Դավիթ Բլեյանն արթնացավ ինքնուրույն՝ ժամը 8-ին. ես ավարտել եմ իմ օրագիրը, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի մեր սենյակում եմ, իմ ընկեր դարձած Հակոբ Հովհաննիսյանի ստեղծած նկարչական միջավայրում…
— Ես ուզում եմ ինքնուրույն հագնվեմ, հայրիկ…
— Իհարկե։ Դու մի գիշերում ավելի ես մեծացել, Դավիթ…
— Մենք հյուր ե՞նք Գյումրիում… սա հյուրանո՞ց է: Էլ ո՞վ է հյուր… ուզում եմ՝ ասես…
Ու անցավ իր «քինդեր» ձվիկին, որ պահ էր տվել հյուրասենյակի սառնարանին… Ես մոռացել էի, բա Դավի՞թը. իր քույր Շուշանի նվիրած ձվիկը վայելում է որպես առաջին գործ…
— Հայրի՛կ, հյուրասենյակը ո՞րն է… Պապա՛, Երկիր մոլորակը ո՞րն է… Մենք ո՞նց ենք ապրում այս մոլորակի վրա, ասա՝ տեսնեմ…
— Պիտի լողանաս, Դավիթ, այնքա՜ն լավ ցնցուղ է…
— Գիտե՞ս, հայրիկ, մայրիկը քնկոտ է… Հայրիկը միշտ արթուն է, մայրիկը ցերեկն էլ է քնում, առավոտն էլ…
— Ես ճպուռներն աչքերիս չեմ տեսնում, դրա համար էլ չկան դրանք… չեմ լողանում… Քնկոտ մայրիկ…
Դավիթը լողանում է ցնցուղի տակ՝ զինվորի նման, հաճույքով…
— Որ մաքրասեր եմ, դու ուրախանում ե՞ս…
— Շա՜տ: Իսկ մայրիկը քնած է…

«Բեռլին» արտիստական հյուրանոցը, որպես նախագիծ, հետաքրքիր է իր մտահղացումով, իրագործումով, իր կազմակերպմամբ… Հիմա ես հյուրատան հարմարավետ-խնամված բակում, մի անկյունում իմ օրագրի հետ եմ… Գյումրի ընդամենը 2 օրով այցելությունը լիքը սահմանափակումներ ունի, բայց ես միշտ նախապատվությունը տալիս եմ նոր մարդու, նոր հերոսների հայտնագործմանը… Նյութական արժեքներն էլ ինձ հետաքրքիր են նրա մարդով՝ Մարմաշենի եկեղեցական համալիր կլինի, թե Գյումրիի Սլոբոդկա կոչվող թաղամաս… Սլոբոդկայում մենք Շուշանի ու Մանեի, Արմինեի ու Դավթի հետ լավ թափառեցինք՝ բակ-բակ, տուն-տուն… Ունեցանք տպավորիչ բլից հանդիպումներ Սլոբոդկայում ծնված մշտաբնակների, Գյումրիից մեկնած-որպես հյուր վերադարձածների հետ. ամենուր ինձ ճանաչում են, լիքը կապեր-հիշողություններ, ամենուր մարդկային անկեղծություն կա… Սլոբոդկան՝ ոնց որ հին Շուշին… քանդված է, անընդհատ քանդվում է. ո՞վ է այս քաղաքաշինական արժեք ներկայացնող Գյումրին վերակառուցելու՝ որպես արդիական բնակավայր… Այդ մարդուն-տիրոջն ենք փնտրում… Չհանդիպեցինք…

Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Լուսանկարները՝ Աղասի Մարգարյանի։

Ես տուրիստ չեմ, զբոսաշրջիկ չեմ, հյուր չեմ, իհարկե. ինձ այնքա՜ն հեշտ է ներքաշել նոր գործերի մեջ, իմ այցելությունն աշխատանքային դարձնել… Ինչպես նկարիչ Հակոբ Հովհաննիսյանը, ինչպես Ալեքսան Տեր-Մինասյանը՝ «Բեռլինի» հիմնադիր-տնօրենը, ինչպես քանդակագործ Ալբերտ Վարդանյանը… Շուշանի վոկալի ուսուցիչ Մարինե Հակոբյանը… Ամենից լավ 60 տարեկան Բլեյանին զարդարում է այն, որ ես չեմ շտապում՝ ինձ բնորոշ թափով, առանց ջանջալի, բայց և առանց աճապարելու, հիմնավոր… Ես գիտեմ, որ բոլոր նոր ճանաչում-հանդիպումները կապեր-կամուրջներ են, ես վերադառնալու եմ դրանց, նոր գործընկերներին հուսախաբ չեմ անելու… Նկարիչ Հակոբն ու Հակոբին քաջածանոթ, Հակոբի լուսավորչական գործունեությամբ խանդավառ Ալիկ Տեր-Մինասյանը մեզ տարան Գուսանագյուղ… Սա ամառային ճամբարի թեկնածու այն գյուղն է, ուր շաբաթներ առաջ կրթահամալիրի քաղաքացիական կրթության, հանրային կապերի ուսումնական կենտրոնի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի առաջարկով պիտի լինեինք… Երկու ժամ այս գյուղում լինելու պահանջը զորացավ. պատահական չէ, որ այս գյուղում ֆոտոօբյեկտիվով թափառել է Զավեն Խաչիկյանը, այստեղ Պետերբուրգից վերադառնալուց հետո 7-րդ տարին է, ինչ բնակություն է հաստատել նկարիչ Հակոբ Հովհաննիսյանը։ Գուսանագյուղը ոչ սովորական բնակավայր է, նաև Աղասի Մարգարյանի գյուղն է: Իսկ երեկոյան ուշ, Վահրամաբերդ-Մարմաշենով, ձկների ձորով, Ալիկ Տեր-Մինասյանի հետևողականությամբ մենք խմբով, Շուշանի և իր վոկալի ուսուցիչ Մարինե Հակոբյանի հետ ներխուժում ենք Ախուրյանում հայտնի Կուլակների թաղը՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց-արհեստանոց-բնակավայրը… Այսպիսի խիտ մարդկային ճանաչումով մեկ-երկու օրվա մասին  օրագիրն ի՞նչ պիտի տա ընթերցողին… Ալիկ Տեր-Մինասյանի ասելով՝ ինքը ցուցադրում է Գյումրին իր ուժեղ կողմերով, առանձնահատկություններով, կենսական կղզիներով…

