Հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են…
Դավիթ Բլեյանը մանուշակագույն մեծ ավտոբուսով իր մայրիկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, նրա Արմենի ու Մելինեի հետ գազանանոց է գնացել։ Ավտոբուսները՝ բոլոր կարգի Դավթի հետաքրքրության կենտրոնում են եղել և մնում, մետրոյին հավասար… Ես ու Արմինեն փորձում ենք հիշողությամբ վերականգնել մեր հարցասերի օրվա տպավորություններն անմիջական։
— Ինչո՞ւ չի կարելի ավտոբուսի դիմացից անցնել…
— Որ դիմացից անցնեն, ի՞նչ կլինի, մայրիկ…
— Մայրիկ, ինչո՞ւ են գազանանոց ասում՝ գազան-անո՞ց… Իսկ ավտոբուսը՝ ավտո-բո՞ւս…
— Ինչո՞ւ մեծ ապակիներ ունի ավտոբուսը…
— Մարդիկ ավտոբուսը նստում՝ ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում… Ուզում եմ իմանալ…
— Ինչո՞ւ կան միկրո-ավտոբուսներ, թող բոլոր ավտոբուսները մեծ ու ազատ լինեն, որ մարդիկ խաղալով գնան գազանանոց ու գործի…
— Ինչո՞ւ, մետրոյի նման, վարորդը չի խոսում՝ զգուշացեք, դռները փակվում են…
— Դո՞ւ ես ավելի արագ գնում քո հեծանվով, հայրիկ, թե՞ ավտոբուսները…
— Դու հեծանվով կարո՞ղ ես ավտոբուս բարձրանալ. ուզում եմ իմանալ… Ինչո՞ւ մետրոյով հեծանիվները գնում են, իսկ ավտոբուսով՝ չէ…
Այնքան էլ «անմեղ»-ապաքաղաքական չեն այս հարցերը, մի մասն էլ որպես հռետորական են հնչում՝ հնչեցնելու համար…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Գնում են պարապելու. Շուշանը Հայաստան հո չի՞ եկել՝ ման գալու-արձակուրդ անցկացնելու, եկել է Հայաստան՝ սովորելու… Ապրելու է ուսուցչուհու տանը. հա՛մ վոկալի դասեր կառնի, որքան սիրտն ուզենա, հա՛մ կծանոթանա Հայաստանի մշակութային մայրաքաղաքին… Հեռախոսով խոսեցինք, երբ Գյումրի էր հասել, տեղավորվել… Հետաքրքիր են ինձ Վիեննա-Երևան-Գյումի չվերթով Շուշանի տպավորությունները… Ծրագրում է այցելություններ Մարմարաշեն, Հառիճավանք… Մենք Գյումրիում կայցելենք դեռ Շուշանին՝ նրա աչքերով և ուղեկցությամբ Գյումրին տեսնելու… Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման… Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ կապվում Երևանի հետ… մեկ քաղաքով երկիր է վաղուց դարձել Հայաստանը… Մարդ վերցներ ու մի շաբաթ ապրեր, ասենք, Արթիկում կամ Հրազդանում…
Հոբելյարին արժանի շնորհավորանք Արմինե Թոփչյանի ու սեբաստացիների Ջերմուկից։
Հրազդանի անունը պատահական չտվեցի. երեկվա մեր պատանի բնապահպանների ճամբարային կլոր սեղանին ակտիվ մասնակցում էին Զիկատարի ճամբարականներ Հրազդանից՝ թ. 1 դպրոցից։ Մենք հանդիպեցինք կրթահամալիրում՝ որպես հի՜ն ծանոթներ՝ երկուստեք տպավորված «Զիկատար» ճամբարում մեր բուռն զրույցից… Այնքա՜ն ուսումնատենչ են, այնքա՜ն կյանքով լի ու հայաստանասեր Մելինե Հայրապետյանը, Հռիփսիմե Առաքելյանը, Շուշան Վարդանյանը, Մարինե Հակոբյանը։ Բայց նրանք իրենց կյանքը կապո՞ւմ են Հրազդանի հետ, իրենց պատկերացնո՞ւմ են կրթություն ստացած ու Հայաստան վերադարձած… Անգամ խոսքի մեջ դա չկա… Երևանը կա՝ որպես ուսանողական քաղաք, իսկ Հրազդանի մասին՝ որպես մասնագետ դարձած հրազդանցու քաղաք-բնակավայր, չլսեցի, չտեսա… Այսպես է, ավա՜ղ, Հայաստանով մեկ։ Այսպիսով Երևանը, ի վերջո, դառնում է տրանզիտային՝ աշխարհով մեկ բնակավայր փնտրող-դեգերող հայաստանցիների համար…
Իզմիր մեկնող մեր տիեզերագետները հատել են Հայաստան-Վրաստան սահմանը, մինչև Ստամբուլ թռչելը հյուրընկալվել թ. 98 դպրոցի իրենց ընկերներին։
Լուսանկարները՝ Լուսինե Բուշի, Մարիետ Սիմոնյանի։
Լավ է, որ Հայաստանի մարզերի, կրթահամալիրի, Թբիլիսիի, Ստեփանակերտի պատանիները բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի միջոցով սիրեցին Տավուշի Կողբը, Զիկատար արգելոցը, նրանում այնքան հարմարավետ տեղավորված «Զիկատար» ուսուցման կենտրոնը, կապվեցին այնքան, որ «Զիկատարը» պատանիների միջազգային և շուրջտարյա ուսուցման կենտրոն դարձնելու գաղափարը արհեստական չէ… Համակված են: Բնապահպանության նախարարությունը կօգտվի՞ պատանեկան այսպիսի ոգևորվածությունից… Ինչո՞վ կտարբերվի մեկնարկած Էկոտուր 2016-ը պաշտոնապես փակված Էկոտուր 2015-ից, նրա ճամբարից, ինչպե՞ս անել, որ փոփոխությունների առաջարկները ուսումնական աշխատանք դառնան անընդհատ… Այս հարցերն էին երեկվա Կլոր սեղանի օրակարգում… Ինչո՞ւ Հրազդան քաղաքը հանրային լողափ չունի. ինչպե՞ս Հրազդանի պատանիները իրենց բնապահպանական նախագիծը դարձնեն այդպիսի լողափի ստեղծումը… Բնապահպանությունը կապվի մարդու հետ, այդպիսի գործունեությունը փոխի այսօրվա մարդու կյանքը… Այսպիսի նախագծերով պատանիները 2016-ի ապրիլին հավաքվեն կրթահամալիրում՝ Հայաստանից, Վրաստանից, Արցախից։
Ահա և նոր հոբելյար է իմ Oրագիրը կրկին, որ այսօր անընդհատ 400-րդ անգամ օրվա գիր է դարձել… Հոբելյարին ի՜նչ առանձնացնես-պարգևատրես, ինչո՞վ է առավել երեկվա 399-րդ գրից կամ վաղվա, որ հաստատ է՝ լինելու է, 401-րդից… Իսկ 400 գիրը մեկ առ մեկ, առանց բաց թողնելու կարդացած ընթերցողին ուզում եմ գտնել, առանձնացնել ու պարգևատրել… Սկսեցինք գրանցումը գրի մեկնաբանության բաժնում…
Հոբելյարը թույլ չի տա, որ անկեղծ չլինեմ. կուզեմ՝ հուլիսը այս երկարի՜… ես նրանից չեմ նեղվում, նրանով, նրա ամեն օրով ապրում եմ, ես ամառային-արևային մարտկոցներով մարդ եմ՝ անընդհատ լիցքավորված…
Մեղրաձորում առավոտյան մեկնած մեր ճամբարականները բանակում են։ Այսպիսի նվեր տնօրենի բլոգի հոբելյարին։ Լուսանկարները՝ Գնել Հարությունյանի։
Մեզ մեր հեծանվասպորտի դպրոցի շինարարական աշխատանքներում միացան Վարշամի պատանի հեծանվորդները իրենց հեծանիվներով, նրանց մեջ մեր սանի՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին՝ տասնհինգամյա Հրաչ Շաբոյանը: Ես նրան ուղիղ ասացի՝ ուրախ եմ, որ հանդիպեցինք, քո հայրը իրենը արել է. ահա քեզ հնարավորություն՝ մեր աջակցությամբ սեբաստացիական հայտնի աշխարհում ստեղծենք աշխարհի ամենահայտնի դպրոցը հեծանվի… Տղաները գործի են կպել: Հետևեք իմ օրագրին:
Ի՞նչ ապրումներ էր ունենում Դավիթը Բլեյանը այսօր Հիմնական դպրոցի, Մայր դպրոցի և Դպրոց-պարտեզի ճանապարհին ինձ հանդիպելով, ամեն անգամ ինքը՝ Արմինե մայրիկի հետ, մեքենայով, ես` հեծանվով… Ի՞նչ են խոսում Բանգլադեշում, տաղավարներում նարդի, բլոտ խաղացողները, երբ օրը մի քանի անգամ հանդիպում են իրենց տաղավարի մոտից անցնող հեծանվորդ-շորտավոր Բլեյանին… Մեկը հատուկ ինձ համար կարծես ասաց, որ լսեմ.
— Լավ, էս հուլիսն էլ չկարողացա՞վ էս մարդու վրա …
Բանգլադեշցին, հազար անգամ տեսնող քան մի անգամ լսողը պիտի իմանար, որ հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են, ինչպես վաղ առավոտն ու ես, օրվա գիրն ու ես… հոբելյարը վկա…
Տեսաշնորհավորանք Գեղարվեստի նախակրթարանից։
Տեսանյութը՝ Լիանա Գարախանյանի։
[youtube https://www.youtube.com/watch?v=RXbp-Bv9qbA?rel=0&showinfo=0]
#400