Այլ որակում, քան հուզիչ-հոգևոր-ոգեղեն՝ «Երգում ենք Կոմիտաս» պարապմունքների, որ ամեն օր 45 րոպե, սկսած չորրորդ դասարանից, տարատարիք սովորողների և ուսուցիչների հետ ստեղծում են նախաձեռնության հեղինակներ Մերի Առաքելյանը, Տաթև Ստեփանյանը «Սեբասատիա» համերգային սրահում… ես չգտա: Դավիթ Բլեյանն էլ տպավորված էր այնքա՜ն ու այնպես, որ տեսնեիք, պարապմունքից հետո չէր ուզում թողնել Մայր դպրոցը…
— Քանի՜ տարի մեծանամ, որ գամ Մայր դպրոց, հայրիˊկ…
Իսկ համերգ-պարապմունքի ավարտին Մայր դպրոցն օղակված էր հեծանվային ճախրանքով… Ահա թե ումով և ինչով պետք էր ողողել մեդիան այս օրերին, ոչ թե հոգեխանգարման հասցվեր հայտնի հրամանագիրը՝ վաղո՜ւց հայտնի մարդկանց կոչում շնորհելու մասին… Քի՞չ հայտնի էին… Հիմա ի՞նչ եղավ… հասարակությունը եկավ մեր այս արմանք-զարմանք ու բաց պարապմունքների՞ն.., թե տարածեցինք անճաշակություն-հակահայկականություն՝ իրական այլընտրանքը Կոմիտաս երգող տարատարիք սովորողի երաժշտության ուսուցչին… Հայտնի՞ դարձավ երաժշտության ուսուցչի գործը, սրանով հուսադրեցի՞ք, թև ու թռի՞չք հաղորդեցիք… Ինչի՞ վրա մսխեց մեդիան իր հանրային ազդեցության ուժը՝ հարցնում եմ: Ավելի լավ վիճակ հիմա ինձ հայտնի չէ, քան շնորհակալական զգացումն իմ աղջիկների հանդեպ, այո՛, այս ընդունակ-եռանդուն կոմիտասաբեր զույգը՝ Տաթևն ու Մերին, իմ աղջիկներն են: Իմացեˊք, ես ու Դավիթը շնորհակալ ենք ու սրտատրոփ սպասում ենք վաղվա Մարմարյա սրահի ուրբաթյան մեծ պարապմունք-համերգին…
Նկարում ենք Կոմիտաս: Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի:
Զարմանալի-կոնկրետ-խանդավառ նախաձեռնություն է՝ երգում ենք Կոմիտաս՝ որպես կրթական փոխանակում, կրթական համատեղում-համախմբում, երգում ենք Աշտարակի ձորում, ջրաղացում նշանավոր, երգում ենք միասին՝ Աշտարակի մեր գործընկեր դպրոցի հետ… Ուրիշ ի՞նչը, ինչպե՞սը պիտի մեզ միավորեր… Հետո հին Աշտարակի ճամփով անշտապ բարձրանանք Կարմրավոր, նստենք-ուտենք նրա պարիսպ-նստարաններին, Հռիփսիմե ջան, ու շարունակենք մեր՝ որպես մեկ ներկայացումը: Կրթությունը, հանրակրթությունն այսպես, սրանով իմաստ է ստանում, ինչպես բարձունքի նվաճման նախագծով՝ Գեղհովիտում, Ներքին Գետաշենում, Մադինայում, Ճամբարակում.…
Ես շարունակում եմ կարդալ Հրանտ Դինք: «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» հրապարակումից ինձ թույլ տամ երբեմն-երբեմն իմ օրագրում սպոնտան մեջբերումներ անել՝ առանց մեկնաբանության. «Ի պատասխան պաշտոնական շրջանակների պասիվության ու քաղաքական հաշվարկների, հայ և թուրք ժողովուրդներն իրար մեջ վաղուց արդեն սկսել էին ոչ պաշտոնական անկեղծ շփումներ… Կարելի է ասել, որ հարաբերությունների իրական նախաձեռնողը հայ ժողովուրդն էր: Տարեկան տասնյակ հազարավոր հայաստանցիների համար Թուրքիայի առևտրային դարպաս լինելը, Վրաստանով դեպի Սև, Միջերկրական և Էգեյան ծովեր՝ ավտոբուսներով, կամ էլ Երևանից-Ստամբուլ՝ ինքնաթիռներով մեկնելն այլ բան չէր, քան ժողովրդական դիվանագիտություն: Թուրքերի ու հայերի ծանոթությունը, թեկուզ և առևտրի միջոցով, կարող է նպաստել երկու ժողովուրդների՝ միմյանց օտար լեզուն սովորելուն»…
Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների նոր խմբի նորամուտը:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Այս օրերին շարունակվող հավաքի շրջանակում Գևորգ Հակոբյանի ու Մարգարիտ Սարգսյանի հետ ծանոթացա սովորողների ընտրությամբ անգլերենի, իսպաներենի, ֆրանսերենի, վրացերենի՝ վեցից-ութերորդ դասարանցիների խմբերի գործունեությանը: Լավ տպավորություն ստացա: Շաբաթական չորս ժամ ուսումնական պարապմունքները կարող են տասնյակ սովորողների համար արդյունավետ ծառայել օտար լեզվի յուրացմանը, եթե լրացուցիչ ուսուցման նախագծերը դառնան կոնկրետ յուրաքանչյուր սովորողի համար՝ ներառելով միջազգային կրթական նախագծեր ու փոխանակումներ, ընտանեկան միջավայր մտնեն ու այլ առարկաների ուսուցման նախագծեր նախապատրաստեն՝ սրանով օտար լեզվի շարունակական գործածումը դարձնելով իրական: Էլի ջանքեր են պետք թուրքերենի ու գերմաներենի խմբերի ձևավորման համար… Ես անհամբեր սպասում եմ հավաքի, «Բարձունքի հաղթահարում» և «Կոմիտասյան օրեր» նախագծերի սեպտեմբերյան ասուլիսին՝ համեցեˊք սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14.30, կրթահամալիրի գրադարանի կենտրոնական ընթերցարան. այս ասուլիս-հանդիպումները սեբաստացի լրագրողների հետ օգնում են հասկանալու, մեր ուսումնական ջանքերին նայելու նախ և առաջ սովորողների աչքերով՝ ինչպես ու ինչ սովորեցին, ինչ վերցրին իրականում…
Լուսանկարներում Բջնիի բարձունքը նվաճած երկրորդ դասարանցի Քեթրինն է:
Լուսանկարները՝ երկրորդ դասարանի սովորող Աշոտ Մարկոսյանի հայրիկի:
Իսկ տուն սլանում եմ ես հեծանիվով. ինձ սպասում է իմ «մեծ աղջիկը»՝ Արաքս Պողոսյանը… Արաքսը, որպես Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի դասախոս, հայտնի ռադիոլրագրող, միշտ հետաքրքիր բանաստեղծ ու միշտ սիրելի, հենց այնպես, միայն կարոտի հետևից չի եկել, եկել է մեզ մեկի բերող նախագծով… Ես հաճույքով, որպես իմ ազատ ընտրությամբ սովորող, դառնում եմ Արաքսի դասընթացի ունկնդիր… Տեղերը փոխելու ժամանակը եկել է: Սկսեք ծանոթանալ. ինչո՞ւ ուշացնենք սովորելը մի բանի, որ տեղին կլիներ՝ ամեն մեկս արած լիներ իր դպրոցում, կամ գոնե իր համալսարանում։ Արաքսը եկել է մեր բազմազբաղ ժամանակի մեջ հեշտացնելու ամենագրքի հետ մեր հանդիպումը։ Շնորհակալ եմ:
«Perfect Crime» Radio drama անգլերենի բաց դաս Ավագ դպրոցում:
Լուսնկարները՝ Անի Սարգսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#458