Հունիսի 30-ը՝ այնքան լեցուն գործերով, թվում է՝ չպիտի ավարտվեր… Դեռ ժամը 18.00 էլ՝կառավարման խորհրդի նիստ՝ մեկը մյուսից տարողունակ հարցերով. թվում է՝ մարսված-յուրացված, խնամքով նախապատրաստված, հիմնավորված նախագծերով: Ահա ինչու` մեր խորհրդի նիստերում որոշումները ոչ թե իներցիայով-ձևական-ձեռք բարձրացնելով են ընդունվում, այլ համաձայնությամբ:Հեղինակային կրթական ծրագրերի 2015-2016 ուսումնական պլանների փոփոխություններին դեռ կանդրադառնամ… Կրթահամալիրիկառուցվածքը, որ հաստատեց խորհուրդը, առաջացել է մեր կրթական կյանքով, չի հորինվել… Կրթահամալիրի՝  որպես կրթական աշխարհի որպիսությունը շատ բանով որոշելու են ուսումնական կենտրոններն ու բաց՝ կյանքով բաց, այլոց ընտրության համար հասանելի, կրթական ակումբները… Ուսումնական կենտրոնների և ակումբների համար հուլիսի 1-ով սկսում է նոր ուսումնական ամառ… Ասենք՝ շնորհավոր…

Ես ինձ լավ եմ զգում, որ ծանուցեցի կրթահամալիրի աշխատողներին. թե չէ հա՛ կարելի է կոչեր անել, հորդորել, սպառնալ…

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին
Ծանուցում
Հարգելի աշխատակիցներ. տեղեկացնում եմ, որ ներկա և ապագա սերունդներին ծխախոտի օգտագործումից զերծ պահելու, մարդկանց առողջության համար ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունից, ինչպես նաև ծխելու սոցիալական, բնապահպանական և այլ հետևանքներից պաշտպանելու նպատակով ծխող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը կլուծվի ս.թ. օգոստոսի 20-ից:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
2015թ., հունիս 29

Գոհար Բալջյանն այսպես պատասխանեց իմ՝ գործատուիս ծանուցմանը. «Ես չեմ ծխում»: Չգիտեմ՝ Հայաստանի Հանրապետությունն այսպիսի ծանուցում հիշո՞ւմ է… Ես չեմ ծխում, ուսուցիչը չի ծխում, ծնողը չի ծխում, բանակը չի ծխում, բուհը չի ծխում… երեխան ինչո՞ւ պիտի ծխի: Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ ծխենք, հերիք չէ՞… Ծանուցման իրավական-մանկավարժական հիմնավորումը մանկավարժական լաբորատորիայի ղեկավարինն է՝ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանինը… Ես ստանում եմ աշխատողներից շնորհակալություններ՝ անհատական հաստատումների տեսքով…

Ես չեմ ասում, թե իրավասու եմ որոշելու՝ մարդը ծխի՞, թե՞ չծխի։ Ես ասում եմ, որ կընդհատեմ աշխատանքային պայմանագիրը ծխող աշխատողի հետ: Ինչպե՞ս եմ իմանում, որ աշխատողը ծխում է… Տեղեկացրի այդ մասին, հետո կհարցնեմ: Էլ չեմ խոսում մանկավարժական աշխատողի մասին. նա չգիտի՞՝ ծխում է, թե չէ։ Ես սպասում եմ այն օրվան, երբ աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիր լուծելու մասին դիմում ստանամ. լուծի պայմանագիրն ու ազատ ծխի, եթե այդքան կարևոր է նրա համար ծխելը, ավելի առաջնային, քան մանկավարժական աշխատանքը: Ես օրագրում կհրապարակեմ դիմումի տեքստը։

Ես վստահում եմ իմ հեծանվին. երբ ժամը 20.30 Սուսան Մարկոսյանի օգնությամբ ավարտեցի լրագրող Սիրանույշ Պապյանի հետ հարցազրույցի խմբագրումը և հեծանվով դուրս եկա Մեդիակենտրոնից, հետաքրքիր էր՝ ուր կտանի ինձ իմ ձին… Ձախ՝ Գեղարվեստի լողավազանով՝ տուն, աջ՝ Րաֆֆի-Սեբաստիա-Ծովակալ Իսակովով… Մաշտոցի պողոտայով՝ Բաղրամյանի Շարժում… Մնացածը դուք գիտեք՝ դիտելով այս տեսանյութը՝ ուղիղ միացումը Բաղրամյանից… Գիտե՞ք՝ ես Բաղրամյանի շարժումով թարմացա, ինչպես Գեղարվեստի լողավազանում, մեր տան ամենօրյա ցնցուղով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…

Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