի. տնտեսեցեք ձեր ներկան, որ ապագային հացը չպակասի: Լույսով հաց գտեք, դաստիարակությամբ բարի ընտանիք կազմեցէք. իսկ իմաստուն տնտեսությամբ հոգացէք միանգամայն ձեր ներկան և ապագան» :

Ինչ օգուտ, թե թվարկումը էլի շարունակեմ: Հայոց Հայրիկի ձայնը իր ժողովրդին հասցնող չկա: Նույնիսկ Մայր Աթոռը չի հոգում այդ:

«Դռները բացեք Աղայանի առաջ» խորագրով 1988 թվականին ես մեծ հոդված եմ տպել: Բողոքում էի, որ կողպված են դպրոցի ու մանկապարտեզի դռները Աղայան-ուսուցչի, Աղայան- մանկագրի ու Աղայան-մտածողի առջև: «Լույս» և «Արևիկ» հրատարակչություններին իմ գործընկերների ու երեխաների անունից խնդրել էի, որ չի կարելի առանց Աղայանի: Այսօր նրա մանկավարժական եզակի հոդվածների հատընտիրը չկա ու չկա , «Արևիկ» այբբենարանն ու «Ուսումն մայրենի լեզվի» չորս գրքերը, որոնք մեծ նշանակություն ունեն դպրոցի համար, չկա՜ն ու չկա՜ն:

Ավա՜ղ, աղայանական տոնակատարությանը որպես ուրախություն չմատուցվեցին երեխաներին «Նվեր մանուկներին» բանաստեղծական ու արձակ ժողովածուները… Նորից սերունդը անհաղորդ է Աղայանին, նրա միտքն ու զգացմունքը չեն հղկվում Աղայան- հանճարով:

Խոսող, վտանգավոր ու վնասակար ձևով շատ խոսող ժողովուրդ ենք, այս օրերին էլ կգրվի ու կճառվի Աղայանի պատմական նշանակության մասին:

Ո´չ: Մի´ ստեք: Իմ բողոքը, իմ ցավը այսօր ապրող ու մեզ այնքան պակասող Աղայանի ու Խրիմյանի մասին է: Երևի երբեք նրանք այդքան կենդանի ու անհրաժեշտ չեն եղել, ինչպես հիմա, երբ փրփուրն ու կեղտը շատ են ու սակայն, մնայուն ոսկին: Ի՞նչ հայոց դպրոց առանց Հայոց Հայրիկի ու Հայոց Մանկավարժի:

Տոնակատարության, հանդեսների ու ճառերի ո´չ սիրտ կա, ոˊչ ուժ, ոˊչ ականջ: Խրիմյանին ու Աղայանին մենք չէ, որ պիտի բարձրացնենք: Ավելի գործարար ու արդյունավոր լինենք: Խրիմյանի ու Աղայանի միջոցով սերունդ բարձրացնենք: Որպես նվեր` սիրով ձեզ եմ ներկայացնում Ղ. Աղայանի «Հողեղեն մանկավարժության» կտորներ ու պատառիկներ Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիքից»:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այգեստաններ. Գուրգեն Մահարի

  Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ, Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր․․․ Այգեստաննե՜ր։

«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ»

Աշոտ Բլեյանը քաղաքական եւ քաղաքացիական ակտիվության կոչ է անում. «Ընտրությունը կարող է մեզ միավորել, եթե մենք խնդիր դնենք` Հայաստանում ընտրելու ազատության մեր իրավունքի վերականգնումը, եթե այն չդարձնենք դուքան, փող կամ պաշտոն

Գլխավորի մասին

Հավաքից հավաք. 2007թ. մայիս-2008թ. մայիս   Հեղինակային մանկավարժության արդյունքներ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք իրականացնում ենք  հեղինակային մանկավարժություն՝ որպես սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքի արդյունք, որպես այլընտրանք բոլոր ժամանակների սպառողների՝