Դավիթ Բլեյանն առաջարկում է անցնել ինքնավարության. Դպրոց-պարտեզի իրենց խմբում մնան ինքն ու իր կուկուները, իր ընկեր Ռազը, իսկ ընկեր Կարինեն ու Մելինեն գնան…
— Ո՞ւր գնան,- հարցնում եմ:
— Թող գան քո մոտ գործի…

Այս տարբերակի հետ, օրինակ, Արմինե Աբրահամյանը  համաձայն չէ…
— Ես ավելի լավ է մնամ Դպրոց-պարտեզում, իմ փայ Բլեյանի՝ Տաթևի հետ, իմ կուկուների հետ…
Կարինեի-Մելինեի կարծիքը չունեմ. օրագրի ընթերցող են, թող արձագանքեն։

Դավիթն իր առաջարկը կքննարկի՞ այսօր քույրիկ-տնօրեն Տաթևի հետ, տեսնենք… Հիմնավորումները, կարծես, լրիվ են՝ իրենք ինքնուրույն ամեն ինչ կանեն՝ կմաքրեն, կքնեն, զուգարան կգնան, կխաղան, սեղան կդնեն-կհավաքեն, գործ կանեն, պարտեզը կջրեն-կխնամեն.
— Մենք մեծ ենք, հայրիկ, մեր խմբում փոքր չկա… Փոքրերը մյուս խմբում են, մենք լաց չենք լինում: Ես լավ կուկուներ ունեմ,- ասում է Դավիթն ու իր աղջիկ-կուկուների նվեր-մազակալներն առած՝ վճռական դուրս է գալիս տանից…
Մեր օրն այսպես շարունակվում է: Հետևե´ք օրագրում:

11148899_960453897328869_137466420_nԲլեյան Լիլիթը՝ իմ ավագ դուստրը, իմ այս մոռացած, սիրելի, լավ նկարով համացանցը խառնել է իրար… Ես այստեղ մոտ 25 տարեկան եմ, Լիլիթը 2 տարեկան էլ չկա… Այ, այսպես նիհար եմ եղել, բարձրահասակ ու երկար-երկար մազերով… Շատ դժվար եմ գնացել վարսավիրի մոտ՝ որպես իրադարձություն… Հիմա էլ չեմ սիրում… Ու գնում եմ միշտ նույն վարսավիրի՝ Իսրայելի մոտ… Նկատեցի՞ք, այս օրերին մազերս կտրել եմ:
Լիլիթը 10-11 ամսականից խոսում էր, իսկ մեկ տարեկանից՝ բլբլում, Թումանյան-Խնկոյան պատմում, բանաստեղծություններ-երգեր հորինում, հազիվ հասցնում էինք գրանցել թղթի վրա… ա´յ, այսպիսի.

Երգ
Կուզեի, որ մի օր հայտնվեր մի կոճակ՝
Շատ փոքրիկ, աննշան մի կոճակ,
Կսեղմենք մենք նրան, կհայտնվի ինչ կամենանք,
Թե ուզենք, ամեն ինչ կունենանք:
Թե ուզեմ, սենյակում կստեղծեմ մի գետակ՝
Շատ փոքրիկ կարկաչուն մի գետակ:
Եթե ես շատ ուզեմ, մի շնիկ կունենամ.
Մի շնիկ ու փոքրիկ մի նավակ:
Կրկներգ
Բայց եթե, բայց եթե, ախ, մի օր, մի վատ օր

Կորցնեմ ես կոճակն այդ փոքրիկ,
Էլ չեմ ունենա ինչ որ ես կամենամ,
Բայց թեկուզ կունենամ մի շնիկ:

Պահել եմ խնամքով՝ իր արխիվում… Լիլիթի հետ Երևանի բոլոր ցուցադրություններին մասնակցում էինք. նա մտածող, ուշադիր այցելու էր նկարչական-թանգարանային ցուցադրությունների… Ես շատ էի սիրում քայլել Երևանում Լիլիթի հետ… Միշտ զգույշ, խելամիտ, հետաքրքասեր. ամենամազալու հարցերն ու պատասխաններն էր տալիս… Ափսո՜ս, շատ էի ջահել՝ օրագիր պահելու համար… Որքան կենդանի պատմություններ, մանկավարժական զրույցներ ջնջվեցին-գնացին…

Նոր դպրոցի 2-3-րդ դասարանի սովորողների տեխնոլոգիայի դասը խեցեգործարանում։
Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի։

