Պատմելս եկավ առտու 5-6-ի արանքում, վերնագիրը բաց եմ թողնում. վերնագիրը՝ վերջում: Լինում է, որ վերնագիրը դնում եմ օրվա գրի թողարկումից առաջ, վերջին պահին… դեռ ինչքա՜ն ժամանակ կա…

Երեկ ժամը 5-ին հրավիրված էի մասնակցելու «Երկիր մեդիայի» «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղի եզրափակիչ փուլին, խաղից հետո անցկացվող հանդիսությանը՝ 2014-2015 մրցաշրջանի ամփոփմանը: Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի «Ապոլլոն» գիտակների թիմը դարձավ խաղաշրջանի համահաղթող՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի «Նարե» թիմի հետ: Կրթահամալիրի Հանրային կապերի, քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոնի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի սաները՝ Վարժարանի 11-րդ դասարանցիներ Սանասար Գևորգյանը, Էրիկ Նիկողոսյանը, Էդվարդ Հովհաննիսյանը և Վահե Պապոյանը, վարժարանի այս տարվա շրջանավարտ Աննա Գսպոյանի ավագությամբ,  հարգանքի արժանի ուսումնատենչություն, հաստատակամություն և համերաշխություն դրսևորեցին… Հաղթանակն ինքնին խոսուն է, մրցանակը՝ «Նարեի» իրենց ընկերների հետ օգոստոսին 4-5 օրյա ճամփորդություն Արևմտյան Հայաստան։

– Ինչպես մրցաշարի, այնպես և ճամփորդության մասին պատմելու պիտի որ շատ բան ունենան մեր քչախոս գիտակները… Առավել ևս սպասված է նրանց խոսքը… այն մասին, ինչ կա ու մնում է հեռուստատեսային խաղի կադրերից դուրս՝ անդին,- ասաց Վահրամ Թոքմաջյանը:

Ես սպասում էի խաղի ավարտին «Գարեգին Նժդեհ» հրապարակի թե մետրոյի կայարանի բացօթյա հատվածում, շատրվանների մոտ… Ի՜նչ կյանք էր. մի խումբ երեխաներ, ծնողների խրախուսմամբ, լողում էին, ճչում, վայելում հուլիսը երևանյան… «Երկիր մեդիա»-ում աշխույժ էր, ներս ու դուրս էին անում. Վահրամը, ինչպես սպասվում էր, խաղի մեջ էր, Մարթա Ասատրյանը, Արման Երանոսյանը՝ երկրպագուի հոգեվիճակում։ Խաղ-մրցույթի եզրափակիչում, որտեղ արդյունքները հավասար են, գտնվեց մանկավարժորեն հիմնավորված լուծում՝ երկու թիմն էլ դարձավ մրցաշարի համահաղթող: Իրոք, չկան պարտվողներ, իսկ հաղթողները… մենք ենք, բոլորս, յուրաքանչյուրս, հիմա նաև իմ օրագրի ընթերցողը… Ես կրկնում եմ կրթահամալիրում հասարակագետների՝ հանրակրթական մրցաշարային ուսուցմանը նվիրված ամառային դպրոց կազմակերպելու իմ առաջարկը։ Միայն օգնենք՝ այսպիսի, հենց այսպիսի, «մեր ժողովրդի պատմությունը՝ զուբրիտով» վիճակը հաղթահարելու: Ցավոք, կրթական ծրագիր է զուբրիտը՝ իր դասագրքերով, դասերով, հիմնական ու միջնակարգ կրթության ավարտական-պետական, բուհի ընդունելության քննություններով… Դող է անցնում իմ միջով, երբ թերթում եմ այս դասագրքերը պատմության, այս թեսթերը… Այսքա՜ն զուբրիտ, երբ այսքան, մեկը մյուսից բարդ-հետաքրքիր խնդիրներ են, ահա, մեր բոլորիս կյանքում… Ո՞վ, ե՞րբ և ո՞նց լուծի՝ մեր ուժն ինչպես է, ահա, մսխվում՝ ինչի՜ վրա… երբ այսքան ուսումնատենչ, պատմությունով-խաղով խանդավառ պատանի կա…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փոխանցում եմ սիրով

Այս կիրակին միացավ իմ արձակուրդին. չորս օր ես արձակուրդում էի, ինչպես Լիլիթ Բլեյանի երգում՝ «ուրիշ քաղաքում», ոչ կրթահամալիրի Բանգլադեշում: Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին ու «Սեբաստացիներ» երգչախմբին՝ ֆիլմով մեկօրյա թափառումին մասնակից

Մեր` որպես հավաքականություն, մոբիլ ու խիզախ գործելու ժամանակը

Մոբիլ՝ այսպես են գործում. որոշեցի առավոտ 7-ին ճանապարհել Գյումրի գնացքով մեկնող իմ Տաթևիկին Բլեյան ու թոռնուհի Արևիկին, երբ ավարտել էի օրվա գիրը, երբ Արմինեն ու Դավիթ Բլեյանը շարունակում էին իրենց

Կրթական պարտեզ բնակելի արվարձանում

Կրթական պարտեզի այս փուլում հեղինակային մանկավարժության միջավայրային զարգացման խնդիրը համակարգային, ՀՀ կառավարությունը միջամտությունը պահանջող լուծում է ենթադրում։ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06.04.1994թ.  թիվ 10/290 «Երևանի հարավարևմտյան