Ամեն բառ մի աշխարհ է Դավիթ Բլեյանի համար:
— Հայրիկ, ի՞նչ է ավազանը, որ դու ասում ես՝ Դավիթը լողա ջրավազանում…
— Ավազանը ջուր է ամբարում՝ ջրամբար է, ջուր է հավաքում, պահում…
— Ուրիշ էլ ի՞նչը կարող է ամբարվել, բացի ջրից…
— Կա ալյուրի ամբար, ցորենի ամբար՝ ալյուր-ցորեն պահեստավորելու համար, կարտոֆիլի ամբար։ Ռուսերեն ասում են «բունկեր», դու լսե՞լ ես։ Մարդիկ պահում են, հետո քիչ-քիչ օգտագործում պահածը:
— Բա որ մե՜ծ ամբարներ են լինում, շա՜տ մեծ, ինչպե՞ս են լցնում մարդիկ, հետո տանում…
— Մեքենաներով, տարբեր բեռնատար մեքենաներով տեղափոխում են, ամբարները լցնում… Լճերն էլ ջրամբարներ են… Այ, ասում ենք Երևանյան լիճ, դու ամեն օր տեսնում ես քո ճանապարհին, ջրամբար է մեծ, ավելի մեծերը կան, դու կտեսնես…
— Սևանա լիճն էլ է ջրամբա՞ր… մե՜ծ…
— Իհարկե: Մեծ, Հայաստանի ամենամեծ ջրամբարը, ջրի ավազանը…
— Քասախի կիրճն է՞լ է ջրավազան, ինչպե՞ս կարող է ջուր ամբարել…
Մեր հերոսը տպավորվել է Օհանավանից, Քասախի կիրճից…
— Կարող է կիրճը ջուր ամբարել, դառնալ ջրավազան, եթե գետի հոսանքի ուղղությամբ այն պատնեշենք… Ինչքան բարձր է պատնեշը, ամբարտակը, այնքան շատ ջուր կտանի այն, կդառնա մե՜ծ ջրամբար… Այդպես են կառուցում ջրամբարները՝ հոսանքի դիմաց պատնեշ են կառուցում:
Հատուկ Դավիթ Բլեյանի համար՝ Մարմարիկի ջրամբարը։
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի։
Բաթումի քաղաքը, պատմե՞լ եմ, իմ քեռիներ Հակոբի ու Արտավազդի, մորաքույր Արևի քաղաքն է… Գուցե հիմա՝ իրենց ժառանգների… Վերջին անգամ ե՜րբ եմ եղել Բաթումում, այն էլ՝ թռուցիկ… Սեբաստացիների համերգը Բաթումիի թիվ 2 երաժշտական դպրոցում ինձ անակնկալի բերեց. այս ո՞ւր հասաք` մոբիլ ու ստեղծական… Ամբարել են մարդիկ ողջ տարում…
Ի՜նչ ուզում ես, ասա, ամեն սպասված-չսպասված հաճելի բան անակնկալի է բերում…
Բանգլադեշյան ամառային լողափերն ու ամառային քունը…
Վահրամ Թոքմաջյանի «Գիտակների» հերթական խաղն ու հաղթանակը, սեբաստացիների «Երկիր Մեդիա TV»-ի «Զարթոնքի սերունդ» հեռուստանախագծի եզրափակիչում հայտնվելու լուրը անակնկալ հնչեց… Չնայած ես մնում եմ նույն կարծիքին, ինչ ասացի թիմին խաղի ճանապարհելուց առաջ. իրենց ուսուցչի՝ Գիտակների ակումբի ղեկավարի հետ մրցաշարային-հետևողական հավաք-ուսուցման այս վիճակն ինձ լիուլի բավարարում է… Այստեղ էլ գործ ունենք ավազանի հետ, սա է գլխավորը. որ ամբարվում է. այնքա՜ն ջուր վերցնող կլինի…
Կրթահամալիրի երևանյան ճամբարների հունիսի 30-ի սպորտլանդիան «Վահան Ասատրյան» մեծ մարզադահլիճում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի, Գայանե Սարգսյանի։
