«Յավաշ-կամաց» օգոստոսի 9-16-ը Աղվերանում կազմակերպվող ամառային դպրոցին մեկ օրով՝ օգոստոսի 10-ին մասնակցելու և «Փոխելով կրթական պարադիգմաները» ընդգրկուն թեմայով ելույթ ունենալու խոստում ես տվել էի 1 ամիս առաջ, իմ լավ բարեկամ Արթուր Սաքունցին: Իսկ խոստումները հարկ է կատարել: Իմ հավատարիմ ընկերները՝ Սուսան Մարկոսյանը, Արմինե Թոփչյանը, Սուսան Հովհաննիսյանը, Հունաստանի ճամփեն բռնած Մարթա Ասատրյանը, Բաթումիում հանգստացող Մարգարիտ Սարգսյանն ինձ օգնեցին փաստական նյութը մեդիա-ներկայացման բերելու: Իսկ փոխվո՞ւմ են հասարակական մեր կյանքում պարադիգմաները (հարացույցները) և ինչպե՞ս են փոխվում և ինչո՞ւ չեն փոխվում… կրթական համակարգի օրինակով… Վատ եմ ճանաչում լսարանը, ցավոք, չգտա այս ամառային դպրոցի հրապարակված նյութերը. ինձնից էլ չեն պահանջել-խնդրել: Ճանաչո՞ւմ ենք մենք թուրք հասարակությունը, ասենք, իր կրթական կարգով-համակարգով… Հայերեն լեզվով հոդված-տեղեկանք գտա մեր կրթահամալիրի «Դպիր» ամսագրում… Կարդացե´ք Ելենա Սարգսյանի այս հրապարակումը, որը պատմություն ունի… Մենք, որպես կրթահամալիր, որ իրականացնում է հեղինակային կրթական ծրագրեր՝ փոխելով հանրակրթական համակարգի պարադիգմաներն այդ ձևով՝ կրթական ծրագրի մշակում-կազմակերպում-տարածում ուսուցչական խմբի կողմից, չկարողացանք այդպես էլ գտնել թուրք գործընկեր-կրթական հաստատություն՝ իրական դասրձնելով մեր կապը… Կնպաստի՞ այս հանդիպումն Աղվերանում այսպիսի կապի հաստատմանը: Իմ ջանքերն ուղղված են սրան: Հետևե´ք իմ օրագրին. իմ օգոստոսի 10-ի կյանքի, Աղվերանի ամառային դպրոցի մեր աշխատանքի մասին ես պատմելու եմ օգոստոսի 11-ի հրապարակման մեջ…
Լավ ուսուցիչը մեզանում նա է, ով գործուն մասնակցում է հանրակրթական պարադիգմաների փոփոխմանը:
Դպրոց-պարտեզի լողորդները:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Օգոստոսի 9-ին` կիրակի կեսօրին, Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ նստած էինք Մեղրաձոր-Մարմարիկի կամուրջներից մեկի բետոնի բազրիքին. մինչև Երևան շարժվելն ունեինք ժամանակ՝ մեր տակով անցնող Մարմարիկին իր ակունքի ուղղությամբ՝ դեպի Հանքավան նայելու ու հոսանքի ուղղությամբ՝ մինչև իր թափվելը Հրազդան… Այս ամառ կապվեցինք գետին էլ, իր ստեղծած հովտին էլ, հովտում ապրող մարդկանց էլ… Սեբաստացիների «Մեղրաձոր 2015» վրանային-արշավախմբային ճամբարում հիմա Քոլեջ-Արհեստագործական խմբի սովորողներն են՝ Անահիտ Մելքոնյանի ուղեկցությամբ. իրենց կյանքն է, ու mskh.am-ում սկսել են պատմելը՝ ժամանակ ունեն: Ես ավարտեմ, եթե հնարավոր է ընդհանրապես սպառել ապրածի մասին պատումը, իմ ընտանեկան եռօրյա ճամբարի պատումը, որ անցկացրի Մեղրաձոր ստեղծած Հովհաննիսյանների ընտանիքում…
Կադրեր Մեղրաձորի վրանային-արշավախմբային ճամբարից:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:
