Արտակարգ համարվող պատահարները մեր կրթահամալիրում ոչ միայն չենք թաքցնում, այլև մեր ստեղծած կարգով հրապարակում ենք կայքում, փորձում հասկանալ՝ ինչու-ինչպես կատարվեց, արագ վերացնում պատահարի հետևանքները՝ կանխելու (բացառելու) դրա կրկնությունը… Ամենակարևորը, իհարկե, երեխայի՝ սովորողի-սանի անվտանգ ուսումնական գործունեությունն է. նրա ամեն մի վնասվածք արտակարգ պատահար է: Հուլիսին այդպիսի մի դեպք եղավ. Հիմնական դպրոցի նախակրթարանի 4 տարեկան Սաֆարյան Լիլին լողափում, դաստիարակ Գոհար Սմբատյանից ու դաստիարակի օգնական Լիլիթ Հովհաննիսյանից աննկատ, լողից հետո ինքնուրույն բարձրացել էր պատին ամրացված շվեդական պատով, սայթաքել՝ թաց ոտքերով, ընկել, կոտրել ձեռքը… Շտապ օգնություն, հիվանդանոց, վիրաբուժական միջամտություն… Ցավում եմ Լիլիի համար, երիտասարդ ծնողներին պատճառած անհանգստության համար… Ես վրիպել եմ, իհարկե, չեմ այցելել հիվանդանոց, որքան էլ՝ Հիմնական դպրոցի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը, դաստիարակ-օգնականը, բուժքույրը, հնարավոր ուշադիր են եղել… Բլեյանի դպրոցն է, Բլեյանի սանը, ու սրանից բխում է մնացածը…

Գեղարվեստի կրտսեր դպրոցի և Դպրոց-պարտեզի նախակրթարանների օրվա նկարաշար՝ առանց Դավիթ Բլեյանի:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի և Գոհար Զարգարյանի:

Իմացա՞ք, այս օրերին ես հատուկ շրջեցի մեր բոլոր կրթական օբյեկտներով՝ ուսումնական մասնաշենքերով, ստուգեցի շվեդական պատերի ամրացումները, որքանով են իրենց տեղում, որքանով են անվտանգ, որքանով են ճիշտ գործածվում… Սուսան Մարկոսյանի առաջարկով այդպիսի երկու պատ ավելացավ Մեդիակենտրոնում. Մանկավարժական լաբորատորիան՝ իր Աիդա Պետրոսյանիով, սկսել է շվեդական պատի՝ որպես ուսուցման գործիք-վարժասարքի ուսումնասիրությունը… Իսկ ինչպե՞ս վրիպեց բարեխղճությամբ հայտնի դաստիարակ-օգնական այս զույգը, այնքա՜ն հայտնի, որ ո՛չ ղեկավարը դպրոցի, ո՛չ Լիլիի մայրիկ Լալա Մանուկյանը որևէ թթու խոսք չասացին, էլ չեմ ասում նման դեպքերում  տեղին՝ պատասխանատվության կանչելու մասին… Ու ես որոշեցի անցկացնել տնօրինական հետաքննություն… Երեք օր շարունակ իմ առավոտը ես սկսել եմ Հիմնական դպրոցում. մտնում էի դպրոց… հետևում, իբր, շինարարության ընթացքին… Բայց իրականում հետևում էի՝ ինչպես է դիմավորում Գոհար դաստիարակը երեխաներին, ինչպես են նրանք հանվում, հագնում նախշուն լողազգեստները, վերցնում նույնքան նախշուն սրբիչները, ու ինչպես են շարան-շարան շարժվում լողափ… Ես՝ նրանց հետևից… 2-րդ հարկ… այստեղից աննկատ՝ ողջ լողափն ափիդ մեջ է… Մեր թափանցիկ միջավայրը բոլոր հնարավորություններն ստեղծել է նման աննկատ-հավաստի-ամբողջական ուսումնասիրության համար… Հետո ես եկա նախաճաշին, հետո՝ ճաշին, հետո՝ քնին, աննկատ՝ նրանց քուն բերող Մոցարտը լսեցի… Նայեցի  նրանց արած ջրաներկով նկարները, որ ամեն օր են լինում, ինչպես լողը, քունը, ճաշը, ճոճվելը, մարզանքը, հեծանիվը, խաղը, զրույցը, թատրոնը, հեքիաթապատումը, ծաղիկների ու բույսերի խնամքը… Հետո ներկա եղա արթնանալուն, բացօթյա խմբասենյակում՝ բակում… Հիացա այս զույգով, հարգանքով լցվեցի մեր Քոլեջի շրջանավարտ, իմ ուսանող, սեբաստացի Կարեն ու Սարգիս Մարգարյանների մայրիկ, 2-4 տարեկանների դաստիարակ Գոհար Սմբատյանով, նրա օգնական Լիլիթով… Արտակարգ պատահարը չլիներ, ի՜նչ արժանի պարգևատրում էր սպասվում…

Գոհար Բալջյանի հետ, ով օրվա հերթապահն է Հիմնական դպրոցում, մենք նորից անցնում ենք դպրոցով մեկ. լինում պատահարի վայրում, մանրամասն քննում, վիճում, նայում պատահարին բոլոր կողմերից. Գոհարից լավ հիմա ո՞վ գիտի Հիմնականը: Անվտանգությունն առաջին տեղում է, և կարգը կոչված է մեր հեղինակային կրթական ծրագիրն իր միջավայրով դարձնելու, այո՛, գրավիչ ու անվտանգ… բոլոր տարիքի սովորող-սաների ու նրանց ուսուցիչների համար…. Ո՛չ մի վրիպում: Այո՛, ազատություն՝ լիարժեք, ամբողջական, անհատին ուղղված կարգապահ ուսումնական գործունեության համար, և կարգ՝ այսպիսի ուսումնական գործունեությունն ապահովելու համար

