— Ծիրանագույն, նշանակում է ծիրանի գույն,- բարձրաձայն հայտնագործում է կամ ինձ ուսուցանում-իր գիտելիքներով ներկայանում Դավիթ Բլեյանը…
— Մեր դրոշի գույնն է ծիրանագույնը,- շարունակում է…
— Չեմ ուզում երեք գույն, կապույտն ու կարմիրը չեմ ուզում,- ծիրանը ուտում, ճոճվում, պատմում է Դավիթը…
Ծիրանը լողալուց առաջ, լողալուց հետո խնձորի պես կծելով է ուտում:
— Ես ուզում եմ, որ մեր դրոշը ծիրանի նման լինի, միայն մի գույնից լինի՝ ծիրանագույն…
Ես, գիտեք, ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ Դավիթի դիզայնով՝ ծիրանի նման, ծիրանագույն: Դավիթն էլ է ծիրանի նման, ծիրանագույն թվում ինձ…
Խրախուսենք, սովորեցնենք մեր երեխաներին հունիսին, հուլիսին առավոտ, սոված փորին ծիրան կրծել… Հետո կգա խաղողի հերթը… Շա՜տ, շա՜տ միրգ, ամենուր՝ բակերում, փողոցներում, այգիներում… Մինչև բարձրահարկ բնակելի զանգված դառնալը մեր Բանգլադեշում ծիրանի ու խաղողի այգիներ են եղել…
Մեր կասկադ կոչվող՝ այս տարվա տնկած մրգատու այգում եղա… Ջուրը լավն է, այգին՝ առողջ… Բայց դեռ ինչքա՜ն վատ մշակվող հող կա մեր խնամքին-խղճին:
Հայրենիք-Բանգլադեշը՝ պարտեզ, այգի, ծիրանանոց դարձնենք նորից, թե չէ՝ չի հասկացվի. եկանք, բնակվեցինք, ավերեցի՞նք…
Տեսա՞ք՝ ինչ առատ եղավ մեր կրթահամալիրի դպրոցների բակերում միրգը այս տարի, ուտում-ուտում ենք, դեռ կա… Մանկավարժական աշխատողների ճամբարը, որն ընթանում է դպրոց-դպրոց, մի կարևոր մասով մեր բերքի հավաքման-մշակմանն է նվիրված… Ես օրվա վերջում Մարմարյա սրահի ճամբարային մեդիաուրբաթից իմ հեծանվով անցա մեր դպրոցներով՝ համոզվելու համար, որ բերքը անկորուստ հավաքված է… Տանել չեմ կարողանում փչացող-լխկած ծիրանը գետնին… Իսկ մեկ-երկու օրվա բերք մեր ծառերին կա: Բարի վայելո՜ւմ ճամբարականներով՝ մեծով-պստիկով…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Մարմարյա սրահում ճամբարականներին իմ ակնոցը, խուրջինը, արագա-ժամաչափը, գիշերային երթի համար նախատեսված լույսերը… մտածված արտիստիկ եմ ներկայացնում, հետևողական. պատրաստ են Մայր դպրոցի, Գեղարվեստի, Հիմնականի, Նոր դպրոցի կայանատեղիները: Սովորողներից կազմված շինջոկատը հուլիսին կսկսի-կավարտի հեծանվահրապարակի-ուղու-հեծանվադպրոցի տարածքի շինարարությունը… Սեբաստացին՝ մոբիլ, իր ստեղծականությամբ անիվների վրա, 2015-ի սեպտեմբերի մեկից… Բանգլադեշն անիվների վրա. իմ ամառային գործը ես հո գիտե՛մ… Ո՛չ մի ծխող սեբաստացի, կենսունակ-արագագործ՝ յուրաքանչյուրը…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Բանգլադեշից հեծանվավարի ամբողջ արդուզարդով քշեցի Բաղրամյանի Շարժման տարածք… Հասա 40 րոպեում… Շուշան Բլեյանի հետ, իմ հեծանիվի շուրջը բռնած՝ Բաղրամյանում ենք, շարժման մի դիրքում, որտեղից փողոց մտնող խմբերը տեսանելի են… Ինձ հետաքրքիր է նայել՝ ինչպես է լցվում-երկարում-ծով տալիս մարդկանց անվերջ-ուրախ-առույգ գետը… Հեշտ չէ ինձ համար. իրար փոխանցելով հերթը՝ մոտենում են լրագրող, ծանոթ-անծանոթ… Ես այստեղ էլ աշխատում եմ՝ հարցազրույցներ, քննարկումներ դիմացինի պարտադրած օրակարգով-թեմայով (ինչ անես), պատգամներ… Շատերն ինձ շարունակում են մոտենալ որպես իշխանության մարդու… Ժպտում եմ. 20 տարի է անցել… Չկան օտարներ, չկան ոչ սիրելիներ. բոլորը Շարժման մարդիկ են, ու Շարժումը ջնջել է օտարության-անհաղորդության բոլոր պատնեշները-պայմանականությունները… Բաղրամյանի Շարժումը մի օրգանիզմ է իր տիեզերական