Օրագրի իմ երևանյան ժամն է․ էլի ես պատշգամբում եմ, բայց հռոմեացիների կառուցած և իրենց կայսեր անունով Տիբերիա կոչած քաղաքի հյուրատան, դեպի Տիբերական լիճ նայող․․․ Հոկտեմբերի 6-ը՝ առտու 5-ը․․․ Էլի ես պատմում եմ, որպես օրագիր, թվով 810-րդ։ Ի՞նչ պիտի անեմ ուխտագնացության առաջին երկու օրերի հետ․․․

Հյուրատան մեր սենյակն ընդարձակ է, ու լիճը, ափը, այս մեկ օրը ծովափնյա դադարի, սպասված էր բոլորիս համար․․․ Առաջ չընկնեմ, դեռ Գալիլեայով չենք շրջել, Լեռան բլուրից Ուսուցչի հայացքով իր սիրած վայրերին չենք նայել, բայց․․․ Դավիթ Բլեյանի երեկվա լողը և՛ լճում, և՛ լողավազանում մնա՜ց․․․ Տաթև լողի մարզիչին բոլ հիշեցինք-օրհնեցինք։ Դավթի լողը, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը․․․ այս ե՞րբ, այս ո՞նց մեծացավ մեր «Աշոտիկը»․․․

Թաբոր կլոր սարը տպավորվեց, մնաց ու լեռան բարձունքից մեր առջև բացված, Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարթակից փռվող, քրիստոնյա աշխարհի հայտնի Հեզրայելի դաշտը՝ գունեղ-խնամված․․․ Մեկ էլ երեկ՝ մութին, դեպի ափ եկող խոշոր ձկների երթը․․․ Դեպի Գալիլեա այսօրվա ճամփորդությունից առաջ, երբ Գալիլեայի կտակարանային լճի ալիքներն իմ առաջ-ինձ հետ, ինձ համար այնքա՜ն հարազատ խաղում են, ես ականջներս եմ մաքրում ձայներից… նոր տպավորությունների համար տեղ եմ ազատում․․․ Եթե բանտ եք, ապա ո՛չ ցմահների․․․

Հարավ-արևմուտքում փռված արդիական գործարանների-ֆիրմաների-արհեստանոցների, նոր-գրավիչ բնակավայրերի, հարավ-արևելքում՝ ջերմոցների, տարատեսակ՝ մանգոյի, բանանի, արմավի և այլ այգիների-դաշտերի շքերթ, իսկ մեր ավտոբուսի մեջ Սոս Սարգսյանի ինադու ընթերցմամբ Նարեկացին է․․․

— Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին․․․
— Զի դու ինձնից խաղող սպասեցիր, ես քեզ փուշ ընծայեցի․․․
— Կառուցեցի շենք հիմարության․․․

Դավիթն ու Արմինեն այնքա՜ն համոզիչ-խաղաղ-վաստակած քնել են․․․ Վաստակել այնքա՞ն, որ բաց թողնեն Գալիլեայի ծովի այս լուսաբացը․․․ Խոստացի՛ր, սեբաստացի ուխտավոր, Իսրայելի, Պաղեստինի, Հայոց Երուսաղեմի, որ դու Գալիլեայում կլինես ու նրա ծովի հետ այսպիսի մի հանդիպում կունենաս․․․ Այսքա՜ն գույներ, ձայներ, մեղմություն, խաղաղություն․․․

— Հայրի՜կ, գիտե՞ս, մայրիկը Սուրբ Մարիամ Աստվածածինն է։
— Հայրի՜կ, մայրի՜կ, ես ձեզ պաշտում եմ։
Ահա, մեր ծինը գրավել է արշավախումբը՝ իր անմիջականությամբ, ուժով․․․ Առյուծ Դավիթ․․․
Սուրբ Աստվածածնի Ննջման եկեղեցում՝
— Սոված եմ, հիմա ինձ կերակրեք առյուծի նման,- ու իր բրդուճը կերավ։
Նազարեթի Սուրբ Աստվածածին մե՜ծ, շատ մեծ եկեղեցում պնդեց աղոթքի ժամանակ՝ չիշ ունեմ․․․ Կանայի հրաշքի եկեղեցում ոտքի վրա քնեց-նստեց․․․ բոլոր խորանները հաղթահարեց, բոլոր «չի կարելի»-ներով անցավ մեր Դավիթ հրաշալին ու կանգնեց անվանակից մարգարեի կողքին։ Խեթ նայեց պատվանդանին, բարձրացավ-իջավ, ուզեց մագլցի. շրջապա՞տը սաստեց-հաղթեց, թե՞ արձանն էր առայժմ բարձր, մեկ էլ․․․
— Պա՜պ, գիտե՞ս, ես մարգարեին ոչ մի վատ բան չեմ ասի, իր անունն էլ է Դավիթ։ Ինչի՞ համար են իր անունը Դավիթ դրել, էդ ի՞նչ մեծագործություններ է կատարել․․․
— Պա՜պ, հիմա չէ, գլուխս պայթեց իր մասին լսելուց, հետո կպատմես, հա՞․․․

Գալիլեայի Երանիների եկեղեցի:

Ցանկապատերը, պարիսպները բոլոր տեսակի, շատ են Երուսաղեմում, ոչ միայն Երուսաղեմում։ Ահա ողջ ճանապարհին դեպի Գալիլեա, աջից ու ձախից, փշալարերով ու առանց փշալարերի, քաղաքը երիզող ու պարզապես․․․ Այնպիսի տպավորություն է, օդանավակայանից սկսած, որ կամուրջները-անցումները-կառույցները բոլոր այնպես են կառուցված՝ ամուր-ամուր-ամուր, որ պաշտպանված լինեն ահաբեկչությունից-պայթյունից մահապարտի, որևէ ռումբից, պայթուցիկից․․․ Այդպե՞ս է․․․

Սոսը հարգելի, երջանկահիշատակ, շարունակվում է իմ ականջներում․․․կտորներ-պատառիկներ․․․

— Իմ այս… աղերսը… դառնա մի պատճառ քո մեծ փրկության․․․
— Գրի առնելով մաղթանքներ պես-պես․․․

— Էսօր նա՜վ ենք նստելու…,- Դավիթն արթնացավ։ Ես գրկում, ներկայացնում եմ Գալիլեայի լճի արշալույսը․․․
— Իսկ վաղը ո՞ւր ենք գնալու․․․
Ուխտավորն ու իր ճամփան…

Զբոսանք նավով:

# 810

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հույսի ու քնքշության մասին է իմ վեց հարյուր քառասուներորդ գիրը

Որպես կանոն այդպես է, իմ օրվա գիրը չեմ սկսում կամ չեմ ավարտում՝ առանց նախորդ գիրը կարդալու. մեկ անգամ, այո, կարդում եմ… Հարգելի Խաչատրյան Արմանի սեմինար-պարապմունքն իր՝ «Ինչպես ստեղծել ինտերնետային կայք

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,