Ես չեմ գրում, պատմում եմ, ինչպես հայրս… Հա, ինձ մեր չի բերել, ես հորս տղան եմ, ուզում եմ նրա նման լինել… Իմ մեջ թույնը բացակայում է, չգիտեմ՝ օրվա մեջ առաջանո՞ւմ է, որ առաջանում է՝ ի՞նչ է լինում. երևի զայրույթի, բռնկումի, հուզումի հետ դո՞ւրս է գալիս՝ թունազրկվո՞ւմ եմ: Այդպես հայրս էր: Պատմելու ժամանակ ես կենդանանում եմ, այն, ինչի մասին խոսում եմ, ինձ սիրելի է դառնում, ես սիրում եմ կրկին… Այդպես հայրս էր պատմում… Իր ծննդավայր Գավառի Լանջաղբյուրի, իր վարուցանքի, լավագույն հնձվորի օրինակի մասին՝ երկար, մանրամասն…

Այդքան հեշտ եղա՞վ,- հարցնում են,- կանչեց (ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), դու էլ համաձայնեցի՞ր… Վերցրիր նախարարի նշանակման հրամանագիրն ու գնացիր նրա աշխատասենյա՞կ:

Հա, 1994թ. նոյեմբերի այդ օրը ես Գերագույն խորհրդում նիստի էի… Մոտեցավ ինձ ԳԽ նախագահի մի աշխատակից, փոխանցեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը խնդրում է շտապ զանգել… Ես դուրս եկա դահլիճից. այն ժամանակ արդեն Գերագույն խորհուրդը նիստեր էր անում այսօրվա՝ Բաղրամյան 19 հասցեով շենքում, ՀՀ նախագահի նստավայրն էլ Բաղրամյան 26 շենքն էր… Միջանցքում ինձ սպասում էր իմ վաղամեռիկ, պայծառ ընկերը՝ Էդուարդ Եգորյանը… Այդպես էլ դիմում էր՝ «ընգեր»… Ինձնից երկու կուրս բարձր Էդուարդը, երբ Արցախյան շարժումն սկսվեց, գործող ֆիզիկոս էր, գիտությունների թեկնածու, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, Երևանի Աջափնյակ-Մաշտոցի ՀՀՇ կառույցի ղեկավարը, ԳԽ պատգամավոր, հետո՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Գերագույն խորհրդում… Իմ  պայծառ, միշտ սիրելի ընկերը ՀՀՇ-ում… Մինչև մահվան օրը… Մահը, տեսեք, չի բաժանում, հիմա ամեն ինչ լուսավորվեց, կենդանացավ Եգորյան Էդիկի շուրջ…

— Ընկեր,- ասաց,- հիմա քեզ կուղեկցեմ նախագահի նստավայր, ինքը քեզ է սպասում, մի առաջարկ կանի, դու պիտի համաձայնես… Դու չես կարող չհամաձայնել…
Գերագույն խորհրդի  այգում մենք երկար ճեմեցինք, Էդիկը խոսում էր, ներկայացնում, ապացուցում, հաստատում նոր քաղաքական կուրսի անհրաժեշտությունը, դրա փուլերը, դրանում յուրաքանչյուրի, իմ  դերակատարումը. կրկնում եմ, 1994-ի նոյեմբերն էր… Վերջում էլ, թե.
— Ընկեր, գիտե՞ս՝ ինչքան եմ կռվել, համոզել… Անհույս վիճակ է դպրոցներում, գիտես, պիտի գաս՝ հույս տաս, տեղից շարժես… Մենք նոր քաղաքական թիմ ենք ստեղծում: Դու մեջն ես: Դու չէի՞ր երկար խոսում, ներկայացնում, ո՞ւմ համար էիր ասում, արի՝ արա…

Իսկապես, ո՞ւմ համար էի 1994-ի սեպտեմբերից ՀՀՇ վարչության Գերագույն խորհրդի կրթության  ու գիտության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպած հավաքների-նիստերի ժամանակ խոսում, որպես Հայաստանում մեռած դպրոցական կյանքի, Հայաստանով մեկ հաստատված անշարժության այլընտրանք՝ կենդանի գործը ներկայացնում… Ես կրկնում եմ, չէի կարող չհամաձայնել, իմ մասնակցությունը չբերել այդ գործին՝ դպրոցական կյանքի կենդանացմանը… Ճիշտ է նաև, որ ի մեծ ողբերգություն և´ ինձ, և´ Եգորյանի, ՀՀՇ-ի բարեփոխումների նվիրյալների, քաղաքական նոր կուրսի (ես ասում եմ՝ նոր ուղու) ջատագովների՝ քաղաքական նոր թիմը ոչ միայն չձևավորվեց, այլև շատ արագ, 1995թ. Գերագույն խորհրդի ընտրությունների նախապատրաստման փուլում ցաքուցրիվ եղավ… Շատ շուտով Էդուարդ Եգորյանը դարձավ ՀՀՇ-ի և պետության ղեկավարության կողմից հալածյալ, ինչպես երախտահիշատակ վաղամեռիկ Համբարձում Գալստյանը… Էդուարդ Եգորյան ն իր ընկերների մեծ խմբի հետ, այդ թվում՝ հայտնի Պետրոս Մակեյանը, թողեց ՀՀՇ-ն և ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը… Էդիկին և Համբարձումին իմ օրագրում դուք դեռ կհանդիպեք։

