Իմ եղբա՛յր պատվական, իմ ընտանիքի ու կրթահամալիրի անկեղծ բարեկամ, Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի անմոռանալի պապիկ․․․ Իսկական շուշեցի․․․ Իմ ու Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքների տարիների հարազատություն, որ ոչ միայն չթուլացավ, այլև ունեցավ ամենահուզիչ դրսևորումներ բազում, կյանքով ստուգվեց-փոխանցվեց․․․

Շուշիի խորհրդանիշ դարձավ․․․ ապրող Շուշիի պայծառության ու կորստի կսկիծի․․․ Պատմելու չէ, թե ինչպես էր սպասում, ընդունում, խնամում, հյուրընկալում, ճանապարհում մեզ․․․ իր արդար, բազմանդամ ընտանիքով, Նազիկ վաստակաշատ տիկնոջով, Շուշիի մանկաբույժ Նունե ու զինվորական բժիշկ Կարինե դուստրերով՝ իմ, Արմինեի քույրերով, Մխիթար իր նմանակ որդով, Աննա, արցախյան պատերազմի առաջնագծում կանգնած Արթուր, Դավիթ, Արամ զինվոր, նրանց հաց հասցնող Քրիստինե թոռներով, Գայանե հարսիկով․․․ Շուշիի հետ իրենց արդար վաստակով ստեղծված տները-հողը կորցրին, Միշայի ստեղծած եդեմական  այգին, արխիվը, մասունքները․․․ ամենը․․․ Չդիմանալու հարված էր. քովիդի վրա չգցենք, Միշա փխրուն մարդը չէր կարող դիմանալ․․․ 

Կուզեի հիվանդության շրջանի օրերին իր կողքին լինելու հնարավորությունից օգտվել, շարունակել այն զրույցը, որ թողել էի Քասախ գյուղի իր նոր, փոքրիկ այգում, իմ ենթադրյալ աջակցությամբ կառուցվելիք տաղավարում․․․ 

Էս 2020, 2021 թվերը այնպե՜ս ուրիշ դարձրին, շուռ տվեցին դժվարություններով, բայց մարդկային նկարագրով կառույցի նման կյանքը մեր․․․ 

Այնքան նեղացած-սրտնեղած էի կատարվածից, որ երեկ-այսօր այսպիսի կցկտուր տողեր  հավաքվեցին՝ որպես խոսք հիշատակի․․․ Այս քովիդը, որի ճիրաններից դուրս պրծավ Միշա Խաչատրյանի կյանքի անբաժան ուղեկից, Արցախի վաստակավոր ուսուցիչ Նազիկ Նալբանդյանը, Միշային այնպես մեկուսացրեց աշխարհից, իրենց հոր պաշտամունքով ընտանիքից, որ չթույլատրեց որևէ միջամտություն, օգտակար լինելու հնարավորություն․․․ Մեծ ցավով եմ ասում՝ կուզեի օգտակար լինել։ 

Այսպես ստացվեց, եղբա՛յր պատվական, գնում ես՝ քո բարին թողած։ Դու միշտ կաս, իմ ու իմ  ընտանիքի կյանքում։ 

Շնորհակալ եմ, որ այդպիսին էիր, հաստատուն-մարդկային, նշանակով քո  ժպիտով, այսպիսի կենսագրությամբ։ 

Մեջբերում եմ «Անվանի շուշեցիները» խորագրով հրապարակումից։ 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՍԵՆԻ (28.09. 1941, Շուշի) – նախնական կրթությունն ստացել է տեղի յոթնամյա դպրոցում (1957): 1961-ին ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, 1971- ին’ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը: Ծառայել է խորհրդային բանակում (1961- 64): 1964-66-ին աշխատել է հ. 2 գիշերօթիկ դպրոցում որպես դաստիարակ, հետագայում Շուշիի կոմերիտշրջկոմի երկրորդ քարտուղար, շրջանային կուսկոմիտեի քարտուղար: 1987-ին հեռակա ավարտել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի կից Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը: Աշխատել է Շուշիի շրջկոմում որպես հրահանգիչ (1970-76), շրջգործկոմի նախագահի  տեղակալ, շրջկոմի երկրորդ քարտուղար, շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, 1996-2004-ին’ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմում որպես շինբաժնի վարիչ, 1994-ին էջմիածնում մասնակցել է Ազգային եկեղեցական ժազովին: 2007-ին աշխատել է որպես շրջվարչա- կազմի աշխատակազմի ղեկավար, 2007-ից Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ: Աշխատան-քի վետերան է, պարգևատրվել է «Երախտագիտու-թյուն», «Հայրենյաց պաշտպան», «Մխիթար Գոշ» մեդալներով և տասնյակ պատվոգրերով: 

Գրակ.’ Ա. Խաչատրյան, Գ. Հարությունյան, Շուշիի մանկավարժական ուսումնարան-85 (1921-2006). էջ 187: 

#2079

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձյո՛ւնը ձմեռը բերեց. առանց ձյան ձմեռ չի լինում…

Այսպես խոսեց Դավիթ Բլեյանը երեկ երեկոյան, երբ մայրը շեշտեց նորից, որ արդեն ձմեռ է, պիտի տաք հագնվել և… Դե, գիտեք, էլի… — Ձմեռն էն ա, որ ամեն ինչ սպիտակ ա

Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան․․․

Սա, որպես վերնագիր-սկիզբ, առանց որի չի լինում։ Ո՜նց էի մոռացել իմ օրագրի, իմ օրվա անընդհատ-ծիսական բլոգապատման մասին․․․ Մտահան էի արել․․․ Լավ է, բլոգումս բոլոր 1344-ը, նաև վերջինը, մարտի 31-ի, «Ինչ

Շարունակենք կյանքի կոչել թե կյանք դարձնել գաղափարները…

Դավիթ Բլեյանն առավոտյան իր հայրիկապահանջով արթնանում-անկողնուց իջնում է իմ գրկում միայն. — Գնա՛, չեմ ուզում,- ասում է մայրիկ Արմինեին,- թող հայրիկը գա։ Ի՜նչ գերազանցություն է փոխանցվում տղամարդուն՝ առավոտ լույսի ճոճանակ-լոգանք-ցնցուղով-շոկոլադով