ձգողականությամբ. չկա նրա ազդեցությունից դուրս մնացած մարդ՝ խոստովանի-չխոստովանի, բարիկադի այս կողմում-այն կողմում, ներկա-բացակա… Շարժումը յուրաքանչյուրիս պաշտպանության կարիքն ունի, և դրա ձևը մեկն է՝ մասնակցությունը Շարժմանը: Յուրաքանչյուրիս: Այս անշարժունություն-անհուսություն-անհեռանկարությունը, որ հաստատվել է «յոլայի» աշխարհ դարձած Հայաստանում, առանց կենդանի-հզորացող-մեկ դարձնող Շարժման անհաղթահարելի է: Կարծում եմ՝ Շարժման ուժի գիտակցման շրջանում ենք մենք, որին կհաջորդի գործողությունների պլանը…
Փողոցի քաղաքականացումը փաստ է, ու Շարժման օրակարգում պիտի ձևակերպվեն քաղաքական խնդիրներ… Հայաստանն իր այսօրով քաղաքական լուծումների կարիք ունի, ու սրանից չես փախչի… Շարժումը քամի չի կարող անել, չի կարելի թույլ տալ, որ որևէ մեխանիզմով ջրեն Շարժումը… Ահա ձեզ և իմ զրույցների բովանդակությունը:
Տրամադրությունը Բաղրամյան պողոտայում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ստացվեց. հունիսի վերջին տպավորիչ հաջողությամբ Արաքս Պողոսյանն ու Սուրեն Զոլյանը տվեցին հուլիսի 1-ով սկսվող Ամառային դպրոցի մեկնարկը: Ամառային կրթահամալիրի կրտսեր դպրոցներում գործող լողափնյա ճամբարները կգործեն ողջ հուլիսին-օգոստոսին, ինչպես տեսաք՝ դրանք կան-եղան հունիսին՝ հավես-պաղ ջրի բերկրանք հաղորդելով տասնյակ ու տասնյակ սեբաստացի-ոչ սեբաստացիների…
Ամեն ուսուցիչ սեբաստացի, որպես ճամբարային գործի կազմակերպիչ, պիտի կայանա-լինի-գործի… Նկատի ունեմ ստուգատեսյան արտագնա ճամբարները՝ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում թե Արցախում, աշխատանքային ջոկատ-ճամբարները կրթահամալիրի Բանգլադեշում։ Տեսեք՝ երեկ Թբիլիսիից վերադարձավ Վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի ճամբարը, այս գիշեր՝ 4-ին Բաթում շարժվեց Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի ճամբարը: Բարի ճանապարհ և բարի վերադարձ: Մեր գյուղացիական տնտեսությունում բերք են հավաքում, մեր ծածկած լողավազանում կոփվում, Մարմարյա սրահում պարում-երգում են Իզմիրի տիեզերագիտական ճամբարի սովորողները… Մեկնարկը հուլիսի 26-ին է, բայց տեսեք՝ ոնց են պատրաստվում միջազգային հարթակում սեբաստացիական ողջ ուժով ներկայանալու… Անահիտ Մելքոնյանի նախաձեռնությամբ Արհեստագործականում գործող աշխատանքային ջոկատը կշարունակի աշխատել հուլիսին՝ մինչև կավարտի նախագիծը, որից հետո կճանապարհենք արտագնա ճամբար՝ Լաստիվեր… Հունիսի 29-ից Գեղարվեստում կմեկնարկի ավագ դպրոցի սովորող Բագրատ Մարտիրոսյանի շինարարական ջոկատը։ Հունիսի 29-ին Արցախի «Ասպետ» ճամբարի բանգլադեշյան փուլի 2-րդ ջոկատի մեկնարկն է… Առաջին ջոկատը երեկ Արագածի գագաթը նվաճելու փորձ էր անում։ Այսպիսի հայրենասիրությունը կրթական է, արժեք է, ապրեցնող է, մարդկային խթան է:
Ամառային դպրոց-մեդիաուրբաթ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Իմ մտահոգությունների կիզակետում այսօր, լսեք, ամառային դպրոցն է հենց Բանգլադեշի կրթահամալիրւմ, ամառային սովորել-սովորել-սովորելի կազմակերպումը…Սա էլ՝ սեբաստացի ուսուցչի այլընտրանքը սոսկ դասատուին… Գտնես ամառվա սովորեցնողներ, ամառը սովորողներ, ստեղծես ամառային ուսուցման գրավիչ միջավայր: Արդարացի լինել պարտավոր եմ. իմ պաշտոնը, կենսագրությունը ինձ այլ ընտրություն չեն թողնում: Սեբաստացի ուսուցիչ՝ անընդհատ սովորեցնող, սովորող, ամառային ճամբարի-դպրոցի կազմակերպիչ…
#372