Ճանապարհորդ Դավիթը Գուսանագյուղում նոր ընկեր ունի՝ Աղասի Մարգարյանի որդի Հենրիկը։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Գյումրիում չեն լողում. հանրային բաց-մատչելի լողափեր չկան այս փոշոտ հայրաքաղաքում, որտեղ ջերմաստիճանն այս օրերին չէր իջնում 35 աստիճանից… Որքան հարցուփորձով պարզեցի, չեն լողում նաև Վահրամաբերդում, Մարմարիկում՝ Ախուրյան գետի հովտում… Ախուրյան գետը կարող էր լինել Գյումրիի լողափը նշանավոր՝ փրկելով Մարմաշենը քեֆչիների ոտնձգությունից… Չեն լողում ջրառատ Գուսանագյուղում… Ինչո՞ւ, երբ ամենուր փոշի է, շոգ, ու առանց լողի՞, լողափի՞…

Գուրգեն անունով հերթապահը` հետաքրքիր-խաղաղ գյումրեցի, պատմում էր 1988-ի երկրաշարժից առաջ իր մանկության-երիտասարդության լճերի մասին, որտեղ «անփող», անվտանգ կարելի էր լողալ… Այս լճերը երկրաշարժից հետո դարձան աղբավայրեր… փակվեցին… չեն լողում Գյումրիի «Մայր Հայաստանի» միակ ջրավազանում… Ես հարցազրույցներ եմ անցկացնում ամենուր՝ փորձելով հասկանալ, ջրառատ մեր երկրում՝ զորօրինակ փոշոտ և արևոտ Շիրակի մարզում, հուլիս-օգոստոսին մարդիկ ինչո՞ւ չեն լողում գետերում, բնական ջրամբարներում, արհեստական լճերում… Օգնեք ինձ՝ հասկանամ այս ֆենոմենը… Իսկ Դավիթն անմիջապես լողացավ ցնցուղի տակ Գուսանագյուղում, Երևան վերադաձի ճանապարհին, դպրոցի տնօրեն, մեզ այնքան հարազատ դարձած Հենրիկ Մարգարյանի տանը… Ի՜նչ համեստ, կիրթ-ընդառաջող ընտանիքի հանդիպեցինք՝ ոչինչ չի պարտադրում, ոչնչով չի զարմանում… Ի՜նչ ցնցուղ էր… գյուղերի համար եզակի՝ մեծ ու հարմար լողարան, որ Դավթին տարա՜վ… Ես լողացի Գուսանագյուղի հայտնի բազում աղբյուրներից ամենանշանավորում ՝ Փոկի աղբյուրում, ուր սիրել է լողալ մեր ժամանակի ամենահայտնի գուսանագյուղցի մարդը՝ նկարիչ Այվազ Ավոյանը, ում հիշատակն այնքան կենդանի է Մարգարյանների ընտանիքում… Մենք անակնկալ մատուցեցինք Շուշան Բլեյանին, Գուսանագյուղին, Մարգարյաններին ու որոշեցինք Երևան վերադանալ էլի գնացքով, բայց օրվա վերջում՝ մի ողջ ցերեկ սքանչելի օր անցկացնելով բացահայտումներով հարուստ այս գյուղում…

Օգոստոսյան երևանյան ճամբար Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան
#410

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձնհալին օրոր ասենք

Միաշաբթի-երկուշաբթիի մութուլույսն իմ սկսվեց Սեդա Թևանյանի Սասնա օրորով՝ սեբաստացի Հակաբացիլ նանիկների ձայնասկավառակից․․․ Սեդան օրոր է երգում աշխարհին մայրենի լեզվի օրով, ես լսում-վերծանում-կարդում եմ նույն օրորը մայրենի լեզվով քանի՜ անգամ․․․ Նառա Նիկողոսյանը այդ օրորով հայտնում

Հաճույքով լռելու մանկավարժություն․․․

Երեկվա իմ գիրը՝ «Ո՜վ զարմանալի» վերնագրված շաբաթվա զարմանքների ինքնաբերաբար շարունակություն է պարտադրում։ Ռոդարիի ստեղծագործական սխալը (բացթողումը) թույլ տվեց միջամտել, վրիպակը շտկել ու ծնվեց այս հաճույքով լռելը՝ որպես այլընտրա՞նք «Իմացումի հրճվանք»-ի․․․

Մարմարիկի «Սեբաստացի» լողափի կառուցումը սկսված է… Ուռա՜…

Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն