Ամեն օր՝ արդեն 370-րդ անգամ (իմ գիրը հաշվիչ ունի), մեկ տարին անցկացրած կրթահամալիրի տնօրենի բլոգն իր պատմությունն ունի՝ օրվա դեպքերով, իրադարձություններով, «չի կարող պատահի»-ներով, դժվարություններով… Երեկ Սուսան Մարկոսյանը հանկարծ առողջական խնդիր ունեցավ… Երեկոյան՝ ժամը 7-ի մոտ, երբ լողացած՝ հեծանվով վերադարձա Գեղարվեստի ծովից, Մեդիակենտրոնը փակ գտա… Հերմինե Անտոնյանը, որ նոր էր ավարտել կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստման պարապմունքը, կհաստատի… Տիար Գևորգ Հակոբյանը տարին մի քանի անհետանալու օրեր ունի. այդ օրերից էր… Վատառողջ է Սուսան Հովհաննիսյանը, այս որերորդ օրն է սենյակային ռեժիմում է Շուշան Բլեյանը…
Ես, որ թեթև անցա «Կենտրոն TV» (Աջափնյակ, ֆիզիկայի ինստիտուտ)-Բանգլադեշ հեծանվային ուղին, չեմ թոթափում «Ուրվագիծ» հաղորդման անհարմարությունները: Քամի էր ուժեղ. քամու ժամանակ, փոշոտ-ամեն ինչոտ Երևանի Բանգլադեշում անդուր-վտանգավոր է հեծանվի վրա լինելը… Բայց ես չէի կարող րոպե առաջ տուն չհասնել. այնքա՜ն ուժեղ էր քնին, միայն քնին հանձնվելու պահանջը… Ցնցուղը, Դավթի ճոճանակ-լողը-Արմինեի պահանջները կարող են ձգել (իզուր)՝ մահանալու, մահճին հանձնվելու, անջատվելու, էն աշխարհ գնալ-գալու պահը… Այսքան երկար-անընդհատ ես, օրագրին հետևողը հենց օրագրի միջոցով կարող է գրանցել, մեկ էլ ե՜րբ եմ քնել…
Բարի լույս, Բանգլադե՛շ, բարի օր, Բաղրամյանը բռնած ու այս անգամ Բաղրամյանից սկսվող շարժո՛ւմ, ես վերադարձա, արթուն եմ…
Արմինե Թոփչյանից, Կարինե Բաբուջյանից, Հերմինեից Անտոնյան, Անահիտ Բեկյանից, Անահիտ Գևորգյանից, Սոնայից Փափազյան, Աշխենից Թադևոսյան-Բլեյան ու էլի, էլի կրթահամալիրի ուսուցիչներից ստացա կարևոր լիցք. նրանք ներառվում են Բաղրամյանի Շարժման մեջ, որ նրանց կյանք է տալիս, նրանք Շարժման այս տուր և առության յուրահատկության ռեժիմում են սկսել գործել-ապրել: Ամբողջ օրը Բանգլադեշի Մանկավարժական դպրոցի «Ուսումնական ամռան» եռուզեռում, հետո… Բաղրամյան… Երիտասարադությունը հենց այսպես է լինում-դրսևորվում-իրացվում… Վահրամ Թոքմաջյանը հոգնած-լարված էր… Հայաստանին անհրաժեշտ Շարժումը հոդվածի-ակցիայի նման չի կարող լինել. ի՜նչ հոգնել, երբ նոր-նոր է այն ձևավորվում. օրգանիզմ դառնում…
Կրթահամալիրում «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մեր պատանիների խմբի հետ կարճ հանդիպումից ինձ մնացին պատանիների լուրջ հայացքները՝ իրենց անհատական գլխով անելով… Ի՜նչ լավ է, որ նույնն են մեր մտահոգությունները… «Ասպետը»՝ Արցախի Բալուջա գետի գեղատեսիլ անտառում տեղավորված արցախցի ու լիբանանցի մեր հայրենակիցների ռազմամարզական ճամբարը, նույնքան (առավել) գրավիչ պիտի լինի, որքան Իզմիրի տիեզերագիտականը, Թբիլիսիի բնապահպանականը, Բաթումիի ծովափնյան… Պարտքի-ազգային պարտականության մասին չեմ խոսում, այլ հենց պատանեկան կյանքի, արկածի… Հայրենագիտությունը, ճանաչումն Արցախի, քո և քո հայրենակիցների միջև նոր՝ շիտակ-երկարատև հարաբերությունների հաստատումը 2015-ի բեկում կարող են լինել… Ճամբարային տասն օրն այսպես թե այնպես կանցնի, ի՞նչ կմնա մեր սեբաստացի պատանիների մեջ, ի՞նչ կփոխի դա մեր բոլորիս հայրենիքում. սա էլ Շարժման մի բեկոր է, որի անմիջական պատասխանատուներն իրենք են՝ իրենց ղեկավարներով, ինձանով, իրենց ծնողներով…
Ունենք ուխտավորների մեծ խումբ Արցախից, Ստեփանակերտի թիվ 2 դպրոցից՝ դեռահասների ու ծնողների մեծ խումբ… Մեր Հիմնական դպրոցի կացարանը պատրաստակամ տրամադրել ենք, իհարկե… Բայց սրանով մեր հյուրընկալությունը, մեր գործը չի ավարտվում… Նեղացած ապրելը ո՞րն է, որքա՞ն պիտի տևի… Մեր ավազանների մաքուր ջուրն իսկական սառը ցնցուղ եղա՞վ և՛ մեր, և՛ արցախցիների համար. բարով եք եկել Բանգլադեշ, Հայաստան, Երևան, այսպիսի ընտանեկան տիպի կրթական ուխտագնացությունները դարձնենք գրավիչ ճանապարհ մեր ու արցախցիների հարաբերությունների անմիջականացման, ձևականության ստրկացումից մեր ազատագրման…
Բալը, ծիրանը, թութը առատ են կրթահամալիրի բակերում-այգիներում. սա մեր գյուղացիական տնտեսության հատվածն է, որ գնալով ծավալով-տեսականիով ավելանալու է… Իմ օրվա մշտական հոգածության տակ են 2014-ին, 2015-ին տնկած հարյուրավոր կեռասենիները, խնձորենիները, դեղձիները, ծիրանենիները-բալենիները, սերկևիլը… Ինչո՞ւ է նեղացել-մի կողմ քաշվել ու սոսկ հայտարարության լեզվով հարաբերվում գյուղացիական տնտեսության ղեկավար Արտեմ Խաչատրյանը, երբ վերը նշվածից բացի, բերքն առատ է նաև բանջարանոցում-ջերմոցում՝ կանաչին, լոբին, թափ հավաքող կարտոֆիլն ու վարունգ-լոլիկը խնամքի անհետաձգելի ուսումնական ծրագրի մշակում-կազմակերպում են պարտադրում… Սրանից էլ հեղինակայի՞ն՝ երկրագործությունն ուղիղ ճանապարհ, կրթական մի շարժում, որը հողին կպած-հողով ապրող-հողի գինն իմացող ու այս ամենը որպես կրթական քաղաքականություն կազմակերպող մարդիկ է պահանջում… ճիշտ ու ճիշտ Արտեմի նման… Դպրոցները հարմար աստիճաններ, բերքն անվտանգ հավաքելու-մշակելու պիտույքներ չունե՞ն՝ թող ունենան…
Ես անհրաժեշտ եմ համարում մեր լողափային չորս ճամբարների ամենօրյա ռեժիմում լողից առաջ և հետո ներառել գյուղացիական տնտեսությունում աշխատանքը. Արտեմ և ճամբարի ղեկավարնե՛ր, ճամբարականնե՛ր բոլոր տարիքի, դուք իմ առավելագույն աջակցությունն ունեք, անկորուստ հավաքեք ու մեր նախակրթարան-ճամբարներում վայելեք հավաքված բերքը 2015-ի: Սա էլ բեկում է: Ու հալալ է: Իսկ ձիանոցի մասին՝ վաղվա գրում…