Կրթահամալիրում սովորողների ուսումնական արձակուրդի օրերին՝ հոկտեմբերի 20-24-ը գործում է մանկավարժական աշխատողների հոկտեմբերյան ամենամյա ճամբարը։

Հիմա էլ, երբ ինձ փորձ են անում ներքաշելու  ոչ քաղաքական՝ իբր մասնագիտական խոսակցության մեջ, ես հիշեցնում եմ, որ նախարարի, անկախ ոլորտից, կառավարության անդամի պաշտոնը քաղաքական է: Ես սիրով կներկայացնեմ իմ 1994-96 թթ գործունեության բոլոր մասնագիտական սխալները, բայց բարեփոխումների գործի ընդհատումը, ավա՜ղ, այնքան թափով-սիրով-հավեսով սկսված քաղաքական նոր կուրսից շեղման պատճառով էր՝ 1995-ի Ազգային ժողովի ընտրություններով սկսված ընտրական խայտառակ էպոպեայի… Հոգնեցի: Հոգնեցրի՞:

Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի, չէ՞… 2014-ի մարտին, Հանրակրթական էկոտուր 2014-ի ապրիլյան շնչառությունն զգացվում էր, Դպրոց-պարտեզի՝ այսօր արդեն նախկին մուտքը շրջանցելով եկա ետնամուտք՝ այսօրվա գլխավոր մուտքը… Գյոզալ քարափը՝ Բ-4-ի, Բանգլադեշի, ալամ աշխարհի ամենագրավիչ բազալտե բնական թեքալանջը, որ օտարվել էր՝ աշխարհից ու կրթական ծրագրից, մեր պատասխանատվությունից դուրս մնացած, մետաղե անճոռնի-անիմաստ մեր ցանկապատով մեզնից մեկուսացած, ամեն օր ավելացող կեղտի մեջ կորած… Հիմա գնացեք, կանգնեք, զմայլվեք… չեք կշտանա՝ որքան կյանք, թովիչ, գրավիչ բան կա:

Կենդանացնել Հայաստանը. ահա անելիքը 1994-ին էլ, հիմա էլ… Հաղթահարել օտարումը, դառնալ տեր, ակտիվ ու կենսատու… Մնացածները՝ սխալ-ճիշտ, եթե ապրող մարդու գործեր են ու որոշումներ, կշտկվեն, ինչպես ռանչպար հորս վարուցանքի կամ Նախիջևանի թուրքերի հետ Սև շուկայում առևտրի մեջ… Կյանքն է, որ Հայաստանում շարունակում է մեռնել: Կենդանի խոսք ու կենդանի գործ. ահա իմ բանաձևը:

Հոկտեմբեր-նոյեմբերը շրջակա միջավայրի բարելավման ուսումնական նախագծերի շրջանն է։

Դավիթ Բլեյանին կանչում եմ իրիկունը, տանը.
— Արի, արի, նոր գործիքներդ ցույց տուր, մայրիկի հետ էս ի՜նչ լավ բաներ եք առել… Տեսնեմ՝ ի՞նչ եք անելու…

Դավիթն իր մեքենաների հետ է, մեքենաների աշխարհում, կա՛մ հեծանվի վրա, կա՛մ մուլտիկի առաջ… Չի արձագանքում: Մայրիկի հետ գնել են մեծերի խումբ տանելու խոհարարական թաս, դանակ, փայտե տակդիր, բանան… Կոկիկ դասավորել են թղթե տոպրակի մեջ: Մրգի աղցան պիտի պատրաստեն խմբում:

— Դավիթ, փոքրերի խումբ էիր խոստացել մտնել, քո հին ընկերներին տեսնես, նվեր տանես, ընկեր Նորային փաթաթվես, ընկեր Գոհարի հետ ծանոթանաս, օգնես…
— Չեմ գնա, հայրիկ, փոքրերի խմբում ղժժում են, բարձր լաց լինում…
— Դավիթ, բա ո՞նց անես, որ լացի ձայնը կտրեն փոքրերը…
— Վրաները բարձր գոռամ…- «հմայիչ սրիկայի» նշանավոր ժպիտով…- կկտրեն…
— Ո՞նց,- շարունակում եմ,- բարձր գոռալով՝ կլինի լացի ձայն կտրե՞լ…
Էլի է պայծառանում Դավիթը…
— Հա, որ շատ բարձր գոռամ, իրանցից էլ բարձր, ի՞նչ պիտի անեն, ձայները կկտրեն… Մեծերի խմբում ոչ ոք չի լացում, չի գոռում, վաղը ես գնալու եմ իմ խումբ, հայրիկ:
— Այդպես կեղտոտ, առավոտյան չես լողացել…
— Կեղտերը հավաքվել են մի օրում… գլխիս վրա ու փորիկիս մեջ… գնամ՝ հայելու առաջ տեսնեմ…
— Որ չլողանամ, ի՞նչ կանես, հայրիկ…
— Կտխրեմ, շատ կտխրեմ ու չեմ իմանա՝ էլ ինչ անեմ…
— Հիմա մրսում եմ, հայրիկ… գնամ քնեմ… Առավոտն այսպես կանգնեմ ցնցուղի տակ (ցույց է տալիս), դու տեսնես, ուրախանաս… Կտանե՞ս ինձ քնելու…
Լավ առաջարկ է: Ու կարդալով Թումանյանի տողերը՝ բարի գիշեր.

Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Առավոտյան իմ օրն սկսվել էր ժամը 08.00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ. քառօրյա ուղևորության էինք ճանապարհում Արցախ էկոհայրենագետների Մարթա Ասատրյանի 20 հոգիանոց խումբը՝ վրացերենի ուսուցիչ Ռինա Շագինյանի և մեր բնագիտության մայր Հասմիկ Նալբանդյանի ուղեկցությամբ… Նորից շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ սովորողների ապահով տեղափոխումը կազմակերպելու համար. սրանով մատչելի է դառնում Արցախը՝ յուրաքանչյուր սեբաստացու: Միացումն այսպես է լինում. չորս օր միջին ու բարձր դասարանների քսան սովորողներ կհյուրընկալվեն Ստեփանակերտի իրենց հասակակիցների տներում…
Զանգեց Արցախի կրթության նախարարը՝ մեր լավ բարեկամը. նոյեմբերի 2-5-ը մենք կհյուրընկալենք Արցախի մանկապատանեկան մշակութային ակումբին… Այսպիսի բանուկ կամուրջներ…
Ինձ էլ սպասում են Արցախում… անհամբե՞ր:

Հետո, ժամը 9.00-ին ես ճանապարհեցի Դիլիջան քառօրյա ստեղծական պլեների մեկնող Գեղարվեստի ավագ դպրոցի սաներին՝ սիրելի-սքանչելի Սոֆյա Այվազյանի, Գայանե Առաքելյանի, ավելի ու ավելի երևելի հանդես եկող քանդակագործ-դիզայներ Արա Թարզյանի հետ… Իսկական ուսումնական աշուն՝ Հայաստանով մեկ, Արցախում… Իսկ Մայր դպրոցում, տեսեք, սեբաստացի ուսուցիչներն են սովորում, մարզվում, գործում, պարում: Կենդանի դպրոցն այսպես է լինում. հասարակություն կենդանացնող դպրոց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք

Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին․ «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է․ կտանեք հայրիկիս,

Նոր տարին առանց մեր ներս ու դուրսն ավերողի

— Թուրք են, քաղաքը ստահակների ձեռքում է հայտնվել… Ինձ անծանոթ մտավորական կին երևանցին անզորությունից հայհոյում է… Սա երևանցիների արձագանքն է Արամի փողոցում կատարվածին. երևանցուն քաջ հայտնի 1in.am-ի եթերում հարգված-ճանաչված երևանցիներ գրող-հրապարակախոս

Երբ աղուհացն այլևս քաղաքական կատեգորիա չէ…

Սա Վազգեն Սարգսյանի, կարծեմ 1998թ. ձևակերպումն է… կամ  «երբ փոխում ես աղուհացի ընկերների՞ն, Վազգեն»,- առիթ եղավ, հարցրի ես նույն 1998-ին… Այլընտրանքը ո՞րն է, երբ ունես կիսաքաղաքական`  իշխանության կուսակցության ձևավորման-պահպանության ախպերական