Շուշան Բլեյանը Վիեննայից ինձ, որպես գաղտնիք, հավաստիացրել էր, որ դեկտեմբերի 18-ին կլինի Երևանում, և Նոր տարի ու Սուրբ Ծնունդ միասին կանցկացնենք։ Ու ես քանի՜ անգամ Դավթին բացատրել եմ, որ դեկտեմբերի 18-ը դեկտեմբերի 12-ից հետո է գալու.
– Այ, դու կդառնաս երեք տարեկան ու դրանից հետո, դեկտեմբերի 18-ին Շուշանը կգա….
Շուշանն իր Տաթև քույրիկին ուղարկել էր դեկտեմբերի 15-ի Վիեննա-Երևան ինքնաթիռի տոմսի պատկերը՝ որպես ապացույց, Տաթևի պահանջով, ու խնդրել-պահանջել՝ միայն ոչ ոք, նախ և առաջ՝ մայրիկ-հայրիկ-քույրիկը չիմանան… Ու իր գործարքից գոհ՝ Տաթևն աշխարհից թաքուն պատրաստում ու պատրաստվում էր դեկտեմբերի 15-ի իրադարձությունը մեզ համար տոն դարձնելու…
Շուշան Բլեյանը ճիչով-թափով իր ողջ հմայքով Մեդիակենտրոն ներխուժեց դեկտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 7.30-ի մոտ, երբ կամաց-կամաց պատրաստվում էինք թողնելու-թողնում էինք Մեդիակենտրոնը. ես՝ Դավթի դարից ավելի ձգվող ծննդյան տոնը տանը շարունակելու հեռանկարով… Շուշոն ուրիշ էլ ո՞նց է հայտնվում. հունիսին էլ այսպես անսպասելի ինձ չդիմավորե՞ց առավոտյան Դպրոց-պարտեզում, երբ ես մի քանի օր հետո էի իրեն սպասում… Այդպես, միշտ բեմում է կարծես ու միշտ սպասված իր անսպասելիությամբ. ի՛մ աղջիկը… Դավիթը, որ ծննդյան վայելքի-տարերքի մեջ է, հոգնած արդեն. պարտեզում երևի առաջին անգամ ցերեկը չի քնել, դժվար էլ ընկալում է Վիեննայի-սկայպի-Մեդիայի, դեկտեմբերի 18 գալիքի ու դեկտեմբերի 12 հիմայի այս թնջուկը…
Ավելի ուշ, տանը, երբ մեր Շուշանին իր հատուկ ընտրած վարդերի փնջով ճանապարհել էինք Կարինե մայրիկի գիրկն ընկնելու, Դավիթը բացում է իր նվեր ավտոմեքենաների տուփերը հերթով.
– Հայրիկ, բոլորը նոր մեքենաներ են…
Ու արդեն իրենց կայանատեղիում շարված մեքենաների տպավորիչ շարքով հիանում է շարունակ փակվող աչքերով ու հանգչող մարմնով։ Ես, երանության մեջ, Շուշանին եմ ժպտում դեռ, հանգստանում Դավթի խաղով, Արմինեի հետ շարունակ Շուշանից խոսում, անակնկալի եմ գալիս Դավթի ձայնից.
– Հայրիկ, հիմա Շուշանը կգա՞…
Շուշանը Երևանում ինչպե՞ս էր գալիս Դավթին տեսնելու իր ընկեր-ընկերուհիների հետ երևանյան թափառումի վերջում, իրիկունը ժամը 7-ին, 8-ին, 9-ին։ Զանգում էր.
– Հայրիկ, տա՞նն եք, Դավիթը հո քնած չէ՞, գալիս եմ ախպորս տեսնեմ։
Իսկ Դավթի ու Շուշանի խաղն այն է, ինչին հիմա ընդունված է «սա վերջն է» ասել։ Վերջը չէ, իհարկե. Շուշանը 2015-ին դառնում է իր նման խորոտ-առույգ-հրեղեն 20 տարեկան… Ես էլ, Լիլիթ Բլեյանն էլ, Տաթև Բլեյանն էլ համոզված ենք, որ Շուշանը մեզ զարմացնելու է, ինչպես Կարինե մայրիկն է ձևակերպում. «Սա ամենաշատն է հորը քաշել. Շուշանից ամեն ինչ սպասեք»…
Այ, հիմա գրում եմ, չէ՞, ժամը առտու 6-ին մոտ է, ուժեղ, անընդհատ անձրև է թափվում, ու այն մտքից, որ Շուշանը Երևանում է, նշանավոր քնած, ինձ հուզվելու աստիճանի լավ եմ զգում…
– Հիմա Շուշանը կգա, Դավիթ…
Դավիթն, իհարկե, հանգել-մարել, տեսնես՝ ինչ երազների հետ է, ինչպես է այս Կրակ օրը իր ձայներով-գույներով-պատկերներով ու խոսքերով յուրացնում… Քնի մեջ արտաբերածը թե տեսա-ձայնագրվեր, մի օրապատում նյութ կհավաքվեր…
Շնորհակալ եմ կրթահամալիր, ընկեր-բարեկամ-հարազատներ, սեբաստացիներ, իմ ու ձեր ուրախության այս ցույցի համար, շնորհակալ եմ ակումբ դարձած այս Մեդիային, որ այնքա՜ն իր առավելություններին ավելացրեց գուցե գլխավորը՝ ծննդյան տոնի մանկա-պատանեկան-մեծական ուրախ հավաքի կենտրոն լինելը… Վստահեցնում եմ, որ 2015-ին ունենալու ենք հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կազմակերպման տարածման ակումբ, որը կլինի մշտական գործող ու բաց, ամենահայտնի-գրավիչը քաղաքում։ Չի ուշանա… Դեպի դեկտեմբերի 16՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան համերգ-ցուցադրության-ուսումնական նախագծերի ներկայացում տոնավաճառը շարունակ բուռն է դարձնում (էլ ինչքա՞ն և ո՜ւր…) մեր-իմ առօրյան… Այնքան հիշարժան բան կա իմ օրագիր բերելու, որ իմ գիրը՝ բլոգապատումը, շնորհիվ իրար փոխարինող հմայիչ ֆոտոխմբագիրների, վերածվում է ֆոտոպատումի… Ճիշտը այս ձևն է՝ պահ-պատկեր՝ շրխկոց. ու դարձավ գիրն իմ պատկերապատում… Ի՞նչ կա ավելացնելու. ամեն ինչ այնքան խոսուն է, կենդանի…
Համեցեք. վաստակած՝ 8.00-ից առտու մինչև 15.00 անընդհատ (սրան գումարեք յուրաքանչյուրի տան հոգսերը), Գրիգոր Խաչատրյանը թե կենդանի լիներ, կասեր՝ Աստծո պատիժ մեր կրթական աշխարհի ջանքը, ու դեռ հիմա էլ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում «Սեբաստացիներ» երգչախմբով երգում են…
Մենք սեբաստացի ենք, ահա՝ Բանը անընդհատ տարածելու՝ մեր գործը դարձրած առաքելությամբ… Ահա և մեր ակումբից պատկերներ, սրան նախորդած՝ մանուկների օրհնության ավանդույթ դարձած արարողությունը մեր Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցում… Կարևոր է հիմա իմ ու Արմինեի համար, որ Դավթի կնքահայրը Վահե սարկավագ բարեպաշտ մարդն է, ու տպավորիչ է նրա ընտանեկան ներկայությունը մեր այսօրվա մեջ։ Վահե սարկավագն օրհնությունից հետո հարցնում է սանիկ Դավթին.
– Իմ անունը գիտե՞ս…
– Սուրբ Սարգիս,- վստահ լսվում է Դավթի ձայնը։
Շնորհակալ եմ Դավթի դաստիարակ ընկեր Կարինեին՝ մեր Կարինե Խառատյանին, ընկեր Մելինեին, ում ծննդյան օրն այսօր է, իրենց, որպես կրթական, 3 տարեկան Դավթի և 4 տարեկան դարձած Էլենի համար կազմակերպած Տոն օրվա համար. տեսեք՝ ինչ ազդեցություն է գործում արդեն հիմա… Դավթի Ստեփան հորեղբայրն իր նշանավոր հարցն է տալիս՝ սպասված-հայտնի պատասխանով…
– Ո՞վ է ամենակարևոր մարդը, Դավիթ ջան…
– Ընկեր Կարինեն ու ընկեր Մելինեն…
Բա, Ստեփան հորեղբայր, դու, ես, Արմինեն, քույրիկները, բոլորը… հետո ենք գալիս…. Արդար լինենք. Շուշան Բլեյանն այդ ժամանակ Վիեննայից դեռ չէր եկել։
Շնորհակալ եմ կրթահամալիր, Տաթև քույրիկ, Ռուզան մորաքույր, այսպիսի օր-նվերի համար, Դավթի ծռությամբ շարունակ հիանալու համար, Կարինե Մացակյանին, Թամար Հարությունյանին, Նառային Նիկողոսյան, Լիլիթ Ազիզխանյանին, Զարուհուն մեր մեդիայի, պարզապես տիկին Աիդային, Զառա Ավետիսյանին, տոնական այս Մեդիայի համար… Սուս-փուս, ինչպես Սուսան Մարկոսյանը… Մեզ ի՞նչ է պետք՝ հիացմունքը մեզնով, որ մեզնով շարունակ հիացող լինի… Այսքանից հետո ինձ աջ ու ձախ մոտենում են ու պնդում՝ ավելի շատ պատմեք Օրագրում Դավթի մասին… Մենք միասին ենք ստեղծում, ձեր հիացմունքով, նորօրյա մեր ժառանգ-հերոսին… Սա է ճանապարհը… Մնացածը՝ ինքն ու Աստված…
— Հե՜յ, հե՜յ, Դավի՜թ, որտե՞ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…
Նառա Նիկողոսյան ջան, քո խոսքը՝ քեզ նման քույրական-անմիջական-նշանառու.
– Մենք մեր Բլեյանից գոհ ենք, մնաց՝ դուք ձեր Բլեյանն ունենաք…
Քո ասածին արժանի չեմ լինի, եթե էս խենթը՝ Ծուռ Դավիթը, որ իր քույր-եղբայրների հետ վազվզում է Մեդիայի առաջին հարկով՝ հնարավորություն տալով երկրորդ հարկից հետևելու իրենց ու վայելելու տոնը, Սասունցի Դավիթ չլինի… Ինչպես Շուշանը՝ աշխարհի բեմեր նվաճած ու երջանիկ մայրությամբ՝ մեր կրթահամալիրի Բլեյան Շուշոն…
Աչքներս լույս, օրը բացվեց… Ու Շուշոն հիմա գալու է…
Մարմարյա սրահը նվաճած սեբաստացի ծաղրածուների մասին՝ վաղվա գրում։