Մեր դռան զանգը, դրա աղմկոտ արձագանքը. Դավիթ Բլեյանն ինձ դիմավորում է մայրիկի հետ որպես կանոն ժամը 19:00-ի մոտ շեմքում՝ հստակ պատրաստած լեզվական նոր կառույցի ցուցադրությամբ. գիտի, որ լեզվագործունեության ամեն մի դրսևորում, ցանկացած լեզվահնար ինձ հիացմունք է պատճառում: Հենց այսպես ինձ հիացնում է, կամ ես վշտացածի տեսարան եմ բեմադրում, երբ Դավիթը ինձ համար լեզվական խոտան է պատրաստած լինում. տեսեք ոնց է հրճվում «իմ վշտով»:

Այսօր. «Տիարը կոչվում է պարոն Բլեյա՞ն… «Այո» չեն ասում, «հա» են ասում: Տիար պապա… »: Այո, պարոն Դավիթ՝ իմ արձագանքին թե՝ «Չէ՛, ես փոքր եմ, ինձ պարոն մի ասա, ինձ Սասունցի Դավիթ ասա…»: Երեկ-այսօր մի գլուխ կրկնում է. «Տիար Բլեյանը դու ես, ա՛յ, պարոն Բլեյան… «Պապա» չեն ասում, «հայրիկ» են ասում, տիար պարոն Բլեյան, եղա՞վ, հա՞… Պապա, ես լացել եմ, քեզ եմ կանչել…»:

Երեկ առավոտյան լողացավ, հագնվեց, սեղանի մոտ խաղաց-խոսեցրեց, հետո էլ թե՝ «Ես պարտեզ չեմ գնում, Կուրթան եմ գնում»: Իջավ մի քանի քայլ աստիճանով, բարձրացավ. «Ուզում եմ մայրիկի մոտ մնամ…»,  հետո էլ բարձր լացեց, որից ինձ ազատելու, լացը թուլացնելու միջոցը աստիճաններով իջնելն էր, Դավթից փախչելը, ազատվելը: Լացը, Կուրթանի ձայնը, ականջիս մեջ էր… Պատմում եմ մեքենայի մեջ Դավթի «նոր պարտեզի» մասին, որ երեկ է գնացել: Դպրոց-պարտեզի իր խմբասենյակը փոխել են, արձակուրդի գնացած ընկեր Մարիամի ու ընկեր Նորայի փոխարեն նոր ընկերներ են՝ ընկեր Վարսիկն ու ընկեր Մելինեն: Երկու խումբ միավորել են: Տանը պատմում է. «Նոր պարտեզ եմ գնացել, լավն են ընկեր Վարսիկն ու ընկեր Մելինեն…, Արամը չկա, Նարեն չկա, Ալեքսը, ում համառորեն Ցեց են ասում, չկա…» Ես անցում եմ կատարում կտրուկ, բլեյանավարի՝ էս մեր մյուս երեխան՝ Շուշո՞ն ինչ եղավ…Շուշա՜ն, Վիեննայում ես, հա՞:

Շատացել են Հայաստանում դպրոցական օլիմպիադաները՝ ամենատարբեր: Վերջերս իրենց պարտադրում, իրենց գերիշխանությունը ցուցադրում են ռուսերեն անցկացվող միջոցառումները, Ռուսաստանի, այս կամային կառույցի անունից հանդես եկողները…Գևորգ Հակոբյանը կասեր՝ «Երբ են գնացել, որ հիմա էլ գան, չեն գնացել»: Սովետի նման ներկա են, մեր մեջ են՝ ստրկամտությունը, մեծապետական-իմպերիական մտածողությունը… Հակամարդը մեր մեջ է, չի հաղթահարվել, չի գնացել, զորանում է, նոր ձևեր է փոխում, իսկ ձևը խաղ է անցավոր…

Մեկ-երկու տարի մենք էլ փորձեցինք ունենալ առարկայական օլիմպիադաների մեր՝ հեղինակային այլընտրանքը, մեդիաօլիմպիադաների տեսքով: Տարին մեկից անցում արեցինք տարին չորսի` oլիմպիադա Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ… Հետո էլ Մեդիաօլիմպիկի հաստատման տիկին Աիդայի ջանքերը… Մեդիաօլիմպիադան ընտանիքում… Չեղավ, հայերը կասեն՝ չկպավ, մերը չէ՝ ստուգումներ, գնահատանիշ, ստուգող հանձնաժողով, սկիզբ-ավարտ… բացում-փակում՝ դարձավ առարկայական դպրոցական միջոցառում՝ խորքում, իհարկե, փաթեթավորում-պճնումը մի կողմ դրած: Նախագծային ուսուցմամբ, ստեղծողի մոբիլ դպրոցի անցումն ավարտվեց՝ նայեք կրթահամալիրի 2014-2015 ուս-տարվա օրացույցին. ուսումնական նախագիծ ուսումնական երևանյան ճամբար հանրակրթական ստուգատեսներ-արտագնա (ճամբար անիվների վրա, դպրոց բնության գրկում, արտագնա կամ ստուգատեսային արտագնա) ճամբարներ, ուսումնական ստեղծագործական հավաք-պլեներներ-արշավախմբային ճամբար` Բանգլադեշում,  Երևանում, Հայաստանով մեկԱրցախում, Վրաստանում… Նայեք օրացույցին՝ ձևավորված-ամբողջական ավանդույթի ուժ ստացած պարբերական համակարգ է դարձել, իրոք, հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում: Հետևեք մեր չավարտվող ամառային բանգլադեշյան ճամբարներին ու այսօր մեկնարկող «Հնեվանք» արշավախմբային ճամբարին՝ չորս հերթափոխով, յուրաքանչյուրում 40 մասնակից՝ յուրաքանչյուրը 5 գիշերումով, 6 օր Ստեփանավան-Կուրթան-Հնեվանքով. հայրենագիտական-բնապահպանական, ռազմամարզական, ուսումնահետազոտական. իրական ուսումնական ընթացք… Եվ օգոստոսի 5-ին էլ Արցախ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի կմեկնի կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պատանեկան վաշտը, իսկ օգոստոսի 8-ին էլ  Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար կշարժվի Արտակ Զարգարյանի և Շամիրամ Պողոսյանի ղեկավարած սեբաստացիների 12 հոգիանոց խումբը… Սրանք բոլորն էլ ամենամյա են, ուսումնական…

Վերը ասացի, սովետը չի հաղթահարվում, Հասմիկ Նալբանդյանն ու իր ընկերները, որ երեկ վերադարձան Վրաստանի Բուլաչաուրի միջազգային ճամբարից, ավելացրին. «Բա որ մեր ճամբարում լինեիք, Բլեյանի ասած՝ իսկական սովետը սա էր… Մեզ Բանգլադեշից ազատության դեսանտ էին իջեցրել  խորհրդային անցյալ, թող մերոնք տեսնեն, գնահատեն իրենց ունեցած իրական Եվրոպան»:

Այսպիսով դառնանք մեր 2014-15 ուսումնական օրացույցին, որը 2013-14 ուս.օրացույցի հետևողական ամբողջացումն է՝ «Ստեղծողի մոբիլ դպրոցի» կազմակերպման ձևը: Լիքը թերություններ. և որպեսզի ո՛չ իրականությունից կտրված ինքնահիացման թմբիրին տրվենք, ո՛չ էլ, որ նույնքան վտանգավոր է, իրականության անտեսման (մեր ձեռքբերումներին անհաղորդ, դրանցից բեխաբար), թերություններն են, նույն արմատից են սնվում: Зри в корень. Կրթահամալիրի 2013-16 զարգացման ծրագրով մենք շեշտել ենք ուսուցում ուսումնական  նախագծերով, ուսումնական օրացույցով, հանրակրթական-ստեղծագործական ստուգատեսներով՝ թվային միջոցների անհատական գործածմամբ: Սրանք չդառնան դեկորներ-միջոցառումներ դպրոցական, իսկ սովետը չհաղթահարած ուսուցիչը շարունակի փակված գործել բաց կրթական միջավայրում՝ իր իմացած առարկայից ինչ-ինչ ձևերով, ինչ-ինչ տեղեկություններ փոխանցի` քիչ է, ու դեռ սրա անունն էլ դնի հեղինակային ծրագիր: Այո, մեր կրթական ծրագրի վարկաբեկման ճանապարհը ես ներկայացրի:

Օրվա հաղորդագրությունը.  «Հուլիսի 31-ին հակառակորդը դիվերսիոն հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Զոհերի անուները հրապարակված են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության մանրամասները

… Հաղորդագրությունը ստուգեցի մի քանի անգամ, մի քանի տեղեկատվական աղբյուրներով, հիմա 03:30-է, նորից այլ մանրամասներ եմ փնտրում, 08:30-ն՝տպագիր օրաթերթով նույնը կանեմ… ես դողացող ձեռքով եմ այս մկնիկը շարժում… Ի՞նչ եք ասում, պիտի գնամ քիչ հետո  ճանապարհեմ 40 սեբաստացուն Կուրթան-Հնեվանքի ճամբար, հետո տրվեմ իմ բազմազբաղ առօրյային կարծես ոչինչ էլ չի եղե՞լ… «Դու քո գործով զբաղվիր, դու քո գործը լավ էլ անում ես, ամենակարևոր գործը էլ ինչ էլ անես…» ինձ են մխիթարում-խնայում իմ կինը, ընկերները, սեբաստացի ծնողները:

Բարեկամներ, Հայաստանը նոր՝ քաղաքական նախաձեռնությունների է կարոտ՝  սրանցից բխող քաղաքական նախագծերի, դրանց ստուգատեսային իրագործմամբ, որն ապահովելու է յուրաքանչյուրիս մասնակցությունը նախաձեռնության մշակմանն ու իրականացմանը… մեր  հասարակական-անձնային կյանքի փակուղու հաղթահարմանը: Ես իմ կորցրած քունն իսկապես չեմ գտնում, ինչպես հայկական հայտնի մուլտֆիլմի պապիկը «Գտնված երազ»-ում,  Արևիկ ջան, Աշոտ պապիկը միշտ քնում էր ժամը 24:00-ին (որպես մեռել) շատ մոտ ու արթնանում էր ժամը 05-ին՝ որպես թարմ, առավոտվա ցողով պատած վարունգ: Հիմա ես հանգչում եմ մեր բնակարանի ինչ-որ անկյունում 22:00-ին մոտ, արթնանում եմ 02:03-արանքում ու չգիտեմ անելիքս, տեղս չեմ գտնում: Լավ է այսօրվա գիրը կա, այս գիրը օրվա:

Օրվա հաղորդագրությունը: Ժամը 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում եմ,  եկեղեցու բակից ճանապարհում եմ տարատարիք սովորողների, ծնողների 40 հոգիանոց խմբին` Կուրթանի «Հնեվանք» վրանային հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական ճամբարի առաջին հերթափոխի մասնակիցներին: Ես սիրում եմ այսպիսի զորահավաք, ասել է թե զորահավաքի հրամանատարը ես եմ: Բարի արշավում Հայրենիք-Հայաստանով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոգու, ոգևորության փոխանցման 2015

«Մեր կյանքի ստատուսքվոների խորտակման տարի 2015» գրին Նունե Մովսիսյանի կարծիքով-արձագանքով սկսեմ, շարունակեմ իմ 220-րդ հոբելյանական գիրը. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մանկավարժությունն սկսվում է ոգևորությունից ու ավարտվում… ոգևորության բացակայությունից: Ոնց որ թե

Այսպե՛ս բերենք Նոր տարին` 2015-ը

— Դավիթ Բլեյան, արի՛, արի այստեղ նստի, կողքս, հասկանանք, մեկ է, դու ես որոշելու, ինչո՞ւ ես փախչում: – Չէ՛, ես չեմ որոշելու… – Բա ո՞վ է որոշելու: – Դու ես

Օրը` կիրակի, Չարենցի ծննդյան օրը, Չարենցով, Չարենցի հետ…

Եվ քանի որ ինձ արդեն լսել եք Չարենցի հուշարձանի մոտ, տասնյակ ու տասնյակ սեբաստացիների հետ. ով չի լսել, թող կարդա «Առավոտ»-ում, լսի «Շանթ»-ի կիրակնօրյա թողարկումը կամ էլ կարդա իմ վաղվա