Դավիթ Բլեյանն ու Արամ Խաչատրյանը՝ մեր Արտեմ Խաչատրյանի չորս երեխաներից երրորդը, Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խմբում են։ Երկուսն էլ լիդերություն հաստատելու մշտական ջանքեր են գործադրում, իրար հետ մրցում… Մեկ-մեկ կռվում են, հետո փաթաթվում իրար, հաշտվում. ընկերներ են… Արտեմն ու ես ոգևորված ենք մեր տղաների ընկերությամբ։
Օրերս Արամն ընկերներին բարձր պատմում է.
— Գիտե՞ք, իմ պապան իմ մամայի մոտ է աշխատում….
Դավիթն անմիջապես վրա է բերում.
— Իմ պապան վաղուց է իմ մամայի մոտ աշխատում, իմացա՞ր…
Իմացեք՝ պապան ես եմ, մաման՝ Դպրոց-պարտեզի մայրենիի ուսուցչուհի Արմինե Աբրահամյանը։

Արամն ուժեղ է, բնական, ինչպես Մաուգլի, տեսե՞լ եք Արամին լողավազանում… Արամի հետ մրցակցությունը Դավթին լողավազանում ավելի խիզախ-կտրուկ դարձրեց։ Իսկ, այ, Արգիշտին՝ Արամի փոքր եղբայրը, օր օրի մեծանում է։ Առայժմ չի լողում, ինչպես Արամն ու Դավիթը, բայց ամիսների հարց է…

Հիմա կրթահամալիրում նորացվում-բարելավվում են Գեղարվեստի, Նոր դպրոցի 2-4 տարեկանների խմբասենյակները։ Կրթահամալիրի Քոլեջում ստեղծվում է 2-4 տարեկանների երրորդ խմբասենյակը։Այսպիսով՝ կրթահամալիրի հինգ նախակրթարաններում լինում է 12 խումբ։ Ինչպես խոստացել եմ՝ 2015-2016 ուստարում յուրաքանչյուր ծնողի, որ իր 2-4 տարեկան մանկան հետ կբռնի կրթահամալիրի ճանապարհը՝ որևէ ուղղությամբ, մուտքը երաշխավորված է. երեխաները կխնամվեն-կզարգանան-կմեծանան միանման առողջ միջավայրում…

Սեպտեմբեր-հոկտեմբերին նյութական միջավայրի բարելավման թիրախում նորից կլինեն նախակրթարանները, բայց այս անգամ՝ կոնկրետ ու բացառապես միայն բակ-պարտեզները՝ որպես խնամված կանաչի ու բացօթյա լողի-հեծանվի-մարմնամարզության-էստաֆետախաղի-վազքի լիարժեք միջավայր։ Իմ սիրած միասնական ներսուդուրսը կստեղծեն մանկան ինքնուրույն գործունեության ամբողջական աշխարհը… Դաստիարակը, նրա օգնականը, նախակրթարանի դիզայներ ուսուցիչն ու ղեկավարը այսպիսի նախակրթարանում աշխատելու իրավունքը պահպանելու համար պիտի մասնակցեն այս ամբողջականության կերտմանը՝ նախագծի մշակման, իրականացման ու պահպանման բոլոր փուլերում, անընդհատ։

Երեկ Գեղարվեստի դպրոցի լողափին։ Լուսանկարները՝ Բուրիկ Հովսեփյանի։ 

Երեկ Մեդիակենտրոնում մեկնարկեց հանրապետության դաստիարակների հերթական խմբի մասնագիտական զարգացման 5-օրյա ծրագիրը՝ իր լողով, հեծանվով, մարմնամարզությամբ, երաժշտական խաղերով։ Չարենցավանցի դաստիարակներն առանձնանում էին իրենց ոգևորվածությամբ։ Մենք դաստիարակչական մեթոդի հաստատություն ենք, որպես նախադպրոցական կրթական ծրագիր՝ երևի միակ այլընտրանքը Հայաստանի քաղաքների ու գյուղերի համայնքային նախադպրոցական հաստատություններում իրականացվող պետական նախադպրոցական ծրագրի։ Բաց ֆիզիկական ու մեդիա միջավայրում, նախադպրոցականների բնական-կենդանի գործունեության պայմաններում մասնագետների-ծնողների-այլ հետաքրքրվածների ուսուցումը (կրթական ծրագրի փոխանցումը) կրթահամալիրի կանոնադրական խնդիրներից է։

