Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր.
— Այսօր գոնե շուտ հասնեմ, կիսատ գործերս դպրոցում անեմ, տանը Դավիթը չի թողնում ոչինչ անել…
Рано радуешся, Иван Царевич, рано… Դավթի մեքենաներն իր սենյակից հանկարծ մեկ-մեկ սկսեցին շարժվել դեպի հյուրասենյակ, չգիտեմ ինչու՝ բարձրացան երկա՜ր, բազմաթև… բազմոցի վրա։
— Նոր կառուցված շրջանցող ավտոճանապարհ-էքսկալատոր է, պապ…
Ու խցանվեցին. մե՜ծ խցանում… Հատ-հատ մեքենաները գալիս են, ու ոչինչ անել չես կարող. խցանում է չտեսնված…
Դավթի մեքենաների քանակը գիտեք… Արմինեի նյարդային ետուառաջը պատկերացնում եք…
— Ի՜նչ կադրեր են հայրիկի բլոգի համար, մա՛մ, դու նկարի՛…
Տեսեք՝ ինչ դրական պոզա է ընդունել, մեկնաբանություններ է տալիս…
Հետո էլ.
— Դուրս չեմ գնա, մինչև խցանումը չբացեմ…
Ու բացեց, մեկ-մեկ։ Մեզ այս անգամ փրկեց Արմինե ուսուցիչ-մայրիկի անհատական պլանը. այսօր առաջին երկու ժամին ուսումնական պարապմունք չունի։ Իսկ ես Դավթի հետ ունեմ ոսկե կանոն՝ չեմ շտապում, չեմ նյարդայնանում… հիանում-վայելում եմ մարդու ինքնուրույնությունը, իր ժամանակը (կյանքը) տնօրինելու իրավունքը հարգում եմ։
— Ես էլ որ Բլեյան Աշոտ լինեի, իրավունք կպաշտպանեի, էս…
Եթերի արտահայտություն չէ, հանում եմ գրից…
Լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի
Քննարկումների-համաձայնությունների փուլը, գիտեք, հոգնեցուցիչ է, բայց անհրաժեշտ։ Երեկ թ. 181 դպրոցի արդեն հայտնի դարձած, շինարարությունը կասեցված ցանկապատի հետագայի շուրջ չորս հոգով՝ Աշոտ Բլեյան, Լիլիթ Արեյան (թ. 181 դպրոցի տնօրեն), «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» առաջարկի ճարտարապետ Արտավազդ Թարխանյան և ցանկապատի ճարտարապետ, այդ գործի վրա էինք, մինչև … Լիլիթ Բլեյանի համերգը։
Հազիվ հասա համերգին… և՛ վայելեցի, և՛ մի բոլ շնորհավորանք ու շնորհակալություն ընդունեցի… Տեսեք՝ ողջ կյանքի համար ինչ հեռանկարային ներդրում է Լիլիթի նման աղջիկ ունենալը… Լիլիթը չարչարվի, համերգ համերգի, երգ երգի, CD-ն CD-ի ետևից, իսկ ես ստանամ շնորհավորանքներ, անվերջ, նման ամեն մի առիթով… Շնորհակալ եմ, Լիլիթ ջան, դրանք, իհարկե, քոնն են…
Ամանորյա անսովոր տոնածառ են պատրաստում
Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:
Ձմեռ պապի նվերը՝ նախածննդյան-ամանորյա ուսումնական ճամբարի տեսքով, մեր՝ բոլոր տարիքների սեբաստացիներիս կյանքը դեկտեմբերի 21-ից 25-ը կազմակերպելու մասին, տեսանելի խանդավառություն առաջացրեց… Ամանորյա ուսումնական նախագծերի ուրբաթ օրվա մեդիապարապմունք-ներկայացումն այդպիսի սպասված ճամբարի լավ մեկնարկ էր…. Ու սրանով շաբաթ-կիրակին մեր կդառնա կամավոր-ընտրված-խանդավառ լրացուցիչ կրթություն-աշխատանք երկուշաբթի սկսվող ճամբարային կյանքի պատրաստության համար։ Ճար չունենք։ Նոր գինին՝ նոր տիկերի մեջ. ասված է արդեն։ Այո, նոր ուսումնական բովանդակություն է ձմեռային ճամբարի շաբաթը, որն արագ պիտի ձևակերպվի, անհատական մակարդակում հասկանալի լինի յուրաքանչյուր սեբաստացու՝ ուսուցիչ, սովորող թե ծնող… Եվ այս նորը՝ Տոնը որպես ուսումնական կարողությունների դրսևորում, պիտի որպես համատեղ աշխատանք կազմակերպվի, գրավիչ-հարմար-համապատասխան ձևեր ստանա… Մենք սրա համար և՛ միջավայր ունենք ֆիզիկական, և՛ սեփական հեղինակային փորձառություն։
