Հենց այդպես, գուրգուրելու չափ կարոտել էի հեծանիվս մեղրաձորյան երեք օրում: Հեծանիվս, գիտեք, երկտեղանի է, Արմինեն այդպես էլ հեծանիվին մոտ չեկավ, չնայած իր հեծանիվն եկել հասել է Մեղրաձոր ու արշավախմբային ճամբարի կարևոր փոխադրամիջոցն է դարձել: Մենք ընտանիքով Մեղրաձորում էինք Արմինեի մեքենայով…
Աղավնաձորի «Յավաշ-կամաց» սեմինարի մասնակցության ընդամենը մեկ օրվա ժամանակ ես ունեմ. կրթահամալիրի Բանգլադեշս գովական լիքը շինարարական-բարելավման անավարտ գործեր ունի, պիտի ավարտել:
Տնօրինական ստուգայցը կրթահամալիրով մեկ ավարտելուն պես հայտնվում եմ Գեղարվեստի ավազանում. օխա՜շ՝ մեռոն է, ջուր չէ… կամ հենց այսպիսի պաղ-մաքուր ջուրն է, որ օգոստոսի 10-ի օրվա ավարտին մեռոն են կոչել:
Հեծանիվս ինձ է սպասում. մենք իրար սկսել ենք զգալ, խոսել իրար հետ, օգնել իրար… Ընկերություն է անբաժան՝ այլևս իմ ապրելիք կյանքի 60 տարում… Ծովակալ Իսակովից դեպի Լենինգրադյան նորակառույց կամրջի վրա բարձրացա՝ ժամանակ ունեմ. Արմինեն Դավթի հետ մեքենայով, ինքնուրույն, քրոջն է այցելել… մինչև գա, զբոսնում եմ Երևանով… Առանց հեծանվի կկորցնեի վերջնական կապը Երևան ծննդավայրիս հետ… Հեծանվով այդ կապը վերգտա և նորոգում եմ ամեն օր…
Նոր դպրոցի ամառային ճամբարը շարունակվում է: Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:
Ի՜նչ տեսարան է կամրջից դեպի Հրազդանի կիրճ ու Երևանի լիճ. եկեք կանգնեք կողքիս, էնպիսի՜ կտորներ ցույց տամ, էնպիսի՜ հեռանկարներ բացեմ… Ի՜նչ Հունաստան, Եգիպտոս… ու չգիտեմ՝ ինչ… Մեր մեջ ասած՝ Սուեզի ջրանցքն իր նորակառույց ուղով ձգում է… Իմ տարիքում, իմ այս դիրքով-հայացքով ի՞նչ ափսոսում. մի ո՜ղջ կյանք առջևդ է, Կարմիր ծովում ու Միջերկրականում լողացողներն էլ՝ միլիոն, տղամարդ եմ ասել, որ Երևանի ծովում լողա… Եգիպտացիները մի տարում «Մուսուլման եղբայրներ»-ի հետ քաղաքացիական կռվի մեջ նոր՝ 72կմ-ոց ջրանցք կառուցեցին, էս երկու տասնյակ կմ երկարությամբ ու քսան-երեսուն մետր լայնությամբ Հրազդանի կիրճը մաքրելն ի՞նչ է… սրա կողքին… Ես կարդում եմ բարձրաձայն.
Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերստին սրերին սուրսայր,
Ինչպե՞ս չսիրեմ—հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։
Որքան որ ելան արյունիդ ագահ.
Դու կամավոր զոհ— բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վկա–
Չարերի կոխան, խաչված իմ երկիր:
Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։
Ժամ է, ել նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…
Աղվերանի «Յավաշ-կամաց» հայ-թուրքական սեմինարի արդյունքն է… Վաղուց հոնորար չէի ստացել… Արմինեին պատմում եմ. կանացի ոգևորվեց՝ այ դա գործ է, թե չէ՝ ինչքա՞ն պիտի ձրի խոսես-գրես…
Դավթի և ընկերների ջրային արկածները Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
1-2 ժամից Տաթև Բլեյանն ու Արևիկ աղջիկը, որ այնքա՜ն գոհ վերադարձել է Աղվերանի ճամբարից, կնստեն Գյումրիի գնացքը, կանցնեն հայ-թուրքական սահմանի 132.6կմ-ոց հատված՝ մինչև Բայանդուրի կայարան, Գյումրի… Ու այս ողջ երկայնքով փակ՝ կյանքի՞ ճանապարհներ, որ ռուսաց սահմանապահներին հանձնած անջրպետ են դարձրել, ու մի հայացք է մնացել… Իմ հայացքի մեջ Լենինգրադյանի կամրջից դեպի Զանգվի ձոր ծրագիր կա… մոտակա… Տեսնես՝ ինչպե՞ս են նայում 1.5 ժամանոց ընթացքին գնացքի պատուհանից ամեն օր՝ դեպի Արաքս-Ախուրյան հայ-թուրքական սահմանին, որ չի անցնի օձն իր պորտով, ղուշն իր թևով, իմ աղջիկ Տաթևիկն ու Արևիկը, հարյուրներ, ամեն օր, ժողովուրդն Հայաստանյաց… Նայում-տեսնո՞ւմ են… Մեր ձախակողմյան Անիից Ախուրյանի վրայով անցնելու, աջակողմյան պատմական Անին մերը դարձնելու ծրագիր ունե՞նք… Ի՞նչ հայացքով է նայում սրան հանրակրթությունը՝ անկախ-իրավական-սոցիալական ժողովրդավար Հայաստանի 25-րդ տարում, Ցեղասպանության 100-րդ տարելիցում՝ ապրող մարդու, իր այսօրվա կյանքի ու անելիքի՞, թե՞ անմեղսունակ-անանելիք պահանջատերի…
Նոր դպրոցի նախակրթարանի առավոտը: Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի:
Հայ և թուրք հասարակական գործիչները, կարծես, եկել են համաձայնության. այսպես, կամաց-կամաց մերձենում ենք, վերացնում տաբուները, ծրագրում հաջորդ հանդիպումը… Ի՞նչ ունենք շտապելու… Երբ նոր-նոր ձեռնարկել ենք սահմանադրական փոփոխությունների, ներհասարակական նոր սահմանների տեղադրման, ավելի հատվածական դարձնելու գործընթացը… Այս ընթացքում քրդերն իրենց Քուրդիստանի ազգային ծրագրի իրագործումով կարող է հաջողեն… Ասենք՝ հաջողեցին, ի՞նչ ենք շահում մենք դրանից:
Ի՞նչ եմ ես պատմել-ներկայացրել «Յավաշ-կամաց» սեմինարի ժամանակ… Շա՜տ «յավաշ» չշարժվեինք, մի քիչ ավելի ոգեղեն-գործնական լինեինք, «Սեբաստացի» ռադիոն—TV-ն էլ միջոցառումային չէին լինի, կձայնագրեին-կտեսագրեին` Գրիգոր Խաչատրյանի երազած փաստ-մեդիան կունենայինք… Իսկ որտե՞ղ է հիմա Գրիգոր Խաչատրյանը, վաստակում է իր հացը հանապազօր այլ աշխատանքո՞վ, Անի Սարգսյանը վաստակած հանգստի մեջ է կամ ստեղծագործական ազատության… Չնայած լսելու ի՞նչ կա. ես ներկայացրել եմ այն, ինչով զբաղվել եմ երեկ, զբաղված եմ հիմա, իմ ողջ կյանքում… Ուրիշ բան, որ մի մեծ, ինձ անծանոթ հայ-թուրքական լսարան երկար ու ակտիվ լսում էր, արձագանքում… Բայց սա իմ պատմելու նյութը չէ…
Սեմինարի լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
#417