Բաղրամյանի Շարժման՝ քաղաքացիական շարժման մասին, նրա կարևորության, դերի, անհրաժեշտության մասին վերջին անգամ հանդես եմ եկել «Հայկական ուրբաթում»… Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի. առանց խիզախման, առանց յուրաքանչյուրիս ներդրման այս գոյատևման (տեսնենք՝ ինչ է լինելու վաղը) իներցիան չի հաղթահարվի… Շարժումն է քաղաքացիական այդպիսի կուտակման ձևաչափը… Հայաստանում ցածր գներ լինում են միայն կարճ, սեզոնային… ասենք՝ մեկ-երկու ամսով՝ ծիրանն այս տարի, խաղողը, միրգը… Իսկ էլեկտրական էներգիան ունի բարձր, շատ բարձր գին… Էլ ո՞ւր…
Ուսուցիչը գնում է վաստակած արձակուրդի՝ 42 օր: Լավ է, որ այս տարի կրթահամալիրի ուսուցիչն արձակուրդայինն ստանում է միանգամից՝ արձակուրդից առաջ… Բայց ի՞նչ պիտի կարողանան անել կրթահամալիրի երիտասարդ, միջին տարիքի մանկավարժները, որ տնտեսապես ինքնուրույն չեն այս հասուն տարիքում, երբ ունեն ազատ ընտրած աշխատանք… Ումից ե՞ն կախված, ի՞նչ ունեն կուտակած իրենց աշխատանքով… Ուսուցչի համար բանկերը միայն քարտերով աշխատավարձ ստանալու համար են, ոչ դրամական ավանդներ պահելու-կուտակելու… Մեզանում տարիներով, նորագույն պատմության՝ անկախ հանրապետության հաշվիչով որ չափենք՝ 25 տարի, կուտակվել-ամբարվել են չլուծված, մեկը մյուսից կախված, մեկը մյուսը հարուցած, իրար վրա լցված հարցեր… Մարդու կյանքի չլուծված խնդիրների ավազան-ամբար դարձած Հայաստանս… Ասում են այսպիսի ավազանի հիմնավորումն իրենց գործը դարձրածները սիրում են ասել՝ միանգամից չի լուծվի… Իսկ ինչպե՞ս… Քաղաքացիական Շարժումով պիտի դրսևորվի նաև այդ ավազանը դատարկելու մեր կարողությունը։
Մի գլխարկի պատմություն, կամ ի՞նչ է լինում, երբ տիար Բլեյանի գլխարկը մնում է 2-4 տարեկանների խմբում։
Լուսանկարները՝ Աննա Հայրոյանի։
Որոշված է. հուլիսի 7-ին՝ երեկոյան ժամը 7-ին, կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում հանդիսավոր կհանձնենք 2015-ի շրջանավարտների ավարտական վկայականները…
Դավիթը հաճույքով է լողում մեր տան լողավազանում, հաճույքով ու երկար… Հիմա, ինչպես երեկ՝ օրը երկու անգամ… Առավոտյան արթնացավ, ջուր խմեց սովորական, նստեց պատշգամբի ճոճանակը…
— Հաշվելով ճոճվեմ ու լողամ…
Շատ է խոսում… Ոչինչ, թվում է, չի մոռանում առավոտվա մեր խոսակցությունից, հոգիդ կհանի իր հարցերով հետևողական…
— Գլուխը մարդու դատարկ է, ի՞նչ են լցնում մեջը մարդիկ… հայրիկ:
— Մտքեր, գաղափարներ, խելք… Գլուխը հենց դրա համար է՝ մտքեր, խելք ամբարելու:
— Ջրափոսերը ջրի ավազաններ են, հայրիկ:
Թվում է՝ ինքն էլ, ես էլ գտել ենք երկուսը մեկում՝ հա՛մ իրար հետ լինենք առավոտյան, մինչև վարորդ դարձող մայրիկը, որ նաև ուսանող է, կարևոր քնի, հա՛մ Դավիթը շուտ արթնանա՝ ժամը 7-ին, ես, ավարտած գիրս օրվա, մեկ ժամ խելոք-խելոք զրուցեմ-անցկացնեմ Դավթի հետ՝ բառերի ինչպիսի՜ ավազանում, որ հայերենն է…
Տաթև Թամազյանի առաջին դասարանցիների ամառային դպրոցը։
#375