Մայրենիի ուսուցման առցանց պարապմունք:
Լուսանկարները ` Գոհար Բալջյանի:
Ընդամենը երկու օր առաջ մեզ թվաց՝ Դավիթի մեքենաներից, նրա անցած հոբելյանական շաբաթում նորացած-ծավալված ավտոտնտեսությունից պրծանք… Դուռը բացել ենք, դուրս ենք գալիս, բոլորս հագնված ենք…
— Դավի՛թ ջան, պրծի, դուրս արի (իր սենյակում է)…
— Պա՜պ, իմ մեքենաները տանում եմ պարտեզ, իմ ընկերների հետ խաղամ, մնան էստեղ՝ ինչ լինեն… մեծ տոպրակ բեր, պապ, պինդ, որ դիմանա, շատ են…
Ես, հիացած այս անցումից, արագ գտնում եմ այդպիսի պարկ ու… Դավիթը, հատ-հատ մեկնաբանելով, խոսելով իր յուրաքանչյուր մեքենայի հետ, դնում է պարկի մեջ… Պարկը՝ մեծ, մեքենաները՝ շա՜տ, անվերջ, թվում է… Պատկերացրիք Արմինեի վիճակը շեմին, մեքենայի բանալին՝ մի ձեռքին, ուսուցչի պայուսակը՝ մյուս ձեռքին, գործնական… վարորդի լեքսիկոնով… Ես աղբի իմ տոպրակը դրեցի մի անկյունում, Արմինեն դրսից շխկացրեց դուռը…
— Պապ, բոլորը տանելու եմ, սենյակը մաքրվի, մնան իմ գրքերը… որ իրար հետ թերթենք…Դու էիր ասում, չէ՞, գրադարանը մի լավ կարգի բերենք…
Ասում եմ.
— Դավիթ ջան, լավ որոշում ես կայացրել, բայց հիմա…
— Չէ, պապ, հլը էս մեքենաներից տունն ազատեմ…
Մեքենաների մի մասն իհարկե տոպրակում տեղավորելուց հետո միտքը փոխեց.
— Սրանք հանեմ, սրանցով հլը խաղանք…
Իսկ ցերեկը, քնից առաջ, սկսել է մեկ-մեկ իր ընկերների ձեռից հավաքել մեքենաները… բոլորը… Լցրել է նույն տոպրակի մեջ ու տվել դաստիարակ մորքուրին… բերել նորից տուն…
— Դավիթ,- հարցնում եմ,- այդ ինչ ես արել… մի բան ասում ես, ուրիշ բան անում…
— Պապ, մինչև քնից արթնանայի (ինքը, գիտեք, երկար է քնում), ամեն մեկը կգնար ու մեքենան կտաներ տուն, կխաղար, կջարդե՜ր…
Մենք Դավիթի գրադարանի դասավորումը դեռ չենք սկսել… Տեսնենք՝ իր որոշումները անկախ-ինքնուրույն ընդունող հերոսը ինչ ընթացք կտա…
2-4 տարեկանների խնամած կիտրոնները:
Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:
Օրակարգ քաղաքական
- Նավթի համաշխարհային գները նվազում են։ 2016-ին գները կընկնեն մինչև 1 բարելի դիմաց 20 դոլարի ըստ Goldman Sachs-ի։ Սա ուղիղ ազդեցություն ունի Ռուսաստանի, ասել է թե՝ Հայաստանի, այսօր, ավա՜ղ, իմ ու ձեր վիճակի վրա։ 2016 մտնում ենք առանց դրական սպասումների՞…
- Գերմանիան հանդես է եկել անկախ քրդական պետության հռչակման դեմ։
- ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ բանաձևին։ Ահա ձեզ Ռուսաստան-ԱՄՆ քաղաքական համաձայնության արդյունքը, որ իրեն երկար չսպասեցրեց… Վետոյի իրավունք ունեցող հինգ երկրները եկել են համաձայնության Սիրիայում հրադադարի անհրաժեշտության մասին։
- ԵՄ երկրները հավանության են արժանացրել ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգմանը։ Խնդրեմ, ևս մի հարված ՌԴ-Հայաստան ուղիղ կախումով մեր տնտեսությանը։
- Իսկ Թուրքիան … ստանում է ՆԱՏՕ-ի օգնությունը և ուժեղացնում իր հակաօդային պաշտպանությունը և համաձայնության է գալիս Իսրայելի հետ
-
Ձմեռ պապիկների շքերթ մեդիաուրբաթին:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:
Ֆոտոխմբագիր` Գոհար Սմբատյան:
#530