Մեր ամեն օր չորս տարեկան դարձող Դավթի հումորը, անցումները հիացնում են…
— Մենք պատրաստ ենք, գնացինք, Դավիթ Բլեյան, դու մնացիր տանը մենակ, տեսնեմ՝ ի՞նչ ես անելու…
— Ճաշ եմ եփելու, որ գաք՝ սոված չմնաք…

Կիրակի երեկոյան…  Երեկոյան ժամը 9-ին մայրիկի օգնությամբ Դավիթը համակարգչի աթոռը թողեց և բռնեց ննջարանի ճանապարհը։
— Էս Կոմիտասն աչքերս փակեց, քիչ է մնում՝ ընկնեմ-մեռնեմ,- ասաց նա՝ Կոմիտասի մանկական երգերը՝ սկսած «Արև-արև»-ից, իր ընտրությամբ շուրջ մեկ ժամ  լսելուց հետո…

Սովորողների ծննդյան օր է Նոր դպրոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Ղազարյանի, Տաթև Թամազյանի։ 

Ինչ լավ աշխատանքային մեռելոց ստացվեց… Թող Գրիգոր Խաչատրյանը շարունակի իր կոնցեպտը՝ հին աթոռների-սեղանների նորացման մասին… Իսկ Գեղարվեստի դպրոց-պարտեզի աղջիկները՝ Դիանա Գևորգյանը, Լիանա Գարախանյանն ու Տաթև Աթոյանը, նախակրթարանի խմբասենյակների անհավասարության վերացման կարևոր ակցիա արեցին, նորացրին-ձևավորեցին մեծ քանակությամբ հին սեղան-աթոռներ 2-4 տարեկանների համար։ Հասմիկ նկարիչ Թոփչյանն իր նուրբ-շնորհալի մատներով անցավ քանդակի-դիզայնի ողջ լաբորատորիայով… Կենդանության-զվարթության օր նախապատրաստեցին մեռելոցով Արմինե Թոփչյանն ու ընկերները… Արդյունքն ամբողջությամբ կվայելենք այսօրվանից, երբ ժամը 14.00 մեծ աշխույժով նորամուտ կնշենք Գեղարվեստում։ Իսկ ո՞ւր են Գեղարվեստի գիգանտները՝ Արման Գրիգորյանը, Կարեն Մկրտչյանը, Գագիկ Չարչյանը… Կարելի էր, չէ՞, ավագ սեբաստացիներով համերաշխություն դրսևորել Գեղարվեստում, ինչպիսին կար Քոլեջում, Մայր դպրոցի «Սեբաստիա» մարզադաշտում…

Գեղարվեստի քանդակի, դիզայնի լաբորատորիայի նորամուտ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյնանի:

Էմանուել Ագջոյանն ու իր հայրիկը, Վարշամ Դարբինյանն ու իր հեծանվորդները, Նառա Հարությունյանն ու ընկերները, Խորեն Հազարումյանը՝ իր հնգամարտով, իրական դարձրին, տեսանելի՝ հենց իրենց հեծանվակումբի ու հեծանվուղու բացումը…

Հա, ես խոստացել էի, ես շատ էի ուզում, ես մի ամբողջ աշխատանքային ամառ նվիրեցի քանդակի, հեծանվիհայրենագետների կենտրոնների վերակենդանացմանը, որպեսզի ունենանք տարատարիք սովորողների կրթական-մարզական ամենագրավիչ գործունեության կազմակերպիչներ, ու տեսեք՝ իրականություն է դառնում: Փա՜ռք. ի՞նչ մնաց սեպտեմբերի 19-ի մեր հավաք-նորամուտներին…

Կրթահամալիրի կարի և մոդելավորման արհեստանոցում:
Լուսանկարները՝ Մերի Խանջյանի:

Քսանհինգ տարի առաջ՝ 1990-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, խորհրդային շրջանում չտեսնված-չլսված՝ յոթանասունամյա մեռելոցից հետո կենդանացավ հանկարծ. արդար, հասարակության վստահության քվեն ստացած 215 պատգամավորներ, որպես հանրապետության գերագույն իշխանություն, ստանձնեցին Հայաստանի երրորդ հանրապետության պատասխանատվությունը… Ես՝ նրանցից մեկը: Այս Գերագույն խորհուրդն էր, որ ընդունեց 1990-ի Անկախության հռչակագիրը՝ հետևողական ու խիզախ՝ 1991թ.-ի Հայաստանի Հանրապետության անկախությունն իրողություն դարձրեց, մշակեց-ընդունեց անկախ իրավական երկրի օրենսդրությունը, 1995թ.-ի Սահմանադրությունը… Այս օրերին 1990-ի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են այն, ինչ պիտի աներ այսօրվա Գերագույն խորհուրդ-Ազգային ժողովը… За державу обидно! Ինչո՞ւ չեք անում: Ինչո՞ւ որպես պետություն չեք անդրադառնում մեր նորագույն պատմության պառլամենտարիզմի ակունքներին… Հատկապես սահմանադրական փոփոխությունների այս փուլում, երբ հայտարարվում է, որ անցում է կատարվում լիակատար խորհրդարանային կառավարման. 1990-ին Հայաստանում այդպիսի կառավարում էր… Ինչո՞ւ ես ու իմ ընկերները՝ Հայաստանում պառլամենտարիզմի հիմնադիրները, չենք ստանում պատշաճ հրավեր… Ինչո՞ւ դա պիտի անեն «մի խումբ տղաներ»՝ որպես ակումբ, իրար գլխի հավաքվելու, իրար տեսնելու առիթ… Բա պետությո՞ւնը…

Սեպտեմբերյան լողափ Նոր դպրոցում։
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի:

Ու էլի Դավթի անցումների մասին։ Երկուշաբթի երեկոյան.
— Արի գնանք լողարան, պապ, լողանամ ես… Գիտե՞ս, ես ցնցուղի տակ կարող եմ կանգնել, որ ջուրը վերևից թափվի, չեմ վախենա… Լողանալ եմ ուզում, դեղձից ու նարնջից մաշկս քոր է գալիս, ջուրը կգա, քորը կտանի…
Ու եկավ տարավ… Լողարանում լրիվ ինքնուրույն  հանվում է, պատրաստվում լողանալու… Հավեսով-խոսելով լողանում է… Դավիթը՝ ծես-տոն… Ես, այսպիսով, քանի՜ հարյուր օր անընդհատ հիգիենայի հմտություններ եմ փոխանցում…

Սրբիչի մեջ փաթաթված՝ ճերմակ-մաքուր.
— Լա՜վ ազատվեցի էս քորից… ինչի՜ էր ինձ կպել…
— Հա, ինքնուրույն ազատվեցիր, մնաց՝ ինքնուրույն հանվես, «բարի գիշեր» ասես  ու գնաս մտնես անկողինդ, ինչպես հայրիկն է քնում…
— Դու քնո՞ւմ ես, պապ, ես քեզ քնած չեմ տեսել… Հա՜, տեսել եմ մի անգամ, բազմոցին հեռուստացույց էիր նայում, քնել էիր…
— Իսկ դու այսօր չփորձե՞ս ինքնուրույն քնել, Դավիթ, առանց մայրիկի գիրք կարդալու…
— Չէ, հայրիկ, ոնց որ էլի պիտի մեծանամ…
Սա եմ ես անվանում հասունություն… Ի՜նչ հեշտ է, երբ զավակդ հասուն-անմիջական է՝ որպես երեխա…

— Դավիթ, մի՛ արա, ի՜նչ տխուր բաներ ես անում…
— Եկեղեցին է տխուր բաներ անում…
Սա, երևի, Դավթի արձագանքն է մեռելոցին…
— Անցումների մարդ է, մայրիկ, մեր տղան, տե՛ս, ինչ արեց, որտեղից ո՜ւր հասավ… Ուրախացիˊր:
— Հա, հոր նման…
— Դու էլ այդ անցումների արանքում շվարել-մնացել ես, կասեր մայրս:

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նաիրա Նիկողոսյան

#450

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավթի հետ խրոխտ, ուս-ուսի՝ ռազմի երթով

Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է: -Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին

Իսկական կրթահամալիր Բլեյանի դպրոցը՝ որպես մեծ գերդաստան…

Լիլիթ, Տաթև, Շուշան Բլեյանների հետ ընտանեկան ուսումնառության իմ փորձից չգիտեմ՝ ինչ է մնացել, ինչն է կիրառելի Դավթի համար… Գենդերը՝ մի կողմ։ Սկսենք Շուշանից. հաստատենք հեռավար ուսուցման խորհրդատվությո՞ւն, թե՞ առաջադրանքներ Վիեննայից՝ եթե

Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ…

Մարդու գիր է․․․ Թումանյան Հովհաննեսի «Տպավորությունները» ամենաշատ հղումներ կհավաքեր, թե իմ բանավոր ու գրավոր ասված-չասվածը գրանցելու հաշվիչը լիներ… Այստեղից է և վերին գիր-վերնագիրը և վերջին գիրը, թե չէ վերջնագիրն ուրիշ