Պանսիոնատները՝ պլպլան-մեծ, զարմացնելու համար կառուցված, ինձ համար չեն: Կան, իհարկե, բացառություններ, ինչպես ընտանեկան միջավայրի տեսքով ստեղծված Գյումրիի «Բեռլին» հյուրատունը, որի մասին պատմել եմ իմ թիվ 409 և 410 գրերում: Իմն ապրող մարդու տունն է, ընտանիքը, իր ստեղծած աղուհացը, նիստուկացը, որ անընդհատ շնորհքով խնամում, զարգացնում են Կարինե սկեսուրն ու իր սքանչելի հարսիկ Անահիտը, որ Հովհաննիսյանների մեծ տան սիրված աղջիկն է… Պետք էր լսել, թե Վարուժանն ու իր մայրիկ որքան սիրով, հիացմունքով էին պատմում Անահիտին իրենցով անելու ողջ պատմությունը… Արժեր…Մեր Դավիթ տղան, ով հարկադրաբար հրաժեշտ տվեց Հովհաննիսյան կրտսերներին՝ Վարուժանի ու Անահիտի 4 տարեկան Էդվինին, 7 տարեկան Ինգային ու 9 տարեկան Էդգարին, չի գտնում իր տեղը Երևանում, մեր տանը… Արմինեն հուսահատ է՝ այս տղան մեզ խայտառակ է անում… Թող քնի-արթնանա, բարիշի մայրիկի հետ, թող գա վաղն ու գոնե մեկ օր անցկացնի իր պարտեզում Բանգլադեշի…
Իջեք, իջեք, երազներ,
Իջեք զգո՜ւյշ, երազներ,
Շոյող, անո՜ւշ երազներ,
Իջեք, քնքո՜ւշ երազներ:
Լևոն Շանթ
Որտեղից որտեղ ես Հրաչյա Ներսիսյանի ձայնը լսեցի…
Վրեժ Հովհաննիսյանի, Հովհաննիսյանների ավագ հարս Գոհարի վճռական ուղեկցությամբ ու ջիպով մենք Մարմարիկի ձախ ափով կտրեցինք դեպի Թեժ լեռ ճանապարհը, հասանք ու լողացինք նշանավոր «չռիկներում»… Դրա՜խտ, ի՜նչ ջուր է կենսական, ինչպիսի՜ հեռանկար դեպի բարձունքները՝ անվերջ ու թեժացնող… Ահա որտեղից քո անունը, սար, նշանավոր ու սիրելի… Քայլեցինք երկար, զննեցինք… Որքա՜ն մոռացված-գեշ միջամտություններ, խորհրդային ժամանակի արդյունաբերական ծրագրերի հետքեր… Ո՞վ կգա կմաքրի, կհավաքի սրանք. մնացած շինությունները որևէ հեռանկար չունեն, մնում է բնությունից դրանք մաքրելը… Նույն տեսարանն էր Մարմարիկ թափվող մյուս վտակով դեպի վեր` նախկին ճամբարների հովտում… Շշմելու հովիտ՝ աղտոտված-այլանդակված խորհրդային ճամբարների հոշոտած կմախքներով… Այստեղով թո՞ւրքն է անցել… Արդեն Վարուժան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, իր առաջարկով ու մեքենայով, մենք կտրեցինք Մարմարիկի հովիտը՝ անցնելով Հանքավանն ու մոտենալով ընդհուպ Մարմարիկի ակունքներին՝ կանգնելով ջրամբար-լճի տարբեր ափերին, խմելով կում-կում հայրենիքիս բազում թթու-հանքային ջրեր, լսելով տեղացի, զբոսաշրջիկ ձկնորսների պատմությունները… Իսկ Մարմարիկի կամրջի վրայով անցնում էին Երևանից, Հրազդանից փախածները, քեֆչի մեկօրյա վայելողների մեքենաների շարանը… Բոլորը ճանաչում են, բոլորը հատուկ բարևում են, այնպես, որ Արմինեն իրեն լավ է զգում՝ քաղաքացի-հանրաճանաչը… Ես ինձ մարդկանց հետ-մարդկանց մեջ, բնության գրկում հոյակապ եմ զգում…
Կադրեր Մեղրաձորից:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Ֆոտոխմբագիր՝ Հռիփսիմե Առաքելյան
#416