Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույրՏաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ Շուշանի թռվռուն-թրթռուն 20 տարին չեն փոխել քույրերի այս կապը…

Լողափում մեկ օր մեծով-պստիկով միասին լինելը լավ գաղափար էր. բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Նազենի աստղ Հովհաննիսյանն ու նրանից անբաժան Սոֆի Մխեյանը, հեռանում էին գոհունակությամբ. ի՜նչ լավն է մեր Սևանը, ի՜նչ հարմար՝ այսպիսի մարզական-տոնական հավաքների համար «Ժայռ» հանգստի գոտին… Դավիթ Բլեյանն իր տարերքի մեջ էր. քույրեր-եղբայրներ տարատարիք և ուշադիր, ու Դավթին ընկերացած Սևանա լիճը:

Իրիկունը 7-8-ին, երբ Երևանի ճանապարհին էինք, Կարմիր-Սևան ճանապարհն անմեքենա էր, ասել է թե՝ Շորժայի ափը դատարկ էր հանգստացողներից…

Ո՛չ աշխատանքային օրը, ո՛չ հուլիսի 13-ի շոգը, ո՛չ զուլալ ծովափը մարդկանց Սևանի այս կողմերը չեն բերել… Հերիք զարմանանք. հատուկ ուսումնասիրության առարկա է:

Խորհրդային շրջանում կառուցված բազմահարկ պանսիոնատ-շենքերն այս 25 տարում ոչ մի գրավչություն ձեռք չեն բերել… Լքված տեսք ուներ միկրոավտոբուսի պատուհանից հանգստյան գոտին… Իրար շարունակող, ժամանակին աշխույժով լեցուն հանգստյան տասնյակի չափ տների տարածքում ո՛չ մի շարժում, ո՛չ մի դուրսուներս մարդկային… Սեփականություն դարձած Սևանի ափի այս հատվածը ոչնչով չի շահել, իսկ առանձնատների՝ իրար հաջորդող խուլ պարիսպները միայն զայրույթ են առաջացնում. կա՞ ավելի վայրենի բան, քան քեզ քո աշխարհից փակող այս հայկական անտաշ-խուլ պարիսպները… Թույլ տվեք գոնե Գեղամա ծովով հիանալ…

Սևանի «Ժայռ» լողափի ճանապարհին մենք երկու դադար արեցինք։ Միկրոավտոբուսով էինք. իմ պայմանն է՝ այսուհետ հարազատների հավաքին հեռու մնանք անձնական մեքենաներից… Միասին լինենք, որ ճանապարհն էլ մեր լինի ճամփորդական-հայրենագիտական… Մենք կանգնեցինք Սևանի մոտ, կամրջին, որտեղից լճից բաց են թողնում Հրազդանի ջուրը… Լայնահուն, մաքո՜ւր, խաղաղ, կապուտակ ջուր… Այս ջուրն անցնում է բավականին ճանապարհ ու Երևանյան լիճ դառնում՝ մահացու մարդու համար… Այսպես թե այնպես, այս կամ այն չափով, կամա թե ակամ բոլորս մասնակցում ենք Կապուտակ Սևանից կեղտաջուր ստանալուն…
– Ինչո՞ւ, ինչպե՞ս, հայրի՛կ, դու ե՞րբ ես մաքրելու Երևանյան լիճը, որ ես քեզ հետ հեծանվով գնամ, լողամ…
Իսկապես որ, Սևանի ջրերն անցնում են իմ ամենօրյա ճամփով: Ինչպե՞ս է, որ ես դա չեմ նկատել… Ամեն օր կարելի է լողալ Սևանի ջրերում, միայն թե, դրանք պետք է մաքուր պահել, չաղտոտել Հրազդանը՝ Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…

Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝

Շաբաթ երեկոն Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ

Իսկ այս շաբաթ երեկոն Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ նախատեսված էր. ես, Արմինեն ու Դավիթը պատրաստվել ենք օրվան. մտերմիկ-հարազատական իդիլիա-միջավայրում, անշտապ, գլխավորը` որ մարդկային վայելքին անգամ պատահարը չի խանգարում: Բոլորս պահքի

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց