Ամեն ինչ Շուշան Բլեյանի սրտով եղավ, ինչպես մտածվել էր, այնքան հոգատար-կոնկրետ պատրաստել էր Շուշանի խնամակալ-քույր Տաթևիկը Բլեյան: Տաթևը միշտ Շուշանի կողքին է եղել՝ նրա ծննդյան օրվանից. ո՛չ երկարատև ուսումը Վիեննայում, ո՛չ Շուշանի թռվռուն-թրթռուն 20 տարին չեն փոխել քույրերի այս կապը…
Լողափում մեկ օր մեծով-պստիկով միասին լինելը լավ գաղափար էր. բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Նազենի աստղ Հովհաննիսյանն ու նրանից անբաժան Սոֆի Մխեյանը, հեռանում էին գոհունակությամբ. ի՜նչ լավն է մեր Սևանը, ի՜նչ հարմար՝ այսպիսի մարզական-տոնական հավաքների համար «Ժայռ» հանգստի գոտին… Դավիթ Բլեյանն իր տարերքի մեջ էր. քույրեր-եղբայրներ տարատարիք և ուշադիր, ու Դավթին ընկերացած Սևանա լիճը:
Շուշոյոտված Սևան, Շուշոյոտ օր:
Լուսանկարները՝ Էդիտա Հովհաննիսյանի:
Իրիկունը 7-8-ին, երբ Երևանի ճանապարհին էինք, Կարմիր-Սևան ճանապարհն անմեքենա էր, ասել է թե՝ Շորժայի ափը դատարկ էր հանգստացողներից…
Ո՛չ աշխատանքային օրը, ո՛չ հուլիսի 13-ի շոգը, ո՛չ զուլալ ծովափը մարդկանց Սևանի այս կողմերը չեն բերել… Հերիք զարմանանք. հատուկ ուսումնասիրության առարկա է:
Խորհրդային շրջանում կառուցված բազմահարկ պանսիոնատ-շենքերն այս 25 տարում ոչ մի գրավչություն ձեռք չեն բերել… Լքված տեսք ուներ միկրոավտոբուսի պատուհանից հանգստյան գոտին… Իրար շարունակող, ժամանակին աշխույժով լեցուն հանգստյան տասնյակի չափ տների տարածքում ո՛չ մի շարժում, ո՛չ մի դուրսուներս մարդկային… Սեփականություն դարձած Սևանի ափի այս հատվածը ոչնչով չի շահել, իսկ առանձնատների՝ իրար հաջորդող խուլ պարիսպները միայն զայրույթ են առաջացնում. կա՞ ավելի վայրենի բան, քան քեզ քո աշխարհից փակող այս հայկական անտաշ-խուլ պարիսպները… Թույլ տվեք գոնե Գեղամա ծովով հիանալ…
«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» նախագիծը կրթահամալիրի Նոր դպրոցի բանգլադեշյան լողափում։
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:
«Ուսումնական ամառ» նախագծով 2015-ի երևանյան-բանգլադեշյան ամառային դպրոց-ճամբարների ձևավորման 1+1 սկզբունքը, շնորհիվ Միջին դպրոցի ճամբարի, ցույց տվեց իր կենսունակությունը: Այս սկզբո՞ւնքն է դրված դասվարների և սովորողների՝ այսօր մեկնարկող «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարների հավաքագրման հիմքում… Ուրիշ ի՞նչ սկզբունք կարող է գործել. ուսուցիչ թե տարատարիք սովորող սեբաստացին գործուն չմասնակցի՞ իր անհատական կրթական պահանջով ստեղծված ամառային դպրոցի ձևավորմանը, մասնակիցների հավաքագրմանը: Ինչպե՞ս բաց հայտարարված արդեն տասնյակի չափ մեր ամառային բանգլադեշյան ուսումնական ճամբարները (ամառային դպրոցները) իրական բաց լինեն իրենց մասնակիցների կազմով՝ սեբաստացի և ոչ սեբաստացի հավասար ընդգրկումով: Ուսուցման կազմակերպումը բոլոր ձևերում, կրթական բոլոր աստիճաններում ու ծրագրերում պիտի անհատականացվի: 1+1-ը մատչելի, խնայող է դարձնում նման ճամբարների հավաքագրումը, դրանց գործունեության հանրայնացումը… Իմ ասածը վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրին…
Դասվարների ամառային դպրոց:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Հուլիս է, ու իմ պատումը հուլիսյան է… Իմ առօրյան-կենցաղը՝ տանը թե կրթահամալիրում, հուլիսյան-արձակուրդային կամավոր-աշխատանքային է… Ես երեք օր՝ հուլիսի 11-ին, 12-ին, 13-ին չեմ եղել կրթահամալիրի Բանգլադեշում… Այսպես քիչ, շատ քի՜չ է լինում… Իմ գլխավոր մտածումը, իհարկե, ծառերն են, տնկիները, կրթահամալիրի դպրոցի կանաչ տարածքների ոռոգումը… Ջրի պակասի խնդիրը չէ, այլ բարեխղճության: Ոռոգելը շարունակում է միջոցառում մնալ քաղաքում (միա՞յն քաղաքում)՝ միայն թե ծառերը կենդանի մնան… ոչ թե ամառային նպաստավոր ռեժիմով կանաչի աճ լինի… Ինչպիսի՞ն է վիճակը կրթահամալիրի Բանգլադեշում։ Ես խնդրել էի՝ որպես նախագծային ուսումնական աշխատանք, սրա վերահսկողությամբ, ուսումնասիրությամբ զբաղվեն կրթահամալիրի բնապահպան-տեսուչները։ Սովորողների և ուսուցիչների ներգրավվածությունը հուլիս-օգոստոսյան խնամքին կարո՞ղ է դիտվել որպես նախագծային ուսուցման պայման: Նախագծային ուսուցումը կարող է տևել 12 ամիս՝ հատկապես ընդգրկելով արձակուրդային շրջաններն ամառային, գարնանային, աշնանային, ձմեռային… Թե՞ կամավորական, արձակուրդին այլ ռեժիմով ու բովանդակությամբ ուսումնական աշխատանքը մարդու իրավունքի ոտնահարում է. ինչո՞ւ:
«Զրույցներ Դավթի հետ լողավազանում» շարքն ինքն իրեն ծնվեց՝ այս ամառ… Ես էլ, Դավիթն էլ սկսել ենք սպասել հերթական զրույցին… Ահա, Դավիթը կարթնանա 7-ի-8-ի արանքում, ահա, իմ օգնությամբ կհաղթահարի մինչև լողարան արգելքը, ահա, կհայտնվի լողարանում-ավազանում, կմիանա ցնցուղն իր դռռոցով (շարժիչով բաքի), ու կսկսվի… Մեզ՝ ինձ ու իմ որդուն, ոչինչ չի խանգարում այս 30 րոպեում խոսել ամենակարևոր ամեն ինչի մասին… Մեր զրույցը վարում է Դավիթը. հարցերն իրենն են, ես անշտապ-առանց հորինելու-սեթևեթելու արձագանքում եմ… Այս զրույցները, որպես վարժություններ, կրկնության ձև ունեն. ուրիշ ի՞նչ կերպ յուրացնի-համոզվի-հաստատի Դավիթը.
— Ցնցուղի ջուրն էլ է աղբյուրի, ծորակինն է՞լ, հայրի՛կ… Ես կարող եմ, ա՛յ, այսպես, խմե՞լ ցնցուղով,- խմում է, ինձ փորձող հայացքով նայում աչքերիս…
— Ինչո՞ւ եք տաք ջուրը թեյնիկով եռացնում, լցնում ծորակի ջրից… Ինչո՞ւ չեք վերցնում ցնցուղի տաք ջուրը…
— Լողավազանի ջո՞ւրն է մաքուր, թե՞ Սևանա լճինը…
— Սևանա լիճը լցնող աղբյուրների ջուրն ինչպե՞ս է կեղտոտվում…
— Բա որտե՞ղ էին մարդիկ չիշ անում Սևանի ափին… Ես չտեսա…
— Հայրի՛կ, գիտե՞ս, ես հանկարծ չիշ արեցի Սևանում… Կեղտոտեցի՞ Սևանի ավազանի ջուրը… Հայրի՛կ, ես լողավազանում չիշ չեմ անում… միայն սանհանգույցում:
— Սևանն այնքան մե՜ծ է, որ ծով են ասում… Ծովից մեծ է…
— Ուրիշ ի՞նչ ծովեր կան Հայաստանում… Ես ուզում եմ՝ երկուսով բոլոր ծովերը գնանք, լողանամ… Լա՜վն է մեր Սևանը…
— Ինչո՞ւ ես ասում, որ ես ամեն օր պիտի լողանամ… Ի՞նչ կլինի, որ չլողանամ։
Սևանի «Ժայռ» լողափի ճանապարհին մենք երկու դադար արեցինք։ Միկրոավտոբուսով էինք. իմ պայմանն է՝ այսուհետ հարազատների հավաքին հեռու մնանք անձնական մեքենաներից… Միասին լինենք, որ ճանապարհն էլ մեր լինի ճամփորդական-հայրենագիտական… Մենք կանգնեցինք Սևանի մոտ, կամրջին, որտեղից լճից բաց են թողնում Հրազդանի ջուրը… Լայնահուն, մաքո՜ւր, խաղաղ, կապուտակ ջուր… Այս ջուրն անցնում է բավականին ճանապարհ ու Երևանյան լիճ դառնում՝ մահացու մարդու համար… Այսպես թե այնպես, այս կամ այն չափով, կամա թե ակամ բոլորս մասնակցում ենք Կապուտակ Սևանից կեղտաջուր ստանալուն…
— Ինչո՞ւ, ինչպե՞ս, հայրի՛կ, դու ե՞րբ ես մաքրելու Երևանյան լիճը, որ ես քեզ հետ հեծանվով գնամ, լողամ…
Իսկապես որ, Սևանի ջրերն անցնում են իմ ամենօրյա ճամփով: Ինչպե՞ս է, որ ես դա չեմ նկատել… Ամեն օր կարելի է լողալ Սևանի ջրերում, միայն թե, դրանք պետք է մաքուր պահել, չաղտոտել Հրազդանը՝ Սևանից սկսած մինչև Երևանյան լիճ…
Լուսանկարները՝ Մելինե Սիմոնյանի:
Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան։
#389