Ապահովելու համար արտասահմանցիների, արցախցիների, վրացահայերի, մարզերի ու երևանցիների իրավահավասարությունը՝ մենք ստեղծել ենք կրթական փոխանակումների հարմար կացարաններ 24 տեղով՝ կրթահամալիրի Հիմնական դպրոցում (Իսակովի 52/6), 26 տեղով՝ Դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1), 10-12 տեղով՝ Գեղարվեստի դպրոցում (Րաֆֆի 69/1), պարզ, հիգիենիկ կենցաղով, այդ թվում՝ սնունդ և ինտերնետ, մարզանքի, լողի, հեծանվի հարմարություններով։ Այսպիսով մեր հինգ նախակրթարաններից յուրաքանչյուրում միաժամանակ կարող է սովորել (պատրաստվել) մեկ խումբ՝ մինչև 20, լա՜վ, 50-60 կացարանային (գիշերելու) տեղի պայմանով… Եվ այս ամենը, կրկնում եմ, բոլորի համար մատչելի, առանձին խմբերի համար՝ անվճար, «Փորձարարական մանկավարժական ծրագրեր հանրակրթությունում» բյուջետային դրամաշնորհի միջոցներով…

Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի

Ինչո՞ւ ես սա հիշեցի: Կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանը երեկ վարչական խորհրդում ներկայացրեց նաև կրթական փոխանակումների կենտրոնի ղեկավարի մրցույթով առաջադրման արդյունքները… դիմել է ինը մարդ: Լավ են արել դիմողները: Մենք բաց, մարդու համար մատչելի, կյանքով ընտրվելու համակարգ ենք ստեղծել. գործի անցեք, յուրաքանչյուրդ կազմակերպեք, ասենք, մեծահասակների նախադպրոցական կրթության մեկական ծրագիր՝ հինգ ծրագիր միանգամից… Էս՝ կրթահամալիրը, էս՝ մեր 2015-2016 օրացույցը հրապարակված…

Գիտեք, որպես Հայաստանի Հանրապետության 1990-1995թթ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ ես 1990թ. Անկախության հռչակագրի հեղինակներից եմ… Հիմա խոսում եմ 1-ին am-ի սպառողների համար. երեկ 1-ին am-ի լրագրող Մարիամը կանգնեցրել էր ինձ Ազատության հրապարակում, ինչպես 25 տարի առաջ՝ այս օրերին… Հիշում եմ իմ ելույթը հրապարակային, մարդաշատ հրապարակում… Չեմ հիշում իմ՝ 1990-ի խոսքը. գրավոր (ձայնագրած) կա՞ այն, Սուսաններ սիրելի… Այն ժամանակ էլ, հիմա էլ, տարբեր կարգավիճակով ես նույնչափ՝ գլխավոր պատասխանատուն եմ Հայաստանի որպիսության համար: Լսեցի՞ք… սա իմ Հայաստանն է՝ իր կենտրոն Բանգլադեշով… Ծպտուններդ չլսեմ, կասեր իմ սանիկ  հայագետ Արթուր Շահնազարյանը… Ո՛չ մի բողոք, տրտունջ… հայհոյանք… երբեք: Բերնեն ականջ շատ է կարճ, խոսքեն գործ՝ երկար: Գործենք: Երկիրը գրավիչ է դառնում երկրագործով:

Քոլեջ-արհեստագործականի աշխատանքային ջոկատն այսօր Նոր դպրոցում է։
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։ 

Ավելի ուշ, երբ ավարտել եմ իմ գիրը, ես մտնում եմ հայոց մեդիան ու հանդիպում եմ այս տեսանյութին։ Այ, չհանդիպեի… Այս Հայաստանը 25 տարում մենք ստեղծեցինք… Այս երիտասարդն էլ Անկախության «սերունդ» է… Ամոթ… Մեր ծնածը, մեր վարժեցրածը բոլորիս մի չափալախով վերադարձրեց…

[youtube https://www.youtube.com/watch?v=hB19mJC7fIQ?rel=0&controls=0&showinfo=0]

#428

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացվո՞ղ, թե՞ փակվող Հայաստան…

Եթե խնդիր կա, սա է խնդիրը… Եթե ես թեկուզ 100 ռուբլի ունենայի, կհագնվեի, կվարձակալեի սենյակ և կնկարեի ու կնկարեի… Նիկո Փիրոսմանին է՝ վրաց անվանի պրիմիտիվիստը, որի անունով է աշխարհի ամենափոքր

2015-ն ընկերության հաստատման տարի դարձնենք

— Ժամանակն ի՞նչ ասել է, հայրիկ,- դավիթավարի հարցնում է լողարանում՝ ցնցուղի տակ,  իր ամեն առավոտյա ծեսը մի փոքր արագացնելուն ուղղված իմ երկչոտ «Դավիթ ջան, պրծի, ժամանակ չկա»-ին հակազդող Դավիթը… Այնպես

Միջազգային ծրագրեր փնտրողներին… Համեցեք…

— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային… Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի