Երբ ինձ անհատապես են հրավիրում, զանգում են կամ գրում, որ խնդրում են իմ (Աշոտ Բլեյանի) ներկայությունն այս կամ այն հավաքին, հաղորդմանը, ես, որպես կանոն, մասնակցում եմ: Օրեր են եղել, որ նույն օրում տարբեր վայրերում կարողացել եմ մասնակցել 5-6 տարբեր հավաքների: Հեռուստա-ռադիոհաղորդումների ես չեմ ձգտում, ավելին, որքան հնարավոր է, դժվարացնում եմ՝ մինչև այնքան, երբ հաստատ է դառնում լրագրողի շարժառիթը, հիմնավորումը՝ ինչու ես պետք է մասնակցեմ այս կամ այն հաղորդմանը: Ես կուսակցական գործիչ չեմ. իմը քաղաքացիական ծառայությունն  է. երբ իմ կարիքը կա, արտահայտվում է, ես արձագանքում եմ:

Ափսոս, որ չկան մեր եթերում ուղիղ հաղորդումներ, տանել չեմ կարողանում տաղավարում տեսա-նկարահանման անսարքությունները, անհարմարությունները. մարդ եք հրավիրել, պատրաստ եղեք: Սպասել չեմ կարող, չեմ սպասի: Անարգանք է: Ես վիրավորվում եմ, արտահայտվում եմ: Որ ժամին ասել եք, նույն ժամին սկսեք: Սիրում եմ, երբ հարց են տալիս ու միացնում ձայնագրիչը՝ առկա թե առցանց, հեռախոսով: Իմ տեքստին՝ բանավոր թե գրավոր, իմ խոսքին մի՛ կպեք, ինչպիսի մեկնաբանություն ուզում եք, հետո արեք, բայց ինձ մի՛ խմբագրեք, ինձնից նյութ մի՛ սարքեք, պահանջո՛ւմ եմ: Իմ մասնակցությամբ հեռուստահաղորդումները նայել չեմ սիրում: Օրեր հետո, որպես ինքնահսկման աշխատանք (ինչը այնպես չեմ արել), մեկուսի, ինտերնետով նայում եմ հաղորդումը մասնագետի աչքով: Իմ նկատմամբ խիստ եմ. երբ չեմ հավանում, երբ մեղանչել եմ մայրենիի կամ մտքի դեմ, երբ վրիպել եմ, ծանր եմ տանում: Ուտուշ-խմուշների սեղաններից, հատկապես հարսանյաց հանդեսների, խուսափում եմ: Բռնությունն էլ ո՞նց է լինում:

Դավիթ Բլեյանն այս օրերին շատ դրոշներ տեսավ փողփողացող ու սովորեց մեր դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը: Ավտոմեքենաների կամ լուսակիրների չափ չի հետաքրքրվում, բայց անտարբեր չէ դրոշների նկատմամբ: Մեկ էլ թե.
— Հայրիկ, ո՞րն է Վրաստանի դրոշը:
Ի՞նչ եղավ, ինչո՞ւՎրաստանը հիշեց՝ ինքը գիտի…

Դպրոց-պարտեզում անհամություն է անում, համառում է, քույրիկ Տաթևիկին, դաստիարակ Կարինե Խառատյանին շա՜տ նեղություն է տալիս… բայց: Կա մի լուծում՝ հեծանվահրապարակն իր լուսակիրներով, Դավթի նոր հեծանիվով: Դպրոց-պարտեզ, արագացրեք, խնդրում եմ, նորամուտն ուշացավ. դուք կստանաք և՛ կրթահամալիրի տնօրենի, և՛ Դավթի հայրիկի առավելագույն աջակցությունը…

Մադինայի 84-ամյա Խորեն հայրիկին հո չե՞ք մոռացել: Ժամանակը քիչ էր, մարդու ասելիքը, մեր քննարկելիքը՝ շատ: Ցույց տվեց, ներկայացրեց իր գրադարանը: Առաջադեմ է, կառչած չի, երբեք չի պարտադրում իրենը՝ ներկայացնում է: Ի՜նչ ուշադիր, բարյացկամ է լսում քեզ՝ քո ասելիքով, քեզ կարևորված ես զգում: Խոսքի մեջ առանձնացնում էր հարցեր, անցքեր, պատմություններ, որոնց՝ իմ մեկնաբանությունը նոր էր իր համար… Իր չկարդացած գրքերը, որոնք ես, որպես հղումներ, գործածում էի իմ խոսքում, ես խոստացա նվիրել իրեն. ո՜նց պայծառացավ՝ մանկան պես: Հիմա այդ գրքերն եմ հավաքում: Հայրերի, նման ավագ եղբայրների նկատմամբ պիտի ուշադիր լինենք. նրանք իրենց ներկայությամբ, իրենց պատումներով հենց կամուրջներ են ապրածի ու ապրվելիքի միջև, կյանքի հաստատունները: Ո՜նց էր Արտակ Կարապետյանը լսում իր Խորեն հորը: Երկար ու երկար, ոտքի վրա կյանք նրանց: Դուք չգիտեք, թե որքան եմ ես զգում իմ հոր ներկայությունը, նրա կարիքը:

1990-ին Խորհրդային Միությունը դեռ կար, բայց նրա մոտալուտ փլուզումը, անգամ զինված հեղաշրջման միջոցով, հնարավոր չէր կասեցնել. ներքևները՝ հանրապետությունները, իրենց նոր շարժումներով մերժում էին բոլշևիկյան կայսրությունը, որևէ ձևով կենտրոնահպատակությունը, Մոսկվան անուժ էր, չէր կարողանում որևէ ձևով ենթարկել: Հայոց համազգային շարժման վարչությունը ոչ միայն անձերի, այլև գաղափարների մի խառնակույտ (կոնգլոմերատ) էր. «Ղարաբաղ» կոմիտեն, որ և՛ կար, և՛ չկար, չէր թողնում, որ ինքնուրույնանար վարչությունը, քաղաքական կազմակերպություն-կուսակցություն ձևավորվեր՝ ազատ «Ղարաբաղ» կոմիտեի՝ պահանջատիրական շարժման շրջանի բեռից, գործելու ձևից… Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին որոշման կարիքը, որը 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունել են[1] զանգվածների իներցիոն ճնշման ներքո,  ոչ միայն չկար, ես պնդում եմ, որ այն ընդունվեց հակառակ նոր քաղաքական գծի. կրկնվում էր 1918-ի Առաջին հանրապետության պատմությունը:

ՀՀՇ-ի դաշնակցականացումը, «Ղարաբաղ» կոմիտեի հոգնածությունը երևում էր: 1990թ. Ռիգայի փետրվար-մարտի բանակցությունների ձախողումից հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեականների պահանջով ՀՀՇ վարչությունը դադարեցրեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի և ՀՀՇ վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանակցություններում մեր՝ Աշոտ Բլեյանի, Աշոտ Մանուչարյանի, Դավիթ Վարդանյանի լիազորությունները, ինձ համար պարզ էր, որ ես ուրիշ գնացք եմ նստել:

Կոմիտեականները հոգնած էին՝ պահանջատիրության փուլն իր պլյուս-մինուսով երևում էր, առջևում Հայաստանի անկախության շրջանն էր, ու նրանք չգիտեին՝ ինչ անել Շարժման, Արցախի խնդրի հետ… 1990-ի մարտ-ապրիլին նրանք որոշեցին  օգտվել ֆրանսիական տարբեր քաղաքների հրավեր-շնորհներից. նաև ֆիզիկապես կազդուրվելու խնդիր կար, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Վազգեն-Լևոն հակասությունն ավելի ու ավելի նկատելի էր վարչության ոչ կոմիտեական անդամների համար, դա բերեց պարիտետի մի համաձայնության, որ ո՛չ Վազգենը լինի, ո՛չ էլ Լևոնը, իսկ Աշոտ Մանուչարյանի ջանքերը՝ ոչ կոմիտեական ՀՀՇ վարչության նախագահ (ֆունկցիաներ) ունենալու, տապալվում էին…

1990-ի մայիսին Հայաստանի Գերագույն խորհրդի մոտալուտ ընտրությունը ուժ, դինամիկա, կազմակերպվածություն հաղորդեց Հայոց համազգային շարժմանը. ՀՀՇ վարչությունը որոշեց մասնակցել… հաղթել ընտրություններում, դառնալ իշխանություն:

Իմ հայրենագիտական 2-րդ փուլը՝ 1990-1992 թթ, իմ այս գործնեությամբ է պայմանավորված՝ Հայաստանով մեկ ՀՀՇ-ի նախընտրական քարոզչությունն իմ ամենաակտիվ մասնակցությամբ, 1990-ի օգոստոսի 23-ի անկախ պետականության հռչակագրի, 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի և 1991թ.-ի հոկտեմբերի 16-ի ՀՀ նախագահի ընտրությամբ: Հետևե՛ք իմ օրագրին, իմ բլոգապատմանը. այս 96-րդ գրով մենք մոտենում ենք ռուբիկոնին։ Դավիթը կհարցնի.
— Որ ի՞նչ լինի, ի՞նչ կա դրա ետևում, հայրիկ…

Իսկ նկարներում մեր թենիսի պարապմունքն է։ Այն սկսվում է նախավարժանքով «Սեբաստիա» մարզադաշտում, որ կառուցվել է մեր բանակի աջակցությամբ։ 

[1] Սույն որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20–ի և հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր–ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16–ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19–ի նիստի որոշումներում:
Որոշմամբ ԼՂՀ բնակչության վրա տարածվել է ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվել է տնտեսական համակարգերի միաձուլում:
ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը ընդգրկվել է մեր պետականության հիմնարար փաստաթղթում՝ 1990թ. օգոստոսի 23–ի Անկախության մասին հռչակագրում և Հռչակագրի միջոցով անուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զրնգա արևը թող իմ երգերի վրա

Շա՜տ կարևոր է նայել՝ ամանի մեջ ինչ կա… Էլի ոգևորվեցի, ասում են, ասո՞ւմ եք… Ասում եմ՝ առանց ոգևորվելու ես ո՞վ եմ. շատ բնական մի բան է, որ ամառ 2016-ը՝ իր ամենասեբաստացիական

Թարմ նախագծերով գիր է կիրակնօրյա…

Ես սկսում եմ ամառային ուսումնական թարմ, ամենա-ամենա նախագծերի հրապարակում. կվերաբերի դա սեբաստացիական ճամբարների կյանքին, թե քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի։ Առաջինը աչքիս զարնեց Շողիկ Պողոսյանի երկու նախագծերը, որ

Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային

Չնայած մեր կյանքը հենց այդպիսի ծառայություն է… կամ փորձ: Մտածում ենք, չէ՞, ինչպես Դավիթ Բլեյանն է արգելված կոնֆետը ուտում՝ «էս մեկն էլ ես ուզո՞ւմ, որ ես ուտեմ, ու վերջ կամ