Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում ես որոշել եմ ձեզ պատմել այդպիսի անեկդոտներ, որպես իմ գրի առաջաբաններ…

Լենինգրադի (Պետերբուրգի) բլոկադայի շրջանում (1941-1944 թթ), երբ քաղաքը ենթարկվում էր ֆաշիստական գերմանական ինքնաթիռների ռմբակոծմանը, բնակիչներն ազդանշանի ձայնը լսելուն պես կարգապահ քաշվում էին ապաստարաններ, որ անվտանգության համար էին, մինչև ռմբակոծումն ավարտվելը… Մի մաթեմատիկոս գիտնական համառորեն չի ենթարկվում կարգին, մնում է շենքի իր բնակարանում.
— Քաղաքում այսքան շենք-շինություն կա (Պետերբուգը մեծ քաղաք է), հավանականությունն այն բանի, որ ռումբը կընկնի հենց մեր շենքի վրա, շա՜տ փոքր է, չարժե անհանգստանալ,- ամեն անգամ ապաստարան շտապողներին բացատրում է հարգելի գիտնականը… Բայց մի օր, ազդանշանի հետ առաջինը գիտնականն է շտապում ապաստարան.
— Բա ի՞նչ եղավ հավանականությունների տեսությունը,- հարցնում են հարևանները…
— Ի՞նչ տեսություն, ողջ քաղաքում մի փիղ կար, երեկ ռումբն ընկել է այդ փղի վրա…

Մեր կյանքում մենք ապրում ենք այսպես՝ մեզ չի պատահի, շատ փոքր է հավանականությունը, որ մեզ պատահի դժբախտությունը… Այստեղից և մեր գործելակերպն ազգային՝ լաց-կոծ-անեծք, բայց ոչ գործողություն, որ ուղղված է դժբախտ պատահարի բացառմանը՝ որ մեկին եղավ, մյուսին չլինի…

Կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում մեկնարկեցին ամառային մանկական ճամբարները՝ որպես հանրությանն ուղղված կրթական ծառայություն:
Լուսանկարները՝ Անուշ Հովհաննիսյանի:

Պետությունը, լսե՛ք, իր պետական կազմակերպմամբ, պետական իշխանությամբ ու մարմիններով պետք է.

  • վերելակների, ճոճանակների, գազալցակայանների վրա հսկողություն սահմանի, որ դրանք չդառնան մարդասպանության գործիքներ.
  • հսկի, որ մարդ լողա ու չխեղդվի.
  • ապահովի, որ մարդու առողջությունը չվնասեն իր ազատ ընտրությամբ իր իրավունքի իրականացման, օրինակ՝ կրթական գործունեության ժամանակ, սկսած նախակրթարանից՝  բոլոր փուլերում, մակարդակներում…

Պետությունը պետք է փակուղի չլինի. պիտի մարդ իր բնակավայրում ելքեր որոնի ու գտնի, ոչ թե ձեռքը թափ տա ու գնա, ոչ թե թևաթափ մնա… Մնացածը պետք է անի ազատ ու պաշտպանված մարդը՝ իր ստեղծած բոլոր տեսակի կազմակերպություններով, խմբերով, ընտանիքներով… Ահա այսպես, ոտի վրա, վռազ-վռազ ես պատասխանեցի լրագրողին, որ այդպիսի հարց-ուսումնասիրություն է անցկացնում՝ ձայնագրիչը միացրած զանգում է ու հարցնում մեկ շնչով ու պարբերությամբ՝ ինչի համար է պետությունը… Ես այդ հարցի ժամանակ ջուր էի խմում, ես հիմա սովորական ջուր ավելի ու ավելի շատ եմ գործածում, կում-կում շարունակեցի խմել ու պատասխանել…

Այսօր միջին դպրոցի սովորողների հեծանվային 2-րդ պարապմունքն էր:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Ծանր, շատ ծանր եմ տանում մարդու (երեխայի) մահվան ելքերով ամենօրյա գործունեության դեպքերը, որ անվանում են դժբախտ պատահարներ… Ես պատահար համարում եմ, օրինակ, կայծակի հարվածը… Իսկ, ա՛յ, բակային կարուսելի հետ կապվածը, Երևանի շենքերում վերելակներում կատարվողը, գազալցակայաններում պայթյունի հետևանքով մարդու զոհվելը, մանկական հաստատություններում մարդու՝ սննդից թունավորվելը, բնակավայրերի տարածքների ավազաններում, սահմանի վրա կանգնած կամ զորամասում զինվորի սպանվելը, դժբախտություն, մեծ ողբերգություն եմ համարում, բայց պատահա՞ր, իբր բան է, պատահել է… Գրեցինք, ողբացինք, արձանագրեցինք, ա՜յ-ա՜յ ասացինք ու պը՞րծ… Բա պետությո՞ւնը, բա մարդու անվտանգ ու ազատ գործունեության կազմակերպո՞ւմը… Կա՛մ անվտանգ չէ գործունեությունը, կա՛մ ամեն ինչ բերվում է մարդու, երեխայի գործունեության սահմանափակմանը՝ թող չլողա, հեծանիվ չքշի, չխաղա… Ես իմ բլոգի ամառային գրերում անդրադառնալու եմ այս երևույթին՝ դժբախտ պատահար կոչվածին ու մարդու ազատ գործունեության սահմանափակման այս դիլեմային, որ անվանում եմ անշարժություն կամ փակուղու խորացում, որ այնքա՜ն սովորական է դարձել-դառնում, ինչպես… թաղումը… Թաղեցինք ու պըրծ… Հաջորդը…