Մեր տանն էլ ռոդարիական-աղայանական ստուգատես է… Ընտանիքով պատրաստվում ենք նաև «Էկոտուրի»՝ բնապահպանական հանրակրթական ստուգատեսի հայտ ներկայացնել…

Գիշեր է՝ անձրևով… Դավիթը հանկարծ ձայնում է, ես, պատից այս կողմ, աշխատում եմ… Մոտենում եմ… Նստում անկողնու մոտ՝ սկսում է խոսեցնել…
— Պոչատի մասին պատմիր…
— Անձրև է, Դավիթ, Պոչատ աղվեսն էլ իր որջում-բնում քնա՜ծ…
— Բա կաթը ո՞նց խմեց, որտեղի՞ց իմացավ՝ պառավը կաթը կթել է, ո՞նց տեսավ, — համառում է Դավիթը:
Չէ, պրծում չկա… Սկսում եմ պատմությունը. ամեն բառից հետո Դավիթն ինձ կանգնեցնում է՝ հարց ու հարց, բառի ստուգաբանություն՝ ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ… Ես ուզում եմ շուտ ավարտել Պոչատի պատմությունը, Դավիթն ինձ երկար պահում է իր մոտ… Իսկ անձրևը գալիս է… Հնարը գտա՝ Ռոդարիական ստուգատես է…
Արտն ասում է՝ դե գնա ինձ համար ջուր բեր… Աղվեսն էլ մտածում է. «Սրանք խոսքները մեկ են արել, ինձ էս մեկի մոտից մյուսի մոտ կուղարկեն, պոչս տվողը չեն, ընկերներս էլ անվերջ ինձ սպասողը չեն, ես աշխարհով մեկ կլինեմ խայտառակ՝ առանց պոչի. պոչը հատած աղվեսի մասին լուրերով mskh.am-ը կողողեն… Հիմի, որ գնամ աղբրի մոտ… ջրով աղբյուր Երևանում որտե՞ղ գտնեմ, շատրվանները, աղբյուրներն իսկի միացած էլ չեն, Հրազդանի գետն էլ՝ կեղտի մեջ կորած. հրեն, Իվետա Ջանազյանն իր կուկուների հետ, Վահե Պապոյանը… ի՜նչ անհավատալի տեսարաններ են ներկայացնում բնապահպանական ստուգատեսին… Արի, ես Աստծու գոտուն դիմեմ, թող անձրև ուղարկի՝ բոլ-բոլ արտերը ջրի. խոտն առատ լինի… Կովերն էլ դուրս գան՝ իրենց սրտի ուզածի չափ արածեն ու մահանա չանեն՝ խոստացած կաթս տան… Ես էլ տանեմ պառավին… Հազիվ էլ հասցնեմ»: Էդպես էլ վարվում է՝ դիմում Աստծու գոտիին…

Անձրև, անձրև` ցած արի,
Բըսցուր ցորեն ու գարի,
Բըսցուր ծաղիկ, կանանչ խոտ,
Ավլե՛ փոշի, մաքրե՛ օդ:
Անձրև, անձրև` ցած արի,
Գալըդ ամենուս բարի
Ռափայել Պատկանյան

Իսկական գարուն է Նոր դպրոցում։
Լուսանկարները՝ Աշխեն Գրիգորյանի։

Տեղն եկել է, ասեմ՝ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» մանկավարժական գլուխգործոցը ես Լիլիթի միջոցով եմ հայտնաբերել… 1979-1980 թթ, երբ Լիլիթը 1-2 տարեկան էր, իմ սանիկ Սուրեն Սահակյանն ինձ նվիրեց «Грамматика фантазии. введение в искусство придумывания историй» գիրքը… Լիլիթի միջոցով, նրա հետ իմը դարձրի Ռոդարիի մանկավարժությունը, հորինելու հնարները… Հետո, ավելի ուշ ես կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությանն առաջարկեցի թարգմանել այն, էլ ավելի ուշ, երբ լուսավորության նախարար էի, այն հրատարակեցի, որպես նվեր՝ բաժանեցի հանրապետության հանրակրթական դպրոցների դասվարներին… Շնորհակալություն էլ ստացա՜-չստացա՜…

Նոր դպրոցի 3-2 դասարանի սովորողները Թումանյանի թանգարանում։
Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի։