Գեղարվեստի դպրոցի ճամբարականների առօրյան հենց այսպես է լինում:
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Մոբիլությունը մեզ համար, ինչպես ստեղծականությունը, ինչպես անհատականության հարգումը, խոսքեր չեն, այլ հեղինակային կրթական ծրագրի՝ երրորդություն կազմող բնութագրիչներ։ Կրթահամալիրի հայրենագիտական  և ուսումնական ճամփորդությունների կենտրոնը՝ իր արշավախմբային-երկրագիտական կայանով, իմ հուլիսյան ջանքերի կիզակետում է… Մեղրաձորի և Կողբի մեր արշավախմբերը կունենան պատշաճ հանդերձանք. այս օրերին մենք ձեռք բերեցինք նախանձ շարժող վրաններ, Կարինե Մացակյանի գծագրով, Շողիկ Պողոսյանի վարպետությամբ կարվեցին ևս երկուսը, ձեռք բերեցինք ծալովի թեթև մահճակալներ, հարմար ներքնակներ, ամբողջական տեսքի է բերվում արշավախմբային ավտոբուսը, թափով ընթանում է կայանի շինարարությունը: Կայանը կունենա և թանգարանային ցուցադրությունների հարմարավետ հատված… Որոշել ենք Մեղրաձորի և Կողբի ճամբարներն անել շարունակական, նաև օգոստոս ամսին: Ներկայացրեք հայտեր. ով՝ Կողբ, ով՝ Մեղրաձոր… Ճամբարի ամեն մասնակից պիտի ունենա արշավականի անհատական պարագաներ՝ ուսապարկ, քնապարկ, լապտեր, հարմարավետ կոշիկներ… Մնացածը ճամբարներում կտրամադրեն: Առա՛ջ, սեբաստացիներ. հուլիսը գնաց, մի օգոստոս մնաց…

Իմ օրն առանց հեծանվի-հեծանվորդի, հեծանվի աշխարհի մարդկանց հետ շփման, չի լինում… Հեծանվասպորտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից, որ այս օրերին ավարտվել է Աթենքում, օլիմպիական ոսկե մեդալով ու 18-ամյա մասիսցի չեմպիոն Էդգար Ստեփանյանի հետ կրթահամալիր էր այցելել Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանը… Եկել էր մեր կրթահամալիրի հեծանվի մարզիչ, իր տաղանդավոր սան Վարշամի, լողորդ-մերսող Արթուրի հետ, եկել էր ոգևորված, նոր նախաձեռնություններով: Հավատում է, որ կրթահամալիրի հեծանվի արագ թափով վերականգնվող դպրոցն իր ու Մեսրոպ Շաբոյանի նման նոր չեմպիոններ կտա… Էդգարի նման ու Վարշամի… Ի՜նչ լավ է, որ Հայաստանում սկսում ենք հաջողություններ ունենալ հեծանվի, հետո՝ լողի, հետո՝ մարմնամարզության բնագավառում… թե չէ՝ մի գլուխ բռնցքամարտ ու ծանրամարտ…

Չեմպիոնին ընդունում է Աշոտ Բլեյանը։
Լուսանկարները՝ Արմեն Գյոզալյանի

Երեկոյան նորից քամոտ էր իմ ճանապարհը. առանց հեծանվորդի ակնոցի անհնար է: Ես շարժվում եմ տեղ-տեղ դադարներով՝ քամին արգելք է հանդիպակաց, որ պիտի հաղթահարվի… Այսօր իմ երրորդ թուռնուհու՝ Սոնայի ծննդյան օրն է: Վեց տարեկան այսպիսի Սոնա ունեցողի համար այս քամին պարգև՞ է, թե՞ արգելք ընդամենը վեց տասնյակը լրացնող Աշոտ պապիկի դեպքում։ Էհե՜յ, Սոնա ո՞ր ծովի վրա ես, ո՞ր օվկիանոսում. ձայն տուր… 

Այսպիսի Սոնա. վայելեք։
Լուսանկարները՝ Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկրագործի խղճի քննաշրջան՝ հունիսի 1-ին, հունիսի 5-ին,  ողջ ամառը

Ի՞նչ էր մտածում 24news.am-ի լրագրող Աննան, երբ իր առաջ՝ տաղավարում, ես պատասխանում էի իր հարցերին։ — Երեխա ունենամ, որ երկու տարեկանից բերեմ Բլեյանի դպրոց… Այնպես ուզում եմ, որ ձեր միջավայրում,

Անջատեք խոսափողը, որ ավելը վերցնեք…

Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞… Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն,

Կապույտի մեջ, կապույտի մեջ… Նոր տարվա ոգի՞ն…

Որտե՞ղ փնտրես նոր տարվա ոգին… Իմ գիրը այս շրջանում այդպիսի մի փնտրտուք է… Այս գիշեր, ողջ գիշեր, երեք անգամ արթնացումով ջանում եմ պատմել իմ հայտնագործությունների մասին… Չի ստացվում… Չե՞մ գտել…