Զիկատար անունով բարձր, ամենաբարձր անտառային գագաթն ու Կողբ բնակավայրը՝ Տավուշ-Նոյեմբերյանի ամենամեծ գյուղն ինձ կանչում էին երկա՜ր. ու ամեն անգամ, երբ իմ շարժվելը գալիս էր, չէր ստացվում, տեղ չէի հասնում, այս 200 կմ-ոց ճանապարհը չէի անցնում: Այս անգամ, շնորհակալ եմ Մարթա Ասատրյանին՝ «Զիկատար» անտառային ուսուցման տարածաշրջանային կենտրոնում գործող Բնապահպանական ամենամյա միջազգային ճամբարի բացման մասնակցության պարտադրանքի համար, իմ Ստեփան եղբորը, ես եղա Զիկատարում, Կողբում, Կողբի Գեղարվեստի դպրոցում, Կողբի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում… Երբ օրերիդ քանակը քիչ է լինում, այս անգամ՝ մի գիշեր-երկու օր, ու անցնելիք ճանապարհդ՝ երկա՜ր, այս անգամ՝ 400 կմ, տեղանքը՝ անծանոթ, մարդկանց վատ գիտես, անելիքդ էլ՝ ծով, սկսում ես թողնել տեղում ծագած հանգամանքների ուսումնասիրության շատ առաջարկներ հետոյի, հաջորդ անգամվա…

Սա նշանավոր կողբեցու՝ մեր օրերի հայտնի վիրաբույժ Արտավազդ (Արտո) Սահակյանի հետ հանդիպմանը չի վերաբերում. Արտոն հսկում է անցուդարձն այստեղի, տունն էլ կառուցել է Զիկատար-Կողբ սահմանին… Այստեղ էր՝ մեծ խմբով հանդիպեցինք նրա հյուրընկալ հարկի տակ, ու իր Կողբում միասին հաց կիսելու մեր վաղեմի պայմանավորվածությունը, որ իմ ոտը խեր բերի, որ ես կողբեցուն ճանաչեմ, վստահ եմ, գործընկեր դառնամ, իր «քավորությամբ», վերջապես, կայացավ…

«Զիկատար» անտառային բարձունքը-ուսումնական կենտրոնը, Կողբի գեղարվեստի դպրոցը՝ իր ստացիոնար ու պլեներային միջավայրով, նորակառույց եկեղեցու բարձունքը այն դիրքերն էին, բանալիները, որ ապահովում էին տպավորված լինելը Կողբով, նրա պատմականությամբ, նրա կենդանությամբ, այո՛, ներկայի ուժով… Առանց ուժի, ուժեղ, գործի գլուխ կանգնած անհատականությունների՝ ի՞նչ գործընկերություն, ի՞նչ ծրագրեր… Մարթա Ասատրյանին Զիկատար-Կողբում ճանաչում են, գնահատում։ Մարթան բնապահպան պատանիների՝ Վրաստանի, Արցախի, Հրազդանի, կրթահամալիրի՝ «Էկոտուր 2015»-ի հաղթողների հետ լավ է զգում։ Այս տարածքը, կենտրոնը կրթահամալիրի համար Մարթան է հայտնաբերել. սա Բնապահպանության նախարարության մասնակցության իրավունքի ձևն է կրթահամալիրի բնապահպանական ուսումնական նախագծերի բաց ամենամյա ստուգատեսին: Ուսուցման կենտրոնը, որ կառուցվել է 2007թ., միջազգային ծրագրով, խնամքով է գործածվում, ունի կեցության և ուսուցման անհրաժեշտ պայմաններ. տեղի մասին չեմ խոսում՝ զի՜լ կատար է, զի՜լ կենտրոն, զի՜լ բնություն, զի՜լ մարդիկ…

2-4 տարեկանները Գեղարվեստի Բանգլադեշի ծովափին։ 
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի։

Զիկատար անվան շուրջ ստուգաբանական վեճն ինձ երկու օր ուղեկցում էր, բաց եմ թողնում. ինձ համար ընդունելի են և՛ ձիգ կատարը, և՛ զի կատարը, և… իմ կողմից ավելացնում եմ՝ զի՜լ կատար… Ես առաջարկեցի ոգևորվել կենտրոնը միջազգային բնապահպանական ճամբարային հավաքների կենտրոնի վերածելու աշխատանքով, ճամբարականներով շարունակել աշխատանքը նախագծի վրա. կենտրոնը նորացման-ամբողջացման-երիտասարդացման կարիք ունի… Տեսնենք՝ այս երկու օրում ի՞նչ մշակումներ կանեն Մարթան ու ճամբարականները… Հատկապես, որ կենտրոնի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանին փոխարինել է երեսունը նոր բոլորող Հայկ Ղուլիջանյանը. այս տարիքում, այսպիսի գյուղում-տարածքում, այսպիսի ընտանիքով-կենսագրությամբ չի կարելի հավակնոտ ծրագրեր չունենալ… Պետք է ունենալ ու գործել՝ աչքի առաջ ունենալով իր հորեղբորը՝ Կարո Ղուլիջանյանին, Կողբի նշանավոր Գեղարվեստի դպրոցի հիմնադիր-տնօրենին:

Զիկատարի ամառային գեղարվեստական պլեները բաց ուսումնական ստեղծական հավաք է երաժիշտ ու նկարիչ պատանիների, ուսանողների, երաժշտություն ու նկարչություն դասավանդող ուսուցիչների… Այս հավաքին այս տարի 2-րդ անգամ կմասնակցի Մարգարիտ Սարգսյանը՝ արդեն Միջին դպրոցի ղեկավարի կարգավիճակով… Պահանջկոտ-տեսած Կարոյից Մարգարիտի մասին բնութագրերը որքա՜ն սիրելի են լսվում… Իսկ Կարո Ղուլիջանյանին ու իր Գեղարվեստի դպրոցին ես կվերադառնամ իմ օրագրում, իմ ծրագրերում. մենք գործընկերներ ենք մեր ազատ վճռով, մեր ձեռքսեղմումով: Հիմա օրակարգում մեր սեբաստացիական ստեղծագործական կազմի պատշաճ մասնակցությունն է Կողբի գեղարվեստական ամենամյա մեկամսյա պլեներին՝ իսկը Գեղարվեստի ուսումնական կենտրոնին պատշաճ ծրագիր, Արման Գրիգորյան

Գեղարվեստի նախակրթարանում ներկայացում է սավաններով ու գույներով։
Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի։ 

Կիրակի Կողբից վերադարձի ճանապարհին իմ ականջն Արցախի «Ասպետ»-ից վերադարձող սեբաստացիներին էր, իսկ աչքերս՝ Արագածի բարձունքը նվաճող մեր դասվարական ամառային դպրոցի եզրափակիչ հավաքի մասնակիցների հետ… Գևորգ Հակոբյանը՝ դասվարների մաթեմատիկայի սիրելի ուսուցիչը, կիրակի հաջողությամբ գրոհեց Արագածի գագաթը, ու վարժարանի պատանիների՝ վերելքով մկրտության իր հաստատած խորհրդին ավելացավ ամառային դպրոցի մասնակիցների մկրտության խորհուրդը… Եվ սա ազնվություն-ուժ է հաղորդում դասվարների ամառային ուսուցմանը…

Վահրամ Թոքմաջյանի զանգը, mskh.am-ի առաջին էջին հայտնված արագածյան պատկերներն ինձ՝ արդեն Դավիթ Բլեյանի հետ լողարանային զրույցի բռնված հայրիկ-տնօրենիս, հանգստացրին… Ամեն ինչ բարեհաջող անցավ մեր կիրակիում…

Վերելքի ֆոտոպատումը՝  Ալբերտ Տոնեյանի։

Բարի առավոտ, սեբաստացիներ բոլոր տարիքի, մենք սկսում ենք երկուշաբթին հուլիսյան՝ նորից լեցուն գործերով… Դրանց միայն թվարկումն իմ օրագրի ծավալից դուրս է. ամեն ինչի մասին՝ հերթով, ամեն ինչի մասին՝ իր տեղում, օրվա գրում. իմ բլոգապատման անընդհատության երաշխավորը ես չեմ, այլ այս կենդանի-ապրեցնող աշխարհն իր բազում ծրագրերով՝ շուրջտարյա: Ինչպես բնապահպան-մասնագետ տատիկի հետ  Զիկատարում հայտնված 4,5 տարեկան Տիգրանի ցանկությունը, որ ուզում էր աշնանային-ձմեռային հերթափոխներ. այնքա՜ն լավ էր զգում մեր պատանիների հետ…

Այսօր Դավիթ Բլեյանը տոնում է իր եղբայր Արմեն Մարտիարոսյանի ծննդյան օրը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։  

#395

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկստան է մեր տունը…

Արձագանքում է, այսպես բնորոշում վիճակը Դավիթը Բլեյան, երբ երեկ հանկարծ հայտնի է դառնում, որ օրվա վերջին՝  6-7-ի արանքում, մեզ են այցելելու Տաթոն՝ Վահանով-Արևիկով, Լիլիթը՝ Սոնայով, Շուշանն իհարկե, Սուսան Հովհաննիսյանը՝ Նազենի կրտսերով․․․ Դավթից ուրախն

Լույս զվարթ ու գերազանցիկ

Մարիետ Սիմոնյանն ինձ քնից հանեց-ձայն տվեց՝ մայրենիի լաբորատորիայի առցանց հավաքին խոսք ասելու․․․ Այդպես չի լինում-չեմ հիշում, ո՞նց․․․ Հոգնություն-քնատությունից չէր․․․ Չէ, ես ․․․ նեղացել էի հավաքից, ձեզանից. կես ժամ ձգված խոսակցությունն արհեստական-անարյուն էր, առանց

Վիշապներ սպանելու գիտելիքի պարտադրանքի դպրոց

Շարունակե՞մ առակներով խոսել, նույնն է թե՝ ընթերցել չինական առակները` բացելով «Իմաստության արկղիկ»-ը․․․ «Ինչպիսի՞ գիտելիքներն են պիտանի» վերնագրով առակն է․․․Արդիական հարցադրում է․․․ — Ես պատրաստ եմ հինգ տարի ապրել այս անտառում։