Քնելուց առաջ Դավթի մայրիկ Արմինեն երկար կարդում է Դավթի համար. փոքր մահճակալի մեջ տեղավորվում են ու կարդում: Վերջին շրջանում ես պատից այս կողմ լսում եմ ամենատարբեր պատմություններ՝ արևի ու լուսնի, Երկիր մոլորակի ու աստղերի մասին… Մայրիկի հիացական բացականչությունները Դավթի հարցերին.
— Հայրիկ, արի տե՛ս, լսի՝  Դավիթն ինչ է հարցնում…

  • Ինչո՞ւ արևը միշտ կլոր ա, իսկ լուսինը փոխվում է, մեկ կլորանում է, մեկ դառնում է դիլիմի նման:
  • Մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա՞… Ո՞նց ա Երկիր մոլորակը կլոր, ես ո՞նց եմ ման գալիս կլորի վրա:
  • Ինչո՞ւ արևը շողեր ունի, իսկ լուսինը չունի… Ո՞նց է լուսինը լուսավորում, լուսավորում, հետո չի երևում:
  • Ինչպե՞ս է արևն ամեն օր առավոտ բերում, իսկ լուսինը միշտ իրիկուն է բերում…
  • Որ իրիկուն է լինում, լուսինը դուրս է գալիս, արևն ո՞ւր է գնում, ինչո՞ւ չի մնում՝ լուսնի հետ խաղա…
  • Ինչո՞ւ են լուսինները մի հատ, իսկ աստղերը շատ, շատ, շատ…

Դավիթը չի մոռացել mskh.am-ի Նոր դպրոց-պարտեզի «Աթոռներով նախավարժանքը» տեսանյութը։ Իրիկունը հավաքեց խոհանոցի փայտե աթոռները, ձևափոխեց բազմոցը-սեղանը… Իսկական մարմնամարզական դահլիճ դարձավ մեր հյուրասենյակը… Հաճույքով-երկար մարմնամարզությամբ է զբաղվում մեր հերոսը…

Մարմնամարզական արգելքներ տան պայմաններում։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Օրվա ֆոտոխմբագիր՝  Կարինե Պետրոսյան

2 thoughts on “Ինչո՞ւ են լուսինները մի հատ, իսկ աստղերը շատ-շատ”

  1. Հարգելի տիար Բլեյան, ինչպես նշել էր Արմինե Աբրահամյանը, մենք նույնպես ցանկանում ենք մնալ մեր փայ Բլեյանների՝ Դավթի և Տաթևի, ինչպես նաև մեր գժուկ կուկուների հետ: Մեկ ուրիշ տեղի գիժ կուկուների չենք ուզում:
    Դավիթ ջան, ընդունում ենք քո մարտահրավերը, այսուհետ մենք կլինենք խմբասենյակում, իսկ սաները՝ քո գլխավորությամբ, թող լինեն ինքնուրույն: Ինքնուրույն սեղան կգցեք, կհավաքեք, խաղեր կկազմակերպեք, համերգային նոր ծրագրեր կանեք և այդպես կկազմակերպեք ձեր գժուկ առօրյան….
    Անհամբեր սպասում ենք վաղվա օրվան…
    Մելինե և Կարինե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տիարից հարսանեկան գեներալ դուրս կգա՞…

Շարունակեմ Դավիթ Բլեյանի մասին պատմել, կարող է գլխիս ցավը ծիծաղի-խնդության պակասից է, մեկ էլ ամենահարսանքավոր Արտաշես Բազեյան պապիկի… Երկուսն էլ կոստյումով-ընդգծված, հարսանքավորի խնամված արդուզարդով, հանդիսավոր: 92-ամյա Արտաշես պապը, Արտաշես Բազեյան

Կյանքի՜, մահի՜, այս ամեհի աղջամուղջում․․․

Ողջակիզվող հոգիներին — ողջո՜ւյն, ողջո՜ւյն։ Մեր սեղանի անուշեղենը, մերս կասեր … «միրավոյ»՝ իր գործածած երեք ռուսերեն բառերից … Իմ քույրիկ Էդիտ Հովհաննիսյանի ու մեր առողջագետ Անուշ Աղաբաբյանի հատուկ նշանակության փախլավաները,

Լացի շրջանի ավարտի մասին գիրը

Դավիթ Բլեյանն իր ծծկեր շրջանում բոլբոլ օգտվել է («Պապան բոլբոլ ասաց») «մինչև երեխան չլա, մերը ծիծ տվողը չէ» ավանդույթով իրեն ամրագրված երեխայի պաշտպանության իրավունքից։ Ծծկերության շրջանը Դավթի մոտ ճիշտ ու