Այսօր ես լուսաբացին ավելի շատ դիմադրեցի. պիտի քնեմ… Առավելագույն ջանքեր, ու ապարդյուն… Մի պահ մեղավոր թվաց Նորքի հեռուստաաշտարակը. մոտեցա՝ նրա լույսերն անջատելու որոշումով… Այնպես չէ, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվում է… Սեբաստացի ուսուցիչները-սովորողներն ինձ հաճախ գերագնահատում են… իրենց անելիքն ինձ վրա բարդելու ճանապարհով: Մի՛ արեք. ամեն մեկն իր գործին ու ո՜ղջ թափով, մի՛ խնայեք ձեզ, գործե՛ք. հունիսը որ բա՛ց թողեցիք, հետն էլ՝ ամառը ողջ՝ գյոզալ հուլիսով ու պայծառ օգոստոսով…
Ճամբարային ֆեյշն:
Հունիսի 1-ի երեկոյան նախատեսած «Անտիվիրուս-հակաբացիլ Կոմիտաս» նախագծով երեկոյան ելույթը մեր տեղափոխենք հունիսի 10, մեր ուսումնական ճամբարների գործունեության առաջին փուլի արդյունքները հանրայնացնենք համերգ-ներկայացման ձևով, էլի՛ երեկոյան, որ մարդիկ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, ընտանիքներով գան… Որտե՞ղ… Կասկադո՞ւմ, Ազատության հրապարակո՞ւմ, Կարապի լճի հարթակո՞ւմ, Անգլիական այգո՞ւմ… այլ առաջարկ: Քանի որ այդ հարթակում ներկայացվելու են նաև Բանգլադեշյան ամենամյա պլեներ-2016-ի՝ հունիսի 13-ից 17-ի անոնսները, թող պլեների պատասխանատուների խումբը՝ Կարեն Խաչատրյան, Քնարիկ Ներսիսյան, Նունե Մովսիսյան, Լուսինե Բուշ, Անի Սարգսյան, Սյուզի Մարգարյան, Կարինե Մացակյան… այսօր-էգուց հստակություն մտցնեն, ընտրեն… Իսկ մենք մինչ այդ մեր ճամբարային եռուզեռով-առօրյայով, հունիսի 1-ին մեր սեբաստացիական միասնական երգեցողությամբ, լողով, դրան հաջորդող օրերին՝ բարձունքների նվաճմամբ… Հունիսի օրացույցը, տեսե՛ք, այնքա՜ն հագեցած է, որ թվում է՝ հրես ու կպայթի-ճաք կտա, ինչպես կարող է Գեղարվեստի նոր լողավազանը… Երեկ՝ օրվա վերջում, երբ Հրաչյա Առաքելյանի, Գևորգ Ստեփանյանի, Քնարիկ Ներսիսյանի ու ընկերների ջանքերով տեղադրվեց Գեղարվեստի բաց, մեծ լողավազանը, վախեցանք… Այնքա՛ն մեծ, ոնց որ ծով… որ ջուրը փախավ-ճոթ տվեց, կքշի-կտանի բոլոր ճաղերը-պատերը՝ մինչև Մայր դպրո՞ց, Արգավանդով-Զանգվով Մայր Արա՞քս… Իսկակա՜ն կրթական պարտեզ կունենանք:
Մայիսիկ մարզատոն:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի:
Իսկ մեր նոր քանդակագործ Աշոտ Երիցյանը սրան չի սպասում. մի խմբով, նոր քանդակագործական, քարի մշակման հատիչներով-մուրճերով սկսել են ցանց դարձնել Գեղարվեստի՝ անցած դարի յոթանասունական թվականներից ժառանգություն ստացած բետոնե պարիսպները… Ծերացե՞լ է Գրիգոր Խաչատրյանը՝ իր մոդեռնիզմ-ավանգարդիզմով, ընկերներով. բա ո՞նց է քունդ տարել, ո՞ւր եք՝ չկաք… Ի՜նչ իմ գործն է՝ խուլ պատնեշից ցանց հյուսեմ, ո՞ր վաթսունամյակում… Երրորդում, հիշեցնեմ, պարտիզպան եմ, հետո՝ հանդիսավար (ռեժիսոր)… Իսկ նոր ցանցերը, որ պատեր չեն, այլ շեշտում են լողափերը՝ որպես հիգիենիկ, հատուկ պաշտպանվող գոտիներ, ինչպե՞ս հայտվեն Նոր դպրոցում թե Դպրոց-պարտեզում, թե Գեղարվեստում…
Նազենի Հովհաննիսյան աստղին էլ տեսանք՝ Երուսաղեմի ուխտից վերադարձած, առավել խաղաղ ներսով-դրսով, առավել հմայիչ… Ոչ մի պակաս… Մնաց ամուսնանալը…
Նոր դպրոցի Գևորգ Տեր-Թորոսյանի անհատական ցուցահանդեսի բացում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Անկեղծ ասեմ՝ ինձ հունիսին ամենաշատը երկու նախագիծ է զբաղեցնում՝ Բանգլադեշյան ամենամյա պլեներն ու պատանեկան աշխատանքային ճամբարի ջոկատները… Արդար կիսեցի՞նք մեր հոգսերը… Երեկ կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթի արևելյան հարթակից իմ խոսքը երկար ստացվեց. երկարը վատ է, երկար լինում են հոգսերը, եկեք մոնտաժենք ու թողնենք մեկ-երկու րոպեանոց…
Գեղարվեստի, Քոլեջի, գյուղացիական տնտեսության ջոկատներին միացավ Մայր դպրոցը… Գիտե՞ք, ատաղձագործական արտադրական մեծ արհեստանոցը հունիսյան շնչով-թափով կնորացվի-կլուսավորվի, կդառնա ուսումնական տեխնոլոգիական արհեստանոց՝ մատչելի-կանչող-օգտակար հինգից իններորդ դասարանցիներին… Իսկ Մայր դպրոցի խաղադաշտերում հունիսի 6-9-ը կկայանան ամառային ռազմամարզական խաղերը… Ինձ հիշեցնել պետք չէ, ռազմամարզական գարնանային խաղերի հաղթողների «Ժայռ» սևանյան ճամբարի ուղեգրերը սպասում են հաղթողների՝ սովորող-ուսուցիչների հայտերին… Սևանը տեղում է, գնացի-տեսա-պատմեցի…
Հասարակական արձագանքը 1in.am-ի անդրադարձին՝ Մարմարյա սրահի մայիսի 27-ի «Ցտեսություն» տոնախմբությանը բուռն եղավ… Սրա մասին է իմ խոսքն ու այսպիսի մեկնաբանություններ անմիջական… Սա էլ յուրահատուկ մի ընթերցարան է, որքան էլ ինձ ցավ պատճառեց՝ ոչ հայատառ գրություններով… շնորհակալ եմ իմ օրվա խմբագրին՝ հայատառ դարձրեց։ Ինչպիսի վերաբերմունք հայերենի նկատմամբ… որքան էլ մեզ-ինձ գովում եք։
Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
# 688