Դավիթ Բլեյանն իրեն արժանի պահեց, կարծում եմ, ողջ 250 կմ ճանապարհին, այդպիսի հայտնի խմբի հետ ճամփորդության ողջ ընթացքում՝ Երևանից Մարտունի՝ Գեղհովիտ, Մադինա, Լեռնահովիտ, Վերին ու Ներքին Գետաշեններ, սարերով-ձորերով-Սևանա լճով, միկրոավտոբուսով, առանց հատուկ պատրաստության, մեկ ձեռ շորով… Իսկական ճամփորդի պես երեքուկես տարեկան դարձած մեր հերոսը պատրաստ է ամառային ճամփորդական արկածների… Լավ քնեց, լավ կերավ, լեզվին ինչ եկավ, ասեց, ո՛չ մի նվվոց, ո՛չ հայրիկ, ո՛չ մայրիկ, լավ ծիծաղեց ու ծիծաղեցրեց… Ուզում եմ հավատալ, որ սիրվեց, բայց չլկստվեց, զբաղեցրեց, բայց անդուր չեղավ… Ես, իհարկե, ուշադիր հետևում էի, բայց երրորդ պլանից… Այսպես անցավ իմ շաբաթ օրը. իմ ընկերները պատմել են, հատկապես գործ էր Արմինե Թոփչյանի ֆոտոպատումն իմ ու տիար Գևորգի մասին. շնորհակալ եմ, քույր իմ, քրոջական ուշադրությունն ամենաթանկն է ցանկացած ճամփորդության ընթացքում…

Այսօր Դավիթը Հիմնական դպրոցում է: Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանը:

Կիրակի իմ քույր Էմմայի ծննդյան օրն էր. Էմման պիտի մեզ հավաքեր՝ հավաքեց։ Ինձ այնքա՜ն լավ էի զգում հարազատ մարդկանց մեծ խմբի հետ, Օհանավանում, իմ փեսա Գարիկի խնամած այգում, իմ սքանչելի Սուսան, Էդիտա, Նազենի Հովհաննիսյան-Բլեյան քույրիկների հոգատարությամբ շրջապատված… Ու ոչ մի կասկած, Էմման միշտ կլինի այսպիսին, քանի մենք կանք, մեզ այսպես կհավաքի, խնամված կլինեն և՛ իր գերեզմանը, և՛ իր համար մտածված Օհանավանի տունն ու այգին… Շնորհակալ եմ, քույրիկնե´ր:

Առավոտյան ես ավելի շուտ էի դուրս եկել իմ հեծանվով: Որոշել էի ճանապարհել Թբիլիսի թիվ 20 դպրոցի ինձ սիրելի դարձած մարդկանց, որոշել էի 8-10-ն առտու, մինչև Սևան մեկնելը լինել նրանց հետ: Այսպիսի ազատություն ու վայելք. իմ կիրակիի տերն եղա: Ի՜նչ կառույց է մեր կրթահամալիրը, հետաքրքիր ու խնամված, ապահով, հյուրընկալ՝ ամենատարբեր, տարատարիք մարդկանց համար… Ու տեսե՛ք, մեր Թբիլիսիի վրացի ընկերներն ի՜նչ խելացի օգտվում են… Իսկ ա՛յ, Ջավախքի ու Թբիլիսիի մեր հայրենակիցները համառորեն չեն օգտվում… Չնայած վկա եք՝ ինչ հետևողականությամբ եմ ես դա անում, պարտադրելու աստիճանի, Վիրահայոց թեմի առաջնորդարանի ստանձնած պարտավորությունն էլ չօգնեց…
Հետո Հիմնական դպրոցից ես հեծանվով սլացա կայարան, Արցախի փողոց, իմ Ստեփան եղբոր տուն՝ բավականություն ու իրականություն պարգևելով նրան…

Գեղարվեստի լողափ-նախակրթարան: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Ես ու տիար Գևորգը մտմտում ենք Սևանի շուրջ բազմօրյա հեծանվային ճամփորդություն սկսել… Էսօր սկսվող, մի շաբաթ տևող հունիսյան ստուգատես-ճամբարներն էլ անցնե՜ն, ականատես կդառնաք «ծերունի ավազակների» նոր արկածներին…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#361

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարգի գիտակցում և երևակայություն… Միասին

Ահա այսպիսի բարեմաղթություն հնչեց երեկ ուշ երեկոյան «Թումանյան 40» ակումբում, բարեկամների սեղանի շուրջ… Տեր և տիկին Թումանյանների հետ էի՝ կրթահամալիրի լոսանջելեսցի բարեկամների, որ ընտանիքի տարբեր կազմերով տարին մեկ անգամ, հուզիչ

Որպես առակ… չնախատեսված

Եվ կրկին հանդիպեցին տղան ու աղջիկը: Ամառը չգոլորշիացրեց նրանց զգացմունքները: Աշունը հարսանիք էր կանխատեսում: Ձմեռը հիշեցրեց անցյալը: Գարնանը սելավ էր: Աշոտ Տիգրանյան Մենք Արմինե Թոփչյանի հետ հեծանվով հարավարևմտյան զանգված Բանգլադեշի

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի

Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն