Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած գեղագիտություն… Բարի առավոտ մեդիաաշխարհ, օրագրի ընթերցող, բարի օր, Բանգլադեշ…

«Հայաստանի քաղաքներ» խոստացած ուսումնական նախագիծն ընտանիքիս հետ սկսեցի օգոստոսի 1-ին. առավոտյան 07:50, Վահրամի ու Ստեփան եղբոր-հորեղբոր ուղեկցությամբ գնացքում էինք: Հայտարարված ժամին, 07:55 ին, Երևան-Գյումրի կանաչ գնացքը շարժվեց՝ մեծ ցնծություն պարգևելով Դավթին: Գնացքում-վագոնում, բոլորն ինձ, հասկանալի է, ճանաչում են, ինչպես հետո պարզվեց՝ նաև հյուրանոցում, Գյումրիում, Գուսանագյուղում, բացի մի քանի օտարերկրացիներից։ Այս դեպքում ես ժպտում եմ… «քաղաքացի հեղինակություն…»,- Աղվանի ձայնն է հայտնվում իմ ականջում. թիվ 38 խցում Նուբարաշենի քննչական մեկուսարան մտած հերթական կալանավորին ներկայացնում էր խցի անդամներին, վերջում էլ, ընդգծված հպարտությամբ, ինձ…
— Դե, մեր հարգելի Բլեյանն էլ, գիտես՝ ուր ես եկել…
Մի  լոռեցի երիտասարդ կտրականապես հրաժարվեց ինձ ճանաչած լինելու մտքից. չի ճանաչում մարդը Աշոտ Բլեյանին… Վա՜յ, սա Աղվանին հասկանալի-ընդունելի չէ.
— Ուրեմն դու մեր հարգելի ավագ եղբորը չես ճանաչո՞ւմ. բա էլ ո՞ւր ես էսքան տարի ապրել, բա էլ ո՞նց ես ապրել…
Մոտավորապես այսպես՝ 15 տարվա հիշողությամբ…

Գնացքում ես ուշադրության, զրուցակցի պակաս չունեմ: Դավիթ Բլեյանի համար էլ անծանոթ մարդ չկա. ինքը շփվում է կամ չի շփվում ուղղակի, առանց իմ հեղինակության-ներկայության… Ինքն ինձանից օրեցօր ավելի հայտնի է դառնում, գումարած՝ տղայական հմայքը, որից լիուլի օգտվում է… Արմինեն խաղաղ-խելացի օգտվում է այս վիճակից՝ երկու հայտնի Բլեյաններին առաջն առած՝ երկրորդ պլանից ղեկավարում է, դիտարկում… Սարսափենք նրա հնարավոր օրագրից, գրառումներից… Ջահել է, կհասցնի…

Թափառումներ Գյումրիում : Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Չհասցրեցինք հոգնել, երեք ժամը անբռնազբոսիկ անցավ (բառարան ջան, որքա՜ն հազվադեպ, չգործածվող բառեր ունես): Կայարանում, ի հայտնություն Դավթի, մեզ դիմավորեց Շուշանը Բլեյանը՝ գյումրեցի դարձած, տանտիրոջ պարտավորությամբ վերցնում է ծանր պայուսակը և ուղեկցում… Շուշանն ապրում, սովորում է Գյումրիում, իր Մանե ընկերուհու հետ… Իրենց «Ամառային դպրոց Գյումրիում» նախագծին ծանոթանալը, Գյումրի իմ ուղևորության բովանդակության մեջ է… Ամենուր մեծ հարգանք կա մեր կրթահամալիրի՝ իմ դպրոցի  նկատմամբ: Մենք ինչ-որ մի շրջանից սկսել ենք օգուտով աշխատել իրար համար, ես ու կրթահամալիրը, այս գործընկերությունից ՝ հեղինակության առումով, հաստատ շահում ենք… Այսպիսի՜ գործընկերություն… Ես այն բա՜րձր, շա՜տ բարձր եմ գնահատում՝ որպես կապիտալ…

Երեք տարի առաջ ես բարձրաձայնեցի, որ նախակրթարանի կարիք ունեցող ոչ մի ընտանիքի հուսախաբ չեմ անի, չեմ թողնի հերթ կանգնի, չեմ թույլատրի ոչ ջերմ-անհոգի-հերթապահ վերաբերմունք… Պարտեզից տուն եկող երեխան է գլխավոր ցուցիչը, նրա բլբլոցը, պարտեզի-դաստիարակի անբռնազբոսիկ (սա էլ ներխուժեց բառարանից, որ չկորչի) ներխուժումը ընտանիք, որևէ ձևով…

Բարի լույս Գեղարվեստի նախակրթարանից: Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանի:

Ամենամեծ ներդրումը՝ մարդկային և գույքային, ինչպես անցնող երեք տարում, այնպես և այս տարի՝ 2015-ին, մենք արել ենք 2-4 տարեկանների խնամքի, զարգացման, 5-6 տարեկանների խնամքի-զարգացման-ուսուցման կազմակերպման մեջ… Այդպես ավելի շոշափելի, կոնկրետ, հասկանալի կլինի իմ-մեր վերաբերմունքը 2-6 տարեկանների, մեր այս պատվիրատու-ընտանիքի նկատմամբ 2015-2016 ուստարում… Ահա ինչու՝ ես հրապարակում եմ այս հայտարարությունն իմ անունից՝ սիրով, բավարարվածության ու անձնային պատասխանատվության մեծ զգացումով… համեցեք սեբաստացի պարտեզներ՝ հինգ պարտեզ՝ Գեղարվեստում, Քոլեջում, Բ-1 թաղամասի Նոր դպրոցում, Անկախ մայլի Հիմնական դպրոցում թե Բանգլադեշի Բ-4 թաղամասի կրտսեր դպրոցում… Նրանք ունեն տարբերություններ-առանձնահատկություններ. դուք ազատ եք ընտրության մեջ, բոլորն էլ կօգնեն ձեզ, բայց շատ մի՛ էլ տանջվեք, մեր ընտանիքներ, դուք գործ ունեք արդեն կայացած, փորձարկված, նույն կրթական ծրագրի նույն հաստատության հետ, որին ես իմ գրում ահա՝ մի անուն եմ տալիս՝ «Սեբաստացի պարտեզ»: Այո՛, մեր հեղինակած կրտսեր դպրոց-պարտեզի կազմում, այո´, նախակրթարան 2-6 տարեկանների համար՝ 2-4 տարեկանների զարգացման և 5 տարեկանների ուսուցման ծրագրերով, բաց-գրավիչ-ծավալվող, հանրային հեղինակությամբ հայտնի այցեքարտով ու անունով՝ «Սեբաստացի պարտեզ»:

2-4 տարեկանները՝ քնած, թե արթուն: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի, Նելլի Արղությանի:

Մնացածը կգտնեք «Սեբաստացի պարտեզ» 2015-ի այս հայտարարության մեջ, «Պարտեզ» ամսագրում, Դպրոց-պարտեզների կայքերում, դաստիարակների բլոգներում, ամենակարևորը՝ կտեսնեք մեր ամառային անընդհատ գործող պարտեզներում, նրանց լողափերում, «Ամառային պարտեզ» նախագծերում: Վստահե՛ք մեր պարտեզից եկող ձեր հարևանի, հարազատի երեխային, ուշադիր եղեք տանը, թե բակում նրա պարտեզային բլբլոցների նկատմամբ, ուրիշ իրական ցուցիչ չկա: «Սեբաստացի պարտեզի» մասին ինչ խոսենք, պիտի վերադառնանք դրա ստեղծած մանկավարժական դասարանին, նախակրթարանի և ընտանիքի դաստիարակի պատրաստման մեր քոլեջին: Շնորհակալ եմ դասարան-քոլեջ՝ «Սեբաստացի պարտեզը» մշտապես սնելու, խնամելու համար:

Շիրակի մարզի Մարմարաշեն վանքում: Լուսանկարները՝ Շուշան Բլեյանի:

Եկեք Գյումրի գնացքով, և՛ էժան է, և՛ հարմար. պատուհանւց դուրս երեք ժամ անընդհատ ծավալվող Հայաստանն է՝ դաշտն Արարատյան, հետո դաշտը Շիրակի, Արմավիր- Բաղրամյան-Անի աշխարհագրությամբ, մայր Արաքսով և Արփի լճից դեպի Մայր Արաքս շտապող սքանչելի Ախուրյանով, հայ-թուրքական սահմանով: Այո, տարիներ շարունակ անշարժացած, սրանով զայրացնող կառույց-կիսակառույցներով, ավերակներով, բայց այս ամենի արանքում ինչպես դաշտային ծաղիկ հայտնվող օազիսներով, նորատունկ թե հասունացող բերքառատ այգիները, թափանցիկ հեռանկար փոխանցող հայ-թուրքական սահմանը՝ անխուսափելին, իրական լայնածավալ հայրենիքը մարդուն, երկրագործին, լսո՞ւմ եք, ինձ ու ձեզ ուղղված կանչ է դառնում: Ահա, այսպիսի շշմելու հայրենիք եմ ես տեսնում:

Մեղրաձորյան պատկերներ: Լուսանկարները՝ ճամբարի մասնակից 8-րդ դասարանի սովորող Արփի Սահակյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խորհրդային Հայաստանի սահմանները վերջանում են ձեր տարածքներով

— Իհարկե, այո, իհարկե, այո, իհարկե, այո,- ասում է «Սեբաստացի» ռադիոյով Արսեն Մինասյանը Գեղարվեստի կրտսերից, ում  անհատական ցուցահանդեսը շարունակում է զարմացնել Գրիգոր Խաչատրյանին ու նրա նմաններին։ Մեր պարտեզներում՝ Քոլեջ-արհեստների, Գեղարվեստի, Դպրոց պարտեզի, Մայր դպրոցի,

Անվտանգությունը՝ որպես առաջնահերթություն

Որևէ հանգամանք, որևէ կարևոր գործ չեն կարող մեր հայացքը շեղել, ավելի առաջնային լինել, քան անվտանգության ապահովումը:

Պայծառ հիշատակներ կտակենք ժառանգներին

Միքայել Նալբանդյանի թողած՝ կյանքի աշխատանքի ուղղություն է։ Սրա համար պիտի աշխատել, սրա համար պիտի ապրել. գործ եմ ասել, է՜, պայծառ հիշատակների ստեղծումը… Սոնան, Արևիկը և Դավիթը մեր տանն են. արի